Դեկտեմբեր 03, 2019 00:21 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:

 

Դեկտեմբերի 19-ին, Իրանի ազգային նվագախումբը, իրանահայ հանրահայտ կոմպոզիտոր Ռազմիկ Օհանյանի ղեկավարությամբ, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում ներկայացնելու է «Հայ երաժշտության երեկո»:

Երեկոյի ընթացքում նեկայացվելու են համարներ Կոմիտասի, Խաչատրյանի, Ավետիսյանի և Ճգնավորյանի ստեղծագործություներից։

Հիշեցնենք, Թեհրանի ֆիլարմոնիկ երգչախմբի ղեկավար, իրանահայ երաժիշտ և կոմպոզիտոր Ռազմիկ Օհանյանը իր ծավալուն գործունեության համար, տեղական և միջազգային ասպարեզում, նվաճել է մեծաթիվ մեդալներ ու շքանշաններ:

Նա 2015 թվին ԻԻՀ նախագահի ձեռքից ստացել է «Իրանի գեղարվեստի առաջին կարգի», իսկ 2017թ. գարնանը ՀՀ նախագահից՝ «Մովսես Խորենացի» շքանշանները:

 

 

Նոյեմբերի 25-ին, Թեհրանի «Նաիրի» հրատարակաչատանը կայացավ Գարուն Սարգսյանի կողմից պարսկերենի թարգմանված «Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ» գրքի շնորհանդեսը:

Գիրքը, որ տպագրվել է «Նայիրի» հրատարակչատան միջոցով, մեծ հաջողությամբ պարսկերենի է թարգմանել իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսյանը:

Շնորհանդեսի ընթացքում խոսեցին դոկտ. Ղավամ-էդդին Ռազավիզադեն և Իրանի իսլ. խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, որոնք դրվատանքով խոսեցին գրքի ու նաև թարգմանչի մասին:

 

 

Օրերս Թեհրանի «Օֆող» հրատարակչատունը հրապարակ է իջեցրել Անդրանիկ Խեչումյանի միջոցով պարսկերենի թարգմանված, Մկրտիչ Սարգսյանի, «Զինվորներ և սիրահարներ» վեպի երկրորդ հրատարակությունը:

Իրանահայ ռեժիսոր, դերասան և թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը ցայժմ հայերենից պարսկերենի է թարգմանել 37 հատոր գիրք, որոցից 5-ը վերահրատարկվել են, իսկ Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք» թատերգության թարգմանությունը արժանացել է երրորդ հրատարակության:

Հիշեցնենք, Անդրանիկ Խեչումյանն իր տքնաջան աշխատանքի շնորհիվ մինչ օրս ստացել է տարբեր շքանշաններ, իսկ երկու շաբաթ առաջ ընտրվել որպես Իրանի սիրված թարգմանիչ:

 

 

Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Վաստակաշատ գրողի, մանուկների և բոլոր ընթերցողների սիրելի բանաստեղծի ու բարեկամի, հրաշալի գործընկերոջ և մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների ու մտերիմների սրտերում»,-գրել է Միլիտոնյանը:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ, երբ  ուսումնասիրել է 1960-ականներին ասպարեզ իջած բանաստեղծների գործերը, սկզբում  իրեն ամենաշատը հենց Յուրի Սահակյանն է տպավորել, հատկապես՝ «Իմ դիմանկարը» բանաստեղծությունը: Նիկողոսյանը սոցիալական ցանցում  մի հատված է տեղադրել  վերոնշյալ բանաստեղծությունից.

Նկարեցեք ինձ ահա այսպես

երիտասարդ,

միջակից բարձր հասակով,

20-րդ դարի ֆոնի վրա,

աչքերում վիշտը 41 թվի

և հրճվանքը տիեզերական վաղվա:

Ես այն սերունդն եմ,

ում հայրերը չծերացան

տանը, առօրյա հոգսերի մեջ:

Ես այն սերունդն եմ,

ով բոլոր գրքերը կարդաց

պատերազմի մասին՝

հայրերին գտնելու հույսով

ու հասկացավ, որ գրքերը հորինված են:

Հարկավոր էր նրանց փնտրել կյանքում:

Ու գնաց հայրերի հետքերով:

Յուրի Սահակյանը ծնվել է 1937 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտին կից բարձրագույն գրական դասընթացներին։ Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում։

Յուրի Սահակյանը հեղինակ է երեք տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների (մեծ մասը՝ գրված մանուկների համար)։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր։

Ընթերցողների կողմից սիրված բանաստեղծությունների ու երգերի համար Յուրի Սահակյանն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի և Արցախի Հանրապետության մշակույթի և արվեստի վաստակավոր գործչի կոչումների, «Ոսկե եղեգ» պետական գրական առաջին կարգի մրցանակի, «Մովսես Խորենացի» մեդալի։

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում ընթացող գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում նոյեմբերի 25-ին, ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ․ օրացույցում։

Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ։ Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյան», և Ֆրանսիայի ու Իտալիայի աջակցությամբ ներկայացված՝ «Կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյան» խորագրերը կրող հայտերն ստացել են կազմակերպության անդամ պետությունների հավանությունը։

1998 թ. առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի կողմից ներկայացված 25 հոբելյանական իրադարձություն, ներառյալ` վերը նշված 2 իրադարձությունները:

1956 թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդամ պետությունների հետ նշում է հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանները՝ դրանց համաշխարհային նշանակություն տալու և հանրահռչակելու նպատակով։ Մշակույթի մեջ մեծ ներդրում ունեցած հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների նշումը նպաստում է միջազգային փոխըմբռնմանը, ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերություններին և խաղաղությանը ։

 

 

Հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված են «Ազդարար»-ին նվիրված նյութեր, մամուլի հրապարակումներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրադարանի Մատենագիտության և գրականագիտության բաժնի աշխատակից Մհեր Ղազինյանը պատմեց, որ «Ազդարար»-ը հրատարակվել է 1794-1796 թվականներին Հնդկաստանի Մադրաս քաղաքում, խմբագիրն է եղել մշակութային, հասարակական գործիչ Հարություն քահանա Շմավոնյանը:

«Ազդարար»-ի հրատարակումը պատահականություն չէր, քանի որ Հնդկաստանի հայության շրջանում արդեն իսկ ձևավորվել էր համապատասխան գաղափարական, քաղաքական հենք, հրատարակվել էին ազգային ինքնագիտակցության, ազգային ինքնության ու արժեհամակարգի վերարժևորմանը միտված կարևոր աշխատություններ: Դրանք վերջնական հանգրվան էին համարում հայոց պետականության վերընձյուղումը մայր հայրենիքում և գտնում էին, որ աշխարհասփյուռ հայությունը վաղ թե ուշ պետք է տեղափոխվի Հայաստան ու շենացնի այն, ստեղծի իր պետականությունը, որն ընդհատվել էր դարերի ընթացքում»,-ընդգծեց Ղազինյանը:

Անդրադառնալով ցուցահանդեսին` նա տեղեկացրեց, որ ներկայացված է «Ազդարար»-ը ըստ տպագիր նյութի բովանդակային որոշակի դասակարգման: «Օրինակ` «Ազդարար»-ը պարբերականներում, լրագրերում, ամսագրերում, մատենագիտություններում, հանրագիտարաններում և «Ազդարար»-ը ուսումնասիրություններում»,-ասաց Մհեր Ղազինյանը:

Նա շեշտեց, որ ցուցադրել են նաև «Ազդարար»-ին վերաբերող ռուսերեն և անգլերեն նյութեր: «Այս ցուցահանդեսը խոսում է «Ազդարար»-ի հանդեպ հայ բանասիրության, պատմագիտության, մշակութաբանության ու մատենագիտության մեջ ունեցած մեծ հետաքրքրության մասին»,-եզրափակեց Ղազինյանը:

 

 

Հայաստանի գրողների միության 85-ամյակի առթիվ նոյեմբերի 29-ին միությունում բացվեց ցուցահանդես, որում ներկայացված են դասական և ժամանակակից գրողների անհատական, խմբակային լուսանկարներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ 85 տարվա ընթացքում միության անդամները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, եղել տարբեր վայրերում ու անմահացրել են իրենց հիշողությունները խմբակային լուսանկարներով նաև, որոնք ներկայացված են ցուցահանդեսում:

Խոսելով գրողների միության կարևոր դերի մասին` Միլիտոնյանն ասաց, որ այն բազմաթիվ գործառույթներ է իրականացնում: «Մենք «Գրական թերթ»-ի միջոցով բացահայտում ենք շնորհալիներին, իսկ «Գրեթերթ»-ի միջոցով հարթակ է տրամադրվում երիտասարդ ստեղծագործողներին: Իրականացվում են հանդիպումներ, քննարկումներ, գրողների հետ զրույցներ: Մեզ մոտ գործում է «Ցոլքեր» խումբը, որտեղ երիտասարդ գրողների հետ աշխատում են ավագները»,-շեշտեց միության նախագահը:

Նա նշանակալի համարեց թարգմանական գրականության զարգացումը, միջազգային հարթակներում հանդես գալու, տարբեր կազմակերպությունների, այլ երկրների գրողների միությունների հետ աշխատանքը, ընթերցողների հետ հանդիպումները:

«Մեզ համար առաջնահերթ է գրական մթնոլորտի պահպանումը, և պետք է շեշտեմ, որ յուրաքանչյուր գրող իր ստեղծագործական աշխարհով, ներկայությամբ ուրույն երևույթ է»,-եզրափակեց նա:

Ցուցահանդեսը դիտելուց հետո ներկաները մասնակցեցին պոեզիայի ցերեկույթին, որտեղ ներկայացվեցին հետաքրքիր և բազմաբովանդակ բանաստեղծություններ:

 

 

Վիեննայի օպերայում 150 տարվա մեջ առաջին անգամ ներկայացվելու է կնոջ կողմից գրված օպերա: The Guardian-ը գրում է, որ օպերայի կոմպոզիտորն է ավստրիացի Օլգա Նոյվիրտը: «Օռլանդո» օպերան նա ստեղծել է Վիրջինիա Վոլֆի համանուն վեպի հիման վրա: Օպերայի պրեմիրեան նախատեսված է դեկտեմբերի 8-ին:

Կոմպոզիտորի խոսքով, օպերայի ստեղծման բոլոր հիմնական դերերը կանանց է տրված եղել: Կանայք են  ստեղծել կոստյումները, գրել լիբրետոն:

Օլգա Նոյվիրտը նշել է, որ օպերան անդրադառնում է խոսքի ազատության և ինքնության ընտրության թեմաներին: