Ելք դեպի լույս 557
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 115-րդ այա
وَلَقَدْ عَهِدْنَا إِلَى آدَمَ مِن قَبْلُ فَنَسِیَ وَلَمْ نَجِدْ لَهُ عَزْمًا
Մենք Ադամի հետ պայման կապեցինք, սակայն նա մոռացավ այն, ու չտեսանք նրա մեջ հաստատակամություն:
Թա Հա սուրահի մինչև այս մասը այաների մեծ մասը վերաբերում էին Մովսեսին ու Իսրայելի ժողովրդին: Հաջորդող այաներն անդրադառնում են Ադամի ու Եվայի և սատանայի պատմությանը: Ինչպես ասվում է նաև Ղուրանի այլ այաներում, Ադամն ու Եվան ապրում էին դրախտում: Նրանց լավ ապրելու համար ստեղծված էին բոլոր պայմանները: Նրանք ազատորեն օգտվում էին աստվածային բոլոր բարիքներից: Աստված Ադամին ու Եվային հորդորել էր չմոտենալ ծառերից մեկին ու չուտել դրա պտուղներից, որովհետև սատանան նրանց կխաբի: Սակայն նրանք չլսեցին Աստծո հորդորը, ինչի պատճառով վտարվեցին դրախտից:
Այս այայից սովորում ենք․
1․ Պետք է ունենալ ամուր կամք` աստվածային նախատինքին չարժանանալու համար:
2․ Աստված մարդու հետ պայման է կնքել, որպեսզի պահպանի նրա արժանապատվությունը: Սակայն մարդը հետևողական չի լինում:
Թա Հա սուրայի 116 և 117-րդ այաներ
وَإِذْ قُلْنا لِلْمَلائِکَةِ اسْجُدُوا لِآدَمَ فَسَجَدُوا إِلّا إِبْلِیسَ أَبى
فَقُلْنا یا آدَمُ إِنَّ هذا عَدُوٌّ لَّکَ وَ لِزَوْجِکَ فَلا یُخْرِجَنَّکُما مِنَ الْجَنَّةِ فَتَشْقى
Մենք հրեշտակներին հրամայեցինք երկրպագել Ադամին: Բայց սատանայից բացի (բոլորը) խոնարհվեցին:
Ով Ադամ սա(սատանան) քո և կողակցիդ թշնամին է. զգուշացեք, որ ձեզ դրախտից չվռնդի ու ձեզ չդժբախտացնի։
Երբ մարդն արարվեց, որպեսզի բացահայտվի նրա գերազանցությունը հրեշտակների նկատմամբ, Աստված նրանց հրամայեց խոնարհվել Ադամի առաջ,սակայն սատանան, որը ջիներից էր, և աղոթքի համար հայտնվել էր հրեշտակների կողքին և պարտավոր էր ենթարկվել աստվածային հրամանին չհնազանդվեց Աստծուն: Աստված հենց սկզբից մարդուն զգուշացրեց, որ սատանան ու իր հետևորդներն իր թշնամիներն են, սատանային հետևելը դժբախտության պատճառ կդառնա ու սատանան նրանից կխլի իր անդորրը:
Այս այաներից սովորում ենք․
1․ Մարդը բոլոր արարածներից ու նույնիսկ հրեշտակներից վեր է դասվում: Սա մարդու նկատմամբ Աստծո շնորհն է:
2․ Սատանայի թշնամությունը մարդու հետ եղել է արարչագործության առաջին իսկ օրից և շարունակվել մինչև դատաստանի օրը:
Թա Հա սուրայի 118 և 119-րդ այաներ
إِنَّ لَکَ أَلَّا تَجُوعَ فِیهَا وَلَا تَعْرَى
وَأَنَّکَ لَا تَظْمَأُ فِیهَا وَلَا تَضْحَى
Դու այնտեղ ոչ սոված կլինես, ոչ էլ՝ մերկ:
Դու այնտեղ ոչ ծարավից կնեղվես և ոչ էլ տաքությունից:
Աստված այն վայրը, որ ստեղծել է մարդու համար, այսպես է բնութագրում. «Այս գեղեցիկ այգին լի է բարիքներով: Դու այստեղ երբեք սոված չես լինելու: Այստեղ զով է և կարող ես հագեցնել քո ծարավը: Այստեղ մարդու նախնական կարիքները, այդ թվում` ջուրը, սնունդը, հագուստն ու բնակավայրը պատրաստ են և նա որևէ խնդիր չի ունենալու այս կապակցությամբ»:
Այս այաներից սովորում ենք․
1․ Աշխարհիկ կյանքը լի է դժվարություններով և այդ դժվարությունները մարդն է ստեղծել իր համար` հետևելով սատանային:
2․ Աստվածային հրամաններին հետևելը մարդուն տանում է այնպիսի դրախտ, որտեղ գոյություն չունի որևէ դժվարություն:
Թա Հա սուրահի 120-րդ այա
Սատանան փորձեց Ադամին: Ասաց նրան. «Արդյոք ցանկանո՞ւմ ես, որ քեզ ցույց տամ հավիտենականության ու անսպառ զորության ծառը»:
Ի վերջո տեղի ունեցավ այն, ինչի մասին Աստված մարդուն զգուշացրել էր: Սատանան, որ չէր խոնարհվել Ադամի առջև, անծանոթի տեսքով հայտնվեց նրա առաջ ու խաբուսիկ խոսքերով ստիպեց անել այն, ինչն Աստված անթույլատրելի էր համարել: Սատանան մարդուն գայթակղեց ու մարդն էլ հմայվեց սատանայի խոսքերով։
Այս այայից սովորում ենք․
1․ Սատանան մարդուն չի ստիպում, այլ գայթակղում է:
2․ Սատանան մարդու վրա ազդում է, օգտագործելով նրա ցանկասիրությունը:
Աստված ձեզ պահապան: