Ապրիլ 24, 2016 09:01 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսել ենք հողի նշանակության և այն ոչնչացնող գործոնների մասին: Խոստացել ենք քննարկել հողի ոչնչանալու հետևանքները, որոնցից մեկն է անապատների տարածվելը: Այսօր խոսելու ենք անապատացման մասին: Առաջարկում ենք Ձեզ հետևել այս հաղորդմանը:

Անապատացումը երևույթ է, որն առաջանում է բնության մեջ մարդու սխալ գործունեության հետևանքով: Այդ երևույթը տեղի է ունենում չորային և կիսաչորային շրջաններում կլիմայական փոփոխությունների և մարդկային սխալ աշխատանքների պատճառով: Շրջակա միջավայրի փորձագետների համոզմամբ, կլիմայական փոփոխությունների և քաղցր ջրի սակավության կողքին, անապատացումը շրջակա միջավայրի առջև ծառացած երրորդ կարևորագույն մարտահրավերն է համարվում: Այսօր աշխարհի ցանքսատարածքների ավելի քան կեսն անապատացման վտանգի առջև են կանգնած և դա ուղղակիորեն սպառնում է ավելի քան 250 միլիոն հոգու կյանքը տարբեր երկրներում: ՄԱԿ-ի տվյալներով, անապատացումը անուղղակի կերպով սպառնում է ավելի քան 100 երկրի, հիմնականում աղքատ և զարգացող երկրների, երկու միլիարդ բնակչության կյանքին:

Ցանքսատարածքների անապատացման հետևանքով ոչ միայն քաղց և հիվանդություն է տարածվում, այլև այդ հողատարածքներում աշխտաելու հնարավորությունը կորցրած ժողովուրդը գաղթում են քաղաքների արվարձաններ կամ այլ երկրներ:

Ենթադրվում է, որ միայն Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրների ավելի քան 60 միլիոն բնակիչներ մոտ ապագայում հարկադրված գաղթելու են այդ մայրցամաքի հյուսիսային շրջաններ, կամ եվրոպական երկրներ: Չնայած անապատացման երևույթը հիմնական իր ազդեցությունն է թողել Աֆրիկայում, որի ավելի քան երկու երրորդը անապատ է կամ չորային շրջան, սակայն միայն այդ մայրցամաքը չէ, որ տուժում է այդ երևույթից: ԱՄՆ-ի հողատարածքերի ավելի քան 30 տոկոսն այդ վտանգի առջև են կանգնած: Լատինամերիկյան և Կարիբյան երկրների տարածքի մեկ չորրորդն անապատ է դարձել: Իսպանիայի տարածքի մեկ հինգերորդն է կանգնած անապատացման վտանգի առջև: Հյուսիսային կիսագնդում, այդ թվում Ամերիկայում ուժգին երաշտներ են լինում, իսկ հարավային Եվրոպայի երկրներում ջրի սակավություն է: Չինաստանում 50-ական թվականներից ի վեր, հոսող ավազները վնաս են պատճառել այդ երկրի շուրջ 700 հազար հեկտար ցանքսատարածքներին, ավելի քան երկու միլիոն հեկտար արոտավայրերին և շուրջ վեց միլիոն հեկտար անտառներին ու թավուտներին: 2014 թվականին անապատացման միջազգային օրվա առիթով հղած ուղերձում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունն ասել է.«Կլիմայական փոփոխությունների հետևանքով սաստկացած հողի էրոզիան և անապատացումը վտագել են ոչ միայն մարդկանց կյանքը, այլև լուրջ սպառնալիք են ուղղված միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, անապատների տարածման հետևանքով անկայուն վիճակ է տիրում սննդամթերքի գներում և զանգվածային գաղթեր են տեղի ունենում:

***************

Անապատացման մեջ դերակատար են կիմայական փոփոխությունները: Վերջին տասնամյակում, երաշտներն ավելի տևական լինելով, չորային և կիսաչորային շրջաններն անապատ են դարձել: Կլիմայական կտրուկ փոփոխությունները և ջերմոցային գազերը լուրջ վնաս են պատճառել չոր հողատարածքներին, որովհետև դրանց հետևանքով անկանոն անձրևներ են տեղացել և հողում ջուրը պակասել է:

Մյուս կողմից, կլիմայական փոփոխությունների հետևանքով բարձրացել է օդի ջերմաստիճանը և դա էլ է եղել անապատների տարածման պատճառներից մեկը: Օրինակ Մոնղոլիայում վերջին 40 տարիների ընթացքում կլիմայական փոփոխությունների հետևանքներն երեք անգամ ավելի մեծ են եղել քան աշխարհի մյուս շրջաններում: Երբ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը 74 հարյուրորդական աստիճան բարձրացավ, Մոնգոլիայում այդ փոփոխությունն ավելի քան երկու աստիճան էր: Ակնհայտ է, որ կլիմայական այդ փոփոխությունները կարևոր գործոն են եղել անապատացման հարցում: Բույսերը ևս ոչնչացել են օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանքով, ինչը նույնպես անապատային վիճակի ստեղծման պատճառ է դառնում:

Չնայած վերջին տասնամյակներում, երաշտի հետևանքով արագացել է անապատացման գործընթացը, սակայն մարդկային չորս գործոններ արագացրել են այդ ընթացքը:

Անապատացման հիմնական պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը, ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը:

Ավստրալիայում, Միջին Արևելքում և Հնդկաստանում սխալ ոռոգման հետևանքով աղակալել են վարելահողերը: Ասիայի մյուս շրջաններում, այդ թվում Ղազախստանում, Ուզբեկստանում և Չինաստանի հյուսիսում անապատները տարեկան 3600 քառակուսի կիլոմետր տարածվում են: Տեղական կառավարությունների սխալ քաղաքականությունները և ավանդական ձևերը խորացնում են ճգնաժամը: Չնայած ջրամբարտակների կառուցումը և խոր հորատոմները կարճաժամկետում սահմանափակ տարածքներում զարկ են տալիս գյուղատնտեսությանը, սակայն երկարաժամկետում դրանց հետևանքով չորանում են լճերն ու ջրաճահճային հանդակները և տարածվում են անապատները:

*************

Գերարածեցման հետևանքով հողի էրոզիա է տեղի ունենում, ինչը հանգեցնում է անապատացման: Ավանդական անասնապահության հետևանքով ոչնչանում են արոտավայրերը և հողը: Ուսումնասիրություններն հաստատել են այդ իրողությունը: ԱՄՆ-ի հետազոտական մի կենտրոն «Գյուղատնտեսության ազդեցությունը կլիմայական փոփոխությունների վրա» խորագրվ հոդվածում եկել է այն եզրահանգման, որ անխնա արածեցումը անապատացման է հանգեցնում: Ոչնչանում է բուսականությունը և հողն անկարող է դառնում կլանել ածխածնի երկօքսիդը: ԱՄՆ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հաշվարկել է, որ անասնապահության հետևանքով արոտավայրերն անապատի են վերածվում և դրա հետևանքով տարեկան ավելի քան մեկ միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ է արտադրվում:

Փորձագետների կարծիքով անասնապահությունը ևս կլիմայական փոփոխությունների է հանգեցնում: ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի շրջակա միջավայրի հաստատության տնօրեն՝ պրոֆեսոր Ջանաթան Ֆոլին հաշվարկել է, որ մեկ կիլոգրամ տավարի առանց ոսկորի միս արտադրելու համար 30 կիլոգրամ հացահատիկ է պահանջվում: Նրա խոսքով, աշխարհի վարելահողերի 35 տոկոսը անասունների սննդի արտադրման է հատկացվում: Մյուս կողմից, անասնապահության հետևանքով մեթան գազ է արտադրվում: Մեթանը ջերմոցային ուժեղ գազ է և 20 տարվա ժամանակաշրջանում դրա ջերմային էներգիան 72 անգամ գերազանցում է ածխածնի երկօքսիդին:

Նիդերլանդների շրջակա միջավայրի ուսումնասիրությունների կենտրոնը բացահայտել է, որ աշխարհում բուսականությունը տարածվելով, 80 տոկոսով նվազելու են գլոբալ տաքացումը կանխելու ծախսերը:

***********

Ինչպես նշեցինք, անտառների ոչնչացումը ևս հանգեցնում է անապատացման: Անտառները ոչնչանում են ճանապարհաշինության, հրդեհների, փայտերի կտրատման և տարածքի կիրառությունը փոխելու հետևանքով: Ամեն տարի ոչնչանում է 12-15 միլիոն հեկտար անտառային տարածք: Այդ թիվը հավասար է րոպեում 36 ֆուտբոլի դաշտի ոչնչացման: Անկասկած անտառների ոչնչացումը լուրջ ճգնաժամ է: Շրջակա միջավայրի պաշտպանների խոսքով, անտառների ոչնչացումը շարունակվելու դեպքում, մինչև 2030 թվականը կոչնչանա և անապատի կվերածվի ավելի քան 170 միլիոն հեկտար անտառ: Այդ տարածությունը հավասար է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Պորտոգալիայի տարածքին: Այդ տարածքներն ընդգրկված են Ամազոնում, Նոր Գվենիայում, Սումատրայում, Բրունեյում, Ավստրալիայի արևելքում, Աֆրիկայի արևելքում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Կոնգո գետի և Ասիայի հարավ-արևելքում գտնվող Մեկոնգ գետի շրջակայքում, ինչպես նաև ատլանտյան անտառները:

Անտառների ոչնչացումը և անապատացումը հետզհետե ավելի լուրջ հետևանքներ են ունենալու: Այդ երևույթների հետևանքով հեղեղներ կլինեն, կվատանա ջրի որակը և ջրային ռեսուրսներում ու գետերում տիղմ կհավաքվի: Հողի ոչնչանալու հետևանքով կաղտոտվեն նաև գետերն ու օվկիանոսները: Անապատացման ահավոր հետևանքների մասին երկար կարելի է խոսել: Նկատի առնելով հաղորդմանը հատկացված եթերաժամի սպառվելը, զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: Մինչ նոր հանդիպում եթերում ամենայն բարիք Ձեզ: