Մարտ 03, 2021 11:56 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական համարը: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Օրերս Թեհրանի «Ջավիդ» մասնավոր ցուցասրահում բացումն է կատարվելու իրանահայ առաջատար գեղանկարիչների «Արմատներ» խորագրով խմբական ցուցահանդեսի, որտեղ ներկայացված են նկարիչների նատյուրմորտ (անկենդան առարկաներ) թեմայով ստեղծագործություններից ցուցանմուշներ: Ցուցահանդեսի կազմակերպումը հնարավոր է դարձել Սանազ Արիանֆարի եւ Քիանուշ Մոթաղեդիի ջանքերով: Ի դեպ, տկն. Արիանֆարը նախորդ տարի կազմակերպել էր «Իրանահայեր» ցուցահանդեսը՝ «Մեհրսան» համալիրում, որտեղ ցուցադրության էին հանվել իրանահայ առաջատար արվեստի գործիչների ստեղծագործություններից նմուշներ: Նույն կապակցությամբ Արիանֆարը հայտնել է, որ «Արմատներ»-ով հանրությանն են ներկայացվելու շուրջ 25 գեղանկարչի աշխատանքներ, որոնցից մի քանիսը նորահայտ են ու ցուցադրվում են առաջին անգամ: Հրապարակված հայտագրի համաձայն՝ ցուցահանդեսով ներկայացվելու է Մարկո Գրիգորյանի, Սոնիա Բալասանյանի, Միշա Շահբազյանի, Սեդրակ Նազարյանի, Էդման Այվազյանի, Երվանդ Նահապետյանի, Սմբատ Տեր Կյուրեղյանի, Լեոնի Թաշճյանի, Ալֆոնս Ավանեսյանի, Սերժ Ավագյանի, Սիրաք Մելքոնյանի, Հրաչ Կարապետյանի, Արման Ստեփանյանի, Սերոժ Բարսեղյանի, Հակոբ Վարդանյանի, Վիգեն Սինանիի, Լեո Ֆարիդանիի, Լեւոն Նազարյանի, Լիդա Խանյանի, Արամազդ Նազարյանի, Արշալույս Աղայանի, Սեդա Հակոբյանի եւ Կարո Տերտերյանի ստեղծագործությունները: Արիանֆարը հավելեց, որ Սերժ Ավագյանի հիշատակին ցուցահանդեսի պաստառը ձեւաւորւել է նրա աշխատանքներից մեկի հիման վրա: Հատկանշական է, որ ցուցահանդեսն անց է կացվելու «Արտակ Մանուկյան» թանգարանի համագործակցությամբ: Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 10-ը:

 

 

Փետրվարի 25-ին՝ Թեհրանի «Վահդաթ» դահլիճում կայացավ «Ֆաջր»-ի կերպարվեստի 13-րդ փառատոնի փակման հանդիսությունը, մշակույթի նախարարի եւ հարակից բաժինների պետական պաշտոնյաների ներկայությամբ: Հանդիսությանը մեծարվեցին իրանական կերպարվեստի 9 վարպետներ, այդ թվում իրանահայ գեղանկարիչ, արձանագործ՝ Գառնիկ Տեր-Հակոբյանը: Երեկոն նախաձեռնել էր Իրանի Կերպարվեստի կենտրոնը:

 

Գնահատվեցին «Ֆաջր» ձեռագործ արվեստների 5-րդ փառատոնի լավագույնները: Մեծարմանը մասնակցել էին Իրանի Մշակութային ժառանգության կազմակերպության, ինչպես նաեւ Մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք: Շաբաթ, փետր. 20-ի երեկոյան, արվեստի ոլորտի վեց վետերաններ պարգեւատրվել են «Սարվ Սիմին» մրցանակով: Իսկ փառատոնի պատվավոր պատվոգրերի արժանացան թվով 7 այլ մրցանակակիրներ, այդ թվում՝ իրանահայ արծաթագործ, շնորհալի վարպետ Սարո Մկրտչյանը՝ մետաղական փորագրության եւ արծաթագործության անվանակարգում: Արվեստի սիրահարներից ու այցելուներից բացի «Ֆաջր» ձեռագործ արվեստների 5-րդ փառատոն են այցելել փոխնախագահ Մասումէ Էբթեքարը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին եւ ԱԳՆ փոխնախարար Աբբաս Էրաղչին: Սարո Մկրտչյանը տեղեկացրել է, որ փառատոնի մեկնարկը տրվել է փետր. 11-ին՝ շուրջ 300 աշխատանքներով ձեռարվեստի ոլորտում թվով 150  աշխատողների մասնակցությամբ Իրանի Ազգային թանգարանում: Թեհրանահայ անվանի արծաթագործը հավելեց, որ Իրանի ձեռագործության ու ավանդական արվեստների վերջին ձեռքբերումների ցուցադրումով, ձեռագործ արհեստների ոլորտում նոր տաղանդներ հայտնաբերելուց բացի, նպաստում է հանդիսատեսին անմիջական շփման գծում ծանոթանալու այն ստեղծողների գործելաոճին, ինչը նման փառատոների հիմնական նպատակներից լինելուց բացի, ստեղծագործողին է պարգեւում ճաշակ ձեւավորելու նոր լիցքեր:

 

Մարտի 9-ին, Թեհրանի «Ահուրա» թատերասրահում, բեմականացվելու է հայրենի բանաստեղծ, դրամատուրգ Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք» պիեսը:

Հիշեցնենք, պիեսը 2003թ.-ին պարսկերեն է թարգմանել Իրանահայ թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը, որը նաև ներառված է ներկայացման դերասանական կազմում:

 

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված ղարաբաղյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Ղարաբաղի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ. Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրվելու են Ղարաբաղում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:

Ցուցահանդեսը ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Ղարաբաղ։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղը բացվել է 2015 թվականին: «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն հիմնելու նպատակով Ղարաբաղի թեմն անհատույց ու անժամկետ հատկացրել է Գանձասար վանական համալիրին կից դպրատան նախկին շենքը, որը վերանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով:

Կենտրոնում ցուցադրվում են 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, արխիվային արժեքավոր փաստաթղթեր ու հնատիպ գրքեր:

Ղարաբաղը հայտնի է ոչ միայն տեղում ստեղծված ձեռագրերով, նաև պատմական Հայաստանի տարբեր նահանգներում գրչագրված շատ ձեռագրեր ժամանակին փրկագնվել և պահվել են այստեղ:

Բացառիկ հնարավորություն է ստեղծվել աշխարհասփյուռ Ղարաբաղյան ձեռագրերը մեկտեղել մեկ հարկի տակ՝ «Մատենադարան-Գանձասար»-ում: Մինչև մեր օրերը հասել են Գանձասարում գրված 13 ձեռագիր, որոնցից 12-ը պահվում են Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմում՝ Սրբոց Հակոբյանց վանքում: Կենտրոնում ցուցադրվում է 12-ը:

Հիմնական ցուցադրությունից զատ կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ։

 

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:

Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը երևանյան տեսարաններով (Արարատ, Զանգվի ձոր…) ներշնչված գրեց իր «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրեց Երևանի  առաջին սիմֆոնիկ նվագախմբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի նպատակը երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու հնարավորությունն է:

Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանալ առանձին լուսանկարներով կամ լուսանկարային շարքերով՝ նախապես նշելով շարքերի անվանումները։ Յուրաքանչյուր շարք կդիտվի որպես մեկ լուսանկար։ Մասնակիցը կարող է ներկայացնել մինչև 5 լուսանկար։

Լուսանկարները պետք է արված լինեն Երևանում` վերջին 5 տարում:

Լուսանկարները կարող են լինել Ճարտարապետական կոթողներ ներկայացնող /Architectural photography/ կամ փողոցային պատկերներ /Street photography /:

Քվեարկության արդյունքում ժյուրիի կողմից ընտրված լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանան մրցանակների:

Առավելություն կտրվի երևանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին:

 

Գերմանացի հանրաճանաչ թավջութակահար Միշա Մայսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եզակի համերգով հանդես եկավ Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցավ փետրվարի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը ղեկավարեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Ծրագրում հնչեցին Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝  Kol Nidrei, Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան:

Միշա Մայսկին աշխարհի լավագույն թավջութակահարներից է:

Միշա Մայսկին առաջին անգամ Երևան է եկել 2007 թվականին Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով։

Մայսկին ծնվել է Ռիգայում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է: Հանդիսանում է Deutsche Grammophon-ի բացառիկ արտիստ, վերջին 25 տարիների ընթացքում 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Փարիզի, Նյու-Յորքի կամերային Orpheus և այլ նվագախմբերը: Նա առաջին երաժիշտն է, որը ձայնագրել է թավջութակի համար գրված Յ. Ս. Բախի բոլոր ստեղծագործությունները: Մայսկու ձայնագրությունները բարձր գնահատական են ստացել քննադատների կողմից և արժանացել հեղինակավոր մրցանակների:

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը հավաստող փաստաթուղթն ու հուշամեդալը:

Երևանի ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:

Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան:

Երևանի քաղաքապետարանից նաև հայտնում են, որ ջերմ զրույցի ընթացքում Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:

 

Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենտ Վան Գոգի՝ Փարիզի փողոցային տեսարանը պատկերող կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, գրում է Reuters-ը՝ հավելելով, որ նկարը գրեթե մեկ տասնամյակ գտնվել է ֆրանսիական ընտանիքի մասնավոր հավաքածուում։

Վան Գոգը կտավը վրձնել է 1887 թվականին, երբ եղբոր՝ Թեոյի հետ ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաքում․ կտավն աճուրդի կհանվի հաջորդ ամիս։

Ինչպես նշում է գործակալությունը, նախքան աճուրդը՝ Sotheby's աճուրդի տունը այն կցուցադրի Ամստերդամի, Հոնկոնգի և Փարիզի իր սրահներում․ աճուրդի տունը արվեստի գործը գնահատել է 5-8 մլն եվրո (6-9 մլն դոլար):

Կտավը, որը վերնագրված է «Փողոցային տեսարան Մոնմարտրում», պատկերում է թևանցուկ քայլող կնոջ և տղամարդու, նրանց հետևում՝ ցանկապատ և հողմաղաց։

Աճուրդի տունը նշել է՝ կտավը, որը բազմիցս ցուցադրվել է ամսագրերում և գրքերում, առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը։

Նշենք, որ Վան Գոգը Փարիզ է ժամանել 1886 թվականին։ Նա քաղաքը լքել է 1888 թվականին՝ ասելով, որ հոգնել է փարիզյան կյանքի տենդագին տեմպից։ Նա տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ։ Ավելի ուշ նկարիչը ինքնասպան է եղել և մահացել 1890 թվականի հուլիսի 29-ին։