Մի գավաթ անդորր(249.Ինչո՞ւ են մարդիկ ստում Մաս Բ)
Հարգելի բարեկամներ այս թողարկման ժամանակ կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը մարդկանց սուտ խոսելու պատճառների մասին։ Ըստ տրամաբանության, սուտը ճշմարտության հակառակն է, հայտարարություն, որն ակնհայտորեն իրական չէ: Առօրյա կյանքում սուտը գիտակցված խաբեություն է: Հաղորդման ընթացքում դուք կլսեք հոգեբան Արմենուհի Ղազարյանի զրույցը այս թեմայի շուրջ։ Ընկերակցեք մեզ։ Խոսափողի մոտ Շողիկ Քեշիշյանն է։
Սուտն ու կեղծիքը այսօր առանցքային տեղ են զբաղեցնում մարդկային հարաբերություններում, նույնիսկ՝ ընտանիքում:
Սուտը հաղորդակցական երևույթ է, որը տարածված է ժամանակակից աշխարհում: Հետազոտությունները և հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ ամեն օր ստում են: Թե ինչու են ստում, հոգեբան Արմենուհի Ղազարյանն ասում է.«Այդ փաստն անառարկելի է, մերօրյա մարդուն ազնիվ լինելը դժվար է, դա էլ բավականին ակնհայտ է, իսկ թե ինչո՞ւ են մարդիկ ստում, տարբեր պատճառներ են առանձնացվում: Առանձնացնում են տարբեր եզրույթներ, օրինակ` սուտ, խաբեություն, անճշտություն, որոնք բովանդակային կողմով էլ տարբեր են: «Մարդիկ ստում են մի շարք պատճառներով, որոնց խորքային հոգեբանական կողմը բացատրելու համար կարճ մեկնաբանությամբ անհնար է նկարագրել: Իսկ առավել «երևացող» շերտի, այսինքն՝ պատճառների մասին խոսելիս կարող ենք մի շարք թվարկել, օրինակ` երբեմն մարդիկ ստում են որպեսզի հասնեն իրենց նպատակներին: Կարող են ստել իրենց մտադրություններն ի կատար ածելու, դուր գալու, ուրիշներին չնեղացնելու և չվիրավորելու համար, պատժից ու պատասխանատվությունից խուսափելու համար, վախից (ճշմարտությունը չասելու համար), ստում են, երբ վախենում են նվաստանալուց»։
Հատկանշական է, որ մարդիկ ձգտում են մյուսների մոտ երևալ ավելի լավը, հաջողակ ու հարուստ, համարձակ և շնորհալի և այլն, այսինքն` իրենց իդեալական «ես»-ը ներկայացնեն իրականի տեղ: Ամեն դեպքում, մարդը հաճախ փորձում, ձգտում է հասնել իր իդեալական «ես»-ին, իր մեջ մշտապես կա ցանկությունը լինել այդպիսին: Եվ երբ նրանք «խաղում են» իրենց իդեալական «ես»-ը, ապա ձևացնում են, իսկ ձևացնելու մեջ կա այդ «անազնվությունը»: Ձևացնելու համար սուտ է պետք:
Ա. Ղազարյանի խոսքով, մարդիկ երբեմն ինքնարդարանում են, փոքրիկ սուտ ասում հանուն ինչ-որ բանի, հանուն խաղաղ հարաբերությունների, հանուն ինչ-որ լավ նպատակի և այլն: Եթե այս դիպաշարով մարդ շարժվի, ապա ստելը կարող է դառնալ ուղղակի սովորություն:
***
Ստելու սովորությունը ոչ միայն փչացնում է մարդկային հարաբերությունները, այլեւ հարվածում է նրանց, ով ստում է։ Գիտնականները պարզել են, որ ստել սիրող մարդիկ դրանով իսկ վատացնում են իրենց հուզական ինտելեկտը, այսինքն՝ սկսում են ավելի վատ հասկանալ ուրիշ մարդկանց հույզերը։
Սուտը հանուն բարի գործի, հանուն զգացումների պահպանման, ինչպես նաեւ սուտ խոսելու այլ ձեւերը, որոնք ընդունված է արդարացնել, այլ մարդկանց տրամադրությունը հաշվի առնելու կարողության քայքայման տանող ուղղակի ճանապարհն է։ Իսկ դա, իմիջիայլոց, արդյունավետ հաղորդակցության կարեւորագույն հմտություններից է։
Նման եզրակացության են եկել հոգեբանները, որոնք իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են Փորձնական հոգեբանության ամսագրի ընթերցողներին։ Գիտնականները պարզել են, որ խաբեությունը կարող է չար կատակ խաղալ ոչ միայն նրանց հետ, ում խաբում են, այլեւ խաբողների հետ։
«Դա հատկապես լավ երեւում է գործընկերների միջեւ հարաբերություններում։ Եթե աշխատանքային հարաբերությունները մթագնված չեն խաբեությամբ, ապա դրանք կարող են կենսական էներգիայի եւ ներքին հարստացման լավ աղբյուր լինել, բայց հակառակ դեպքում դրանք վերածվում են քայքայիչ գործելակերպի։ Չի կարելի ուժեղ պրոֆեսիոնալ թիմ ստեղծել, եթե դրա ներսում սուտ կա»,- ասում են հետազոտողները, որոնք իրենց խոսքերն ամրագրում են մասշտաբային փորձնական նախագծի արդյունքներով։ Մի խոսքով՝ պետք է հետ վարժվել ստելու սովորությունից, եթե չեք ցանկանում փչացնել ուրիշների հետ շփումները։
***
Յուրաքանչյուրիս ցանկությունն է սուտը ճշտից տարբերելը: Սակայն, ցավոք, դա դժվար է: Միայն նա, ով կփորձի նախ քննել իր անձը, այնուհետև նրանը, ով խոսում է, վերջում՝ տեղեկատվությունը, կարող է պարզել` ստի զո՞հ է ինքն արդյոք, թե՝ ոչ:Ժամանակ առ ժամանակ սեփական անձը քննել պարտադիր է, թեկուզ միայն պարզելու համար, թե ով կամ ինչն է ղեկավարում մեր մտային և հուզազգացմունքային ոլորտները: Պետք է քննել նաև այն մարդուն, որի ասածներն ընդունում ենք հալած յուղի տեղ: Գո՞ւցե հենց նրան ճանաչելու համար անհրաժեշտ է ազատվել հուզական կապվածությունից, ծանրութեթև անել այդ անձի անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները՝ սթափ գնահատելու համար այն, ինչ ասում է: Սա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ նրա ասածի հանդեպ վերաբերմունքն էական ազդեցություն կունենա մեր հետագա կյանքի և աշխարհընկալման վրա:
***
Ամեն օր մենք ստում ենք, և մեզ նույնպես ստում են: Բայց կարողանալ տարբերել սուտը ճշմարտությունից, հասկանալ մարդու իրական մտադրությունները, հմտություն է, որը կարող է պետք գալ յուրաքանչյուրիս:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 10 րոպե խոսակցության ընթացքում մեծահասակների 60% -ն ավելի քան մեկ անգամ ստում է։Ժեստերի մասնագետների պնդմամբ՝ կան ժեստեր և միմիկա, որոնք հատուկ են միայն ստախոսներին։Այս ժեստերին ուշադրություն դարձնելով՝ դուք կարող եք հասկանալ՝ ձեզ ստում են թե ոչ։
Ստախոսը անընդհատ ձեռքում ինչ-որ բան է պտտում՝ գրիչ, թուղթ, փողկապ, մազերի փունջը և այլն:
Շատ հաճախ ստից առաջ մարդը դադար է վերցնում՝ սուրճ է ըմպում, ծխախոտ է վառում կամ սկսում է հազալ: Այդ ոչ մեծ դադարի ժամանակ՝ մարդը ժամանակ է ստանում իր սուտը մի լավ հորինելու համար:
Եթե ձեր զրուցակիցը պատմելու ընթացքում ձեռքերով հպվում է դեմքին, փակում է քիթը, բերանը, ապա դա նշան է, որ ստախոսը գիտակցորեն պատնեշ է ստեղծում ձեր մեջ:
Երբ մարդը սուտ է խոսում, նրա շնչառությունն ավելի հաճախակի ու խորն է դառնում: Հետևեք նրա շնչառությանը՝ ուշադրություն դարձնելով նրա կրծքավանդակի վերին հատվածին:
Երբ մարդը սուտ է խոսում, նա կարող է կտրուկ գունատվել՝ վախի զգացողություն ունենալով:
Պարտադիր չէ հետևել դիմացինի ամեն ժեստին, բայց այս ամենն ավելի ակնհայտ է դարձնում դիմացինի ոչ անկեղծ լինելը:
***
Հոգեբանության մեջ սուտը այլ մարդու նկատմամբ հավատ ձևավորելու միտումնավոր փորձ է: Գիտակցաբար ստելը որոշակի իրավիճակում ընտրված հաղորդակցման մարտավարություն է:
Գյոթեն ասում է․ Սուտը հոգուց քար չի վերցնի, ինչպես ճշմարիտ խոսքը կարող է անել։
Ամենավտանգավոր սուտը թեթևակի խեղաթյուրված ճշմարտությունն է։ ասում է Լիխտենբերգը։
Իսկ Մարտին Լյութերը սուտն այսպես է բնութագրել՝ սուտը նման է ձնագնդի. որքան երկար այն գլորես, այնքա