Ելք դեպի լույս 536
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրահի 93-րդ այա.
إِن کُلُّ مَن فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ إِلَّا آتِی الرَّحْمَنِ عَبْدًا
Երկինքների ու երկրի վրա գտնվող բոլոր էակները Նրա արարածներն են:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ անհավատները հրեշտակներին ու որոշ մարգարեների համարում են Աստծո զավակներ: Ղուրանը դատապարտում է այս տեսակետը: Այս այան ասում է. Ոչ միայն դուք երկրայիններդ, այլև երկնքի հրեշտակները, բոլորն Աստծո ծառաներն են և դատաստանի օրը կանգնելու են Աստծո առջև: Աստծո հարաբերությունն իր արարածների հետ, արարչի ու արարածի հարաբերություն է և ոչ թե հոր և որդու: Դրանից բացի, երկրի վրա ու երկնքում այնքան հնազանդ արարածներ կան, որ Աստված չունի ձեր պաշտամունքի կարիքը և դուք եք, որ ունեք Աստծո կարիքը:
Այս այայից սովորում ենք.
1. Ամբողջ արարչագործությունը, այդ թվում նաև հրեշտակներն ու մարդիկ, գտնվում են Աստծո տիրապետության տակ և Աստված է որոշում նրանց կյանքն ու մահը:
2. Ամբողջ տիեզերքը գտնվում է Աստծո տիրապետության տակ և ինչ որ կա, վերադառնում է դեպի Նա: Այսինքն` այս ամենի վիճակն անորոշ չէ:
Մարիամ սուրահի 94 և 95-րդ այաներ.
لَقَدْ أَحْصَاهُمْ وَعَدَّهُمْ عَدًّا
وَکُلُّهُمْ آتِیهِ یَوْمَ الْقِیَامَةِ فَرْدًا
Նա հաշվել է նրանց և գիտի, թե քանի հոգի են:
Հարության օրը բոլոր մարդիկ միայնակ կանգնելու են Աստծո առջև:
Այս այաները խոսում են այն մասին, որ Աստված լիարժեք տիրապետում է ամեն ինչին և բոլոր էակների մասին ունի ճիշտ տեղեկություն: Նրանցից ոչ մի բան չի կարող թաքուն մնալ և Նա գիտի նրանց թիվը: Դատաստանի օրը նրանցից յուրաքանչյուրը հայտնվելու է աստվածային արդար դատարանում և պատասխան է տալու: Եվ ոչ ոք չպետք է մտածի, որ կարող է թաքնվել դատաստանի օրն ու խուսափել դատաստանից: Բացի այդ, յուրաքանչյուր մարդ դատաստանի առաջ կանգնելու է մենակ և նրա հետ չի լինելու ոչ ոք. ո'չ զավակ, ո’չ ամուսին և ո’չ էլ հարստություն:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստված տիրապետում է ոչ միայն արարչագործությանը, այլ նաև դրա մանրամասներին:
2. Դատաստանի օրը մարդը մենակ է և յուրաքանչյոր ոք իր մասին է մտածում:
Մարիամ սուրահի 96-րդ այա.
إِنَّ الَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ سَیَجْعَلُ لَهُمُ الرَّحْمَنُ وُدًّا
Գթածը առաքինի հավատացյալների սրտերը սիրով կողողի:
Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստծո ասելով, նույնիսկ անհավատների պաշտամունքի առարկաներն են նրանցից հրաժարվելու, և իրենց հետևորդներին աջակցելու փոխարեն, կանգնելու են նրանց դեմ: Այս այան ասում է, որ Աստծուն ծառայելն ու բարի գործ անելը ոչ միայն պատճառ կդառնան, որ մարդն Աստծո մոտ սիրելի դառնա, այլ Աստված մշտապես կաջակցի այդ մարդուն: Աստված այնպես է անելու, որ հավատացյալ և առաքինի մարդկանց բարությունն ուրիշների սրտերում էլ տարածվի և նույնիսկ թշնամիները սրտանց սիրում են առաքինի մարդկանց, չնայած որ գործնականում իրենց շահերը պաշտպանելու համար, նրանց նկատմամբ թշնամություն են տածում: Այդ մասին առկա են պատմական փաստեր: Որպես օրինակ ասում են, որ իմամ Ալին բարձր էր գնահատվում իր թշնամիների կողմից:
Այս այայից սովորում ենք.
1. Հավատքն ու բարի գործը գրավիչ են մարդկանց համար, որովհետև մաքրությունը, ճշտապահությունը, քաջությունը, նվիրվածությունը, սիրում են բոլորը:
2. Սիրելի դառնալը լինում է Աստծո կամքով, որովհետև բոլորի սրտերը նրա ձեռքում են:
Մարիամ սուրահի 97 և 98-րդ այաներ.
فَإِنَّمَا یَسَّرْنَاهُ بِلِسَانِکَ لِتُبَشِّرَ بِهِ الْمُتَّقِینَ وَتُنذِرَ بِهِ قَوْمًا لُّدًّا
Մենք (Ղուրանի) ընթերցումը հեշտացրինք՝ այն գրելով քո լեզվով, որպեսզի դու երանություն ավետես նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից, և ազդարարես պատիժ նրանց, ովքեր վիճում են (Աստծո դեմ):
Որքան սերունդներ ոչնչացրինք մենք: Կարո՞ղ ես մեզ ցույց տալ մի մարդու, որ այդ սերունդներից մնացած լինի: Դու լսե՞լ ես, որ նրանցից որևէ մեկը մի տրտունջ անգամ արձակի:
Այս այաները, որոնք Մարիամ սուրահի վերջին այաներն են, խոսում են այն մասին, թե Ղուրանն ինչպիսի դեր ունի մարդու երջանկության մեջ: Այաներն ասում են. Մենք Ղուրանում վեհ հասկացությունները պարզ լեզվով ենք ներկայացրել, որպեսզի բոլոր մարդիկ օգտվեն դրանցից, որպեսզի մաքրամաքուր մարդիկ քաջալերվեն և կեղծ մարդիկ իմանան, որ Աստծո պատիժը լուրջ է ու դաս քաղեն նախորդներից: Նրանք չպետք է կարծեն, որ կարող են նվաստացնել Աստծուն և իրենց թշնամությամբ ոչնչացնել ճշմարտությունը: Եթե պետք է հետադարձ հայացք նետեն անցյալի պատմությանը, բազմաթիվ ցեղերի, կտեսնեն, որ նրանցից ոչինչ չի մնացել:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարդկանց առաջնորդելու համար պետք է կրոնական հասկացությունները ներկայացնել պարզ լեզվով:
2. Յուրաքանչյուր խմբի հետ պետք է խոսել իր լեզվով: Հավատացյալներին պետք է խրախուսել, իսկ անհավատներին` սպառնալ:
Ավարտվեց Մարիամ սուրահը։
Հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք Թա Հա սուրահը:
Աստված Ձեզ պահապան։