Գեղարվեստական հաղորդում (194)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
Իրանի Իսլ. մշակույթի եւ առաջնորդության նախարարության հովանավորության ներքո աշխատող Գրողների տանը (Սարայե ահլե ղալամ) նոյ. 20-ին կայացավ փոքրամասնությունների լեզուների թարգմանված պարսկերեն մանկապատանեկան գրքերի շնորհանդեսը, իրանցի թարգմանիչների ներկայությամբ «Իրանում թարգմանչական հրատարակությունների իրավունքների պաշտպանության» հաստատության կողմից («Գրանթ» միջազգային պրոգրամ): Շնորհանդեսը հատկացված էր թարգմանված եւ հրատարակված առաջին մանկա-պատանեկան գրքերին: Ցերեկույթի առաջին բաժնում նախարարության՝ «Մշակութային կազմակերպությունների եւ գործունյության» վարչության գլխավոր տնօրեն՝ Ալի Ֆերեյդունիի բարիգալստյան եւ բացման խոսքից հետո, ընթերցվեց թարգմանությունների հրատարակման միջազգային պայմանագրի (քոփիռայթ) հոդվածները՝ հավելյալ բացատրություններով, ապա ներկայացվեցին մինչ այս այդ ծրագրի հովանավորությամբ երկու երկրներում հրատարակված իրանցի մանկագիրների ստեղծագործությունները, որոնց թվում՝ 14 անուն գիրք՝ Թուրքիայում եւ մեկ գիրք՝ Հայաստանում:
Շնորհանդեսի բաժինը տեղի ունեցավ 2 փուլերով. առաջինը՝ ներկայացվեցին Թուրքիայում՝ թուրքերեն լեզվով եւ «Գրանթ» պրոգրամի հովանավորությամբ հրատարակված 14 անուն պարսկերեն մանկա-պատանեկան գրքեր՝ հեղինակների եւ Իրանում Թուրքիայի դեսպանի ու դեսպանատան աշխտակազմի ներկայությամբ, ապա՝ միջոցառման ավարտական բաժնում հետաքրքրված ներկաների ստեղծած շատ ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ Հայաստանից ժամանած բանասեր-թարգմանիչ Գևորգ Ասատրյանի թարգմանությամբ Երեւանում «Գրանթ» ծրագրի հովանավորությամբ լույս տեսած «Զիբա՛, կանչիր ինձ» գրքի շնորհանդեսը (հեղինակ՝ Ֆարհադ Հասանզադե): Գևորգ Ասատրյանը ներկաներին բացատրեց սույն գրքի եւ հեղինակի հետ ծանոթանալու եւ թարգմանության հանգամանքները, որը տեղի է ունեցել Իրանի Իսլ. մշակույթի նախարարության կողմից իրեն ընտրելով ու պատվերով, որի առթիվ շնորհակալություն հայտնեց տվյալ նախարարութեան պատասխանատուներին եւ Իրանում «Գրանթ» պրոգրամի հաստատության տնօրեն Ալի Ֆերեյդունիին ու ավելացրեց իր բուռն գոհունակության արտահայտությունը Ֆարհադ Հասանզադեի նման արժեքավոր հեղինակի հետ ծանոթանալու եւ բարեկամանալու առթիվ:
Նշելի է, որ սույն ծրագրի օրենսդրության համաձայն՝ հրատարակված բոլոր գրքերի հեղինակներին ու թարգմանիչներին հատկացվելու են միջազգային պայմանագրի չափանիշով դրամաշնորհներ:
«Զիբա՛, կանչիր ինձ» գրքի շնորհանդեսի բաժնի ավարտին իր համառոտ բանախոսությամբ հանդես եկավ հրավիրյալ՝ «Ազատ» համալսարանի հայերեն լեզվի եւ գրականության ֆակուլտետի տնօրեն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը, ով հակիրճ կերպով վերլուծեց նշված ստեղծագործության արժանիքները եւ դրվատեց թարգմանչի լեզվի փոխադրման ճաշակն ու նրբությունները, շնորհավորեց Մշակույթի նախարարության նմանատիպ քայլերը, որոնք բացակա են եղել անցյալում:
Բանախոսն անդրադառնալով սույն գրքի Երեւանում, Եգիպտոսում, (արաբերեն) եւ Ստամբուլում (թուրքերեն) հրատարակություններին, ի միջի այլոց, արտահայտեց իր տեսակետը, որ հայ ժողովուրդը քաղաքական հողի վրա իրավունքների հատուցման խնդիր ունի Թուրքիայի պետության հետ, բայց մշակութային առումով միշտ էլ համերաշխ է եղել այդ երկրի ժողովրդի ու մտավորականության հետ եւ վերջիններս, իրենց քայլերով վերջին տարիներին մեծ օգուտ են բերել հայ ժողովրդի իրավունքների ու Ցեղասպանության ճանաչման միջազգային քարոզչությանը:

Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային համագործակցությանը: Այս ոլորտում նույնպես առանձնացրել ենք համագործակցության զարգացման հնարավորությունները: Առաջարկ եղավ Միլանում Կոմիտասի արձանը տեղադրելու մասին և այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Տեղեկացնեմ, որ նախատեսվում է Հովհաննես Թումանյանի արձանի բացումը Հռոմում»,-ասաց Վիկտորիա Բաղդասարյանը:
2019 թվականին նշվում է երկու մեծանուն հայ դեմքերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակները: Այդ առթիվ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և իրականացվում ինչպես Հայաստանում, Արցախում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին ընդառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել էր հավանության: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին բացվել էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակում բանաստեղծի ծննդավայրում՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող տուն-թանգարանում, Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց լեզուներով ընթերցեցին Թումանյանի բանաստեղծություններն ու հեքիաթները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն ընդգծեց, որ միջոցառման գաղափարն առաջացել է իր ղեկավարած խորհրդի քննարկման ընթացքում:
«Ավարտին էր մոտենում թումանյանական հոբելյանական տարին, և Հայաստանում բնակվող Ազգային փոքրամասնությունների խորհրդի նիստի ժամանակ քննարկվեց տարեվերջյան միջոցառում կազմակերպելու հարցը: Շատ շնորհակալ եմ Հայաստանի վրացական համայնքին՝ այս միջոցառումն առաջարկելու համար, և խորհրդի անդամներին, որ մեծ ոգևորությամբ աջակցեցին ու բոլորը համաձայնեցին մասնակցել միջոցառմանը»,- ասաց Ղազարյանը:
Հայաստանում «Վրացական «Իվերիա» համայնքի փոխնախագահ էթերի Ցոմայայի խոսքով՝ իրենց համայնքը սերտ կապի մեջ է նաև Երևանում Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ:
«Ամեն տարի թանգարանը մեզ հրավիրում է իր փառատոնին, որտեղ մենք վրացերեն լեզվով ասմունքում ենք Թումանյանի բանաստեղծություններն ու պատմում հեքիաթները: Թբիլիսիում իմ պապիկը՝ Արտաշես Համբարձումյանը շատ սերտ կապ ուներ Հովհաննես Թումանյանի հետ, նրանք ընկերներ էին: Շատ էին սիրում գրքեր, տանը մեծ գրադարան ունեինք: Այդ գրքերից մի քանիսը ես նվիրել եմ Մատենադարանին, մեկն էլ այսօր մեր համայնքի անունից որոշել եմ նվիրել Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին»,- նշեց Ցոմայան:
Հայաստանում ապրող ռուսական, բելոռուսական, ուկրաինական, քրդական, եզդիական, ասորական, հունական և այլ համայնքների ներկայացուցիչներն ընթերցեցին Թումանյանի հայտնի բանաստեղծությունները, քառյակները, ինչպես նաև իրենց լեզուներով թարգմանված կարդացին «Սուտասանը» և մի շարք այլ հեքիաթներ: Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Էդուարդ Միխայլովը նշեց, որ իրենց համար շատ կարևոր է մասնակցել այս միջոցառմանը:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը նշեց, որ նման միջոցառումների պակաս իրենք չունեն:
«Քանի որ այս տարի Թումանյանի 150-ամյակն է, ավելի շատ են նման միջոցառումները, իսկ ընդհանրապես, մեզ մոտ գալիս են ռուսներ, գերմանացիներ, մի քանի տարի առաջ լեհահայ համայնքի հետ այստեղ շատ հետաքրքիր միջոցառում կազմակերպեցինք: Թանգարանն այցելուների պակաս չունի»,- նշեց Ղազումյանը:

«Տիեզերքն ու վրձինները. պատկերելով Երկիրը» ցուցահանդեսում ներառվել են տիեզերագնաց-օդաչու Վլադիմիր Ջանիբեկովի, տիեզերագնաց, նկարիչ Ալեքսեյ Լեոնովի, Նիկոլ Ստոթթի, Մարտիրոս Սարյանի, Տիգրան Մանակյանի, Թամարա Տեր-Ղևոնդյանի կտավները:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
«Սարյանը, որը ստեղծել է «Երկիր» կտավը, կապված էր տիեզերագնացների հետ: Նա 1969 թվականին հանդիպել է Լեոնովին: Նրանք անմնացորդ նվիրված էին Երկիր մոլորակին: Սարյանը, որը երբևիցե չի լքել մեր մոլորակը, այնպես է երկիրը պատկերել իր կտավում, ինչպես Լեոնովն է այն տեսել տիեզերքից: Ցուցահանդեսի հիմնական գաղափարը հենց դա է. կան նկարիչներ, որոնք չլինելով տիեզերքում նկարում են երկիրն այնպես, ինչպես այնտեղից կերևար, և կան տիեզերագնացներ, որոնք նկարիչներ չեն, բայց, վերևից տեսնելով այդ գեղեցկությունը, վերադառնում են Երկիր և նկարում են այն»,-պատմեց տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ավիացիայի գեներալ-մայոր Վլադիմիր Ջանիբեկովը:
Նա խոստովանեց, որ դեռ չի տեսել որևէ կտավ, որը փոխանցի այն, ինչ մարդը տեսնում և ընկալում է, երբ տիեզերքում է: «Լեոնովն իսկապես պրոֆեսիոնալ նկարիչ էր: Նրա բազմաթիվ գործեր բավականին մոտ են իրականությանը, բայց անգամ նա հաճախ էր ասում, որ ոչ մի կտավ կամ գործիք ի զորու չէ փոխանցել իրականությունը»,-ընդգծեց Ջանիբեկովը:
Տիեզերագնացը խոստովանեց, որ շատ է կարոտում տիեզերքը, բայց սիրում է մեր մոլորակը: Նա հորդորեց պահել ու պահպանել անչափ գեղեցիկ Երկիր մոլորակը, որը բազմաթիվ փորձությունների է ենթարկվում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 26-ը:

Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի, նշանավոր հայազգի դիրիժոր, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ ձայնագրված սկավառակն ընդգրկվել են «Գրեմմի 2020» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների թվում «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում:
Grammy 62-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է Լոս Անջելեսում 2020 թվականի հունվարի 26-ին: 84 անվանակարգում որոշվելու են հաղթողները:

«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն, հայտնի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը կարծում է, որ սև-սպիտակ ֆիլմերի գունավոր ցուցադրությունը խախտում է ֆիլմի էսթետիկան:
«Մարդիկ, երբ նկարահանել են սև-սպիտակ ֆիլմեր, համապատասխան ձևով շարելով կադրերը, ամեն ինչ ենթարկվել է դրան: Դա գեղարվեստական որոշում է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է ռեժիսորը:
Նա նշել է, որ մշտապես դեմ է եղել հին ֆիլմերի նման փոփոխմանը, ընդգծել, որ մշտապես հետուստաընկերություններ են նախաձեռնել ֆիլմերը ցուցադրել գունավոր, որպեսզի գրավեն երիտասարդներին, որոնք, իբրև, սովոր չեն դիտելու սև-սպիտակով:
Միևնույն ժամանակ, Շահնազարովը նշել է, որ եթե ֆիլմերի հեղինակները, ելնելով անձնական նկատառումներից կամ ֆինանսական դժվարությունների ազդեցության տակ լինելով, թույլ են տալիս նման վերափոխման, դա նրանց իրավունքն է:

Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Կինը գլխարկով» կտավը Տորոնտոյում Heffel Fine Art Auction House աճուրդում վաճառվել է 6,9 միլիոն դոլարով:
Պիկասոն նկարը ստեղծել է 1941 թվականին կտավի վրա յուղաներկով: Պատկերված է Պիկասոյի մուսան՝ Դորա Մաարը: Լոտի նկարագրության մեջ նշված էր, որ այդ նկարը «եվրոպական հայտնի հավաքածուից է, որը տարբեր ցուցահանդեսներում ցուցադրելու մեծ պատմություն ունի»: Նկարի նախնական գինը եղել է 6-7,5 միլիոն դոլար:
Պաբլո Պիկասոն համարվում է աշխարհի ամենաթանկ նկարիչներից: Նրա ամենաթանկ աշխատանքը, որը երբևէ վաճառվել է աճուրդում, եղել է 1955 թվականին նկարած «Ալժիրցի կանայք»-ը, որի համար վճարել են 179,4 միլիոն դոլար: