Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և քննարկել առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր։
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն առանձնանում են դարավոր բարեկամությամբ՝ հիմնված փոխվստահության ու փոխադարձ հարգանքի վրա: Կողմերը համակարծիք էին, որ հայ-իրանական համագործակցությունն ունի ընդգրկուն օրակարգ, որը պետք է քայլ առ քայլ կյանքի կոչել:
Կայունությունը, խաղաղությունն ու կայուն զարգացումը դիտելով Հայաստանի և Իրանի ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման հարցի վրա՝ որպես Հայաստանի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիր:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը: Դեսպան Զոհուրին կարևորել է համատեղ ջանքերը, որպեսզի տնտեսական հարաբերություններում առկա ներուժն առավելագույնս օգտագործվի:
Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համատեքստում Տիգրան Ավինյանն ընդգծել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի ու «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագրի իրականացումը: Փոխվարչապետը նշել է նաև, որ համագործակցության ռազմավարական հիմնական ուղղություններից է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ կարևորելով համաձայնագրի ժամկետները երկարացնելու, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման վերաբերյալ 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը խոսել է նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, այդ թվում՝ Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար տարածաշրջանային հեռահաղորդակցության նախագծի շրջանակներում:
-----------------------------------
Չնայած հայ-ադրբեջանական շփման գծերում հաստատված հրադադարին կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարը չհարգելու մեջ: Այս կապակցությամբ պաշտոնական Բաքուն հավակնել է, որ Հայաստանը խախտել է հրադադարը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այն պայմաններում է նման հավակնություն կատարել, որ դիմացի կողմը դա համարել է բացարձակ կեղծիք: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասված է, որ հայկական ուժերի կողմից կրակ է արձակվել ադրբեջանական դիրքերի կողմը:
Դա ի տես այն բանի, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած տեղեկությունը, իբր հայկական կողմը կրակոցներ է արձակել ադրբեջանական Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:
«Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,- ասել է ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Ալթունյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանն ու Թուրքիան փետրվարի 2-12-ը Կարսում համատեղ զորավարժություններ են իրականացնում։
--------------------------
ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:
ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է ԼՂ-ի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Գանգատում, ի թիվս բազմաթիվ այլի, բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ԼՂ-ի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։
Այս Միջպետական գանգատը պետության անունից ընդդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է:
Առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ: Ինչպես մինչ օրս, այնպես էլ ապագայում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հանրությանը կծանուցի հետագա զարգացումների և ձեռնարկած քայլերի մասին:
--------------------------
Ձևավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը, որոնց կազմավորման վերաբերյալ օրերս Մոսկվայում պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետերը։
«Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության փորձագետներ։
Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով խմբում ներգրավված կլինեն Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության փորձագետներ»:
---------------------------------
Ճանապարհների ապաշրջափակումը ոչ միայն նպաստավոր չէ Հայաստանի համար, այլև բավականին մեծ ռիսկեր է պարունակում։ Նման կարծիք է հայտնել թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանը։
---------------------------------
Իրանական երկաթուղիների ղեկավարները նոր ճանապարհի մանրամասների վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով փետրվարին կայցելեն Ռուսաստան։
Իրանական երկաթուղիների ղեկավարությունը փետրվարին կայցելի Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի երկաթուղիների գործընկերների հետ։ Նախատեսվում է քննարկել Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Փետրվարին Ռուսաստան կժամանի Իրանի երկաթուղիների ղեկավարը, բանակցություններ կանցկացնի ռուս գործընկերների հետ՝ քննարկելու երկաթուղու կառուցումը Չաբահար նավահանգստից Զահեդանով, ինչպես նաև Ռաշթով և Աստարայով դեպի Սանկտ-Պետերբուրգ։ Երկու հատված կա, որոնց կառուցումը պետք է ավարտին հասցնել․․․ երկրորդ հատվածը ցանկանում էին ֆինանսավորել ադրբեջանցիները, և վերջերս Բաքուն հայտարարեց, որ կարող է սկսել ֆինանսավորումը։ Մենք հույս ունենք` Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի բանակցությունների շրջանակում մենք կկարողանանք իրականացնել այդ նախագիծը»,-հայտարարել է դեսպանը «Ռոսիա Սեգդնյա»-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք`2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
---------------------
Իրանագետ Գարիկ Մինասյանը Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցին Հայաստան և Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին:
Նա ասել է. «Վերջին հակամարտությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Իրանը Հայաստանի համար ունի մեծ աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակություն»:
Մինասյանը հավելել է, որ Իրանի հետ Հայաստանի օրակարգը, հատկապես տնտեսական հարաբերությունների մակարդակում, բավականին լուրջ հնարավորություններ ունի և ընդհանուր առմամբ, Իրանը ցանկանում է ակտիվացնել իր տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասի երեք երկրներում:
Ի պատասխան այն հարցին, թե Իրանի եմ միջազգային պատժամիջոցները արդյո՞ք չեն ազդելու հայ-իրանական հարաբերութիւնների վրա, Մինասայանն ընդգծել է, որ պատժամիջոցները գործում են շուրջ քառասուն տարի, բայց դրանք խոչընդոտ չեն հանդիսացել Հայաստան-Իրան հարաբերությունների համար, որոնք միշտ բնականորեն աճել են:
Իրանագետի խոսքերով.«Այստեղ շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միության գործոնը, քանի որ Իրանը ցանկանում է մուտք գործել Եվրասիական միության տնտեսական շուկա և այս առումով Հայաստանը հարևան երկրի համար հիմնական ուղիներից մեկն է»: