Օգոստոս 15, 2020 11:56 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչպես նաև հայ-թրքական լարվածություններին:

 

----------------------------------

Oգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց ԻԻՀ Իսլամական խորհրդարան, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ  Զոլնուրի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ եղավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Արտաշես Թումանյանը տեղեկություններ ներկայացրեց անցած հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:

Քննարկվեցին կորոնավիրուսսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը:

Քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Արտաշես Թումանյանը և Զոլնուրը նշեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորեցին խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԻԻՀ Իսլամական խորհրդարանի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանը և Արա Շահվերդյանը։

------------------------------------------

Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ տեսաժողով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևանի ՋԷԿ»,  «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր-ԷԷՀՕ» ՓԲԸ-ների և ԻԻՀ նավթի նախարարության, Իրանի գազի ազգային, «Թավանիր» ընկերությունների պաշտոնյաների միջև։

Հայկական կողմից տեսաժողովը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արա Սիմոնյանը, իրանական կողմից՝ Իրանի գազի ազգային ընկերության միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Համիդ Ռեզա Հաղբինը։

Տեսաժողովի ընթացքում քննարկվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման համաձայնագրի փոփոխությունների վերաբերյալ երկու կողմերի առաջարկությունները։

Տեսաժողովին մասնակցում էր և ելույթ ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։

------------------------

Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները խորհրդակցել և մտքեր են փոխանակել էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ:

 Տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ՝ Ռեզա Արդաքանյանը և  Փարվիզ Շահբազովը բանակցել են համատեղ նախագծերի իրագործման, այդ թվում երկու երկրի սահմանին գտնվող Արաքս գետի վրա «Խոդաաֆարին» և «Ղիզ Ղալեսի» ամբարտակների և հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ:Նրանք ընդգծել են   այդ նախագծերի հետ կապված  աշխատանքներն արագ տեմպերով իրականացնելու անհրաժեշտությունը:

Իրանի և Ադրբեջանի սահմանի մոտ նոր էլեկտրակայան կառուցելու համատեղ նախագծի  իրականացումը  նույնպես եղել է  Իրանի  և Ադրբեջանի  էներգետիկայի նախարարների զրույցի ընթացքում քննարկված թեմաներից մեկը:

------------------------------------

Բաքվի ու Երևանի միջև հակամարտության ֆոնին վերջին օրերին նաև սրվել է Հայաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը: Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն էր, որ բացահայտ կերպով աջակցություն հայտնելով Ադրբեջանին հայտարարեց, որ Հայաստանի դիմաց հաղթելու համար պատրաստ է Բաքվին աջակցել ռազմական ամեն տեսակ հնարավորությամբ: 

Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:

Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:

Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:

Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը  երկուշաբթի օրը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ ուղերձում հավակնել էր. «Հայաստանը տարիներ է ինչ անօրինական կերպով օկուպացրել է Ադրբեջանի տարածքի մի բաժինը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ճամբին գլխավոր խոչընդոտ է համարվում»:

----------------------

Ադրբեջանի հետ Թուրքիայի համատեղ զորավարժությունը տարածաշրջանում բացասական արձագանք է ունեցել: Որոշ փորձագետներ համոզված են, որ այդ զորավարժության պատրվակով Թուրքիան զինատեխնիկա է տեղակայել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում:

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ  Ջամալյանը մի հոդվածում ընդգծում է. «Նախիջևանում Թուրքիայի ռազմական ներկայությունը և այդ տարածքում ռազմաբազա կառուցելու կապակցությամբ ենթադրյալ նախագիծը սպառնալիք է համարվում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի ու Իրանի համար»:

Տարածաշրջանի անկախ երկրների հետ գործարքների մեջ մտնելով ավելի քան մեկ տասնամյակ է ինչ Թուրքիան ցանկանում է ռազմաբազա կառուցել Ադրբեջանի տարածքում: Թուրքիայի իշխանությունների այս ցանկության իրականացման դեպքում անկասկած դրանից չեն շահելու Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը: Դա ի տես այն բանի, որ Թուրքիայի իշխանությունները, որոնք այս պահին տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի հետ բանակցությունների համար զրկված են ցանկացած հնարավորությունից սակարկության միջոց են ձեռք բերելու:

-----------------------------

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար  Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է թուրք–ադրբեջանական զորավարժությունների երկարաձգման փաստին և Թուրքիայի ռազմական ղեկավարների՝ Բաքու կատարելիք այցին։

---------------------------------------

Հայաստանից բացի Թուրքիայի իշխանությունները նաև քննադատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Բաքվի իշխանությունները և ազերի շատ փորձագետներ մշտապես քննադատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն անուշադրության մատնելու պատճառով: Թուրքիան նույնպես քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը:

Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Մինսկի խմբի համանախագահները ոչ մի ջանք չեն գործադրում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար»:

Անկարա կատարած իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում, Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն  իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիները պարզ են, և այդ կապակցությամբ Ադրբեջանի   դիրքորոշումը մնում է անփոփոխ»:

Չնայած Թուրքիայի կառավարության պաշտոնյաները Ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցում են Ադրբեջանին, բայց պետք է ասել, որ կասկած չկա, որ Անկարայի իշխանությունները շահում են հայ-ադրբեջանական հակամարտության չլուծված մնալուց,  քանի որ դա բխում է Թուրքիայի շահերից: