Մի գավաթ անդորր(213․Կորոնավիրուսի հոգեբանական հետևանքները)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան բարեկամներ այսօր աշխարհը տառապում է կորոնավիրուսի համավարակի պատճառով։։ Ստեղծված իրավիճակը չի կարող չազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա։ Այսօր կխոսենք այդ մասին։ Իսկ թե կորոնավիրուսն ինչպես է ազդում ինքնագնահատականի ցածրացման վրա, հարցին կպատասխանի հոգեբանը։ Ընկերակցեք մեզ։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհում ծանր վիճակ է տիրում։ Իհարկե ստեղծված իրավիճակը չի կարող չազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա։
Կորոնավիրուս․․․ Այո՛, իրավիճակը լուրջ է, և այո, այն արժանի է ձեր զգոնությանը և ուշադրությանը: Բայց տեղեկատվության, նախազգուշական միջոցների և նախազգուշացումների անընդմեջ հոսքը, լինի դա պաշտոնական, թե սոցցանցերում պտտվող կասկածելի աղբյուրներ ունեցող լուր, կարող է ազդեցություն ունենալ ձեր հոգեկան առողջության վրա:
Սակայն ե՞րբ է զգուշավորությունը վերածվում չափազանցության։ Ե՞րբ է տեղեկացված մնալը անցնում չափից շատ տեղեկացված լինելու սահմանը։
Լավ նորությունն այն է, որ կա աշխարհում ամենախոշոր նորությունը դիտավորյալ անտեսելու և լիովին խուճապի մատնվելու միջև ոսկե միջինը:
Մարդու օրգանիզմն ու հոգեկանը սթրեսի դեմ պայքարի ժամանակ մոբիլիզացնում են բոլոր ուժերը։ Սակայն դա հանգեցնում է հյուծվածության, և հետո կարող են խնդիրներ սկսվել։
«Մարդկանց հոգեկան վիճակը, համավարակից հետո կարող է էլ ավելի վատթարանալ։ Ոմանք շարունակելու են այդ վիճակն իրենց մեջ կրել, ոմանց մոտ կարող են ագրեսիայի պոռթկումներ լինել։
Բոլորս տարբեր նավերում ենք, բայց բոլորս այսօր նույն ծովում ենք։ Կարևոր է, որ մարդիկ հասկանան`միայնակ չեն իրենց խնդիրների հետ։ Մարդուն մարդ է պետք, հասարակություն է պետք, նա պետք է իմանա, թե ինչով են ապրում իր նմանները»։
Շատերի կարծիքով՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ճգնաժամը նոր խթան կհանդիսանա այլ ճգնաժամերի համար՝ տնտեսական, ֆինանսական, մշակութաբանական, հոգեբանական: Հոգեբան Սեդա Վարդանյանի կարծիքով ցանկացած երևույթ, որը կապված է մարդու բնականոն կյանքի փոփոխության հետ, առավել ևս եթե դա կապված է գլոբալ խնդիրների հետ, կարող է հանգեցնել որոշակի խնդիրների, և հոգեբանորեն պետք է պատրաստ լինել որոշակի արժեզրկումների, ֆինանսական խնդիրների: Առաջիկայում արժեհամակարգային փոփոխություններ կլինեն:
Հոգեբանի կարծիքով՝ այս համաճարակային իրավիճակը հնարավորություն է տալիս հասկանալու, որ կենդանի հաղորդակցումը այն շքեղությունն է, որից լիովին չենք օգտվել, և ժամանակն է, որ համաճարակի հաղթահարումից հետո ավելի շատ շփվենք և ապրումակցենք: «Ցավը մարտահրավեր է դնում՝ ինչքանով կարող ես փոխվել, և դա վերաբերում է բոլորին: «Կրակը» մեկին թրծում է, մյուսին՝ ծռմռում՝ դարձնում է տագնապային, ապակառուցողական: Դա ընտրություն է:
«Մենք մի ծովի ալիք ենք, մի այգու ծաղիկ ենք», խոր ճգնաժամի ժամանակ մարդը դեռ մարդ է աշխարհում իր ապրումակցմամբ: Հուսամ ,որ փոփոխությունները կգնան դեպի համագործակցություն և ինքնաակտուալիզացիա: Փոփոխություններ կլինեն, իսկ այսօր մենք դեռ ընթացքի մեջ ենք, իմաստավորում ենք իրավիճակը ներսից: Հուսամ՝ սպառողից կվերածվենք արարողի»,- նշել է հոգեբանը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պարտադրված ինքնամեկուսացումը կարող է բացասաբար անդրադառնալ բոլորիս հոգեբանական առողջության վրա: Սոցիալական շփումների նվազումը հոգեբանական մեծ ճնշում է։
Հոգեբանների կարծիքով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը նաև ազդում է ինքնագնահատականի վրա։ Ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները, հմտությունները, արժանիքները և թերությունները։ Մարդու ադեկվատ ինքնագնահատականը անձի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, իսկ նորմայից ամեն մի շեղում անմիջականորեն ազդում է անձի կյանքի որակի վրա:
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ինչպես կարելի է պահպանել հոգեբանական առողջությունը: Հոգեբանները խորհուրդ են տալիս շարունակել առողջ ապրելակերպ վարել եւ լավ քնել, կապ պաշտպանել սոցիալական ցանցերով, շարունակել հետեւել առօրյա գրաֆիկին եւ որոշ ընդմիջումներ անել՝ երաժշտություն լսելով կամ սիրած ֆիլմը դիտելով: Տրտմության պահերին լավ երաժշտությունը հույսի շող է։ Հույս առ այն, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին աշխարհն ավելի լավը կդառնան «կորոնավիրուս» կոչվող անսպասելի սառցաբեկորի հետ բախվելուց հետո։Խորհուրդ է տրվում կենտրոնանալ այն բաների վրա, որը մարդը կարող է վերահսկել, քանի որ երբեմն մարդիկ կենտրոնանում են այն բաների վրա, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են: Տեղակցված լինելն ու լուրերին հետեւելը կարեւոր է, սակայն խաղացողներին խորհուրդ է տրվում նաեւ ոչ ամեն ինչ կարդալ կորոնավիրուսի մասին, քանի որ դա մեծացնում է սթրեսն ու անհանգստությունը:
Ընտրովի մոտեցե՛ք այն աղբյուրներին, որտեղից ստանում եք տեղեկատվությունը։
Առկա է անսահմանափակ տեղեկատվական հոսք։ Մարտահրավերն այն է, թե ինչպես որոշել՝ ո՛ր տեղեկատվությունն է ճշգրիտ, վերահսկել տեղեկատվության ստացումը հետևյալ քայլերի միջոցով.Գտեք մի քանի աղբյուրներ, որոնց վստահում եք, և դրանց հետևեք:
Սահմանափակեք նորությունների թարմացման պարբերականությունը: Իրադարձությունները կարող են արագ փոխվել, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է կախված լինեք ամեն թարմացումից:
Փորձեք սովորել, որ պարտադիր չէ՝ իմանաք ամեն մի մանրուք։ Աշխատեք ձեր հեռախոսից մի փոքր հեռու մնալ, որպեսզի չգայթակղվեք ամեն անգամ այն ստուգել։
Գործնականում կիրառեք սոցիալական լրատվամիջոցների օգտագործման կարգուկանոնը։ Այո՛, ժամանակը կարող է աննկատ թռնել, երբ ստուգում ենք մեր սոցիալական մեդիայի լուրերը կամ նկարները։ Հեռախոսից ջնջել սոցիալական մեդիայի ծրագրերը կամ օգտագործել գործիքներ` դրանք անընդհատ ու աննպատակ չստուգելու համար։
Մի խոսքով, այնքան մի սուզվեք կորոնավիրուսի մասին ձեր մտքերում, որ մոռանաք առօրյա հիմնարար և առողջ սովորույթների մասին, որոնք ազդում են ձեր առողջության վրա ընդհանուր առմամբ:
Համոզվե՛ք, որ դուք․
- լիարժեք քնում եք
- շարունակում եք լավ սնվել
- հնարավորության դեպքում լինում եք մաքուր օդին
- պարբերաբար ֆիզիկական ակտիվությամբ եք զբաղվում
Կարգուկանոնը, գործունեության հստակ կառուցվածքայնությունը վստահություն են հաղորդում, ուժեղացնում են սթրեսային իրավիճակներում, հստակեցնում են հեռանկարները։ Մի խոսքով, պետք չէ օրվա կեսն անցկացնել խալաթով կամ գիշերանոցով։ Հենց արթնանում եք, ձեզ կարգի բերեք և պահպանեք ընտանեկան սովորական առօրյան։
Անհրաժեշտ է պահպանել վարքի էթիկան։ Բացի այդ, պետք է իրավիճակը հարթել հենց սկզբից։ Փորձեք ամեն օր ընտանեկան ճգնաժամային խորհրդի նման բան հրավիրել։ Թող ամեն մեկն ասի, թե ինչ կցանկանար փոխել․ փորձեք միասին լուծումներ գտնել։ Զսպեք ձեզ, հանդուրժող եղեք միմյանց նկատմամբ։ Ստեղծված իրավիճակը ծանր է բոլորի համար։
Ձանձրույթը ևս խնդիր է․ զբաղվեք նրանով, ինչով երկար ժամանակ ցանկանում էիք զբաղվել, բայց ժամանակ չէիք գտնում։ Շփվեք ընկերների և բարեկամների հետ․ ժամանակակից տեխնիկական միջոցները, հեռախոսը, համակարգիչը, սոցիալական ցանցերը տալիս են դրա հնարավորությունը։
Ինքներդ էլ մի մոռացեք, որ ամեն ինչ անցողիկ է։ Կորոնավիրուսի համավարակը կվերջանա։ Աշխարհը հաստատ չի կործանվի COVID-19-ից և դրա հետ կապված խնդիրներից։ Վտանգը, տագնապը, վախը և ինքնամեկուսացումը կանցնեն պատմության գիրկը, իրավիճակը կկանոնավորվի։ Իսկ մինչ այդ, փորձեք անել այն ամենը, ինչը կհեշտացնի ավելի թեթև տանել այս ժամանակաշրջանը, որպեսզի ձեր ընտանիքում պահպանվի համերաշխությունը։