Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում տարածաշրջանային այցերին և Հայաստանի ներքաղաքական կյանքին:
---------------------------------
Երևանում Իրանի դեսպանը հայտարարել է 2021 թ. Հայաստանի էկոնոմիկայի նախարարի Թեհրան կատարելիք այցի մասին: Նա ասել է. «Այցի շրջանակներում, նախարարիին ուղեկցելու է հայկական ընկերությունների և տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը»:
Երևանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, երկուշաբթի օրը Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության զարգացման թեմայով վիրտուալ նիստում հայտարարել է, որ հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների բարելավումն Իրանի մակրոտնտեսական քաղաքականություններից է»:
Զոհուրին նշել է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունենալու շնորհիվ, Հայաստանն Իրանի և Եվրասիական երկրների միջև ապրանքների ներմուծման և արտահանման հիմնական շուկաներից մեկն է:
Երևանում Իրանի դեսպանը հայտարարել է նաև առաջիկայում Մեգրիի ազատ գոտու վերաբացման մասին, նշելով, որ Իրանի և Հայաստանի միջև առևտուրը կազմում է 400 մլն դոլար:
Զոհուրին հավելել է.«Դեկտեմբերի 27-ին կվերսկսվեն Իրանի և Հայաստանի միջև բեռնատար և ուղևորատար ինքնաթիռների թռիչքները»:
Հանդիպման ժամանակ, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանն ասել է. «Չնայած փոքր շուկային, Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ իրանական ապրանքներն այլ երկրներ արտահանելու և հարմար պլատֆորմ՝ Եվրասիական տարածաշրջանում իրանական ապրանքները ներկայացնելու համար»:
Թեհրանի Առևտրաարդյունաբերական պալատի և Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած նիստում, տնտեսական ոլորտի շուրջ 100 ակտիվիստներ և գործարարներ, քննարկել են երկու երկրների միջև առևտրի ընդլայնման հնարավորությունները և իրանցի գործարարների մուտքը եվրասիական շուկա:
-------------------------
Դեկտեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Կարմիր Մահիկի նախագահ Քարիմ Հեմմաթիի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ կորոնավիրուսային համավարակի պայմաններում Հայաստանում և Իրանում ստեղծված վիճակին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև այդ ոլորտում իրականացված համագործակցությանը։
Դեսպան Թումանյանը ներկայացրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված ծանր վիճակը և դրա հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների մեծ ծավալները։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանին և Արցախին ԻԻՀ-ի կողմից մարդասիրական օգնության հնարավորությունները և երկուստեք համաձայնեցին, որ դա իրապես կծառայի կարիքի մեջ հայտնված մարդկանց, մյուս կողմից այն համահունչ կլինի երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին:
------------------------
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի անվտանգության խնդիրներին։
----------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Վարչապետը նշել է, որ ոչ ոք չի կարող ասել, թե իրենք բիրտ ուժի կիրառմամբ պահել են իշխանությունը։
Փաշինյանը հայտնել է, որ նաև պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը և վարչապետի պաշտոնը կարող է թողնել միայն ժողովրդի որոշմամբ։
«Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նոյեմբերի 11-ից սկսած մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին:
-------------------------
Կա քաղաքական կամք բարձր մակարդակով Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններն ընդլայնելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին, հաղորդում է «ԻՌՆԱ»-ն:
Վայեզին Ադրբեջանի վարչապետի տեղակալ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպումը կառուցողական է անվանել եւ նշել. «Նոր իրավիճակ է ձեւավորվել տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի դադարեցումից հետո, ուստի մենք պետք է քննարկենք երկկողմ հարցերը»:
Հանդիպումից հետո նա լրագրողներին հայտնել է, որ ԻԻՀ-ը Ադրբեջանի հետ սահմանը համարում է «խաղաղության եւ բարեկամության» սահման, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Մենք հավատում ենք, որ այսօր պետք է խորացնենք տարածաշրջանի երկրների հետ բարեկամական հարաբերությունները, եւ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հանդիպումների անցկացումը, ինչպես նաեւ Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնգակողմ հանդիպումների անցկացումը կարող են նպաստել հնարավոր տարաձայնությունների լուծմանը»,-նշել է Վայեզին:
Միևնույն ժամանակ Թեհրանը եւ Բաքուն պայմանավորվել են հիդրոէլեկտրակայան կառուցել Խոդաֆարինի ամբարտակում: Այս մասին հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը (Reza Ardakanian), հաղորդում է Mehr-ը:
«20 տարի առաջ մեր սկսած նախագծերից մեկն է Խոդաֆարինի ամբարտակը Արաքս գետի սահմանին: Այդ ամբարտակը կարեւոր է: Բացի գյուղատնտեսական հողերի ոռոգումից, 280 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու հիդրոէլեկտրակայանները կարող են էլեկտրաէներգիա արտադրել»,-ասել է նա:
------------------------
Հայաստանում 2020-ի հոկտեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գների ամենացածր աճը. գները 2019-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել են 1%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել 1,3%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։
ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում միասին վերցրած ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա հոկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 3,6%-ով, հոկտեմբերի համեմատ՝ 4,5%-ով։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 5,4% և 6,2%, Ղազախստանում՝ 5,5% և 7,1%, իսկ Ղրղզստանում՝ 5,3% և 7,2%։ Ռուսաստանում 2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3,3% և հոկտեմբերի համեմատ՝ 2,6%։
--------------------------
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է իր երկրում և տարածաշրջանում ծայրահեղական ահաբեկիչների ներկայության հետևանքների կապակցությամբ: Ղարաբաղում նրանց ներկայությունը շաունակվելով, Մոսկվան կրկին զգուշացրել է այդ ներկայության լուրջ հետևանքների կապակցությամբ:
ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովն ասել է.«Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում զինյալների մասնակցությունը արձանագրված փաստ է, որը հաստատեցինք ոչ միայն մենք»: Նա կարևորել է Ղարաբաղից այդ զինյալների հեռացվելը:
Այդ ռուս պաշտոնյայի զգուշացումը վկայում է այն մասին, որ նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի հաստատումից հետո ևս Ղարաբաղում ներկա են ծայրահեղական վարձկանները, որոնց թիվը հասնում է երկու հազարի:
Ղարաբաղում ծայրահեղական վարձկանների ներկայության մասին մտահոգությունն ավելի շատ բխում է նրանից, որ Ադրբեջանում, հատկապես Իրանի սահմանների մոտակայքում նրանց ներկայությունը կշարունակվի և կտարածվի Հարավային Կովկասում, ապա Ռուսաստանում:
Ներկայումս, Կովկասի ինքնավար հանրապետություններում, Ռուսաստանը դիմակայում է ահաբեկչությանը: Հետևաբար Մոսկվան ահաբեկիչների վտանգն զգալով, թե իր երկրում և թե իր սահմաններից դուրս, այսինքն՝ Սիրիայում, պայքարել է նրանց դեմ:
Սակայն ծայրահեղական ահաբեկիչներին վերապատրաստելու, զինելու և ճգնաժամային տարածքներ, այդ թվում Լիբիա և այսօր Ղարաբաղ նրանց գործուղելու Անկարայի քաղաքականությունը խիստ մտահոգություն է պատճառել Ռուսաստանին:
Գեոպոլիտիկակն հարցերի փորձագետ՝ Փիեր Էմանուել Թոմանի համոզմամբ, հնարավոր է Թուրքիայի աջակցությամբ, Կովկասում համախմբվեն ողջ աշխարհի ահաբեկիչները:
Իհարկե Ռուսաստանը միայնակ չէ այդ հարցում և Իրանը նույնպես բազմիցս զգուշացրել է Ղարաբաղում և իր սահմանների մոտակայքում ահաբեկիչների ներկայության և նրանցից բխող անվտանգության սպառնալիքների կապակցությամբ: Անշուշտ Կովկասում ծայրահեղական խմբերի ներկայության շարունակվելը, անվտանգության նոր սպառնալիքների պատճառ է դառնալու, որոնց դիմագրավումը Ադրբեջանի հարևան երկրների, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունն է պահանջում: