Փետրվար 15, 2020 12:51 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ հանրաքվեին, ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած այցին և Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել են, ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը:

Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Համաձայնագրերի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՎԶԵԲ-ի քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Պիեռ Հեյլբրոն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հարցերով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենը, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, փոխնախագահի խորհրդական Սևի Սիմավին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն և այլք:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում կեսից ավելին կամ 10 520 000 և 700 000 եվրո գումարի չափով ֆինանսավորվելու է դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի Եվրոպական միությունը Եվրոպական հարևանության գործիքի ներքո:

---

Փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և նորանշանակ հյուպատոս Հոսեյն Ռահիմիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, տեղաբաշխմանը, ինչպես նաև դատապարտյալների արտահանձմանն առնչվող հարցեր:

Ծառայության պետը կարևորել է հարևան պետությունների միջև ոլորտային սերտ համագործակցությունը՝ հավաստիացնելով, որ իրանցի ազատազրկված անձանց կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց արժանանում է պատշաճ ուշադրության և լուծում ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:

Փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին Ա. Գոյունյանին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ քրեակատարողական ոլորտի գործունեության առանձնահատկություններին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր քննարկելու համար:

----

Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական Միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում:

«Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք են ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու համար»,-ասել է վարչապետ Փաշինյանը:

Նա նկատել է, որ իր պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, ԳԴՀ կանցլերի հետ հանդիպում է արդեն երրորդ անգամ, որն ինքնին խոսուն փաստ է և վկայում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Նա առանձնակի շեշտել է այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և երախտագիտություն հայտնեց Գերմանիայի և Եվրոպական միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: «Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունն ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը:

ՀՀ վարչապետը Գերմանիայում մասնակցեց Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին:

---

ՀՀ Ազգային ժողովը որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 88 կողմ և 15 դեմ ձայներով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին:

Նկատի առնելով այն փաստը, որ Հայաստանի ցանկացած բարձրաստիճան պաշտոնատարի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակությունը հանգում է տվյալ անձի պաշտոնազրկմանը, կարելի է ասել, որ ներկա ընթացքով Հայաստանը շարժվում է դեպի միակուսակցական համակարգ: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը բախվեց ԲԴԽ-ի նախագահի հետ, որը հաստատել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերցնելու որոշումը, որից հետ հիշյալ պաշտոնատար անձը հրաժարական ներկայացրեց:

Վերջին շրջանում լարվածություն է ծագել Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնատարների և այդ երկրի ՍԴ-ի միջև: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՍԴ-ն բռնազավթվել է և իշխանությունները կդիմեն ցանկացած քայլի կարգավորելու համար այդ հարցը:

----

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության փորձագետ, քաղաքական PR–ի մասնագետ Էդգար Խաչատրյանն անդրադարձել է Սահմանադրական փոփոխություններին առնչվող հանրաքվեին։

----

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել են նաև ընտրողներ Լեռնային Ղարաբաղից, որոնց արդյունքում ընտրված խորհրդարանականները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, և արդեն հայտնի են միջազգային գնահատականները։ Վերջին տվյալներով, 125-ից 71 տեղ ստացել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որը գլխավորում է ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը: Մնացած տեղերի մեծ մասը բաժին է հասել փոքր և անկախ թեկնածուների, որոնք լոյալ են վերաբերվում Ալիևի կուսակցությանը: «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման ղեկավար Թուրալ Գյանջալիևը 1596 ձայնով անցել է խորհրդարան:

Մամուլի քարտուղարի խոսքով ԼՂ-ի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

«ԼՂ-ի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին»,- ընդգծել է Նաղդալյանը:

Ի դեպ, Եվրոպացի դիտորդներ կասկածի տակ են առել փետրվարի 9-ին կայացած  Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

ԵԱՀԿ դիտորդական խումբը երկուշաբթի օրը հայտարարեց, որ քվեների հաշվարկման գործընթացում լուրջ  խախտումներ են եղել, որոնք կասկածի տակ են առնում ընտրությունների արդյունքները: 

Ի պատասխան ԵԱՀԿ-ի զեկուցողների հաղորդագրության Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական բարեկամության խմբի պատասխանատու Շամել  Այրամի  հետ հանդիպման ժամանակ 6-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների արդյունքները ոչ-թափանցիկ համարելու  մասին եվրոպական կառույցների զեկույցը և այդ կապակցությամբ ԵԽ-ի բանաձևն այդ երկրի ներքին հարցերին բացահայտ միջամտություն համարեց և կեղծված բնութագրելով արևմուտքցի զեկուցողների կողմից ներկայացված փաստաթղթերը հայտարարեց, որ դրանք Բաքվի իշխանությունների համար ընդունելի չեն: