Հոկտեմբեր 08, 2019 10:58 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:


------------------

Ռյազանի պետական դրամատիկական թատրոնի «Ֆաուստ» ներկայացմամբ հոկտեմբերի 1-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մեկնարկեց «Հայ ֆեստ» թատերական միջազգային փառատոնը:

Նույն օրը Հ. Պարոնյանի անվան թատրոնի հարակից տարածքում ցուցադրվեց Սանկտ Պետերբուրգի «Միմո Կրոկոդիլ» թատրոնի «Ճանապարհորդություն» ներկայացումը, որտեղ ճամպրուկները մոգականորեն վերածվում են գնացքների, լվացարանները դառնում են երաժշտական գործիքներ:

Միջազգային թատերական փառատոնն այս տարի շարունակվեց մինչև հոկտեմբերի 8-ը: 17-րդ թատերական միջազգային փառատոնը կրում էր «Իմաստը ներկայում է» խորագիրը: Այն հյուրընկալեց 24  երկրից ժամանած ավելի քան 300 մասնակցի և հյուրերի, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:  Երևանյան 14 բեմահարթակում ցուցադրվեցին ավելի քան 45 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն ունեցան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա բեմադրություններ:

«Հայ ֆեստ»-ն ամեն տարի իրականացնում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն էին՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով»,  «Ամերիկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ»:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը սկզբնավորվել է 2003 թվականին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ՝ Մոսկվայի):

 

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց Երևանում WCIT-2019 համաժողովի մեկնարկը:

Համերգին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նվագախմբի երաժիշտները ներկայացրեցին այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները: Աննախադեպ ձևաչափ ունեցող նվագախմբի համերգային ծրագրում ներառված էին համաժողովը հյուրընկալած երկրները խորհրդանշող երաժշտական գործեր, հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շարք։

Հայտնի ստեղծագործություններից բացի, WCIT նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին առաջին անգամ իրական ժամանակում կատարեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Արհեստական բանականությանը «սովորեցրել են» ստեղծագործել շարականի հիման վրա:

WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որը նաև ղեկավարում է խումբը, և կյանքի է կոչվել WCIT-2019-ի կազմակերպիչների աջակցությամբ։

Հանրապետության Հրապարակում ընթացող համերգին ներկա էին WCIT-2019 համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

 

Հովհաննես Թումանյանի թանգարանը հոկտեմբերի 11-13-ը կազմակերպում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և ցուցահանդես:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովը նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։

«Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում:

Գիտաժողովին զեկույցներ են ներկայացնելու Իտալիայից, Անգլիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից և Վրաստանից ժամանած հյուրեր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներ:

«Թուղթ ու թիթեղ կամ մանկության պահնորդները» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը  տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:

 

 

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ և՛ Երևանում, և՛ մարզերում, և՛ օտար երկրներում բազմաբովանդակ միջոցառումներ են կազմակերպվում` երկու մեծերի թողած մշակութային հարուստ ժառանգությունը վերարժևորելու նպատակով:

Մի շարք հետաքրքիր նախաձեռնությունների իրականացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում փոխնախարար Արա Խզմալյանը, խոսելով Թումանյանի և Կոմիտասի մասին, ընդգծեց, որ նրանք մեր հոգևոր նկարագրի այն բևեռներն են, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ միշտ: Նրանք պետք է ներկա լինեն մեր կյանքում, մեր առօրյայում, կրթական համակարգում: Նա ասաց, որ,  այնուամենայնիվ, հոբելյանները լավ առիթ են նորից վերաիմաստավորելու հայ մեծերի արժեքը:

«Կոմիտասին կարող ենք համարել մեր հոգևոր զտարանը, որը մեր էությունը, մեր նկարագիրը մաքրեց օտարոտի տարրերից և թողեց ամենամաքուրը, ամենավեհը, այն, ինչ ազգը դարձնում է ազգ ու նպաստում ինքնության պահպանմանը»,-նշեց Խզմալյանը:

«Կարծում եմ` մեր բացթողումն է, որ այդ ուղղությամբ կատարված ահռելի աշխատանքը գուցե չի նկատվում: Այդ իսկ պատճառով դիմել ենք թվային մարքեթինգի օգնությանը: Յուրաքանչյուր նախագիծ վերածելու ենք կարճ տեսահոլովակի, որը լայն շրջանառություն կունենա թվային տիրույթում, և մեր քաղաքացիները, սփյուռքահայերը տեղյակ կլինեն, թե ինչ միջոցառումներ են իրականացվում` նվիրված այս երկու մեծագույն անուններին»,-շեշտեց Խզմալյանը:

Հոկտեմբերի 18-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա համերգ և ցուցադրություն, որին մասնակցելու է Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Համերգը կնվիրվի Կոմիտասի, իսկ ցուցահանդեսը` Թումանյանի հոբելյաններին:

«Բոլորովին վերջերս Լատվիայի ռադիոյի երգչախմբի մասնակցությամբ մեծ հաջողությամբ կատարվեց Կոմիտասի «Պատարագ»-ը: Մեր մեծերին նվիրված համերգային ծրագրեր են իրականացվել Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում մեր երգչախմբերի և  վերոնշյալ երկրների կոլեկտիվների մասնակցությամբ: Կարևորում եմ նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի Գերմանիայում կայանալիք համերգները: Երգչախումբը վերջերս արական կազմով ձայնագրել է Կոմիտասի «Պատարագ»-ը»: Նրանք ելույթ են ունենալու նաև Տաթևի վանական համալիրում»,-ներկայացրեց փոխնախարարը: Նա ասաց, որ դիվանագիտական օղակները պատշաճ մակարդակով պատրաստվել ու կազմակերպել են այս կարևոր իրադարձությունները, և մեր ամբողջ ներպետական ռեսուրսները` մասնագիտական, ստեղծագործական և ֆինանսական, ուղղվում են հավուր պատշաճի արժևորելու Կոմիտասին և Թումանյանին:

Միջոցառումները չեն սահմանափակվում միայն համերգներով. Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացումներով մեկնելու է Մոսկվա, Փարիզ և ելույթ է ունենալու հայ համայնքի համար: Տպագրվելու են գիտական և գեղարվեստական գրքեր` նվիրված Թումանյանին:

 

Հայաստանի գրեթե բոլոր երգչախմբերը մեկնելու են Արցախ և կոմիտասյան երաժշտության համերգներով են հանդես գալու եկեղեցական կոթողների տարածքում, եկեղեցիներում:

 

 

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցին՝ հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մեծ արտիստի կիսանդրին հանձնել է Փարիզի քաղաքապետարանին:                                                  

Քանդակը շուտով կտեղադրվի փարիզյան այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը: Արվեստի գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը 1964 թվականին՝ Ազնավուրի՝ Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ: «Ազնավուր» հիմնադրամը բարձր է գնահատում Փարիզի քաղաքային իշխանությունների՝ քանդակը քաղաքի սրտում տեղադրելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներին ու այցելուներին զգալ Ազնավուրի «ներկայությունը»: Կիսանդրու հանձնման արարողության ընթացքում ելույթ է ունեցել «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, որն իր խոսքում նշել է. «Շառլ Ազնավուրը սերտորեն կապված է Փարիզի հետ, և հիմնադրամը անկեղծորեն երախտապարտ է Փարիզի քաղաքապետարանին՝ այս միջոցառման ու հետագայում կիսանդրին տեղադրելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամության և աջակցության համար»:

Կիսանդրու հանձման արարողությանը ներկա են եղել Ազնավուրի ընտանիքի անդամները, ընկերներ, ֆրանսիացի պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին հուշատախտակ էր բացվել Ազնավուրյանների՝ փարիզյան առաջին բնակարանի շենքում, իսկ ամիսներ անց նախատեսվում է նաև արտիստի արձանի տեղադրումը Ֆրանսիայի մայրաքաղաքում։ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնում և համակարգում է այս իրադարձությունները՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ պահպանել ու տարածել լեգենդար արտիստի հարուստ մշակութային ժառանգությունը:

 

 

Իտալացի հայտնի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի վրձնին պատկանող վերջին կավը մասնավոր հավաքածուներից Լոնդոնում հանվել է վաճառքի։ Վերածննդի դարաշրջանի հույն գիտնական Միխայիլ Մարուլի դիմանկարերը նա ստեղծել է 1500 թվականին։ Եվրանյուզի հաղորդմամբ, նկարը  2004 թվականից վարձակալել է Մադրիդի Պրադո թանգարանը։ Իսպանական կառավարությունը նկարը ճանաչել է «մշակութային ժառանգություն», ինչը  կարող է դժվարացնել նկարի վաճառքը արտերկրում։

Բոտիչելիի նկարի գինը 30 միլիոն դոլար է։ Իսպանական իշխանությունը կարող է առաջարկել իր գինը, եթե ցանկանա, որ նկարը մնա Պրադո թանգարանում։

Համարվում է, որ նկարը պատվիրել է Մարուլի կինն արդեն նրա մահվանից հետո։ Արվեստաբանները ենթադրում են, որ նկարիչը  կտավի վրա միայնակ է աշխատել։

«Շատ արժեքավոր գործ է. նախ, որ այն ստեղծել է Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետներից Բոտիչելին, երկրորդ, թե ում դիմանկարն է՝ Ռենեսանսի  դարաշրջանի տաղանդավոր պոետ։ Երկուսն էլ ցույց են տալիս Վերածննդի դարաշրջանի մարդու մեծությունը»,- ասել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի կուրատորը։

6 տարի առաջ Christie’s աճուրդում Բոտիչելիի «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտիչի հետ» կտավը վաճառվել էր 10,4 միլիոն դոլարով։

 

 

Ֆրանսիացի պոստմոդեռնիստ Պոլ Գոգենի աշխատանքները, որոնք վերաբերում են «տահիտյան» շրջանին, կարելի է հաշվել մատների վրա, և դրանք բոլորն էլ գտնվում են աշխարհի մեծագույն թանգարանների մշտական ցուցադրություններում։  Միակ աշխատանքը, որը գտնվում է մասնավոր հավաքածուում, Artcurial աճուրդային տունը հանելու է վաճառքի։

Եվրանյուզի հաղորդմամբ, աճուրդային տան տնօրեն Բրյունո Ժոբերն ասել է, որ ակնկալում են 7 միլիոն եվրոյով վաճառել կտավը։

«Մեծ գումար է, բայց իրատեսական, եթե հաշվի առնենք, որ խոսքը Գոգենի մասին է։ Այսօր գնահատողները պատրաստ են մեծ գումարներ ծախսել, քանի որ այդպիսի կտավ շատ տարիների ընթացքում առաջին անգամ է հայտնվում շուկայում, բոլորն առաջիկա աճուրդին անհամբեր են սպասում»,- ասել է նա։

 

 

Բրիտանացի փողոցային անհայտ նկարիչ Բենքսիի «Այլասերված խորհրդարան» կտավը վաճառվել է աճուրդում ռեկորդային՝ 11 միլիոն եվրոյով։  Նկարում պատգամավորների աթոռներին նստած են շիմպանզեներ և օրանգուտաններ։ Նրանք բղավում են, հորանջում, նայում կիսադատարկ շշերին։

Եվրանյուզի հաղորդմամբ, բավականին մեծ չափսերի կտավի համար  լոնդոնյան Sotheby's աճուրդային տանը լուրջ պայքար է եղել։ Նախնական գինը եղել է 1,6 միլիոն եվրո։ Գնորդները բարձրաձրել են գինը 13 րոպեի ընթացքում։

Նկարի գնորդի անունը չի հաղորդվել։