Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը-1
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» 52 մասից բաղկացած նոր հաղորդաշար է, որի ընթացքում փորձելու ենք ծանոթանալ կենսոլորտի հետ առնչվող կարևորագույն հարցերին: Հաղորդաշարի առաջին զրույցում կխոսնեք շրջակա միջավայրի նշանակության մասին: Ընկերակցեք մեզ:
Բարեկամներ, այսօր աշխարհում կարևորվում են շրջակա միջավայրը և դրա հետ կապված խնդիրները: Շրջակա միջավայրն այն կենսոլորտն է, որտեղ ապրում են շնչավոր էակներ: Շրջակա միջավայրն ապահովում է մարդու կարիքները, սակայն աստվածային այս պարգևն անխիղճ վերաբերմունքի է մատնվել:
Այսօր ողջ աշխարհում շատ արագ ավերվում է շրջակա միջավայրը և այդ պատճառով երկրները, ազգային և միջազգային կազմակերպությունները հատուկ ուշադրություն են դարձնում այդ հարցին: Խնդրի կարևորությունից ելնելով, մենք ևս Ձեզ ներկայացնելու ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարը, որի ընթացքում կանդրադառնանք շրջակա միջավայրի գործոններին և այն աղտոտող երևույթներին: Հույսով ենք այս հաղորդաշարը կարժանանա Ձեր ուշադրության:
***************
Շրջակա միջավայր է կոչվում այն տարածքը, որտեղ կյանք գոյություն ունի: Շրջակա միջավայրը բաղկացած է իրար հետ առնչվող ֆիզիկական տարրերից և կենդանի էակներից: Այլ խոսքով շրջակա միջավայրն ամբողջությունն է երկրագնդի բնական տարրերի` օդ, հող, ջուր, մթնոլորտ, բույսեր և կենդանիներ, որոնք շրջապատել են մարդուն:
Իհարկե տարբեր երկրներում կենսոլորտային տարրերի նկատմամբ կարևորությունից ելնելով,տարբեր կերպ է մեկնաբանվում շրջակա միջավայրը:
Օրինակ երկրում, որտեղ հատուկ նշանակություն ունեն ջրատարածքները և ձկնորսությունը, շրջակա միջավայրը բացատրվում է այդ հիմամբ: Կամ երկրում, որտեղ կարևորվում են անտառներն ու արոտավայրերը, շրջակա միջավայրը բացատրվում է ընդգծելով անտառների և արոտավայրերի նշանակությունը:
Սակայն ինչպես էլ բացատրենք շրջակա միջավայրը, պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ մարդու կյանքը կախված է շրջակա միջավայրից, առանց որի հնարավոր չէ կյանք պատկերացնել, իսկ շրջակա միջավայրն առանց մարդկանց էլ կարող է շարունակել իր գոյությունը:
Գիտնականները երկրագունդը բաժանել են չորս մասերի: Այդ մասերն են` լիտոսֆերա կամ քարոլորտ, որը կազմում է երկրի պինդ թաղանթը: Ջրոլորտ, որը կազմում է երկրագնդի մակերեսի 71 տոկոսը:Մթնոլորտ, որը երկնային մարմնի գազային ծածկ է և կենսոլորտ, որը երկրագնդի վրա կյանքի տարածման ոլորտ է: Այն գտնվում է ջրոլորտի, քարոլորտի և մթնոլորտի շերտերում: Նաև պետք է ի նկատի առնել արևի դերը: Երկրագունդը ստանում է արևի լույսի 70 տոկոսը: Այդ լույսի մեկ տոկոսի ազդեցության տակ բույսերը և ջրամուռները ֆոտոսինթեզ են կատարում: Արևի լույսի 30 տոկոսն արտացոլվում է տիեզերքում: Առանց արևի լույսի կոչնչանա կենսոլորտը: Երկրագնդի յուրաքանչյուր մասն ունի իր էկոհամակարգը, որոնք կազմում են շրջակա միջավայրը: Շրջակա միջավայրում կարևորվում է մարդու դերը, որը տարբերվում է բնության բացատրության հետ: Բնությունն ընդգրկում է բնական, կենսական և ոչ-կենսական տարրեր, իսկ շրջակա միջավայրը բացատրվում է ի նկատի առնելով մարդու և բնության փոխազդեցությունը:
***************
Ցավոք մարդը կամա թե ակամա փոխել է շրջակա միջավայրի բնականոն ընթացքը: Զարգացման և տնտեսական համագործակցության կազմակերպության 2001 թվականի զեկույցի համաձայն, մարդու գործունեության ներազդեցության տակ են գտնվում շրջակա միջավայրի գրեթե բոլոր տարրերը:
Հատկապես 20-րդ դարում արդյունաբերության և տեխնոլոգիայի ոլորտներում մարդկային ձեռքբերումներն առավել քան երբևէ ներազդեցին բնության վրա: Այդ իսկ պատճառով 20-րդ դարը կոչվել է կենսոլորտային ճգնաժամերի դարաշրջան:
Առաջին և երկրորդ աշխարհամարտերը, այդ պատերազմներին հաջորդող սպառազինական անավարտ մրցակցությունը, միջուկային պայթյունները, բնակչության թվի աճը, արդյունաբերության զարգացման արագ տեմպը, բնապաշարների ապառվելը և կենսոլորտային աղտոտվածությունը մարդկության կործանարար քայլերն են եղել այդ ժամանակահատվածում: Այդ իսկ պատճառով, շրջակա միջավայրի պահպանման մասնագետները գտնում են, որ մարդն է երկրագնդի աղտոտման գլխավոր պատճառը: Չնայած մարդը հավակնում է, թե առաջադիմության և մշակութային զարգացման է ձգտում, սակայն աղտոտում է այն միջավայրը, որտեղ ապրում է:
Սխալ օգտագործման պատճառով, շրջակա միջավայրի առջև ծառացած որոշ խնդիրներն են` օզոնի շերտի քայքայումը, անտառների ու անապատների ոչնչացումը, բերրի հողերի աղակալումը, քաղցր ջրերի թթվայնացումը և քաղցր ջրի պաշարների սպառումը, հողի էրոզիան, թունաքիմիկատների օգտագործման ավելացումը և ամենակարևորը կենսոլորտի աղտոտվածությունը:
«Կենսոլորտը, մարդկանց բարօրությունը և կենսական բազմազանությունը» խորագրով ՄԱԿ-ի հրապարակած զեկույցը հաստատում է այդ իրողությունը: Զեկույցում ասված է.«Վերջին 50 տարիների ընթացքում մարդիկ մեծ վնասներ են պատճառել բիոլոգիական աղբյուրների բազմազանությանը: Այդ գործընթացը չդադարելու դեպքում մարդիկ կկորցնեն աշխարհում իրենց հիմնական շահերը»: Ներկայումս շուրջ 3.5 միլիարդ մարդու կյանքը կապված է ծովերի, օվկիանոսների և բնության հետ: Չնայած վերջին տարիների փոփոխությունների պատճառով որոշ տարածքներում 9 տոկոսով նվազել են ջրակենցաղ կենդանիները, սակայն դեռ աշխարհի բնակչության շուրջ 70 տոկոսը օգտագործում է բնությունից ստացված ավանդական բիոլոգիական աղբյուրները, ինչը վկայում է 21-րդ դարի մարդկանց կյանքում բնական ցիկլերի նշանակության մասին:
*************
Անկասկած շրջակա միջավայրի աղտոտվածությունը ժամանակակից մարդու առջև ծառացած լուրջ մարտահրավերներից է համարվում: Այդ հարցի կարևորությունը կայանում է նրանում, որ բացահայտ են դարձել ներկա և ապագա սերնդի կյանքին ուղղված սպառնալիքները: Անկասկած ապահով և առողջ կենսամիջավայրի բացակայության դեպքում, մարդն անկարող կլինի շարունակել իր կյանքը:
Այդ իսկ պատճառով վերջին տարիների ընթացքում ուշադրության է արժանացել շրջակա միջավայրի պահպանումը և առողջ ու ապահով կենսամիջավայր ունենալը յուրաքանչյուր անհատի մարդկային իրավունքներից է համարվում և քննարկվում է գիտական և շրջակա միջավայրի պաշտպան շրջանակների կողմից:
Բարեբախտաբար առողջ շրջակա միջավայր ունենալն այսօր երազանք չէ, այլև անկախ և միջազգային կազմակերպությունների և գիտական շրջանակների շուրջ 40 տարի տևած ջանքերի արդյունքում ազգային, տարածաշրջանային և միջազգային մասշտաբով կատարելապես ճանաչված իրավունք է համարվում:
1972 թվականի Ստոկհոլմի հայտարարությունը, 1982 թվականի Բնության միջազգային հռչակագիրը, 1992 թվականի Ռիոյի հայտարարությունը փաստաթղթեր են, որոնք կարևորում են առողջ միջավայր ունենալու իրավունքը:
Միջազգային բեմում առողջ շրջակա միջավայր ունենու իրավունքը պաշտոնապես ճանաչվելով, երկրներում ևս ներքին օրենքներ մշակվեցին այդ ուղղությամբ և 1970 թվականից հետո այդ օրենքները ներառվեցին երկրների սահմանադրության մեջ:
ԻԻՀ սահմանադրության 50-րդ հոդվածը ևս այդ իրավունքի մասին է: Երկրների մշակութային, հասարակական և տնտեսական զարգացման ծրագրերի մասին օրենքներում ևս գործեղանակներ են ներկայացվել այդ իրավունքն իրագործելու համար:
Առողջ շրջակա միջավայր ունենալը պայմանավորված է կայուն զարգացմամբ և ի ցույց է դնում մարդկային արժանապտվությունը: Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը երաշխավորում է ներկա և ապագա սերնդի կյանքը:
Շրջակա միջավայրի հետ կապված բոլոր օրենքներն ու դաշիքներն իրագործելի են այն ժամանակ, երբ կանխվեն անառողջ ու վտանգավոր աշխատանքները, օդի և ջրի աղտոտվածությունը, լեռներում, ծովերում և օվկիանոսներում աղբ նետելը և համագործակցություն ծավալվի պետությունների և ժողովրդի ու օրենքը գործադրողների միջև: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել շրջակա միջավայրը:
*****************
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց այսօրվա զրույցը: Հաջորդ զրույցում կքննարկենք շրջակա միջավայրի հետ կապված մեկ այլ թեմա: Մինչ նոր հանդիպում եթերում Ձեզ մաղթում ենք լավագույնը: