Իրանահայ հանրահայտ գործիչներ (1. Խաչատուր Վարդապետ Կեսարացի)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանահայ hանրահայտ գործիչներ» նոր հաղորդաշարի առաջին թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Խաչատուր Վարդապետ Կեսարացու կենսագրությանը և Իրանում տպագրության հիմնադրման պատմությանը:
Պատմության ընթացքում հաճախ մարդիկ արդյունավետ քայլեր են ձեռնարկել: Անկախ այն բանից, որ այդ քայլերը ինչ նպատակներով են կատարվել, սակայն իվերջո դրանցից շահել է տվյալ տարածաշրջանի ժողովուրդը:
Բոլորիս քաջ հայտնի է, որ Իրանում առաջին տպարանը հիմնվել է Նոր Ջուղայի թեմի առաջնորդ երանաշնորհ Խաչատուր Վարդապետ Կեսարացու ջանքերով: Խաչատուր Կեսարացին Ս. Ամենափրկիչ վանքում (1620-1646 թվականներին) կատարել է կրթական-լուսավորական աշխատանք։ Չնայած Իրանում տպագրության առջև ծառացած խնդիրներին, վարդապետ Կեսարացին 1638 թվականին Նոր Ջուղայում հիմնելով Իրանի առաջին տպարանը, մեծ ազդեցություն թողեց այս երկրում տպագրության պատմության վրա:
Ո՞վ էր Խաչատուր Վարդապետ կեսարացին, ի՞նչպես հայտնվեց Իրանում, ինչո՞ւ և ինչպե՞ս հիմնադրեց Իրանի և Միջին Արևելքի առաջին տպարանը: Սրանք այն հարցերն են, որոնց կփորձենք պատասխանել այս հաղորդման ընթացքում։
Նախ լսենք Թեհրանի Ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ՝ դոկտոր Անդրանիկ Սիմոնյանին։
Կրթական և լուսավորական գործիչ Խաչատուր Վարդապետ Կեսարացին ծնվել է 1590թ. Կեսարիայում: Երիտասարդ տարիներն անցկացրել է Կիպրոսի Ս. Մակար վանքում, ապա մեկնել Երուսաղեմ, Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ էջմիածին: Նրա երկու հռչակավոր ու գիտնական ուսուցիչները եղել են նախ Գրիգոր Կեսարացին եւ ապա Մովսես Տաթևացի վարդապետները։ Կեսարացին նաև աշակերտել է Գրիգոր Դարանաղցուն և Մելիքսեթ Երևանցուն: Նա ստացել է աստվածաբանական, պատմական, փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրել Դավիթ Անհաղթի երկերը, ծանոթացել Արիստոտելի և Պլատոնի ուսմունքներին: Խաչատուր Կեսարացու աշակերտներից էին Հակոբ Ջուղայեցին, Ոսկան Երևանցին, Հովհաննես Ջուղայեցին և ուրիշներ: Կեսարացին կրոնական, տրամաբանական, ճարտասանական գործերի հեղինակ է:
Չնայած որ հետագայում նա ձեռնադրվեց եպիսկոպոս և մինչեւ իսկ արժանացավ արքության տիտղոսին, սակայն մինչև իր կյանքի վերջը ճանաչվեց որպես Խաչատուր Վարդապետ։
Մինչ Խաչատուր Կեսարացին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի առաջնորդը, որ նաև եղել է առաջին առաջնորդը, եղել է Մեսրովբ արքեպիսկոպոսը, ով 1605թ. բռնի տեղահանված հայության հետ եկել էր Նոր Ջուղա։ 1613թ. դեռեւս նա թեմի առաջնորդն էր: 1620-ին Խաչատուր վարդապետին գտնում ենք Նոր Ջուղայում։ Խաչատուր աբեղա Ջուղայեցին իր «Պատմութիւն Պարսից» գրքում գրում է.«Մեսրովբ արքեպիսկոպոսի մահից յետոյ, որպես նւիրակ Էջմիածնից Նոր Ջուղա եկաւ Խաչատուր արքեպիսկոպոս Կեսարացին՝ Սրբալոյս Մյուռոնը բաշխելու նպատակով եւ ժողովրդին մխիթարելու համար»:
Շարունակելով Կեսարացու մասին իր խոսքերը նա ասում է.«Սա էր այր հեզահոգի, հզօր աստւածաբան, հմուտ Հին եւ Նոր կտակարանների: Երբ ջուղայեցիք տեսան նրա շնորհները և իմաստութեամբ լցված լինելը, մանավանդ աստվածահաճո կենցաղը, նրան հրավիրեցին ընդունել առաջնորդության պատիվը»:
Խաչատուր Կեսարացին խոհեմությամբ եւ նվիրումով վարեց առաջնորդական իր պաշտոնը (գուցե մեկ տարվա ընդմիջումով 1630 թ.) 1620-ից մինչեւ 1646, որի ընթացքում Ս. Ամենափրկիչ վանքում հիմնադրեց համալսարանական մակարդակով ուսումնական կենտրոն, որտեղ աստվածաբանական նյութերից բացի ուսուցանում էր ազատական արվեստ և մետաֆիզիկա:
Խաչատուր վարդապետի գուցե ամենակարեւոր աշխատանքներից իր դաստիարակած աշակերտներն էին, որոնք իրենց ուսուցչի նման խոր գիտությամբ և հավատքով շարունակեցին մտքերի լուսավորության եւ հոգիների փրկության չափազանց կարևոր առաքելությունը։
Խաչատուր աբեղան առաջին հերթին հիշում է Հակոբ Ջուղայեցի վարդապետին, որը հետագայում եղավ Ս. Էջմիածնի կաթողիկոս՝ 1655 թվականին։ Ապա Դավիթ վարդապետին, ով որպես Նոր Ջուղայի առաջնորդ հաջորդեց Խաչատուր վարդապետ Կեսարացուն:
Իվերջո նա խոսում է Հովհաննես Ջուղայեցի վարդապետի մասին, ով Խաչատուր Կեսարացու կարգադրությամբ գնաց Իտալիա, տպագրության արհեստի մեջ մասնագիտանալու համար։
Կեսարացու առաջնորդության տարիներին 1630 թվականը անկյունադարձային կարևորություն ունեցավ նրա կյանքում: 1630թ. Կեսարացու երբեմնի սիրելի ուսուցիչ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը, որպես լիազոր նվիրակ Խաչատուր Կեսարացուն ուղարկեց Լեհաստան, Նիկոլ Թորոսովիչի կողմից տեղի հայ համայնքի կյանքը փոթորկած ու թունավորած վեճին միջամտելու և վերջ տալու համար։
Կեսարացու Լեհաստան կատարած այցելությունը, այնտեղ ապրած դառն փորձառությունը կարևոր դեր ունեցավ հետագայում Ջուղայում տպարան հիմնելու եւ գրքեր տպելու որոշման մեջ։
Իր առաքելության ավարտին Լեհաստանից նախ Էջմիածին եւ ապա Նոր Ջուղա վերադառնալով՝ Կեսարացին առավել քան երբևէ համոզված էր, որ հայ հոգևորականությունը պետք է ավելի զարգացած լիներ։ Լեհաստանում նա տեսել էր թե կաթոլիկ վարդապետները շատ ավելի էին զարգացել եւ խորացել աստվածաբանական խնդիրներում, իսկ նարնցից ոմանք հայ եկեղեցականներից ավելի լավ գիտեին գրաբարի քերականությունը։ Նրանք ունեին իրենց դպրոցների ցանցը: Նրանց տրամադրության տակ էին Եվրոպայում տպված բազմահազար գրքեր, որոնց միջոցով գիտությունը մատչելի էր ոչ միայն եկեղեցականներին, այլ նաեւ՝ պարզ հավատացյալ ժողովրդին։ Այդ նպատակի իրագործման համար խիստ անհրաժեշտ էր ունենալ տպագրված հայերեն գրքեր։ Ժամանակն էր հազարավոր օրինակներով տպվեին Հին եւ Նոր կտակարանները, մեր եկեղեցու ժամագրքերը, շարակնոցները, սուրբերի կենսագրությունները, եկեղեցական հայրերի մեկնողական գրականությունը և մեր ժողովրդի դարավոր անցյալի պատմությունը։
1636 թվականին Խաչատուր վարդապետը ձեռնարկեց Սուրբ Ամենափրկիչ վանքում Պարսկաստանի եւ Միջին Արևելքի առաջին տպարանը հիմնելու աշխատանքը։ Տպարանի հիմնադրման մասին տեղեկությունները կարելի է գտնել 1638-1642թթ. ընթացքում տպագրված գրքերի հշատակարաններից: Այս թվականներին Նոր Ջուղայի տպարանում տպագրվել են «Սաղմոս ի Դաւիթ» 1638, «Հարանց Վարք» 1641, «Խորհրդատետր» 1641, «Ժամագիրք ատենի» 1642 գրքերը:
Ռաֆայել Իշխանյանն իր «Հայ գրքի պատմություն. հայ տպագիր գիրքը, 16-17-րդ դարերում» աշխատության առաջին հատորում անդրադարձել է Նոր Ջուղայի տպարանի հիմնադրության, Խաչատուր վարդապետի անձի և նրա տպագրած գրքերի բովանդակությանը։ Իշխանյանը Նոր Ջուղայի տպարանի հիմնադրությունը նմանեցրել է Մեսրոպ Մաշտոցի կատարած գրերի գյուտին։
Այս շարքում հետաքրքիր է նաև կարդալ առաջին գրքի հիշատակարանում Կեսարացու վկայությունը, որ ասում է.«Ահա մէկ տարի եւ հինգ ամիս է, որ մենք գիշեր ու ցերեկ աշխատում ենք. այս գրքի տպագրութեան համար, ոչ մի վարպետ կամ ուսուցիչ չենք ունեցել, որ մեզ սովորեցնի տպագրության արվեստը. ունեցել ենք միայն Սուրբ Հոգի՝ որպես ներշնչման աղբյուր եւ առաջնորդ և մեր հոգևոր հայր Մովսես կաթողիկոսի փափագն ու աղոթքը առ Աստված»:
Աշխատանքին մասնակից դարձած անձերից հատկապես հիշվել են վարպետ Հակոբճան, Տեր Հովհաննես քահանա, Տեր Միքայել ու Հովսեփ անունները։
«Հարանց վարք»-ի Հիշատակարանի մեջ հանդիպում ենք նոր անունների։ Մինչդեռ «Սաղմոս ի Դաւիթ»-ի պարագայում, Խաչատուր վարդապետից բացի, հիշվել են միայն չորս անուններ, այստեղ ունենք թվով 16 անուններ։ Կեսարացին ասում է.«Սրանք բոլորն էլ օգնեցին, մեկը թղթի պատրաստման. մի ուրիշը գիրքը կազմելու, մեկ ուրիշը շարված գրությունը սրբագրելով և ուրիշներն էլ այլ գործերում»։ Ինչ վերաբերում է թղթին, կեսարացին ասում է, որ այն պատրաստել են իրենք ու քանի որ չեն կարողացել գտնել պատրաստման նյութի լավագույն տեսակը առ այժմ բավարարվել են եղածով՝ հուսալով, որ ապագայում կարողանան պատրաստել ավելի լավը։
Եվրոպացի ազգերի մեջ տեսնելով տպագրության բարիքները, Խաչատուր վարդապետը միշտ ցանկանում էր նույնը իրականացած տեսնել հայ ժողովրդի մեջ։ Հետևաբար շարունակ ելքեր է փնտրում տպագրության գյուտին ծանոթանալու. իսկ երբ այդ գիտությունը չկարողացավ ձեռք բերել, ապավինեց Աստծուն և աշխատասիրությամբ հաջողեց գրքեր տպել եւ դրանք տարածել հայ ժողովրդի մեջ։ Ջուղայում տպագրված առաջին գրքերի հիշատակարաններից մեկում այս անգամ Սիմեոն վարդապետը տպագրության թերության համար հայցում է ընթերցողի ներողամտությունը, և ասում է Խաչատուր վարդապետը որեւէ վարպետից չի սովորել տպագրության արվեստը և կարողացել է ապավինելով Աստծուն հօգուտ ժողովրդի լույս ընծայել այսքանը:
«Ժամագրքի» վերջին հիշատակարանից իմանում ենք, որ այս գրքի ամբողջական տպագրությունը ավարտվել է 1642 թվականի ապրիլի 21-ին, իսկ Խաչատուր վարդապետը վախճանվել է 1646 թվականին։ Այդ չորս տարիների շրջանում որևէ նոր գիրք չի տպագրվել։ Բնականաբար հարց է առաջանում, որ ինչո՞ւ չի շարունակվել տպագրության աշխատանքը։ Առանց աղբյուրը հիշատակելու Լեւոն Մինասյանն այս կապակցությամբ գրում է.«Խաչատուր Կեսարացու տպարանը, որն իր տեսակի մեջ կարելի է գյուտենբերգյան երկրորդ գյուտ համարել, շատ կարճ կյանք է ունեցել։ Հազիվ վերոհիշյալ չորս գրքերը տպագրվել են, ըստ հասած տեղեկությունների, եղած հակառակությունների պատճառով, այրվել են տպարանն ու մամուլը, որից ներկայում մնում են միայն որոշ թվով տառեր եւ մի քանի տառաշարի կաղապարներ»։
Ռաֆայել Իշխանյանը «Հայ գրքի պատմություն» իր աշխատասիրության մեջ այսպես է բնութագրում Խաչատուր Կեսարացու եւ իր օգնականների կատարած գործի բացառիկ արժեքը.«.... Աբգար Թոխատեցին հայկական տպագրությունն Իտալիայից բերեց Կ. Պոլիս, որով տպարանը նախ մոտեցրեց Հայաստանին, ապա աշխատեցրեց հայաշատ մի կենտրոնում։ Իսկ Խաչատուր Կեսարացին որեւէ տեղից չբերեց, այլ տպարան ստեղծեց Նոր Ջուղա հայաքաղաքում ....»:
Վերջին գրքի տպագրությունից 4 տարի անց 1646թ. վախճանվում է Խաչատուր վարդապետը, երբ դեռևս 56 տարեկան էր: Նրա գերեզմանը գտնվում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի եկեղեցու խորանի տակ գտնվող նկուղում, որ դարձել է ուխտատեղի՝ հավատացյալների համար։
1978 -2002 թ. Նոր Ջուղայի թեմակալ առաջնորդ Կորյուն արք. Պապյանը հիշում է.«Հիմա յիշում եմ այն օրը, երբ Իրանի Իսլամական Հանրապետութեան այդ տարիների վսեմաշուք նախագահ Հոջաթոլէսլամ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, Սպահանի նահանգ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Մէյդանէ Խոմէյնիում հաւաքւած շուրջ մէկ միլիոն ժողովրդի ներկայութեամբ իր արտասանած պատմական ճառի ընթացքում, յատուկ անդրադարձաւ հայութեան բերած կարեւոր նպաստին՝ Սպահանի արւեստի աշխարհին. այդ առիթով մասնաւորապէս յիշեց հայոց վանքում Խաչատուր վարդապետ Կեսարացու կողմից հիմնված Միջին Արևելքի առաջին տպարանը:
Այդ օրը, ես նստած պետական բարձրաստիճան հիւրերի հետ, առաջին շարքի վրայ, մեծ գոհունակութեամբ ընդունեցի այաթոլլահների ինձ ուղղված գնահատական, սիրալիր ու ջերմ ժպիտները. սակայն նույն պահին ես մտածում էի Խաչատուր Կեսարացու եւ իր միաբանակից եղբայրների մասին. երախտագիտութեան եւ սիրոյ զգացումներով լցւած՝ ի խորոց սրտի աղօթում էի նրանց հոգիների խաղաղութեան համար»:
«Հաւիտենական հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»: