Հունվար 03, 2021 14:32 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք այս հաղորդաշարի  2021 թվականի առաջին թողարկումը։Շնորհավորում ենք Ամանորի և Ս․ Ծննդյան տոների կապակցությամբ Ձեզ մաղթելով հոգու և մարմնի առողջություն։ Այսօր  կխոսենք երեխաների ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու մասին։ Ընկերակցեք մեզ։

Մեր օրերում երեխաները մեծամասամբ իրենց ժամանակն անցկացնում են համակարգիչների մոտ:Ինչը բնականաբար ազդում է երեխայի և հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Ծնողները մեծ դեր ունեն երեխաների ազատ ժամանակը տնօրինելու հարցում: Այսօր կներկայացնենք հոգեբանների մի շարք խորհուրդներ երեխաների ազատ ժամանակը կազմակերպելու համար:

Հոգեբաններն ասում են՝սնունդը, խաղը և սիրով լի ու անվտանգ միջավայրը զարգացնում են երեխայի ուղեղի աշխատանքը՝ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար:

Խաղի վրա հիմնված կրթությունը երեխաների մոտ ձևավորում է համագործակցելու կարողություն, ստեղծագործ միտք ու հետաքրքրասիրություն, իմիջիայլոց սրանք 21-րդ դարի աշխատուժի համար շատ կարևոր հմտություններ են:

Մենք գիտենք, որ զարգանալու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն միասին::

Սկսե՛ք փոխել ձեր մտածելակերպը: Խաղը ալարկոտների համար չէ: Խաղը շատ օգտակար է երեխաների, ընտանիքների և ամբողջ հասարակության համար: Առավելություն տվե՛ք խաղին՝ լինի դա իրական կյանքում, թվային աշխարհում, թե երկուսում էլ համատեղ:

Որքան ավելի քիչ վերահսկեք ու կառուցվածքային դարձնեք խաղը, այնքան այն ավելի հետաքրքիր կլինի երեխայի համար: Մի քանի ոգեշնչող ուղղություն տվե՛ք ու թողե՛ք, որ երեխան ինքը ղեկավարի խաղը: Ազատ ու ինքնակառավարվող խաղը երեխաներին ուժ է հաղորդում՝ զարգացնելով ինքնավստահություն և ինքնուրույնություն:

Կարճ ֆիզիկական խաղը կօգնի ծնողներին համապատասխան տրամադրություն ձևավորել հատկապես աշխատանքային երկար օրվա ավարտից հետո: Ընդամենը 10 րոպե խաղը բավական է, որ սիրտը սկսի ավելի արագ զարկել ու բոլորը սկսեն ծիծաղել: Սա շատ կարևոր է ընտանեկան խաղի ժամանակ:Խաղի հազար տեսակ կա՝ ֆիզիկական, ստեղծարար, էմոցիոնալ, սոցիալական, թվային ու մտավոր: Խաղի բազմազանությունը կարևոր է երեխայի մոտ ավելի շատ հմտություններ ձևավորելու համար: Թույլ տվե՛ք, որ երեխան ինքնուրույն ընտրի խաղի բազմաթիվ տեսակներից՝ ակտիվ խաղ, պատմություններ հորինել, փազլներ, դերային խաղ, ֆանտազիա ու մտածողություն զարգացնող խաղեր և այլն:

 

Մի՛ նեղսրտեք թափթփվածությունից:

Իհարկե, բոլորս էլ սիրում ենք, երբ տունը հավաքված է ու կոկիկ: Դրա համար մենք հավաքում ու մի տեղում ենք պահում բոլոր խաղալիքները: Սակայն երեխաների համար խաղալիքների կույտը թափթփվածություն չէ, դա նրանց համար ստեղծագործ միտք ձևավորելուն օգնող լիքը գործիքներով մի հետաքրքիր միջավայր է: Այս տեսակետն ընդունելը կօգնի իրերին այլ կերպ նայել ու այս ու այն կողմ թափված խաղալիքները որպես խառնաշփոթ չդիտարկել:

Մի՛ վախեցեք սխալվելուց:

Երբ միասին եք խաղում ու երեխան սխալվում է, մի՛ շտապեք դրա մասին ասել նրան: Թողե՛ք՝ երեխան ինքը բացահայտի, որ սխալվել է: Ավելին, հարցրե՛ք նրան, թե ինչու է այդպես ուղղում սխալը: Աջակցե՛ք, ոչ թե ղեկավարեք խաղի ընթացքը: Դա կօգնի նրանց մտածողության զարգացմանը:

Ուրախ եղե՛ք:

Ընտրե՛ք իրական կամ հորինված մի կերպար ու երեխայի հետ սկսե՛ք նմանակել նրան: Ծիծաղելի ձայները, դեմքերն ու շարժումները օգնում են երեխաներին զարկ տալ իրենց պատկերացումներին ու ձևավորել պատմություն պատմելու հմտություններ: Ինչպես նաև, սա կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել երեխայի աշխարհն ու միասին լավ ժամանակ անցկացնել:

 

Խաղի հատուկ ժամ որոշե՛ք ու մի՛ մոռացեք դրա մասին:

Երեխաները հաճույքով ու անհամբերությամբ են սպասում հատուկ օրերին/ժամերին, ուստի ընտանիքով խաղի համար հատուկ ժամ ընտրե՛ք, նույնիսկ, եթե դա ընթրիքից 15 րոպե առաջ է: Թողե՛ք, երեխաներն անձամբ ընտրեն խաղի տեսակն ու ձևը: Ինքնուրույն պլանավորելը կօգնի երեխային ավելի ստեղծարար լինել ու զարգացնել որոշումներ կայացնելու հմտությունը:

Տնային գործերը խաղի վերածե՛ք:

Բոլորս, այդ թվում նաև երեխաները, տնային գործեր ունենք, բայց պարտադիր չէ, որ դրանք ձանձրալի լինեն: Դրանք աշխույժ դարձնելու ամենապարզ տարբերակը երաժշտություն միացնելն ու փոշի հավաքելն ու հագուստը ծալելը պարի կամ մրցույթի վերածելն է:

***

Ինչպե՞ս երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնել գրքի նկատմամբ

Հեռախո՞ս, թե՞ գիրք։ Ինչպե՞ս անցկացնել ազատ ժամանակը։ Այս հարցի առաջ մարդիկ կանգնում են բոլոր տարիքներում։ Սակայն եթե մեծերի համար ավելի հեշտ է ընտրություն կատարելը, ապա փոքրիկները հաճախ կլանվում են տարատեսակ խաղերով, ֆիլմերով ու մուլտֆիլմերով, և բոլորովին մոռանում գրքերի գոյության մասին։ Այստեղից էլ սկսվում են ծնողների բողոքներն ու դժգոհությունները, որ իրենց երեխան գրքասեր չէ և ամբողջ օրը տարված է միայն համակարգչով կամ հեռախոսով։

Ինչու՞ են փոքրիկները նախընտրում համացանցը, հեռախոսը և թվային տեխնոլոգիաները։

Պարզվում է, որ դա հիմնականում պայմանավորված է ինքնահաստատման նրանց մղումով։ Բանն այն է, որ համակարգչի առաջ երեխան ունի ավելի մեծ ազատություն և իրավիճակը կառավարելու հնարավորություն (օրինակ երբ համակարգչային խաղի ժամանակ երեխան որոշում է իր հաջորդ գործողությունը և ինքնուրույն իրագործում այն)։ Ի տարբերություն սրա՝ գիրք ընթերցելն ավելի պասիվ գործողություն է․ երեխան միայն ընկալում է իր առջև դրված նյութը, սակայն իրադարձությունների ընթացքի վրա որևէ ներազդեցություն չունի։ Համացանցի այս առավելությունը մեծ գրավչություն է դառնում երեխաների աչքում։

 

Ինչպե՞ս երեխայի մոտ հետաքրքրություն առաջացնել գրքի նկատմամբ


Ինչպե՞ս համոզել երեխաներին մի փոքր կտրվել տեխնիկական աշխարհից և հետ վերադարձնել նրանց գրքերի հիասքանչ աշխարհ։ Ահա մի քանի խորհուրդներ ծնողներին այս դժվարին խնդիրը լուծելու համար․

  • Պետք չէ սպասել, մինչև երեխան հասնի այնպիսի տարիքի, որ ինքնուրույն որոշի ընթերցել։ Երեխաները մանկուց պետք է ծանոթանան ու առնչվեն գրքերի հետ։  Փոքր տարիքի երեխաների համար նախատեսված գրքերը պետք է լինեն շատ գրավիչ ու հետաքրքրաշարժ, կլանող դիզայնով, վառ գույներով, զվարճալի խաղերով։ Ցանկալի է այդ գրքերը դնել տան տարբեր հասանելի անկյուններում, որպեսզի երեխան ամեն տեղ հանդիպի դրանց և նրա մեջ հետարքրություն առաջանա։
  • Անհրաժեշտ է սահմանափակել երեխայի՝ ինտերնետում կամ հեռուստացույցի էկրանի առջև անցկացվող ժամանակը։ Ընդ որում սա պետք է անել ավելի վաղ  տարիքում, քանի որ երեխաները մեծանալով աստիճանաբար դառնում են ավելի ինքնուրույն և դժվար կառավարելի։
  • Օրինակ ծառայեք ձեր երեխաների համար։ Նորություն չէ, որ երեխաները շատ հաճախ ընդօրինակում են ծնողներին։ Ուստի ձեր փոքրիկի մեջ ընթերցանության նկատմամբ սեր առաջացնելու լավագույն եղանակն այն է, որ դուք ինքներդ էլ օրվա ընթացքում զբաղվեք ընթերցանությամբ։ Այդկերպ նրանք կհասկանան, որ դա օգտակար և լավ զգաղմունք է։
  • Շատ պարզ է թվում, սակայն պետք չէ մոռանալ նաև գովաբանել երեխային գիրք ընթերցելու համար։ Իհարկե քաջալերումը պետք է հնարավորինս բնական հնչի։

 

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, որ այս ամենը լինի շատ բնական։ Սովորեցրեք, օրինակ ծառայեք, բացատրեք, բայց երբե՛ք մի պարտադրեք երեխային ընթերցել առանց նրա սեփական կամքի և ցանկության։ Երեխային ստիպողաբար գրքի առջև նստեցնելը նրան կարող է հոգեբանական ճնշման և տրավմայի ենթարկել, որը հետագայում կթողնի հակառակ ազդեցությունը։

Օգնե՛ք ձեր երեխաներին ՍԻՐԵԼ ԳՐՔԵՐԸ․․․