Գեղարվեստական հաղորդում (196)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
------------------
Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում` Արաքս գետի աջ ափին՝ Մաղարդա լեռան լանջին գտնվող 9-րդ դարի հայկական Սուրբ Ստեփանոս կամ Մաղարդավանք վանական համալիրը 2008 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ «Հայկական եկեղեցիներն Իրանում» անվանման տակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եկեղեցին համարվում է Իրանի «Արաս» տնտեսական գոտու խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը՝ մշակութային համագործակցության ծրագրերի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսաարդյունաբերական գոտու եւ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի եւ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ, հայաստանցի ԶԼՄ ներկայացուցիչների համար վերջերս կազմակերպել էր այց դեպի ԻԻՀ:
Այցելելով Ս. Ստեփանոս վանական համալիր՝ անհնար է շնորհակալ չլինել Հայաստանի հարավային հարեւաններին՝ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, ինչպես նաեւ բարեկարգվել է համալիրի հարակից տարածքը եւ ընդհանուր առմամբ ծախսվել է 500 հազար ԱՄՆ դոլար: Տարեկան այստեղ այցելում է մոտ 3 մլն. զբոսաշրջիկ:
9-րդ դարում կառուցված այս համալիրը գտնվում է Իրանի իշխանությունների հոգածության ներքո, եւ այն աշխարհին ավելի լավ ներկայացնելու համար այժմ իրազեկման աշխատանքներ են տարվում:
Այս պահին եկեղեցին ամրացնելու կարիք ունի, բայց քանի որ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, անհրաժեշտ է թույլտվություն։
Վանքին կից գործում են թանգարան, ցուցասրահ, հուշանվերի խանութ, թեյարան, իսլամական աղոթատեղի:
Թանգարանում պահվում են հայկական մշակույթի նմուշներ՝ կարպետներ, կանանց տարազի աքսեսուարներ, արծաթե վզնոցներ, գոտիներ, դուդուկ, ձեռագործ տիկնիկներ, խաչքարեր, որոնք տարբեր տարիներին թանգարանին նվիրաբերել են Իրանում ապրող հայերը:
«Արաս» ազատ տնտեսական գոտու զբոսաշրջության պատասխանատվի խոսքով՝ վանական համալիր այցելողներին առաջինը հետաքրքրում է հենց թանգարանը, քանի որ այնտեղ ներկայացված են բավականին բացառիկ նմուշներ:
Սուրբ Ստեփանոս եկեղեցուց11 կմ. Հեռավորության վրա է գտնվում Հովվի կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Չոբանի մատուռ:
Այս եկեղեցին նույնպես տարիներ առաջ վերանորոգվել է եւ գտնվում է Իրանի կառավարության հոգածության ներքո:
Հովվի մատուռը 1518 թվականին կառուցել են հայ հովիվները, որը դարձել է նրանց աղոթատեղիներից մեկը։ Եկեղեցին պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին: Հովվի մատուռը գտնվում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնվում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը: Մատուռը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 2003 թվականի մարտի 8-ին՝ որպես «հայկական վանական համալիր»: 2015 թվականին նորոգվել է տանիքը եւ գմբեթը: Նույն թվականի ապրիլ ամսին տեղի է ունեցել եկեղեցու օծումը՝ ի հիշատակ հայ նահատակների:

Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ամբողջ ներկապնակը` պոեզիայի և արձակի լավագույն նմուշներն ընդգրկվել են գրողի 150-ամյակին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150. Հատընտիր» գրքում: Այն ներառում է նաև «Թումանյանը լուսանկարներում» ներդիրներ` ներկայացնելով գրողին և նրա ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին առնչվող հանրածանոթ և քիչ հայտնի լուսանկարներ:
Գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, կազմել են Թումանյանի թոռնուհին, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը և թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:
«Բավականին բարդ էր այդ աշխատանքը, որովհետև Թումանյանի յուրաքանչյուր տող, բանաստեղծություն հրաշալի է: Նա միայն բանաստեղծ չէ: Նա երևույթ է, առաջնակարգ գրող, հրապարակախոս: Այս գրքում փորձել ենք Թումանյանին ամբողջական նկարագրով ներկայացնել: Ներառել ենք հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ, որպեսզի նրա պատգամները հնչեն նաև այսօր»,-ասաց Սուսաննա Հովհաննիսյանը:
Նա հավելեց` զետեղել են նաև Թումանյանի նամակները: «Հանուն հայրենիքի Թումանյանը զոհել է ոչ միայն իր, այլև զավակների կյանքը, և այս հատընտիրում ուղղակի անհրաժեշտ էր ներառել նրա` զորավար Անդրանիկին ուղղված նամակը, որը բնորոշում է Թումանյանին իբրև մարդու, քաղաքացու»,-շեշտեց թումանյանագետը:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի խոսքով` գրքում կազմողները մոտեցրել են Թումանյանին և ժամանակակից ընթերցողին: «Թումանյանի նամակներն են այստեղ, հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ: Կարող ենք ասել` Թումանյանի ստեղծագործության ամբողջ գունապնակն է իր բազմազանությամբ, դրսևորումներով»,-ասաց նա:
Գիրքը տպագրվել է «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանի և Գագիկ Աղաջանյանի մեկենասությամբ: Այն տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:

Հայաստանի գրողների միության 85-ամյակի կապակցությամբ դեկտեմբերի 5-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տոնական հանդիսություն անցկացվեց:
Միության հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելքոնյանն ընթերցեց նախագահի շնորհավորական ուղերձը: «Իմ հիշողության մեջ Գրողների միությունն ազատ մտածողության ինքնատիպ կղզի էր, որտեղ ապրել էին Չարենցը, Բակունցը, Իսահակյանը, որտեղ ապրում էին Սևակը, Շիրազը, Դաշտենցը, Կապուտիկյանը, Մաթևոսյանը, Սահյանը, որտեղ ապրեցին նաև Գալշոյանը, Հովհաննիսյանը, Դավթյանը, Զեյթունցյանը, Դավոյանը, Այվազյանը և նրանց շատ ու շատ արժանավոր գրչակիցներ: Պատահական չէ, որ նրանց գրական ժառանգությունը հարուստ ու արժեքավոր է: Այդ կղզում ժամանակի զգացողությունն այլ էր, որովհետև Գրողների միությունը ոչ սովորական մտածելակերպով մարդկանց կազմակերպություն էր, դեմք ու կարծիք ունեցող անհատականությունների, մնայուն գրականություն ստեղծողների միավորում»,-ասվում էր ուղերձում:
Նախագահը նաև նշել էր, որ միությունը չպետք է երբեք կանգ առնի, պետք է համաքայլ լինի ժամանակին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձն ընթերցեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը: «Հետադարձ հայացք նետելով անցած տարիներին` չենք կարող ուրախությամբ չարձագանքել, որ գրողները միշտ էլ իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել մայրաքաղաքում նախաձեռնվող կարևորագույն միջոցառումների իրականացմանը: Մեր սերտ համագործակցության արդյունքն են «Գիրք նվիրելու օրը», «Մանկական գրքի շաբաթ»-ը, Երևանին նվիրված դրամատուրգիական գործերի մրցանակաբաշխությունը և այլ միջոցառումներ: Վստահ եմ, որ համագործակցության այս բարի ավանդույթը նույն հաջողությամբ կշարունակվի»,-ասվում էր ուղերձում:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին երեսուն տարին գրականության համար բարդ էին ու հետաքրքիր: «Այդ գրականությունում գեղարվեստորեն տեղ են գտել տվյալ ժամանակահատվածի կարևոր իրադարձությունները, և ես ցանկանում եմ, գրողներին ոչ թե պաշտեն, այլ ընթերցեն»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով գրողների միությանը` Միլիտոնյանն ասաց, որ հարուստ գրականության ժառանգությունը շարունակվելու ջիղ ունի, և 85-ամյա միության պատմությունը ժառանգականության ուղու խորացման, դեպի անվերջ գնալու միտում ունի: «Միությունն աջակցում է գրողի գրական, սոցիալական, իրավական և այլ հարցերի ապահովմանը»,-եզրափակեց միության նախագահը:

Մարդ կա՝ հիշողություն ունի, մար էլ կա՝ հուշերով է ապրում… Այս կերպ է մեկնարկում NewMag հրատարակչության՝ Շառլ Ազնվանուրի հեղինակած «Մեղմ շշուկով» հայերեն թարգմանությամբ նոր գիրքը: Առաջին անգամ 2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված գրքում Ազնավուրը խոսում է ընտանիքի, կարիերայի անցյալի և ապագայի մասին։
Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի խոսքով՝ «Մեղմ շշուկով» գիրքը ինքնակենսագրական վեպ է: «Գրքում առաջին ձեռքից իմանում ենք Ազնավուրի մասին: Նա գրելու շատ լավ հնարքներ ունի: Ես Ազնավուրի երգերն առավել հեշտ չեմ թարգմանում, քան այս գիրքն էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը։
«Մեղմ շշուկով» գիրքը «կինոլեզվով» գրված վավերագրական ստեղծագործություն է, որտեղ ընթերցողը տեսնում է փոքրիկ Շառլին իր քրոջ՝ Աիդայի հետ: Թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանի կարծիքով՝ թարգմանչին հաջողվել էր լավ փոխադրել Ազնավուրին՝ ամբողջությամբ փոխանցելով նրա շունչը: «Ամեն անգամ Ազնավուր կարդալիս նորից նրան ես հայտնաբերում: Նա կարողանում է նույն բանը տարբեր կերպ պատմել և տարբեր տրամադրություն ստեղծել»,-ասաց նա:
Գիրքը հրատարակվել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության աջակցությամբ. կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանանը կարևորեց նման գրքերի հայերեն հրատարակումը: «Մենք ցանկացանք հայալեզու ընթերցողին հասանելի դարձնել մեծ հայի, մեծ ֆրանսիացու ստեղծագործությունները»,-շեշտեց նա:
Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով ընդգծեց, որ Ազնավուրը ոչ թե միայն երգիչ էր, որ գրում էր գրքեր, այլ հենց գրող էր:
NewMag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շեշտեց, որ իրենք պատրաստվում են մինչև 2024 թվականը հայերեն թարգմանել Ազնավուրի բոլոր գրքերը: «Ազնավուրը մեր կողքին էր մեզ համար ամենացավոք պահին, խոսքը Սպիտակի երկրաշարժի մասին է: Նա մեր կողքին էր, երբ պարզեցինք որ սառում ենք: Նա հայտնվեց, երբ ոչ ոք չէր սպասում, օգնեց, երբ ոչ ոք չէր խնդրում և մնաց, երբ շատերը հեռացան»,-եզրափակեց նա:

«Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքում առաջին անգամ ներկայացվում է հայկական որմնանկարչությունը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը։ Ժողովածուն ներառում է հոդվածներ և նյութեր ինչպես հայտնի՝ ուսումնասիրված, այնպես էլ նորահայտ կամ սակավ հետազոտված բազմաթիվ որմնանկարների վերաբերյալ։
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Մատենադարանում:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ ներկայացրել են հայ միջնադարյան արվեստի մի ամբողջ ուղղություն, որն անմիջականորեն կապված է աստվածաբանությանը, ճարտարապետությանը և քանդակագործությանը: «Որմնանկարչությունն ուսումնասիրության կարիք ունի, և այն արվեստի ճյուղ է, որը վտանգված է ու ենթակա է ոչնչացման»,-նշեց նա:
Մատենադարանի փոխտնօրեն, գրքի կազմող և խմբագիր Կարեն Մաթևոսյանի խոսքով` գիրքը ներառում է հիմնականում եկեղեցական որմնանկարչությունը: «Ընդգրկվել է 19 հեղինակի հոդված: Այստեղ կարելի է ծանոթանալ որմնանկարչության բոլոր հիմնական ուղղություններին, այն վանքերին, որոնցում կան որմնանկարներ, որմնանկարների թե՝ Արևելյան Հայաստանում, թե՝ Արևմտյան Հայաստանում և գաղթավայրերում: Այս գրքով ցանկանում ենք կոտրել այն սխալ պատկերացումը, որ հայկական որմնանկարները փոքրաթիվ են, ուզում ենք նաև ցույց տալ, որ դրանք քիչ չեն և ունեն գեղարվեստական արժեք և յուրահատկություն»,-ընդգծեց Մաթևոսյանը:

Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի «Հաստ ծառը» կտավը Փարիզի աճուրդում վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով:
Գնորդը միջազգային կոլեկցիոներ է, որը խոստացել է, որ նկարը կմնա Ֆրանսիայում: Կտավը ստեղծվել է 1897 թվականին, երբ նկարիչը գտնվում էր Թաիթիում: Կտավում ներկայացված է աղբյուր՝ թռչուններով և ծաղիկներով: