Հունիս 29, 2020 19:55 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք երեխաների նկատմամբ իրականացվող ֆիզիկական բռնության մասին։ Երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունները հաճախ արդյունք են ծնողավարման հմտությունների պակասի: Ո՞րն է խիստ դաստիարակության և բռնության սահմանը: Ծնողական ապտակը բռնություն է, թե՞ սթափեցնող միջոց:Այս հարցերին եթերում պատասխանում է հոգեբանը: Ընկերակցեք մեզ:

Երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն նշանակում է  մեծահասակների կողմից երեխային կանխամտածված ծեծել, խեղել, վնասվածքներ հասցնել։ Ֆիզիկական բռնության նշաններ են հանդիսանում կապտուկները, այրվածքները, քերծվածքները, սպիները, վերքերը, կոտրվածքները, ինչպես նաև կոպիտ վերաբերմունքը, որը կարող է հանգեցնել հաշմանդամության։

Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ աշխարհում բռնության հետևանքով երեխա է մահանում: Երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունը խորը հետք է թողնում երեխաների հետագա ողջ կյանքի վրա:

Երեխայի նկատմամբ բռնությունը վերաբերմունք է, երբ երեխան դիտավորյալ ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Փաստ է, որ երեխայի պահվածքը կարող է ցույց տալ՝ նա ենթարկվում է բռնության, թե ոչ. օրինակ՝ վախը, երբ ծնողը մոտենում է երեխային,պասիվ ներփակված պահվածքը, ցանկացած մեծահասակի հետ ֆիզիկական շփումից խուսափելը, վախեցած հայացքը, անբացատրելի փոփոխությունները վարքում, փախուստը տանից, միտումնավոր ինքն իրեն վնասելու ցանկությունը հստակ վկայում են բռնության ենթարկվելու փաստի մասին:

Երեխայի նկատմամբ բռնություն կարող է կիրառվել ոչ միայն անբարենպաստ, այլև համերաշխ ու հաջող ընտանիքներում: Այստեղ կարևորը ծնողի գործոնն է,երբ ծնողը երեխային վերաբերվում է ատելությամբ, կիրառում է դաժանություն՝ կարգ ու կանոն  հաստատելու համար:

Ամենահետաքրքիրն այն է, որ, դաժան ծեծի ենթարկված երեխան հիմնականում չի խոստովանում, որ դա ծնողն է արել, ու չի դիմում բժշկի, օգնություն չի հայցում: Իսկ երբ, երեխան  բացմաթիվ  վնասվածքներով հայտնվում է հիվանդանոցում, ծնողը  դա բացատրում է դժբախտ պատահարով:

Վիճակագրական տվյալները փաստում են՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ ծնողների կողմից բռնության հետևանքով մահանում է 2-3 հազար երեխա, իսկ ամեն օր տանից փախչում է 100.000 երեխա, և անօթևանների թիվը գնալով աճում է: Այս ամենն, իհարկե, ցավալի է:
 
Երեխան, բռնության ենթարկվելով, զգալով ու ապրելով այդ ցավը, տեսնելով ծնողի ագրեսիվ վերաբերմունքը, ինքն էլ  սկսում է դրսևորել  վարքային նույն մոդելը:Եթե երեխան դաստիարակվել և մեծացել է նորմալ ընտանիքում, բարենպաստ պայմաններում, ապա ենթարկվելով բռնության՝ կարծում է, թե իրեն պատժել են, և դա ավելի նախընտրելի է:

Հոգեբանական տեսանկյունից՝  բռնության կիրառումը պայմանավորված է բռնություն կիրառողի   ինքնակառավարման բացակայությամբ, մարդկանց չվստահելու, կյանքից դժգոհ լինելու հակումներով:

Կարծիք կար, որ բռնությունը պայմանավորված է ծնողի հոգեբանական վիճակով, սակայն ամեն ինչ թաքնված է սոցիալական դաշտում, և ծնող-երեխա փոխհարաբերության խաթարման արդյունքում  առաջանում է ագրեսիվ, բացասական վերաբերմունքի դրսևորում երեխայի նկատմամբ:
Ենթարկվելով ֆիզիկական բռնության՝ երեխան ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես է ընկճվում: Այդ ամենն ազդում է նրա հոգեկան աշխարհի վրա:

Երեխան պատասխանատու չէ ծնողի արարքների համար և չպետք է պատասխանատվություն կրի մեծահասակի մեղքի զգացումի, զայրույթի համար: Յուրաքանչյուր հոգեբանական խնդիր , որ ի հայտ է  գալիս հասուն տարիքում, ծագում է մանկությունից:

Բռնությունը խաթարում է երեխայի ուղեղի բնականոն զարգացումը, կարող է առաջացնել ֆիզիկական և հոգեկան հիվանդություններ: Շատ ու շատ երեխաներ, փոքր տարիքում ենթարկվելով բռնության, ավելի հավանական է, որ մեծ տարիքում կշարունակեն ենթարկվել բռնության կամ հենց իրենք բռնություն կգործադրեն: Այստեղից էլ սկսվում է բռնության փակ շրջանը: Բայց մենք կարող ենք դուրս գալ այդ շրջանից: Պետք է դաստիարակության այլ մեթոդներ կիրառել, օրինակ՝ բղավելու և վիրավորելու փոխարեն պիտի կարողանանք բացատրել, զրուցել: Ամեն ինչ փոխադարձ է: Եթե մենք երեխաներին դրական վերաբերվենք, ապա նրանք կմեծանան դրական միջավայրում և լավատես կլինեն կյանքում: Սա է այն մոտեցումը, որ հնարավորություն կտա դուրս գալ անվերջանալի թվացող բռնության այդ շրջանից:

Պետք է  պաշտպանել երեխային ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից, չարաշահումից, հոգատարության բացակայությունից, անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից ու շահագործումից, այդ թվում՝ սեռական չարաշահումից:

Ինչու պետք է միջամտել, եթե ձեր երեխան բռնության է ենթարկվում

Բռնությունը կարող է վնասակար և երկարատև ու ճակատագրական հետևանքներ ունենալ երեխաների կյանքում: Բացի բռնության ֆիզիկական հետևանքներից,երեխաների մոտ կարող է առաջանալ հուզական և հոգեկան առողջության խնդիրներ,այդ թվում նաև դեպրեսիաներ ու անհանգստություն, ինչը կարող է հանգեցնել ոգիլից խմիչքների և կամ թմրանյութերի չարաշահման և առաջադիմության անկման:

 

Որոշ երեխաներ իրենց մտահոգությունները բանավոր չեն արտահայտում։ Փնտրե՛ք հետևյալ նշանները.

  • Ֆիզիկական նշաններ, օրինակ. անբացատրելի կապտուկներ, քերծվածքներ, կոտրված ոսկորներ, կամ լավացող վերքեր:
  • Դպրոց գնալու կամ դպրոցական միջոցառումներին մասնակցելու վախ:
  • Անհանգիստ, նյարդայնացած կամ չափազանց լարված լինելը:
  • Դպրոցում կամ դպրոցից դուրս քիչ ընկերներ ունենալը:
  • Հանկարծակի ընկերներ կորցնելը կամ սոցիալական իրավիճակներից խուսափելը:
  • Հագուստի, էլեկտրոնային կամ այլ անձնական իրերի կորուստը կամ ոչնչացումը:
  • Հաճախակի գումար խնդրելը:
  • Ցածր առաջադիմությունը:
  • Բացակայությունները կամ դասի ժամին դպրոցից տուն գալու խնդրանքները
  • Մեծերի կողքին գտնվելու փորձերը:
  • Վատ քնելը կամ մղձավանջները:
  • Գլխացավի, փորացավի կամ այլ ֆիզիկական ցավերի/հիվանդությունների գանգատները:
  • Պարբերաբար առցանց կամ հեռախոսով ժամանակ անցկացնելուց հետո նեղվածությունը (առանց ողջամիտ բացատրության):
  • Անսովոր գաղտնապահությունը, մանավանդ՝ համացանցում գործողությունների վերաբերյալ:
  • Ագրեսիվ լինելը կամ զայրույթի պոռթկումներ ունենալը:

Ձեր երեխային անվտանգ պահելու առաջին քայլը  համոզվելն է, որ նա գիտի՝ ինչ է բռնությունը:

Հաճախ և ազատ խոսե՛ք ձեր երեխաների հետ: Ամեն օր խոսե՛ք ձեր երեխաների հետ և հարցրե՛ք դպրոցում իրենց անցկացրած ժամանակի մասին՝ հետաքրքրվելով ոչ միայն դասերով և կոնկրետ գործողություններով, այլև նրանց զգացմունքներով: Խոսե՛ք ձեր երեխաների հետ այն մասին, թե որն է իրենց կարծիքով դպրոցում, փողոցում, բակում լավ ու վատ վարքը: Անկաշկանդ հաղորդակցություն ունենալը կարևոր է, որպեսզի ձեր երեխաները իրենց հանգիստ զգան իրենց կյանքի մասին ձեզ պատմելուց: