Դեկտեմբեր 07, 2019 13:19 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Բրատիսլավայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ու ԵԱՀԿ նիստում ՀՀ ԱԳ նախարարի ելույթին և Ադրբեջանի խորհրդարանի արձակմանը:

 

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Մոհամմադ Ռեզա Փուր Մոհամմադին տեղեկացրել է Հայաստանի ու Իրանի միջև տնտեսական փոխանակումների ծավալի 40 տոկոսանոց աճի մասին:

Փուր Մոհամմադին չորեքշաբթի օրը Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի և Հայաստանի լավ հարաբերություններին և կարևորելով երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնումն ասել է.«Ցանկանում ենք, որ Հայաստանը փարատի  Արաքսի աղտոտման վերաբերյալ Իրանի մտահոգությունը»:

Նա հավելել է. «Իրանը և Հայաստանը գտնվում են քաղաքակրթական մեկ ընդհանուր միավորի ներքո և  վաղ ժամանակներից  լավ հարաբերություններ ունեն, ինչի հավաստիքն է Հայաստանում Իրանի արժեքավոր մշակութային ժառանգության և Իրանում Հայաստանի արժեքավոր կոթողների առկայությունը»:

Արևելյան Ատրպատականի նահանգապետը հավելել է.«Հենց այս վաղեմի պատմական ու մշակութային հարաբերությունների շնորհիվ, Իրանում հայերն ու մուսուլմանները ապրում են  խաղաղ պայմաններում»:

Անդրադառնալով 2018 թվականին Հայաստանի և Իրանի միջև տնտեսական փոխանակումների ծավալի 40 տոկոս աճին, Ատրպատականի  նահանգապետն ասել է.«Իրանը Ռուսաստանից, Գերմանիայից և Չինաստանից հետո, Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է»:

Նա նշել է.«Տարեկան ավելի քան 100 հազար իրանցի տուրիստներ այցելում են  Երևան և իրանցի զբոսաշրջիկները գոհ են Երևանում իրենց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքներից: Այս ամենը Թեհրանում  դեսպան Թումանյանի դրական ու կառուցողական դերակատարության շնորհիվ է»:

Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը կարևորելով Իրանի ու Հայաստանի միջև առևտրա-տնտեսական փոխանակումների ընդլայնումն ասել է.«Կառավարությունը որոշել է կարճ ժամանակահատվածում նոր ստանդարտներով արդիականացնել Մեղրիի մաքսային կետը»:

----------------------

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին:

Ադրբեջանական ԱԳ նախարարության տվյալներով՝ Բրատիսլավայում նախարարները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» են ունեցել: Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Փաստաթուղթը, որը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ի էջում, ասվում է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է «քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ «հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Նշվել է նաև քայլերի հաջորդականություն, ըստ որի «առաջին քայլը պետք է լինի հայկական զորքի դուրսբերումը Ղարաբաղից և Ղարաբաղի փոխանցումն Ադրբեջանի կազմ, որից հետո Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցությունը»:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նաև ելույթ է ունեցել Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին:

ՀՀ ԱԳ նախարարը իր ելույթում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

--------------------

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Սլովակիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:

----------------------

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասում է. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները հասել են փակուղու»:

Բաքվում ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում Էլմար Մամեդյարովը հստակեցրել է.«Ներկայումս Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան խնդրի լուծման բանակցություններում առկա պայմանները արգելում են խնդրի լուծումը»:

Իրականում ՌԴ-ի ԱԳ նախարարի կողմից հույսի մասին հայտարարությունը ցույց է տալիս, որ ռուս պաշտոնատարները ՌԴ-ի առաջարկած «Լավրովյան խաղաղության նախագծի» հետ կապված հույսեր են փայփայում:

Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ ՌԴ-ի պաշտոնյաները այս նախագիծը հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության լուծման լավագույն տարբերակն են համարում: Իրականում կարող ենք այսպես ենթադրել, որ ՌԴ-ի կառավարությունը, որ անցյալ տարի Ղարաբաղի խնդրի մասին ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո իրեն մեկուսացած էր զգում, այժմ մտադիր է այս խնդրի լուծման հարցում ինքը նախաձեռնող լինել ու ԱՄՆ-ի թույլ չտալ սրանից առավել միջամտել Հարավային Կովկասի հարցերին:

ՌԴ-ի ԱԳ նախարարի կողմից արծարծված «Լավրովյան խաղաղության նախագիծը» առաջին անգամ 2014թ. ներկայացվել է հակամարտ կողմերին: Այս նախագծի համաձայն Ղարաբաղի հայ բնակչությանը տրվող որոշ արտոնությունների դիմաց Հայաստանը Ղարաբաղի շրջակայքում իր հսկողության տակ գտնվող 5 շրջանները կվերադարձնի Ադրբեջանին:

--------------------

Երևանում ԱՄՆ-ի դեսպանի վիրավորական պահվածքը ՀՀ վարչապետի նկատմամբ դիվանագիտական սկանդալի տեղիք է տվել:

ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել: ԱՄՆ-ի դեսպանը հեռացել է անգլիական ձեւով` առանց հրաժեշտի:

Սա առաջին անգամ չէ, որ  արևմտյան երկրների դիվանագետները վիրավորական մոտեցում են ցուցաբերել Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններում:

Նախկինում արևմտյան դիվանագետները, հատկապես բրիտանացի և ամերիկացի դիվանագետները, վիրավորական վարք էին դրսևորել մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում: Սա այն դեպքում, երբ յուրաքանչյուր երկրի դեսպանների և դիվանագետների համար, այլ հանձնառության չի սահմանվել, քան փորձել դրական և կառուցողական հարաբերություններ ստեղծել այլ երկրների հետ:

Արևմտյան դիվանագետները, հատկապես բրիտանացի և ամերիկացի դիվանագետները, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններում միջամտելով այս երկրների ներքին գործերին, փորձում են ազդել այդ երկրների ներքին և արտաքին քաղաքականության գործընթացների վրա: Արևմտյան դիվանագետները ամեն ինչ անում են, որպեսզի վերահսկեն այդ երկրներում պաշտոնյաների նշանակման կամ հեռացման որոշումների վրա:

2015 թ-ին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգ Սթարը արտաքսվեց երկրից ՝ Ադրբեջանի  ներքին գործերին միջամտելու համար:

Արևմտյան կառավարությունները,  որ կարծես, ակնկալում էին, որ Հայաստանի վարչապետը կանցնի հակառուսական քաղաքականություն, զայրացած են Նիկոլ Փաշինյանի վերջին քաղաքականությունից և փորձում են նրան սպառնալ, որպեսզի նա նահանջի իր դիրքերից:

Փաստորեն, ԱՄՆ դեսպանի վիրավորանքն ուղղված ՀՀ վարչապետին, վկայում է Արևմուտքի հետ Երևանի հարաբերությունների վատթարացման  և միաժամանակ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման մասին:

---------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արձակել Է խորհրդարանը եւ Միլի մեջլիսի արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին:

Համապատասխան կարգադրությունը դեկտեմբերի 5-ին տարածել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 2-ին հայտարարել Էր ինքնարձակման մասին եւ այդ կապակցությամբ առաջարկություն ուղարկել պետության ղեկավարին արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով: «Արձակել Ադրբեջանի խորհրդարանը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին»,-ասված Է պետության ղեկավարի կարգադրության մեջ:

Ադրբեջանի խորհրդարանը 125 պատգամավորներ ունի: Խորհրդարանի մանդատների մեծամասնությունը պատկանում է «Ենի Ազրբեջան» կուսակցությանը: Նման պայմաններում առանց որևէ դժվարության խորհրդարանից անցնում էին Բաքվի իշխանությունների ներկայացրած օրինագծերն ու նախագծերը:

Հիշեցնենք, որ «Ենի Ազրբեջան» կուսակցությունն անցած տարի դեմ գնաց արտահերթ ընտրություններ անցկացնելու Իլհամ Ալիևի իշխանության ընդդիմադիրների պահանջին: Այդուհանդերձ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովն արտահերթ ընտրությունների կազմակերպման կապակցությամբ ասել է. «Նոր մարտահրավերները, հասարակության պահանջներն ու նաև այլ գործոններ անհրաժեշտ են դարձնում նաև օրենսդիր իշխանության կազմում բարեփոխումները»:

Ադրբեջանի Սահմանադրության համաձայն խորհրդարանական ընտրությունները պիտի տեղի ունենային 2020 թվականի նոյեմբերին, սակայն Բաքվի իշխանության որոշմամբ ընտրությունները տեղի կունենան հառաջիկա փետրվարին: