Փետրվար 29, 2020 09:10 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան սահմանը փակվելուն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումներին, Հայաստանի ու ԼՂ-ի ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստին և Թուրքիայի նախագահին Ադրբեջան կատարած այցին:

---------------------

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը և տարբեր հարթություններում առկա երկխոսության դինամիկան:

ՄԻԽ 43-րդ նստաշրջանի օրակարգի և աշխատանքների համատեքստում կողմերը շեշտադրեցին մարդու իրավունքների, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց զրուցակցին և Իրանի բարեկամ ժողովրդին Իրանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։

-----------------------

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 25-ին տեղի ունեցավ նաև Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապության մի շարք հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

ԱԳ նախարարները անդրադարձ կատարեցին ԼՂ խաղաղ գործընթացին:

----------------------

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խոսել է այն մասին, թե ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի երկշաբաթյա փակումը։

------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԼՂ-ի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում անցկացրել են հայկական երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Իր ելույթում ԼՂ-ի  նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

Այս նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով երկկողմ համագործակցությունների անհրաժեշտությունը հայտարարեց, որ Հայաստանի ու ԼՂ-ի անվտանգությունը փոխկապակցված է:

ՀՀ վարչապետն այն պայմաններում է կրկնել խաղաղության բանակցությունների ԼՂ-ի հայերի մասնակցության անհրաժեշտությունը, երբ ավելի վաղ Բաքվի իշխանություններն անգամներ դեմ են գնացել դրան:

Թվում է, որ ռազմական բյուջեի մեծացման շնորհիվ Երևանի իշխանությունները փորձում են իրենց պահանջները թելադրել դիմացի կողմին:

2019 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը բարձրացնելով Հայաստանի ռազմական բյուջեի չափերը փորձել է խաղաղության բանակցություններում նախաձեռնողի դերում հանդես գալ:  Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանը 2005 թվականից բազմապատկելով իր ռազմական բյուջեն հայթայթել է առաջիկա քանի տասնամյակների համար իր պաշտպանական կարիքները:

------------------

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում՝ հարավկովկասյան տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կանխելու համար:

Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի առիթով Ռուսաստանի դեսպանատանը կայացած «Ռուսաստանի հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում,  Դավիթ Տոնոյանն ասել է.«Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանում և Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, կանխում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը  և նպաստում   տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը»:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերը վկայում են, որ Երևանը պահպանում է իր կապերը Մոսկվայի հետ: Հայաստանը Հարավային Կովկասի մյուս երկրների նման, խիստ կապված է Ռուսաստանին և նախկին արևելյան բլոկի երկրների շարքում անկասկած ամենաբարդ վիճակում է գտնվում: Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտության և ուժեղ տնտեսության բացակայության պատճառով, Հայաստանի ժողովուրդն անցած տարիներին արտագաղթել է երկրից: 1991 թվականին անկախացումից հետո, Հայաստանի բնակչության գրեթե կեսը գաղթել է տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ: Հայաստանը թույլ տնտեսություն ունի բնական ռեսուրսների բացակայության պատճառով: Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման պատճառով, այդ երկիրն  իր քաղաքական կյանքը շարունակելու  համար  կախված է տարածաշրջանի և աշխարհի որոշ հզոր երկրներից: Անկախության առաջին տարիներից ի վեր, Հայաստանը  քայլել է Ռուսաստանի հետ ինտեգրման ուղղությամբ: Այս կախվածությունը տարիներ շարունակ պահպանվել է:

------------------------

Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կողմերը զրուցել են երկկողմ հարաբերությունների զարգացման ու համատեղ նախագծերի իրականացման մասին:

Հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարական համագործակցությունների 8-րդ գագաթնաժողովը: Նիստի ավարտին, նախագահները ստորագրել են ամփոփիչ արձանագրությունը:

Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական հարաբերությունները լի են եղել վայրիվերումներով: Այդ թվում կարելի է հիշել Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանի փակելը, ինչը կատարվել է Բաքու կատարած Թուրքիայի նախագահի այցի հետ միաժամանակ:

Ամեն անգամ, երբ  բարձրացվում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցը, Բաքվի ու Անկարայի միջև լարվածություն է առաջանում: Այդպես եղավ նաև 2009 թվականին, երբ Իլհամ Ալիևը Անկարային սպառնացել էր, ասելով. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման դեպքում, Ադրբեջանը կչեղարկի Թուրքիայի արտոնությունները»:

Ծավալուն փոխգործակցությունների պատճառով, երկու երկրների ղեկավարները Բաքվի ու Անկարայի հարաբերությունները ռազմավարական են համարում:

Ադրբեջանում Անկարայի ներդրումները կազմում են ավելի քան 12 մլրդ. դոլար: Ադրբեջանն ավելի քան 20 մլրդ. դոլար ներդրում է կատարել Թուրքիայի տնտեսության ոլորտում։

-----------------------

Երեք տարի բանտապահների կողմից խոշտանգումների դիմաց տոկալուց հետո կալանքից ազատ արձակվեց ազերի հայտնի հոգևորական, «Աղոթքի կալանավոր» կոչմանն արժանացած Հաջ Սարդար Հասանլին:

Ադրբեջանի հոգևորականների խորհրդի անդամ և «Մաադե Ազ» լրատվական կայքի խմբագիր Հաջ Սարդար Հասանլին ազատ է արձակվել դաժան պայմաններում երեք տարի տևած կալանքից:

Ադրբեջանցի այլ հայտնի հոգևորականի կապակցությամբ ուշագրավ փաստն այն է, որ եռամյա ազատազրկման ընթացքում նրան որևէ ներում կամ այլ տեսակի արտոնություն չտրվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նա իր ազատազրկման շրջանն անց է կացրել ամենածանր պայմաններում: Նա Մասալի քաղաքի մզկիթում աղոթք կազմակերպելու պատճառով քաղաքի կուսակալի բողոքի հիման վրա ոստիկանության ուժերի կողմից կալանավորվել էր 2017 թվականի փետրվարի 22-ին և տարբեր անհիմն մեղադրանքներով դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման:

Նկատի առնելով Ադրբեջանի հավատացյալներին կալանավորելու և նրանց մեկուսացնելու ուղղությամբ Իլհամ Ալիևի իշխանության վարած քաղաքականությունը Հաջ Սարդար Հասանլիի ազատ արձակումը պիտի ուրախություն պատճառի նրա կողմնակիցներին: Բաքվի իշխանությունները նույնիսկ ազատազրկման շրջանի ավարտին պատրաստ չեն ազատ արձակել բանտում գտնվող այդ երկրի որոշ հավատացյալներին, այդ թվում Ադրբեջանի Իսլամ կուսակցության առաջնորդ Մոհսեն Սամադովին: