Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (2) Շրջակա միջավայրը կազմող տարրերը
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի երկրորդ համարը: Այսօր խոսելու ենք շրջակա միջավայրը կազմող տարրերի մասին: Ընկերակցեք մեզ
Նախորդ զրույցում նշեցինք, որ շրջակա միջավայրն այն տարածքն է, որը շրջապատել է մարդկանց, կենդանիներին և բույսերին: Ջուրը, հողը, օդը և լույսն այն տարրերն են, որոնց փոփոխությունն անմիջապես ազդում է կենդանի օրգանիզմի վրա: Եվրոպայի տնտեսական խորհուրդը շրջակա միջավայրը բացատրելիս, անդրադարձել է այդ գործոններին և նշել է, որ շրջակա միջավայրը կազմում են ջուրը, օդը, հողը և կենդանի օրգանիզմների հետ առնչվող ներքին և արտաքին գործոններ: Գոյության համար ջրից ու սննդից կարևոր` օդն է: Կենդանի օրգանիզմները կարող են օրեր կամ շաբաթներ առանց սնունդի մնալ, իսկ առանց օդի հաշված րոպեներ կարելի է ապրել:Մաքուր օդ շնչելը մարդկանց բնական իրավունքն է: Սակայն վերջին հարյուր տարվա արագ զարգացումներն օդի աղտոտման պատճառ են դարձել: Հանածո վառելիքներ օգտագործող գործարանների, ավտոմեքենաների և նավթահորերի առաջացրած մեծ քանակությամբ ածխածինը և երկրագնդի թոքերը համարվող անտառների վառելն ու ոչնչացնելը օդի աղտոտվածության պատճառ են դարձել և սպառնում են երկրագնդի կենդանի օրգանիզմների կյանքին:
Այսօր օդի աղտոտվածությունը համաշխարհային խնդիր է դարձել հատկապես խոշոր քաղաքներում: Գիտնականների կարծիքով վերջին դարում երկրագնդի տաքանալու և օդի աղտոտվածության գլխավոր պատճառը ջերմոցային գազերն են եղել, որոնք առաջացել են տարբեր գործոնների հետևանքով: Ջերմոցային գազերն են` ածխածնի երկօքսիդը, ազոտային օքսիդը, մեթանը, գոլորշին և ազոտը: Այդ գազերը ջերմոցային են կոչվում այն պատճառով, որ երկիր մոլորակի շուրջը ջերմոցի նման մթնոլորտ են առաջացրել և երկրագնդի տաքանալու պատճառ են դարձել: Գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ջերմոցային գազերի առաջանալու պատճառով անցած 100 տարվա ընթացքում օդի ջերմաստիճանը բարձրացել է 0.8-3-5 ցելսիուսի: Օդի ջերմաստիճանի բարձրանալու պատճառով կենսոլորտային մեծ փոփոխություններ են տեղի ունեցել երկրագնդի տարբեր շրջաններում: Երաշտը, ջրհեղեղը, ուժգին փոթորիկները, բևեռային սառույցների արագ տեմպով հալվելը, ծովերի ու օվկիանոսների ջրի մակարդակի բարձրանալը և ափամերձ տարածքների ջրասույզ դառնալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանքներ են:
Կենսոլորտային փոփոխությունների միջպետական կոմիտե` IPPC-ն հայտարարել է, որ 20-րդ դարում օդի ջերմաստիճանի բարձրանալու գլխավոր պատճառն են եղել ջերմոցային գազերը և մարդկանց առաջացրած աղտոտվածությունը: Երկրագնդի տաքանալու հետևանքով ոչնչացվել են Միջին Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և ԱՄՆ-ի ընդարձակ դաշտերի ջրային ռեսուրսների մեծ մասը:
**************
Շրջակա միջավայրում կարևոր գործոն է նաև ջուրը: Առանց ջրի հնարավոր չէ կյանք պատկերացնել երկրագնդում: Չնայած ջուրը համարվում է վերականգնվող ռեսուրսներից մեկը, սակայն սահմանափակ են ջրային պաշարները: Իրողությունն այն է, որ լուրջ սպառնալիքներ են ուղղված ջրային պաշարներին: Բնակչության թվի ավելանալու, գյուղատնտեսության և ոռոգման զարգացման, մակերեսային և ստորգետնյա ջրային պաշարների աղտոտվածության, ինչպես նաև ջրի արդյունաբերական կիրառումների պատճառով աշխարհի երկրների ավելի քան 40 տոկոսը կանգնած են ջրի սակավության խնդրի առջև: Ամեն տարի ջրի կարիքը բարձրանում է շուրջ 3.2 տոկոսով: Այդ ճգնաժամի մասին տեղյակ լինելով, Համաշխարհային բանկը մինչև 2005 թվականը շուրջ 600 միլիարդ դոլար ծախսել է աշխարհում քաղցր ջրի պաշարներն ավելացնելու և երաշտի դեմ պայքարի համար: Ջրային ռեսուրսներին տիրելն այսօրվա աշխարհի գեոպոլիտիկական կարևորագույն հարցերից է: Օրինակ տարածքներում, որտեղ մեծ գետերն անցնում են մի քանի հարևան երկրներից, վերին հոսանքի հատվածում գտնվող երկրների միջոցով ջրի և այդ ջրերում գոյություն ունեցող բնական պաշարների օգտագործման եղանակը հակամարտության պատճառ է դառնում: Այդ գետերից են համարվում ` Եվրոպայում Ռայն գետը, Միջին Ասիայում Ամուդարյա և Սիրդարյա գետերը, Հարավ-արևելյան Ասիայում Գանգես և Ինդոս գետերը և Միջին Արևելքում Հորդանան գետը:
Որոշ երկրներում ճգնաժամ է առաջացրել նաև ջրերի որակը: Ջրերի աղտոտվածությունը մտահոգիչ երևույթ է շատ երկրներում: Ստորերկրյա ջրային պաշարները, գետերը և լճերը քաղցր ջրի գլխավոր աղբյուրներն են համարվում, որոնք ուղղակիորեն աղտոտվում են մարդկանց գործունեության արդյունքում: Այսօր քաղցր ջրի ապահովումը լուրջ ճգնաժամ է որոշ երկրներում: Զարգացման և տնտեսական համագործակցության կողմից հրապարակված զեկույցների համաձայն, այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկվելու դեպքում, 2030 թվականին շուրջ 4 միլիոն մարդ ջրի ճգնաժամի առջև է կանգնելու: Ակնհայտ է, որ այդ ճգնաժամը սրվելու է բնակչության թվի ավելանալով:
Ջրերի քիմիական աղտոտվածությունը ևս լուրջ խնդիր է համարվում: Գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը, գործարանների քիմական թափոնների և կոյուղիների ջրերում թափվելը ջրային պաշարների աղտոտման գլխավոր պատճառներն են համարվում, որոնց հետևանքով ոչնչացել են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ: Ազոտային և ֆոսֆատային պարարտանյութերի օգտագործումը աղտոտել են ջրերը և արագացել է դրանցով սնվող բակտերիաների և ջրիմուռների աճը: Ջրիմուռների աճի պատճառով պակսել է ջրի թթվածինը, որի հետևանքով ոչնչացել են ջրերում ապրող կենդանի էակների տարբեր տեսակներ:
*******************
Շրջակա միջավայրը կազմող երրորդ գործոնն է հողը: Հողը բարակ շերտ է կազմում երկրագնդի վրա, որի հետ է կապված կենդանի օրգանիզմների սնունդը: Հողն իր մեջ է պահում բույսերի համար անհրաժեշտ խոնավությունը և բարեխառն կլիմա է ստեղծում: Հողը մաքրող հատկություն ունի: Հողը շատ արագ վերացնում է աղտոտվածությունը և դրա մասնիկները վերադարձնում է բնական ցիկլին: Հողը շատ կարևոր է աղբահանման առումով, սակայն ցավոք այս օրերին, բերրի հողերի աղակալումը, դրանց ալկալային և թթվային դառնալը և էրոզիան վկայում են հողերում առաջացող փոփոխությունների մասին, որոնք սպառնում են շրջակա միջավայրին: Մյուս կողմից սխալ հողագործության և անասունների անխնա արածելու պատճառով պակասում է բուսականությունը և կամա թե ակամա հողն ավերվում է:
Տվյալների համաձայն, երկրագնդի ցամաքային հատվածը կազմում է շուրջ 13.2 միլիարդ հեկտար, որի միայն 22 տոկոսն է հարմար ցանքսի համար և այդ բերրի հողերի մեծ մասը ևս էրոզիայի վտանգի առջև է կանգնած: Գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհի բերրի հողերի 10-11 տոկոսը այնքան աղտոտված է, որ գրեթե անհնար է վերականգնել դրանք: Անտառների ոչնչացումը, գյուղատնտեսության ավանդական ձևերը, ցանքսատարածքների սխալ ոռոգումը, թունաքիմիկատների և պարարտանյութերի անհաշիվ օգտագործումը և ընտանի կենդանիների անխնա արածելը հողի էրոզիայի և անխնա ոչնչանալու գլխավոր պատճառներն են համարվում: Անապատների տարածվելը և արոտավայրերի ոչնչանալն այդ գործողությունների հետևանք են:
***********
Շրջակա միջավայրն ուսումնասիրող փորձագետները գտնում են, որ շրջակա միջավայրը նաև մի շարք այլ գործոնների ազդեցության տակ է գտնվում: Նրանք այն համոզման են, որ օդը, ջուրը, հողը, լույսը և ջերմությունը շրջակա միջավայրի վրա ազդող ֆիզիկական գործոններ են: Շրջակա միջավայրում կան նաև հիվանդություն առաջացնող գործոններ, այդ թվում մանրեներ ու բակտերիաներ, որոնք անցանկալի ազդեցություն են թողնում մարդկանց, կենդանիների, միջատների ու բույսերի վրա: Գիտնականները դրանք համարում են բիոլոգիական գործոններ: Այդ փորձագետների կարծիքով, կրոնը, մշակույթը, տնտեսությունը, քաղաքականությունը, արդարությունը, բռնությունը և հասարակական կյանքի այլ կողմերը կարող են ազդել կյանի և շրջակա միջավայրի վրա: Օրինակ պատերազմը ֆիզիկական գործոն է, որ ճառագայթումներ, կործանիչ ձայներ և օդի, ջրի ու հողի աղտոտվածություն առաջացնելով, ավերում է շրջակա միջավայրը: