Մի գավաթ անդորր-(231.Ինչպես հաղթահարել շփման վախը)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կխոսենք ուրիշների հետ շփվելու խնդիրների և դրանց հաղթահարման մասին։ Կներկայացնենք նաև մասնագետների տեսակետներն այս կապակցությամբ:Ընկերակցեք մեզ:
Թեև մենք փոքրուց հաղորդակցվում ենք մեզ շրջապատող աշխարհի հետ, սակայն շատ մարդկանց համար գլխավոր խնդիրների աղբյուրը հենց ուրիշների հետ շփումն է: Օրինակ, որոշ մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում պաշտպանել սեփական շահերը, անգամ եթե իրենք լիակատար իրավացի են: Մյուսները չեն կարողանում իրենց մտքերն ու զգացմունքներն այնպես արտահայտել, որ մտերիմները ճիշտ հասկանան իրենց: Ոմանք ընդհանրապես չեն կարողանում հաղորդակցվել այն մարդու հետ, ում հետ կկամենային ծանոթանալ և հարաբերություններ հաստատել: Կարծես ինչ-որ բան հետ է պահում նրանց՝ թույլ չտալով դիմացինին ընդառաջ քայլ անել:
Որոշները չափազանց նրբանկատ են, վախենում են հակառակվել կամ նեղացնել, ասել “ոչ” ի պատասխան ինչ-որ մեկի խնդրանքին կամ պահանջին: Արդյունքում, նրանք հայտնվում են այնպիսի իրավիճակում,որ բոլորը նրանց վրա «ջրով կուժեր են բեռնում»:
Մարդկանց մեծամասնությունը, իրականում, ունի շփման այս կամ այն խնդիրը: Մեկը վախենում է ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, մյուսը չի կարողանում բարիդրացիական հարաբերություններ հաստատել շրջապատի հետ, երրորդը` վախ ունի հանրության առջև ելույթ ունենալուց, և այսպես շարունակ:
Հանգստությունը և վստահ վարքը կախված են տարբեր իրավիճակներում շփման փորձ ունենալուց: Ինչքան մեծանում է փորձը, այնքան նվազում է անինքնավստահությունը: Դուք կարող եք հասնել իրական փոփոխությունների միայն այն ժամանակ, երբ փորձեք ինչ-որ նոր բան անել, սկսեք փորձեր անել Ձեր սեփական վարքի հետ, անգամ եթե դա բերի ինչ-որ սխալների:
Հիշեք ամենակարևորը. Որպեսզի շփման մեջ կարողանաք Ձեզ զգալ ավելի ազատ, շփման ընթացքում պետք է կենտրոնանաք հենց շփման պրոցեսի վրա, ոչ թե Ձեր սեփական ներքին արձագանքի, վախերի և ձախողման մտավախության վրա:
Չէ որ ցանկացած կարևոր զրույցի ժամանակ անհրաժեշտ է տեսնել զրուցակցի արձագանքը, հասկանալ և զգալ, թե ի՞նչ է նա ուզում ասել: Եվ արդեն կախված դրանից փնտրել համոզիչ փաստարկներ և արդյունավետորեն կարգավորել սեփական վարքը: Իսկ երբ որ զրույցի ժամանակ Դուք զբաղված եք Ձեր ներքին աշխարհով, ապա, բնականաբար, չեք տեսնում և չեք լսում Ձեր զրուցակցին:
Բանն այն է, որ արտաքին շփումը և ներքին երկխոսությունը տարբեր հոգեբանական գործընթացներ են: Դրանք դժվար է միաժամանակ իրականացնել: Եթե շփման ընթացքում մարդը փորձում է խառնել դրանք (միաժամանակ հետևել, թե ինչ է կատարվում դրսում և ներսում), ապա այդ գերբեռնվածությունից առաջանում են մի շարք խնդիրներ, օրինակ՝ կոկորդն է չորանում, դեմքը և ձեռքերը սկսում են քրտնել, սիրտը սկսում է արագ զարկել, մարդը կարող է կակազել: Այդ պատճառով, երբ որ շփվում եք ինչ-որ մեկի հետ, կենտրոնացեք Ձեր զրուցակցի և նրա վարքի վրա, այլ ոչ թե հոգու խորքում ունեցած սեփական մտքերի և զգացողությունների վրա:
Եվ հետո, գոյություն ունի հետաքրքիր պարադոքս. Դուք կսկսեք լավ տպավորություն թողնել մարդկանց վրա այն ժամանակ, երբ դադարեք դրա վրա կենտրոնանալ: Հիշե՜ք, թե ինչպես են շփվում փոքր երեխաները` ազատ և անմիջական կերպով` ամենևին չմտածելով այն մասին, թե ինչ կարծիք իրենց մասին կկազմեն ուրիշները:
Մի կանոն ևս գոյություն ունի, որը պետք է հիշել. Այն մարդիկ, ովքեր իրոք կարող են Ձեզ գնահատել ըստ արժանվույն, դժվար թե Ձեզ ինչ–որ գնահատականներ տան, քանզի շատ զբաղված են իրենց սեփական կյանքով, իսկ եթե որևէ մեկը թեք է Ձեզ նայում կամ Ձեր թիկունքում քննարկում է Ձեզ, ապա դա ակնհայտորեն այն մարդը չէ, որի կարծիքը արժե առհասարակ հաշվի առնել:
«Նա, ով հասկանում է, գնահատական չի տալիս, իսկ ով տալիս է, չի հասկանում»,- Սա հին չինական ասացվածք է:
Սրա վրա հիմնվելով՝ Դուք կարող եք կյանքում նոր հնարավորություններ բացահայտել` ներքին ազատություն, հաջողություն, ուրախություն, շրջապատին հասկանալու կարողություն, առաջնորդի հատկություններ…
Հիմա մտածե՜ք այն մասին, թե կոնկրետ ինչի՞ց եք վախենում, ի՞նչն է հանդիսանում Ձեր վախի պատճառը: Հիշե՜ք ամենատհաճ պահերը շփման մեջ, որոնք Ձեզ հետ են տեղի ունեցել: Կամ պատկերացրեք վատագույնը, ինչը կարող է կատարվել Ձեզ հետ շփման ժամանակ: Օրինակ` Ձեր շուրջը հավաքված մարդիկ կարող են ծաղրել Ձեզ, ծիծաղել Ձեր բառասխալների, արտահայտած մտքերի վրա…ուրիշ ի՞նչ կարող է լինել․․․
Վերցրե՜ք թղթի կտոր և գրե՜ք այն բոլոր սարսափների ցուցակը, որոնք կարող են Ձեզ հետ կատարվել շփման տարբեր իրավիճակներում: Ինչպես նաև շրջապատի այն մարդկանց բոլոր հնարավոր զրպարտանքները, ում հետ Դուք շփվում եք: Եվ այն հնարավոր անհարմարությունները, որոնք այդ պատճառով կարող եք կրել: Իսկ հետո վերցրեք մեկ այլ թերթիկ և գրեք այն դրական պահերը, որոնք Դուք ձեռք կբերեք` ազատվելով այդ վախից ու անինքնավստահությունից:
Աշխատեք գտնել ոչ պակաս, քան 5 դրական կետ, իսկ ավելի լավ է` 10-15: Այնուհետև դրեք երկու թերթիկները միասին և համեմատեք: Ո՞րն է գերակշռում: Ո՞րն է Ձեզ համար ավելի կարևոր: Շրջապատի գնահատականների հանդեպ վա՞խը, թե՞ ապագա հոգեկան հանգստությունը, հոգեբանական հավասարակշռությունը և հաջողությունը կյանքում: Որը Ձեզ համար պակաս կարևոր է, այդ թերթիկը պարզապես պատռեք, իսկ առավել կարևոր թերթիկը պահեք Ձեզ մոտ և ամեն օր կարդացեք:
Դա կլինի Ձեր կյանքի ընտրությունը…
Այս կարևոր ընտրությունից հետո պետք է անցնել իրական պրակտիկայի: Այս պահից սկսած փորձեք արդյունավետորեն օգտագործել շփման ցանկացած առիթ: Ոչ միայն աշխատանքի վայրում, ընտանեկան շրջապատում, այլ Ձեր սովորական շփման շրջանակներից դուրս: Ամենասկզբում շփումը պետք է լինի Ձեզ լրիվ անծանոթ մարդկանց հետ` այդպես Ձեզ համար ավելի հեշտ կլինի: Դուք նրանց չգիտեք, նրանք Ձեզ չգիտեն, եթե որևէ բան այնպես չգնաց` սարսափելի բան չկա: Ոչ մի խնդիր, չէ՞ որ Դուք նրանց այլևս երբեք չեք տեսնի: Մի՜ սևեռվեք հնարավոր անհաջողությունների վրա: Հիմա Ձեզ համար կարևոր է ոչ թե շրջապատի հետ հարաբերությունների որակը, այլ քանակը:
Արդյունքը սկզբում նշանակություն չունի. կարևորը ընթացքն է: Այդ իսկ պատճառով էլ պետք է սկսել պատահական մարդկանցից, որոնց հետ շփումը չի պարտավորեցնում և նրանց հետ հնարավոր անհաջողությունները ոչնչի վրա չեն ազդում: Օրինակ, խոսեք ամեն տաքսու վարորդի հետ, ասեք, որ ավելի արագ վարի (պատճառաբանելով, որ ուշանում եք) կամ ընդհակառակը` դանդաղ վարի, որովհետև վախենում եք արագությունից, ասեք որ բացի կամ փակի պատուհանը /Դուք շոգում եք կամ մրսում/, ռադիոն միացնի /«ձանձրալի է»/ կամ հակառակը` անջատի այն / «ինձ խանգարում է ռադիոյի ձայնը/:
Կարող եք մտնել որևէ մասնագիտացված խանութ և խնդրել վաճառողին, որպեսզի նա Ձեզ ցույց տա մեկ կամ մի քանի ապրանքատեսակ և մանրամասն խորհրդատվություն տրամադրի: Հարցեր տվեք, պարզաբանումներ մտցրեք նրա ասածի մեջ: Վերջում շնորհակալություն հայտնեք խորհրդատվության համար և դուրս եկե՜ք խանութից առանց որևէ բան գնելու:
Կարևորը ամենօրյա պրակտիկան է և մի՜ հորինեք Ձեզ համար ոչ մի արդարացում ինչպիսին են “այսօր ժամանակ չունեմ, տրամադրություն չունեմ, գլուխս ցավում է”:
Շփման որևէ փորձից առաջ`
Ձեզ դեպի դրականը տրամադրե՜ք /«Ես կկարողանամ դա անել», «Ես լիարժեք իրավունք ունեմ դա անելու»/:
Շփման ընթացքում`
Խոսե՜ք բարձր և հստակ, բայց մի՜ գոռացեք:
Նայե՜ք զրուցակցի աչքերին /տեսողական կոնտակտ/:
Ձեզ պահե՜ք ազատ և անկաշկանդ:
Արտահայտե՜ք Ձեր պահանջները, զգացողությունները և զգացմունքները` հաճախակի օգտագործելով «ես» բառը:
Ներողություն մի՜ խնդրեք, եթե դիմում եք խնդրանքով կամ պահանջով: Պարզապես շնորհակալություն հայտնեք մատուցած ծառայության համար:
Մի՜ դարձեք ագրեսիվ, պահե՜ք Ձեզ հանգիստ և ինքնավստահ: Ագրեսիան` անինքնավստահության հակառակ կողմն է: Ձեր նպատակը ինչ-որ մեկին նեղացնելը չէ: Պետք չէ նսեմացնել Ձեր զրուցընկերոջ նշանակությունը կամ վիրավորել նրան: Ցույց տվե՜ք, որ Դուք հարգում եք դիմացինի կարծիքը: