Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմին:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր՝ այդ թվում նաև իրավական գործակցության ոլորտում, գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ և փոխադարձ վստահության հենքին սերտ շփումների ծավալմանը, առաջացող օպերատիվ խնդիրներին արագ և փոխշահավերտ արձագանքմանը:
ՀՀ գլխավոր դատախազն իր գոհունակությունն է հայտնել 2018թ. նոյեմբերին իր՝ ԻԻՀ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ այցի ընթացքում ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև ստորագրված 2019-2020թթ. համագործակցության ծրագրով նախատեսված կոնկրետ միջոցառումների կատարման ընթացքի ու արդյունքների առթիվ և ափսոսանք հայտնել կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի՝ այս տարվա գարնանը Հայաստան նախատեսված այցի անհնար դառնալու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում, առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում այդ այցը կկազմակերպվի:
Աբբաս Բադախշան Զոհուրին նույնպես հաստատել է դեսպանատան պատրաստակամությունը շարունակելու ՀՀ գլխավոր դատախազության հետ ձևավորված սերտ, անմիջական և խիստ արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների միջև գործակցության զարգացմանը, միմյանց երկրներում ՀՀ և ԻԻՀ-ի քաղաքացիների, հատկապես՝ քրեական հետապնդման ենթարկվող անձանց, դատապարտյալների, մեղադրյալների քրեադատավարական, դատական իրավունքների պաշտպանությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկու երկրների միջև առկա օրենսդրական իրավակարգավորումներից ածանցող խնդիրների լուծման նոր հնարավորություններին, ապօրինի միգրացիայի դեմ պայքարին առնչվող հացրեր:
ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իրավասու մարմինների կողմից ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար:
------------------------
Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«17 կուսակցությունները, որոնց շարքն այսօր ավելի ընդլայնվեց, ձևավորելով «Հայրենիքի փրկության խորհուրդ», որոշում կայացրեցին առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Վազգեն Մանուկյանն ունի փորձառություն և անցած ճանապարհ»,- ասաց Վանեցյանը:
Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
-------------------------------
Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների ընդհանուր առմամբ 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցման մասնակիցների 45,3%-ի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 37,8%-ը կարծում է, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել:
Հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը: Այն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով, մասնակցել է 1000 քաղաքացի:
-----------------------------
«Կովկաս» ինստիտուտի վերլուծաբան Հրանտ Միքայելյանն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի տեսակետին, որն առնչվում է հետպատերազմյան տնտեսությունը զարգացնելու հեռանկարին։
----------------------------------
Ադրբեջանական ուժերն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված հայ գերիների նկատմամբ։
Այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը՝ ավելացնելով, որ հոկտեմբերից սկսած հայ ռազմագերիները ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվել և տեսանյութերի միջոցով լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։
Իրավապաշտպան հայտնի կազմակերպությունն ահազանգում է՝ տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են ադրբեջանցիներն ապտակում, հարվածում և նվաստացնում հայ ռազմագերիներին, ակնհայտ ճնշման և նվաստացման միջոցով ստիպում նրանց համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայհոյել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է:
«Միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտության օրենքը պահանջում է, որ զինված հակամարտության կողմերը ցանկացած պարագայում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին: Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման գործողություններից, վիրավորանքներից և հասարակության հետաքրքրասիրությունից»,- ասված է հայտարարության մեջ:
--------------------------
Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ, սակայն ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրանք ցավոտ էին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական մեծ քաջություն էին պահանջում, կարեւոր է այդ իրավիճակում աջակցել վարչապետին եւ նրա թիմին:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Իսկապես, Հայաստանն ու հայ ժողովուրդն անցել են իրենց պատմության մեջ շատ բարդ ժամանակաշրջան: Եվ Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի կառավարության ղեկավարը, վարչապետը ստիպված էին շատ բարդ, սակայն Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ էին, սակայն եւս մեկ անգամ ընդգծեմ՝ անհրաժեշտ էին եւ պահանջում էին վարչապետի կողմից անձնական մեծ քաջություն»,-ասել է Պուտինը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նա նշել է, որ դա ակնհայտ է, եւ որ այսօրվա հանդիպմանը ներկաներից յուրաքանչյուրը հասկանում է նման տեսակի որոշում կայացնելիս պատասխանատվության աստիճանը: «Նա այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Եվ այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին եւ նրա թիմին՝ խաղաղ կյանք հարթելու, ընդունված բոլոր որոշումներն իրականացնելու եւ այդ դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար»,-հայտարարել է ՌԴ նախագահը:
------------------------
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնության ամենակարևոր անորոշություններից է Հայաստանի տարածքով Բաքու-Նախիջևան միջանցքի կառուցումը:
Ըստ այդ համաձայնագրի, Հայաստանի հարավում Բաքվի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ճանապարհ է կառուցվելու: Նախքան այս համաձայնության ստորագրումն Ադրբեջանի վերոնշյալ երկու տարածքներն իրար հետ հաղորդակցվում էին Իրանի ճանապարհով:
Հրադադարի համաձայնության մեջ հստակ չէ թե ինչու և ինչ վերլուծության հիմամբ է անտեսվել Իրանի անվտանգ, ապահով և անվճար ճանապարհը և նոր ճանապարհ առաջարկվել Բաքվի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու համար: Ճանապարհ, որի անվտանգությունն այնքան էլ հստակ չէ, քանի որ պարզ չէ Ղարաբաղի կենտրոնի վիճակը, չի բացառվում ապագայում նոր լարվածության առաջանալը և պարզ չէ թե ինչ պատճառով է Հայաստանից ճանապարհը փոխարինվել Իրանով անցնող ճանապարհին:
Չնայած համաձայնության մեջ ասված է, որ այդ միջանցքի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները, սակայն արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի այդ հատվածն անջատվում է երկրից և կառավարումը փոխանցվում է ՌԴ-ին: Եթե այդպես լինի, Հայաստանն ինքնիշխանություն չի ունենալու այդ ճանապարհի նկատմամբ: Եվ արդյոք դա նշանակում է, որ փոխվելու են Հայաստանի սահմանները և տարածաշրջանի ցամաքային սահմանները: Արդյոք այդպիսով Նորդուզի անցակետից բացի, Իրանն ու Հայաստանն այլևս սահման չե՞ն ունենալու:
Կարևոր հարցն այն է, որ ինչու է Թուրքիան շատ կարևոր համարում այդ միջանցքի կառուցումը և ցանկանում վերահսկել այդ համաձայնության իրագործումը:
Մի խումբ իրանցի փորձագետներ ավելի քիչ ծախսով Թուրքիան, Իրանը, Նախիջևանը, Հայաստանն ու Ադրբեջանը միացնող «Խաղաղության ու համագործակցության միջանցք» անունով ռազմավարական նախագիծ են ներկայացրել, որը կարող է ավելի շահավետ լինել նոյեմբերի 9-ին կնքված համաձայնության մեջ նշված կասկածելի միջանցքից: Շուրջ 38 կիլոմետր երկարությամբ այդ միջանցքի կառուցումը երկար ժամանակ է պահանջելու:
Իրանցի մի խումբ փորձագետներ հայտնել են, որ եթե Իրանի հետ սահմանամերձ Հայաստանի, Նախիջևանի ու Թուրքիայի սահմանների մոտ միջանցք կառուցվի, այն լինելու է երեք կիլոմետր, որը միացնելու է Ադրբեջանին, Հայաստանին, Իրանին ու Թուրքիային և կարող է երկարաժամկետում վերածվել այդ չորս պետությունների խաղաղության ու բարեկամության միջանցքի և ռազմավարական դեր ունենալ այդ չորս երկրների միջոցով անցնող հյուսիս-հարավ միջանցքի համար: Այդ գոտու աշխարհագրական առանձնահատկության պատճառով, ճանապարհային օբյեկտների կառուցումը ևս շատ արագ ու քիչ ծախսատար է լինելու:
Այդ միջանցքը բազմաթիվ գործառույթներ է ունենալու, այդ թվում խաղաղություն է հաստատվելու Հայաստանի ու Թուրքիայի միջև, երաշխավորվելու են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները և կարճանալու է Իրանի ու Երևանի միջև տարածությունը: