Նոյեմբեր 21, 2020 16:34 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմին:

 

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու վերաբերյալ Բաքու-Երևան համաձայնագրին, ասել է. «Թաքֆիրական ահաբեկիչները պետք է հեռանան տարածաշրջանից»։

Կայքի հաղորդմամբ, օնլայն մամուլի ասուլիսում, անդրադառնալով սոցցանցերում հրապարակված քարտեզներին և Հայաստան-Իրան սահմանը փակվելու վերաբերյալ հայտարարություններին, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Անցած շաբաթ այս հարցով բազմաթիվ շահարկումներ եղան համացանցում: Հրապարակվեցին կեղծ քարտեզներ, որոնք ԶԼՄ-ների կողմից իրականացվող մանիպուլյացիա են: Համացանցը որոշ շրջանակների տվել է այս հարցը շահարկելու հնարավորություն»:

Խաթիբզադեն նշել է, որ Իրանը մշտապես ողջունել է ճգնաժամի  լուծմանն ուղղված ցանկացած քայլ, ասել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում, Իրանը ջանքեր է գործադրել՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ

«Ցանկացած քայլ, որը կնպաստի այս գործընթացին, Իրանի կողմից ողջունելի կլինի: Կարծում ենք, որ ընթացքը հստակ է: Իրանի ծրագիրը, որ ներկայացվեց Երևանին, Բաքվին, Մոսկվային ու Անկարային, համահունչ է ներկա իրավիճակի հետ: Իրանի և տարածաշրջանի աշխարհագրական սահմանները չեն փոխվել։ Միջանցքը, որի մասին խոսվում է, սովորական տարանցիկ ճանապարհ է: Հույս ունեմ, որ այս պահին ահաբեկիչները հեռացվել են տարածաշրջանից: Նրանց ներկայության  համար որևէ  պատճառ  չկա: Սա մեր կարմիր գիծն է և մենք այդ մասին նախկինում նույնպես հայտարարել ենք»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Իրանը ռազմավարական դերակատարություն ունի տարածաշրջանի բոլոր իրադարձություններում  և այս դերակատարությունը շարունակելու է պահպանվել: Ճգնաժամի հիմնական լուծման միակ ճանապարհը հետևելն է այնպիսի սկզբունքների, ինչպես՝ արդարություն, ինքնիշխանություն  և սահմանների պահպանում: Եվ մենք կողջունենք ցանկացած քայլ, որ կնպաստի այդ ընթացքին: Այս հրադադարը թերևս ճգնաժամի վերջնական լուծում չի նշանակում, սակայն մեր կարծիքով, կարևոր քայլ է»:

---------------------

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ռուսաստան և Ադրբեջան:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրը Թվիթերում գրել է. «ԻԻՀ   ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ կուղևորվի  Ռուսաստան և Ադրբեջան

Խաթիբզադեն նշել է, որ Զարիֆի երկօրյա ուղևորության նպատակը  տարածաշրջանային բանակցություններն են՝ ԼՂ հիմնախնդրի, տարածաշրջանի վերջին զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Խաթիբզադեն նշել է նաև, որ նկատի առնելով ՀՀ ԱԳ նախարարությունում վերջին փոփոխությունները Զարիֆի երևանյան այցը ծրագրավորման փուլում է գտնվում:

-----------------------------

ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումներում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործընթացում արտաքին ուժերի չմիջամտելու անհրաժեշտությունը:

Թեհրանում Ադրբեջանի դեսպան Բոնիադ Հոսեյնովը և Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն Իրանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում առանձին հանդիպումներ են ունեցել կենտրոնի տնօրեն Հեսամեդդին Աշնայի և Կովկասյան հարցերով մի խումբ փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բանակցել են խաղաղության հեռանկարի և երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդման շուրջ:

Հանդիպման ժամանակ Հեսամեդդին Աշնան, ընդգծելով Ղարաբաղյան հարցում  չեզոքություն պահպանելու  Իրանի դիրքորոշումը և արտատարածաշրջանային տերությունների չմիջամտելու անհրաժեշտությունը, հայ և ազերի կողմերին կոչ է արել հարգել միջազգային օրենքները և հավատարիմ մնալ հրադադարին ու ջանքեր գործադրել հակամարտությանը վերջնական լուծում տալու համար:

Անդրադառնալով վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների  փոխհատուցման և տևական զինադադարի  անհրաժեշտությանը, Աշնան հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի շահերին ուղղված երկկողմ համագործակցության խորացմանն ու խաղաղության ամրապնդմանը:

Հայաստանի  և Ադրբեջանի դեսպանները  կարևորելով  Իրանի հետ պատմամշակութային կապերը, ցանկություն են հայտնել  ընդլայնել Իրանի հետ բազմակողմ հարաբերությունները:

----------------------------

Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը, ցավակցելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերի հարազատներին և համբերություն մաղթելով անհետ կորածների հարազատներին, տեղեկացրել է, որ դեսպանատունը  աշխատում է  ճշտել  այն տեղեկությունները, որոնց համաձայն,  պատերազմի ընթացքում  որոշակի թվով հայ զինծառայողներ հայտնվել են Իրանի տարածքում։

Դեսպանատունը չի հաստատում այդ մասին շրջանառվող լուրերը, սակայն  տեղեկություններ ստանալու դեպքում, անմիջապես կտեղեկացնի  Հայաստանի հասարակությանը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը կոչ է արել այս կապակցությամբ բոլոր հարցերով դիմել ՀՀ համապատասխան մարմիններին:

------------------------------

ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հեռախոսազույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորել է նախարար Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

«Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և  ԼՂ-ում (Արցախ)  ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:

ԱԳ նախարարները քննարկեցին նաև ԼՂ-ում (Արցախ) և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ», նշված է հաղորդագրության մեջ:

----------------------------

Ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին, իսկ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Հայտնի է նաև, որ նոյեմբերի 21-ին Երևանում է լինելու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

-------------------------------------

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անդրադարձել է այն հարցին, թե հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո մեր դիվանագիտությունն ինչ առաջնահերթ քայլեր պետք է կատարի բարդ իրավիճակից դուրս գալու համար։

---------------------------------

ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը հանրահավաք են անում Ազատության հրապարակում։

Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած ղարաբաղցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։

Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու  ԼՂ-ի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և ԼՂ-ն կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։

Հիշեցենք, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ-ի նիստերը հայտարարելով, որ ԱԺ-ում այսուհետ միայն կարող է քննարկվել ՀՀ վարչապետի հրաժարականի օրակարգը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։