Մի գավաթ անդորր (216. Ավելորդ քաշը և հոգեբանությունը)
Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ հոգեբանական պատճառները հաճախ առաջ են բերում քաշի ավելացում և խոչընդոտում են նիհարելու ընթացքին: Ավելորդ քաշը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական խնդիր է: Ուստի նման խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն է առաջանում դիմել պրոֆեսիոնալ հոգեբանին: Ի՞նչն է պատճառը, որ մենք ավելորդ կիլոգրամներ ենք ձեռք բերում:Այսօր կխոսենք այդ մասին։
Ժամանակակից մարդկության առջև ծառացած կարևորագույն առողջապահական խնդիրներից է բնակչության աճող գիրացումը:
Դեռ հին ժամանակներից ավելցուկային քաշի նկատմամբ վերաբերմունքը եղել է երկակի. ոմանք կարծել են, որ դա շատակերության հետևանք է, ոմանք էլ համարել են «առողջության» դրսևորում: Իսկ ինչո՞վ է վտանգավոր գիրությունը: Մասնագետների կարծիքը միանշանակ է. գիրությունը զուտ արտաքինի պրոբլեմ չէ, այլ` քրոնիկական հիվանդություն, հատկապես երբ մարդը ոչ թե մի փոքր «թմբլիկ է», այլ ունի հիվանդագին ճարպակալում, որը խանգարում է օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը, դժվարացնում է առօրյա կյանքը, նույնիսկ ինքնասպասարկումը (գնալ խանութ, ինքնուրույն հագնվել, լվացվել, զուգարանից օգտվել, լողանալ և այլն): Ապացուցված է, որ գիրությունը զգալիորեն բարձրացնում է մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը:
Գիրությունն ուղեկցվում է առողջական տարբեր խնդիրների բարձր վտանգով: Հատկապես որովայնի (փորի) շրջանում ավելցուկային ճարպի կուտակումը հանդիսանում է շաքարախտի, սրտանոթային և մի շարք այլ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն: Բացի այդ, գեր մարդիկ հաճախ հոգեբանական խնդիրներ, սթրեսներ ու սոցիալական դժվարություններ են ունենում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ մանկության և դեռահասության գիրությունը կապված է մեծահասակ տարիքի գիրության հետ. գեր դեռահասների 80% ունենում է գիրություն նաև մեծահասակ տարիքում:
Գիրությունը արտահայտվում է ենթամաշկում (մաշկի տակ) և տարբեր այլ հյուսվածքներում ճարպի ավելցուկային կուտակմամբ: Այն մարդու կողմից սննդի հետ ընդունած և օրգանիզմի ծախսած կալորիաների դիսբալանսի հետևանք է: Այսինքն, մարդն ընդունում է ավելի շատ կալորիաներ, քան ծախսում է, և առաջացած ավելցուկը կուտակվում է ճարպի ձևով: Սխալ սնվելու դեպքում, երբ ճարպերի և շաքարի ընդունումը չափից ավել է, առաջանում են նյութափոխանակության խանգարումներ:
Գիրությունը հիմնականում կապված է ժառանգական, կենսակերպի և միջավայրի գործոնների հետ, որոնցից է, օրինակ, ընտանիքի անառողջ սննդային վարքագիծը, երբ օգտագործվում է քիչ բանջարեղեն, մրգեր և սպիտակուցով հարուստ սնունդ, չարաշահվում է անառողջ, ճարպերով և ածխաջրատներով հարուստ սնունդը, քաղցրավենիքը և քաղցր գազավորված ըմպելիքները: Երեխաներին և դեռահասներին ավելի բնորոշ է ժառանգական գործոններով և կենսակերպով պայմանավորված գիրությունը: Ավելի հազվադեպ այն պայմանավորված է տարբեր էնդոկրին, գենետիկ և այլ հիվանդություններով:
Եթերում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը․․․
Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ ունենում են մի շարք պատճառներ, որոնցից ամենագլխավորներն են՝
- Հոգատարություն սեփական առողջության նկատմամբ,
- Արտաքին տեսքը բարելավելու ցանկություն
Նա, ում քաշն ավելացել է, կարող է առողջության հետ կապված խնդիրներ ունենալ: Այդ խնդիրներից են հենաշարժողական, սրտանոթային համակարգերը, շաքարախտի ի հայտ գալը և այլ առողջական խնդիրներ: Գեր մարդիկ կարող են հոգեբանական բարդույթներ չունենալ արտաքինի հետ կապված, սակայն առողջական խնդիրները կարող են ստիպել քաշն իջեցնելու որոշում կայացնել:
Մարդկանց երկրորդ կատեգորիան ձգտում է ազատվել ավելորդ քաշից՝ ֆիզիկական արտաքինը բարելավելու համար: Նրանք, ովքեր ցանկանում են քաշը բերել նորմային, ապա պետք է՝
- Հետևեն սննդակարգին
- Ժամանակ հատկացնեն ֆիզիկական վարժություններին
- Հետևեն հոգեկան վիճակին
Այս խորհուրդները շատ պարզ են թվում, սակայն գործնականում նիհարելը դառնում է բարդ խնդիր: Ոչ պակաս խնդիր է, երբ նիհարելուց հետո նորից նույն կիլոգրամները վերադառնում են: Նման դեպքում գործ ունենք հոգեբանական խնդիրների հետ:
Հոգեբանական գործոննոր, որոնք խանգարում են նիհարելուն
Ավելորդ քաշից ազատվելու համար կարևոր է ոչ միայն շատացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այլև նվազեցնել սննդի կալորիականությունը: Պետք է հաշվի առնել այն հոգեբանական պատճառները, որոնք նպաստել են չափից շատ ուտելու սովորությանը:
Այդ հոգեբանական գործոններն են՝
Սննդային կարծրատիպեր
Շատ ընտանիքներում գոյություն ունի սննդի պաշտամունք: Ճարպոտ, տապակած և բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելը, սերն ամենօրյա խնջույքների նկատմամբ ձևավորում է գերսնվելու կախվածություն: Սննդային կարծրատիպ է համարվում օրը 1-2 անգամ «տեղը տեղին» սնվելը: Այդ ռեժիմով աշխատելիս` օրգանիզմը սովորում է ավելորդ կիլոգրամները պահեստում կուտակելուն:
Օրվա ռեժիմը
Հեռուստացույցի առաջ սնվելը թույլ չի տալիս օրգանիզմին՝ այրել սննդի հետ ստացված կալորիաները և քաշը նորմային համապատասխան պահելը: Անհրաժեշտ է սովորություն դարձնել մաքուր օդում զբոսնելը, ֆիզիկական վարժություններ կատարելը, և պետք է փոխել կենսակերպը:
Սթրեսի պատճառով գերսնվելը
Գեր մարդկանցից շատ-շատերը հակված են սթրեսը հաղթահարել սննդով: Սիրելի սնունդն ուտելը անջատում է ուղեղը սթրեսից և խնդիրներից, սակայն ավելորդ կիլոգրամները պահեստավորվում են:
Ինքնագնահատականի խնդիրները
Անբավարարվածության բարդույթը և այն զգացողությունը, որ դու վատն ես ուրիշներից, «չկարողացար», «չհասար», «չես կարող ինչ-որ բան փոխել»՝ հագնեցնում է նրան, որ ավելորդ քաշի դեմ պայքարելն ավելացնում է նոր կիլոգրամներ: Նիհարելու համար պետք է առաջինը սիրես ինքդ քեզ, ընդունես թերություններդ և գտնես առավելություններդ: Եթե չի ստացվում ինքնուրույն վերլուծել սեփական բարդույթները, ապա կարելի է դիմել հոգեբանին:
Ավելցուկային քաշից և հատկապես ճարպակալումից ազատվելը իրոք հեշտ գործ չէ. բուժումը պետք է սկսել հնարավորինս շուտ, չսպասելով խնդրի խորացմանը:
Հիշենք , որ չի կարելի դիմել ինքնաբուժման կասկածելի և վտանգավոր եղանակների: Պարտադիր է խորհրդակցել մասնագետների հետ:
Հատկապես վտանգավոր են տարատեսակ խոտաբույսերը, նիհարեցնող թեյերն ու հաբերը: Դա կարող է բերել բավականին ծանր հետևանքների: Սննդակարգի հիմքում պետք է լինի հաշվեկշռված (բալանսավորված) սնուցումը և ոչ` կասկածելի ծագման դիետաները: Կարևոր է հիշել` քաշը պետք է իջեցնել դանդաղ և զգույշ` 3-6 ամսվա ընթացքում:
Հին դարերի գիտնականներն առողջագիտական կանոնները մշակելիս մեծ տեղ են տվել չափավոր սնվելու գաղափարին: Դեռևս Ցիցերոնը (մ.թ.ա. I դար), ամփոփելով իր ժամանակի գիտելիքները, նշել է, որ պետք է սնվել այնքան,որքան անհրաժեշտ է ուժերի վերականգնման համար: Առողջության պահպանման և երկար ապրելու նախապայմանը նա համարել է ամեն ինչի մեջ չափավորությունը, այդ թվում՝ նաև սննդի առումով՝ սկսած երիտասարդ տարիներից: Եզնիկ Կողբացին (Մաշտոցի աշակերտ, V դար) առողջությանը վնասակար է համարել սննդի չչափավորված և անբծախնդիր օգտագործումը:
Եղեք առողջ: