Գեղարվեստական հաղորդում (205)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:
Նախաձեռնությամբ՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանի եւ «Մեհրսան» պատկերասրահի համագործակցության, փետրվարի 13-ին նույն պատկերասրահում բացումը կատարվեց «Իրանահայեր» խորագրով ցուցահանդեսի:
Բացման հանդիսությանը ելույթներով հանդես եկան «Մեհրսան» գեղարվեստական–մշակութային համալիրի գլխավոր տնօրեն Հոսեյն Ռաֆիանը, արվեստագետ Սիմոն Այվազյանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, մայստրո Լորիս Ճգնավորյանը, Իրանի Արվեստագետների տան գլխավոր տնօրեն Մաջիդ Ռաջաբի Մեմարը եւ այլ արվեստագետներ:
Իրանահայ արվեստագետների գործերից կազմակերպված ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ ապրիլի 5-ը:

Երկուշաբթի փետրվարի 10-ին, «Ֆաջր» թատրոնի 38-րդ միջազգային փառատոնի փակմանը, ԻԻՀ Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհիի ներկայությամբ, մեծարվեցին Անդրանիկ Խեչումյանը, Հոսեյն Աթեֆին, Քարիմ Աքբարի Մոբարաքեն և Հոսեյն Լազիրին:
Մեծարման ծրագիրն սկսվեց կարճ տեսահոլովակի ցուցադրմամբ, որում Բեհզադ Ֆարահանին, Ղոթբեդդին Սադեղին և Լորիս Ճգնավորյանը խոսեցին Անդրանիկ Խեչումյանի մասին, Աթիլա Փեսիանին, Ֆարհադ Այիշը և Մոհամմադ Չարմշիրը՝ Հոսեյն Աթեֆիի, Ջալիլ Ֆարջադը, Ղոթբեդդին Սադեղին և Քազեմ Բալուչին՝ Քարիմ Աքբարի Մոբարաքեի, և վերջապես Այուբ Աղախանին ու Սիրուս Մուսթաֆան Թավրիզի թատրոնի գործիչներից Մահդի Լազիրիի մասին:
Հոսեյն Աթեֆին, շնորհակալական իր խոսքում, հիշատակեց այն պիեսների անունները, որոնք երբեք բեմականացվելու թույլտվություն չստացան:
Նա հույս հայտնեց, քանի դեռ ողջ է, կկարողանա Էսմաթ Սաֆավիի, Լորետա Հայրապետյանի և Ջամիլե Շեյխի անուններով թատերասրահների հիմնադրման ականատեսը լինել:
Աթեֆին հավելեց. «Այսօր թատրոնի տոնն է, և արժի հիշատակել Թանիա Ջոհարիի, Շահրու Խերադմանդի, Բահրամ Բեյզայիի, Արբի Հովհաննիսյանի և ուրիշ անուններ»:
«Այս երեկոն երևի իմ կյանքի լավագույն գիշերն է: Դուք ինձ արժեքավոր նվեր տվեցիք», ասաց Աթեֆին:
Այնուհետև Քարիմ Աքբարի Մոբարաքեն հուզումնալի ձայնով ասաց. «Ինձանից 50 տարի աշխատանք պահաջվեց այս բեմի վրա կանգնելու համար... այդ առիթով կուզենայի հարգանքի տուրք մատուցել իմ վարպետների՝ Սամանդարյանի, Գոլշիրիի, Հոսեյն Փարվարեշի և այլոց հիշատակին»:
Անդրանիկ Խաչումյանն իր խոսքը հիմնականում հատկացրեց երիտասարդության: Նա գոհունակություն հայտնեց Իրանի թատրոնում երիտասարդների ներկայության կապակցությամբ:
«Վերջին տարիներին Իրանի թատրոնում հայտնվել են մեծաթիվ երիտասարդ ուժեր՝ թատերասեր երիտասարդներ: Կոչ եմ անում պատասխանատուներին այդ երիտասարդներին թիկունք կանգնել: Նրանց տալ նույնիսկ ավելին քան կարող են, քանզի նրանք են կերտելու մեր թատրոնի ապագան», ասաց Խեչումյանը:

«Ֆաջր» միջազգային թատերական փառատոն Մեղեդի Շամիրյանը թատերական զգեստի ձեւավորում անվանակարգում արժանացել է լավագույն մրցանակի:
Թեհրանում եզրափակվեցին «Ֆաջր»-ի 38-րդ միջազգային թատերական փառատոնի մրցութային բաժնի արդյունքները, որտեղ Մեղեդի Շամիրյանը հասցրել էր նույն անվանակարգում երկու ներկայացումների համար հայտնվել գլխավոր մրցանակի թեկնածուների ցուցակում:
Մեղեդին երկու՝ «Մառլոն Բրանդո» եւ «Օթելլո միայն ընտանի խեցիներն են սավանների արանքում բուն դնում» ներկայացումներով մրցակիցներից առաջ անցնելով արժանացավ գլխավոր մրցանակի:

Թեհրանի « աշտարակի համերգասրահում փետրւարի 11-ին կայացավ Իրանի «Ֆաջր» կինոփառատոնի մրցանակաբաշխությունը:
38-րդ ֆաջրի ֆավորիտները ` «Զրոյի օր» եւ «Թիթեռնիկի լողալը» ֆիլմերն էին, որոնց յուրաքանչյուրին հաջողվեց նվաճել 5 բյուրեղապակյա «Սիմորղ» մրցանակ:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց Մաջիդ Մաջիդիի եւ Ամիր Բոնանի «Արև» ֆիլմը:
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Նազանին Ահմադին՝ «Ամպը անձրևել է ցանկանում» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց «Ընկուզենի» ֆիլմի գլխավոր դերակատար Փեյման Մոադին:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում սպասված արձանիկին արժանացավ «Ընկուզենի» ֆիլմի ռեժիսոր Մոհամմադ Հոսեյն Մահդավիանը:
Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց Ամիր Աղային «Թիթեռնիկի լողալը» ֆիլմի համար, երկրորդ պլանի լավագույն դերաանուհին Թանազ Թաբաթաբային էր «Թիթեռնիկի լողալը» ֆիլմի համար:
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում լավագույնը՝ «Ելք» ֆիլմն էր:
Լավագույն սցենար անվանակարգում հաղթեց Նիմա Ջավադիի եւ Մաջիդ Մաջիդիի «Արև» Ֆիլմը:

Գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի 180-ամյակի կապակցությամբ փետրվարի 14-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գրողին նվիրված ցուցահանդես բացվեց: Ցուցահանդեսում ներկայացված են Աղայանի լուսանկարները, գրքերի տարբեր տարիների հրատարակություններ, անձնական իրեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ շատ են դժվարացել այս փոքրիկ, բայց բացառիկ ցուցադրությունը կազմակերպելիս, որովհետև Աղայանի արխիվը բավականին մեծ է: «Նա բուռն ստեղծագործական կյանքով ապրեց, որպես բանաստեղծ, հեքիաթագիր, մանկագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ և մանկավարժ: Անվիճելի հեղինակություն էր, որով հիացած էին բոլորը` սկսած մեծահանճար Հովհաննես Թումանյանից»,-նշեց տնօրենը:
Վարդանյանը շեշտեց, որ ներկայացված ցուցանմուշներն այցելուներին հնարավորություն կտան տեսնել Ղազարոս Աղայանին իր ժամանակակիցների`Թումանյանի, Պռոշյանի, Մկրտիչ Խրիմյանի և այլ մեծերի շրջապատում:
Նա տեղեկացրեց, որ մեկ կամ երկու ամսից լույս են ընծայելու հատոր` նվիրված Աղայանին: «Հիմնականում ընդգրկելու ենք նրա բանաստեղծությունները և հեքիաթները նաև լուսանկարների հագեցած հավելված, որտեղ տեղ կգտնեն այստեղ ցուցադրված նյութերը, և այլ բացառիկ նմուշներ»,-ասաց Վարդանյանը:
Ցուցադրությանը ներկայացված էր նաև Աղայանի բազկաթոռը: Վարդանյանի խոսքով` ցուցադրել են այն, որ հանրությունը տեսնի` Աղայանի աթոռը երբեք թափուր չի մնացել, և նրան հաջորդած սերունդները նաև ներկա սերունդը հրաշալի գրականություն են ստեղծել և ստեղծում:
Կարո Վարդանյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում նշելու են նաև այլ երախտավորների հոբելյաններ և Մկրտիչ Խրիմյանի 200-ամյակը:

Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակի առթիվ փետրվարի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Տերյանի բանաստեղծական արվեստը» խորագրով ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացված են հեղինակի գրքերի տարբեր տարիների հրատարակություններ, ամսագրեր, ալբոմային հրատարակություններ, մամուլի անդրադարձները Տերյանին: Եզակի նմուշներից է «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն` Տերյանի ինքնագրով: Գիրքը պահվում է գրադարանի Անձեռնամխելի գրականության բաժնում:
«Տերյան մշակութային կենտրոն»-ի նախագահ Առուշան Հակոբյանը ցուցադրությանը ներկայացրել էր Վահան Տերյանի անձնական թաշկինակը և նրա ձեռագրերից մեկը:
«Ձեռագիրն ինձ նվիրել է Տերյանի դստեր` Նվարդ Տերյանի դասընկերուհի, մտերմուհի Նինան: Հիշում եմ` Տերյանի 120-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հանդես եկա հիմնական զեկույցով, որը Նինային շատ դուր եկավ: Զեկույցի մի օրինակը նվիրեցի նրան: Նինան շատ հուզված ասաց, որ իր մոտ է Տերյանի ձեռագիրը` «Աշխարհից ես չեմ տրտնջում» բանաստեղծությունը: Հաջորդ օրը Նինան ձեռագիրն ինձ հանձնեց»,-պատմեց Հակոբյանը:
Անդրադառնալով թաշկինակին, որի վրա գրված է «ԿԵՑՑԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» և մի քանի տարբեր ձևավորումներով դրոշ է պատկերված` Հակոբյանը նշեց, որ այն 2009 թվականի հունվարի 29-ին իրեն է հանձնել թարգմանիչ Գևորգ Էմինի որդին`Արտաշես Էմինը: «Թաշկինակը պետք է պահվեր ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծվելիք թանգարանում: Թանգարանը չստեղծվեց, և թաշկինակը մնաց ինձ մոտ»,-ներկայացրեց Առուշան Հակոբյանը:

Քսաներորդ դարի իսպանացի մեծանուն նկարիչներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի բացառիկ ստեղծագործությունները Հայաստան կբերի «Art of the Nations» ֆոնդը:
Սյուրռեալիզմի ականավոր ներկայացուցիչների ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Art of the Nations» ֆոնդի տնօրեն Յարոսլավ Շադրինն ասաց, որ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրելու են Դալիի և Պիկասոյի քանդակները, կերամիկական և գրաֆիկական աշխատանքները:
«Արդեն պատկերասրահի հետ համաձայնագիր ունենք, և մոտակա օրերս պաշտոնապես կհայտարարենք ցուցահանդեսի մանրամասները»,-շեշտեց Շադրինը:
Նրա խոսքով` ցուցահանդեսում ընդգրկված է երկու մեծերի ավելի քան 200 աշխատանք: «Այն այցելուների համար բաց կլինի մի քանի ամիս»,-շեշտեց ֆոնդի տնօրենը:
Մի առիթով Շադրինն ասել է, որ Դալին բարդ է, բարի, նուրբ ու լի կասկածներով: «Պիկասոյի կերպարն ինձ ավելի հարազատ է: Մեր տանը նրա մի քանի աշխատանք կար: Ասես տանը ևս մեկ տղամարդ էր հայտնվել` էներգիայով լի, ուժեղ: Ես չհանդուրժեցի և պատից հանեցի այդ ստեղծագործությունները»,-խոստովանել է ֆոնդի տնօրենը:
«Art of the Nations» ֆոնդի հավաքածուն համարվում է աշխարհում չորրորդն իր մեծությամբ:
Ցուցադրության կազմակերպիչներներն են Երևանում «Դոմ Մոկսվի»մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, Art of nation (Ազգերի արվեստ) հիմնադրամը: Ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանում ՌԴ դեսպանության աջակցությամբ:

Ռեկորդային փոքր թվով հեռուստադիտողներ են փետրվարի 9-ին դիտել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 92-րդ արարողության հեռարձակումը հոլիվուդյան Dolby թատրոնից: Համապատասխան տվյալները փետրվարի 10-ին հրապարակել Է Nielsen հետազոտական ընկերությունը ABC հեռուստաընկերության պատվերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա մասնագետների հաշվարկների համաձայն՝ այս անգամ մրցանակաբաշխությունը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվել Է առանց պաշտոնական հաղորդավարի, դիտել Է ընդամենը 23.6 մլն մարդ: Հեռուստատեսային վարկանիշների նախորդ հակառեկորդը սահմանվել Էր 2018 թվականին, երբ կինոաշխարհի գլխավոր ամենամյա իրադարձության հանդիսականների հաշվիչը կանգ Էր առել 26,5 միլիոնի նշագծին: «Օսկար»-ի հանձնման արարողության հեռուստադիտողների թվի նվազման հնգամյա միտումը, թվում Էր, ընդհատվեց անցյալ տարի, երբ այն դիտեց 29,6 մլն մարդ, սակայն ընթացիկ տարին ամենացածր ռեյտինգով նշանավորվեց նման արդյունքների ամփոփման ողջ պատմության ընթացքում: Վերջին 20 տարվա ընթացքում հեռուստադիտողների թվով ամենահաջողը եղել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի կողմից մրցանակի հանձնման 2014 թվականի արարողությունը: Այդ տարի այն դիտել Է 43,7 մլն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: