Դեկտեմբեր 16, 2020 13:25 Asia/Yerevan

Համացանցն ու համակարգչային խաղերը դարձել են մեր օրերի ամենակարևոր ու միաժամանակ ամենավտանգավոր գործոններից մեկը և երբեմն նույնիսկ անհնար է դառնում կտրվել դրանից: Այս հարցում թերևս ամենախոցելի խմբերը երեխաներն են:Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք համացանցի, նրա ազդեցությունների, վնասների ու համակարգչի փոքրիկ գերիների մասին։Ընկերակցեք մեզ։

Շատ երեխաներ ավելի շատ ժամանակ են ծախսում համակարգչային խաղեր խաղալու, քան՝  իրենց տնային առաջադրանքները գրելու վրա։

Արդյո՞ք համակարգչային խաղերն ունեն վատ ազդեցություն երեխաների հոգեբանության վրա։

Հարցրեք յուրաքանչյուր ծնողի իր երեխայի համակարգչային խաղերի մասին։ Դուք ամենայն հավանականությամբ կլսեք բողոքներ այն բոլոր ժամերի վերաբերյալ, որոնք երեխաները վատնում են համակարգչի դիմաց։Չնայած համակարգչային խաղերը նպաստում են արագ մտածելու և արագ որոշումներ կայացնելու կարողությանը, բայց նաև կախվածություն են առաջացնում երեխաների մոտ։

Համակարգիչն ու համացանցը ժամանակակից հասարակությունում անգնահատելի դեր են կատարում, դրանք մարդկանց առօրյա մտած ամենակարևոր ու միաժամանակ բազում վտանգներ պարունակող երևույթներ են: Ինչպես մեդալն ունի երկու երես, այնպես էլ համակարգիչն ու համացանցն ունեն թե դրական, թե բացասական ազդեցություններ, և մարդկանց խնդիրը պետք է լինի որքան հնարավոր է շատ օգուտների ստացում նվազագույն վնասների պարագայում:

Վերջին շրջանում շատ է քննարկվում համացանցից կախվածության հարցը: Համացանցն ազդում է ոչ միայն մարդկանց առողջության, այլև կարծիքի ձևավորման վրա: «Համացանցային կախվածություն» հասկացությունն առաջին անգամ առաջարկել է հոգեբույժ Այվեն Գոլդբերգը 1996թ.: Այն ժամանակակից հասարակության իրական հիմնախնդիրներից մեկն է դարձել: Համացանցն այսօր առաջարկում է տարաբնույթ տեղեկատվություն, որը բազմիցս կրկնօրինակվում է և օգտատերերին ներկայանում մի քանի փոփոխություններով: Համացանցից կարդացածն ու լսածը հիմք են դառնում անձի կարծիքի ձևավորման հարցում և բազմակի կրկնությունների շնորհիվ ամրապնդվում վերջինիս հիշողության մեջ: Համացանցից օգտվողների թիվն օրեցօր ավելանում է: Իսկ համացանցի միջոցով այս կամ այն երևույթը գովազդելը, սեփական ճաշակը թելադրելը դառնում է ավելի դյուրին: Բավական է ինչ որ մեկը մի խենթ քայլ կատարի, նկարի այն և տեղադրի որևէ սոցիալական կայքում, իսկույն հավաքում է հետևորդների մի մեծ բանակ, ովքեր սկսում են կրկնել նույն քայլն ու ոճը: Այսպիսով, համացանցը դառնում է ճաշակ թելադրող գործիք, որն իր ազդեցությունն է թողնում մարդկանց կարծիքի ձևավորման վրա:

Հոգեբանական տեսանկյունից երեխաներին ինչու՞  կամ ինչպե՞ս է գրավում համացանցը:

Հոգեբան Անի Բեկյանն ասում էԺամանակակից կյանքում անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար այն կյանքի անբաժանելի մասնիկն է: Երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով` խաղեր, մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Համացանցը օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիայի աղբյուր է: Տարբեր կենդանիների, հեքիաթային հերոսների պատկերներն ու նկարները, երեխաներին հուզող բազմաթիվ հարցերի, «ինչուների» պատասխանները կարող են գտնվել համացանցում: Երեխաների ուշադրությունը, մտածողությունը, տրամաբանությունը կարելի է զարգացնել ճիշտ ընտրված խաղերի ու առաջադրանքների շնորհիվ:  Միաժամանակ, համակարգչի և համացանցի ազդեցությունը երեխայի հոգեկան զարգացման վրա բացասական հետևանքներ կարող է ունենալ:

Իսկ թե որո՞նք են այդ բացասական ազդեցությունները, հոգեբանն ասում է-Նախ համակարգչի առջև շատ  ժամանակ  անցկացնելու արդյունքում երեխաների մոտ ընդհանուր թուլություն և հոգնածություն է դրսևորվում, քնի խանգարումներ: Բացասական հետևանքները կարող են իրենց հետքը թողնել հոգեվիճակների, անձնային հատկությունների ձևավորման  վրա, միջանձնային հարաբերությունների ոլորտում, հոգեկան գործընթացների վրա (մասնավորապես երեխայի  հիշողությունն է վատացնում, նրանք դպրոցում դասերի ժամանակ դժվարությամբ են կենտրոնացնում ուշադրությունը, հասկանում ու դատողություններ անում): Կարելի է ասել, որ համացանցը ազդում է երեխայի աշխարհայացքի ձևավորման վրա: Համացանցը լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, որոնք կարող են կլանել անգամ  հասուն ու գիտակից մեծահասակներին: Չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիաի հանդիպեն:

Խաղալով  երեխաները նույնանում են իրենց վիրտուալ կերպարի հետ՝ դառնալով  ագրեսիվ, կոնֆլիկտային, դյուրագրգիռ ու նյարդային: Տուժում են ծնողների հետ հարաբերությունները, հատկապես երբ նրանց փորձում են հեռացնել, կտրել համակարգչից: Արդյունքում՝ երեխաների մոտ  կարող  է  ձևավորվել այն դիրքորոշումը, որ եթե վիրտուալ աշխարհում կարելի է, թույլատրելի է սպանել, կործանել ու քանդել, ապա  դա կարելի  է անել նաև իրական աշխարհում: Դրանք կարող են նաև մանկական  վախերի առաջացման պատճառներից մեկը լինել: Սովորաբար, համակարգչային կախվածությունը հստակ արտահայտվում է 9-10 տարեկան երեխաների մոտ: Հենց համակարգչային դերային խաղերն են յուրաքանչյուր երեխայի համար հոգեբանական կախվածության մեծ վտանգ ներկայացնում: Ամեն դեպքում կանխարգելման ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքներում: Մեծ մասամբ վաղ տարիքում խաղային կախվածությունն է տարածված, իսկ համացանցային կախվածությունը՝ ավելի մեծ տարիքում:

 Ծնողները չեն կարող լիովին արգելել երեխային համակարգչից օգտվել, քանի որ այս դեպքում երեխան իրեն ընկճված, տարբերվող կզգա այլ երեխաների մոտ: Ծնողական արգելքը պետք է հիմնավոր լինի: Հոգեբան Անի Բեկյանը  ծնողներին խորհուրդ է տալիս  բացատրել երեխաներին, որ կայքերը կարող են լինել «վատ» և  «լավ», որ համացանցում տարբեր մարդիկ են շփվում, որևէ կասկածելի և վատ բան նկատելու դեպքում, տեղեկացնեն  ծնողին: Անհրաժեշտ է համակարգչում ծրագրային այնպիսի ապահովություն ունենալ, որը ծնողական հոսկողության դերը կապահովի: Ցանակալի է, որ համակարգիչը երեխայի սենյակում չլինի, որպեսզի երեխան չգայթակղվի: Ամենապարզ  և   գործուն ցուցումներից է ժամանակի սահմանումը, որ երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ, իհարկե ոչ խիստ մեթոդների կիրառմամբ: