Հոկտեմբեր 10, 2020 21:32 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությանը՝ ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմին:

 

ԼՂ-ի և Ադրբեջանի շփման գծում հրադադար հաստատվեց:

Համաձայն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:

Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։

Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով:

Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել էր Մոսկվա` հումանիտար հրադադարի շուրջ բանակցությունների նպատակով, որպեսզի հակամարտող կողմերը հնարավորություն ունենան փոխանակելու գերիներին և զոհվածների մարմինները:

--------------------------------

Իրանի կառավարության նիստում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նշելով, որ երկրի քաղաքների ու գյուղերի անվտանգությունը խիստ կարևոր է, ասել է.  «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում ես բարձրացրել եմ Իրանի ստարածքների և  սահմանների անվտանգության հարցը»:

Նշելով, որ այս հակամարտությունը կրակի, պատերազմի ու արյան միջոցով չի լուծվելու, Ռոհանին հավելել է, որ Իրանը պատրաստ  է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ռոհանին հավելել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ և նրանց կոչ ենք անում  ուշադիր լինել՝ չվտանգելու մեր երկրի անվտանգությունը>: 

Իրանի նախագահը հավելել է.  «Մենք տարիներ շարունակ կռվել ենք ահաբեկիչների դեմ  և թույլ չենք տա, որպեսզի ահաբեկիչները տեղակայվեն մեր սահմանների մոտ»:

Նա հավելել է. «Եթե որևէ ուժ, ցանկացած պատրվակով փորձի Սիրիայից կամ այլ կետերից ահաբեկիչներին տեղափոխել մեր սահմանների մոտ, մեզ համար դա անընդունելի կլինի, քանի որ մենք երկար տարիներ Իրաքում, Սիրիայում  և Լիբանանում պայքարել են ահաբեկչության դեմ: Նա հավելել է. «Ես այս մասին հստակ խոսել եմ հարևան երկրների ղեկավարների հետ»:

Զգուշացնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը տարածաշրջանային պատերազմի վերածվելու կապակցությամբ,ԻԻՀ նախագահն ասել է.«Նրանք ովքեր փորձում են սրել այս հակամարտությունը, պետք է գիտակցեն,որ պատերազմի շարունակումը ոչ մի երկրի օգտին չէ և  այն պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական ճանապարհով»:

ԻԻՀ նախագահն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նույնպես ասել է.«Այդ հակամարտությունը և սահմաններում տիրող անապահովությունը չպետք է ենթահող ստեղծեն  որոշ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման համար»:

-------------------------------------

ԻԻՀ խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականը հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում պատերազմի շարունակությունը անպահովություն և անկայունություն կառաջացնի:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ,  մտահոգություն է հայտնել Ադրբեջանի  և Հայաստանի միջև ռազմական բախման կապակցությամբ: Նա ասել է. «Բախումները ոչ մի ձեռքբերում չեն ունենալու, բացի այն, որ ապահովելու են  երրորդ կողմերի անօրինական շահերը և տարածաշրջանում պատերազմի տարածման պատճառ են դառնալու»:

Նա հույս է հայտնել, որ ԼՂ հիմնախնդիրը հնարավորինս շուտ  կկարգավորվի, որպեսզի Հայաստանի  ու Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղ ու բարեկամական  մթնոլորտ և  երկու երկրների տնտեսական ու հասարակական կյանքը  շարունակի զարգանալ:

Թեհրանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Իրանի կարևոր դերին՝ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգության հաստատմանհարցում, նշելով, որ Երևանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը հատուկ նշանակություն ունի:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել Լեռնային Ղարաբաղի զարգացումները:

----------------------------------------

Ադրբեջանին և Հայաստանին հղած պաշտոնական բողոքի նոտաներում, Իրանի ԱԳ նախարարությունն Իսլամական հանրապետության խիստ բողոքն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր Իրանի տարածքում արկեր ու հրթիռներ ընկնելու կապակցությամբ:

Վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական բախումների հետևանքով,  մի քանի արկ ու հրթիռ է ընկել  Իրանի սահմանային շրջաններում, ներառյալ մի քանի գյուղերում: Արկերից մեկի ընկնելու հետևանքով, վիրավորվել է հինգ տարեկան երեխա:

Ի դեպ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմում հրադադար հաստատելու համար Իրանը նախագիծ է մշակում:

--------------------------------------

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որում մասնավորապես շոշափվել է հակամարտող կողմերի փոխզիջումների հարցը։

-----------------------------------------

Փորձագետների կարծիքով, ԼՂ-ում վերջին հակամարտությունը 2016 թվականից ի վեր ամենածանր ռազմական բախումն է Բաքվի և Երևանի միջև և հաշվի առնելով պատերազմի մասշտաբները, դա շատ բացասական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի կայունության և անվտանգության, այլև պատերազմող կողմերի տնտեսության վրա:

Չնայած միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանի երկրների կողմից հնչեցվող  կոչերին, պատերազմող կողմերը դեռ չեն համաձայնվել խաղաղության և հրադադարի հաստատման հետ: Փաստորեն, երկու կողմերը  պատերազմը շարունակում են մինչ վերջնական արդյունքի հասնելը:

Կասկած չկա, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները, ներառյալ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, պատասխանատու են հրադադարի ռեժիմի հաստատման համար:

Վերջին 25 տարվա ընթացքում, սակայն, Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները չեն կարողացել կողմերից մեկին ճանաչել հրադադարի ռեժիմը խախտող: Մինչ վերջին տարիներին հրադադարի ռեժիմը խախտվել է հազարավոր անգամներ:

Կովկասի տարածաշրջանը ռազմավարական առումով կամուրջ է տարածաշրջանում, արևելքի և արևմուտքի և հյուսիսի և հարավի միջև՝ Կասպից ծովը միացնելով Սև ծովին:

Բնական ռեսուրսների առկայությունը, ինչպիսիք են Կասպից ծովի էներգիան, դեպի Եվրոպա էներգիայի փոխանցման ուղիները, ավելացրել են այս տարածաշրջանի ռազմավարական կարևորությունը և պատճառ են դարձել, որ Կովկասյան տարածաշրջանը պատմության ընթացքում միշտ լինի տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների միջև մրցակցության վայր: Այս պայմաններում խորհրդային շրջանի արհեստական ​​սահմանազատումը դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական պատճառներից մեկը:

-----------------------------

Այն բանից հետո, երբ ՌԴ-ի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նշեց, որ Ղարաբաղը կարող է դառնալ ծայրահեղական զորայիններին ՌԴ ուղարկելու ճանապարհ, Կրեմլը մեկ անգամ ևս հակամարտ կողմերին կոչ է արել վերջ տալ Լեռնային Ղարաբաղում ու մերձակա տարածքներում ընթացող ռազմական գործողություններին:

Նարիշկինն ասել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանից վարձկաններ ու ահաբեկիչներ են ներգրավվում  այս պատերազմի մեջ: Մենք խոսում ենք հարյուրավոր կամ հազարավոր ծայրահեղականների մասին, որոնք գումար վաստակելու հույսով ներքաշվում են այս նոր պատերազմի մեջ»: Ավելի վաղ, Ֆրանսիան ու Հայաստանը հայտնել էին Թուրքիայի կողմից Սիրիայի ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու մասին, ինչը բազմիցս հերքվել էր Բաքվի կողմից:

Հաշվի առնելով Ղարաբաղում հարյուրավոր ծարահեղականների ներկայության մասին հրապարակված հաղորդումներն ու տեսագրությունները, որոնք հակամարտության արդյունքը հօգուտ Ադրբեջանի փոխելու համար Թուրքիայի աջակցությամբ մտել են Ղարաբաղ ու հարակից տարածքներ, ՌԴ-ի անվատանգության ավագ պաշտոնայն խիստ դիրքորոշում է որդեգրել այս քայլի նկատմամբ: Մինչդեռ այս ընթացքը շարունակվում է ու այս պատերազմում Բաքվի լուրջ աջակցի դերում հայտնված Անկարան կարծես թե չի պատրաստվում վերջ տալ իր սադրիչ քայլին, ինչը կարող է լուրջ սպառնալիք դառնալ Ադրբեջանի հարևանների, այդ թվում ՌԴ-ի ու Իրանի համար: