Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմին:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և ԼՂ-ում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:
Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և հետագա հնարավոր դերակատարության մասին:
Քննարկվել են ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաև ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:
------------------------------
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու նպատակով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը բոլոր ոլորտերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ տեսակապի ընթացքում նույնպես քննարկել է տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը:
---------------------------------
Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի երեկոյան ընդունեց ԼՂ-ի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար:
Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:
Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Ֆրանսիայի արտգործնախարարի տեղակալը Սենատի քննարկման նիստի ժամանակ առարկեց բանաձևի ընդունմանը, քանի որ, նրա պնդմամբ, միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար։
-----------------------------------
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է ԼՂ-ի պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին, կենսական շահերի շուրջ Թուրքիայի և Իրանի միջև առկա հակասություններին։
---------------------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:
ՀՀ վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը:
Քլեր Մեյթրոն մանրամասն ՀՀ վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից: Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը: Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
-----------------------------------
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն «Առավոտ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի դեմ գլխավոր պարտվողը Երևանն է: Նա ասել է, որ Հայատանում ժողովրդի մեծամասնությունը բողոքում է ստորագրված փաստաթղթի դեմ և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Անկասկած անցած երկու շաբաթների ընթացքում Երևանում տեղի ունեցող ցույցերը ևս վկայում են այն մասին, որ Հայաստանի հասարակության մի մասը դեմ է Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված տաս կետանոց ղարաբաղյան խաղաղության համաձայնագրին:
Ակնհայտ է, որ այդ կարծիքի վրա ազդել են նաև արևմտյան երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բողոքները համաձայնագրի դեմ: Սակայն անհնար է թվում, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերով ու Արևմտյան պետությունների, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բողոքներով, հնարավոր լինի չեղարկել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված համաձայնությունը:
Սակայն Հայաստանում մի շարք զարգացումների դեպքում, հնարավոր կլինի խոչընդոտել այդ համաձայնագրի իրագործումը:
Հաշվի առնելով այս իրողությունները, հույժ նշանակալի է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչը: Հայաստանում տիրող լարված մթնոլորտը և Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն առաջին արգելքներ են տասը կետանոց այդ համաձայնության իրագործման ճանապարհին:
Անկասկած Հայաստանի Սահմանադրության իրագործմամբ, որի համաձայն, բոլոր լիազորությունները վերապահված են վարչապետին, Մոսկվայի համաձայնագրի դեմ բողոքները շարունակվելու դեպքում, հնարավոր է, որ պատերազմը վերսկսվի: Հետևաբար պետք է սպասել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որպեսզի պարզվի թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը:
Ռուսաստանի ու Ադրբեջանի տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանն է այդ համաձայնության երաշխավորն ու իրագործողը: Իսկ Հայաստանի իշխանությունից նրա հեռանալով, անհնար է թվում, որ հաջորդ վարչապետը պարտավորություն զգա Փաշինյանի հանձնառությունների նկատմամբ:
Փաշինյանն իր քայլն արդարացնում է նրանով, որ համաձայնության մեջ խոսք չի գնացել Լեռնային Ղարաբաղի մասին:
Ռուսաստանը ևս գտնում է, որ այդպիսով Հայաստանը հասել է իր գլխավոր նպատակին, իսկ պատերազմի շարունակման դեպքում, հնարավոր կարող էր կորցնել Ղարաբաղն ամբողջությամբ:
Մի շարք փորձագետների կարծիքով, Հայաստանը փրկվել է ավելի ծանր պարտությունից: Հայաստանում ժողովրդի մի մասն ու ընդդիմությունը շարունակում են բողոքել այդ համաձայնության դեմ, հույսը դնելով արևմտյան պետությունների վրա: Սակայն փորձը ցույց է տվել, որ արևմտյան պետությունները լավագույն դեպքում, միայն ֆինանսական աջակցություն են ցուցաբերում բողոքարարներին և հաշվի առնելով Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը, անհնար է թվում, որ այդ կարգի օգնություններով, իրագործվեն Հայաստանում Արևմուտքի նպատակները: