Ապրիլ 15, 2021 08:25 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Անբիա սուրահի 57 և 58-րդ այաներ

وَتَاللَّهِ لَأَکِیدَنَّ أَصْنَامَکُم بَعْدَ أَن تُوَلُّوا مُدْبِرِینَ

فَجَعَلَهُمْ جُذَاذًا إِلَّا کَبِیرًا لَّهُمْ لَعَلَّهُمْ إِلَیْهِ یَرْجِعُونَ

Հանուն Աստծո երդվում եմ, որ ձեր՝ կուռքերից հեռանալուն պես, կհարձակվեմ նրանց վրա:

Ու նրանց կտոր-կտոր արեց, բացառությամբ ամենամեծ կուռքի, որպեսզի ժողովուրդը պատահածի համար նրան դիմեր:

 

Երբ Աբրահամը, կռապաշտների հետ բանավիճելուց հետո զգաց, որ այդ խոսակցություններն անարդյունք են և նրանք չեն հասկանում, որ մոլորության մեջ են, հայտարարեց, որ կդիմի որոշակի քայլերի ու նրանց ցույց կտա կուռքերի թուլությունը: Սակայն մարդիկ չհավատացին նրան, ասելով, որ դա անհիմն սպառնալիք  է: Աբրահամը հարմար ժամանակ էր փնտրում, որպեսզի իրականացնի իր մտադրությունը: Մի տոնական օր, երբ բոլոր մարդիկ դուրս եկան քաղաքից, Աբրահամը մնաց քաղաքում ու  գնաց այն վայրը, որտեղ կուռքերն էին: Նա ջարդեց բոլոր կուռքերը, պահելով միայն ամենամեծին: Այն մարդկանց մոտ հատուկ դիրք ուներ: Մեծ կուռքին պահելով Աբրահամը գիտեր, որ երբ մարդիկ տեսնեին, որ բոլոր կուռքերը փշրվել են ու մնացել է միայն այդ մեկը, վերջինիս կմեղադրեին որ կանգուն է մնացել:  

Այս այաներից սովորում ենք.

1. Աստվածային մարգարեները նախ պետք է բանավեճի միջոցով և այնուհետև գործնական քայլերով պայքարեն կռապաշտության դեմ:

2. Մեծ գործեր կատարելու համար պետք է ճիշտ ծրագիր մշակել: Մարգարեներն ապավինելով Աստծուն և մշակելով ճիշտ ծրագրեր, իրականացնում էին իրենց նպատակները:

Անբիա սուրահի 59 և 60-րդ այաներ

قَالُوا مَن فَعَلَ هَذَا بِآلِهَتِنَا إِنَّهُ لَمِنَ الظَّالِمِینَ

قَالُوا سَمِعْنَا فَتًى یَذْکُرُهُمْ یُقَالُ لَهُ إِبْرَاهِیمُ

(Կռապաշտները) գոչեցին. «Նա, ով այսպես է վարվել մեր աստվածների հետ, անտարակույս ամբարիշտ է»:

Նրանք ասացին. «Լսեցինք, որ մի երիտասարդ (արհամարհանքով) խոսում է նրանց մասին: Անունն Աբրահամ է»:

Երբ տոնն ավարտվեց ու կռապաշտները քաղաք վերադարձան, տեսան, որ բոլոր կուռքերը ջարդվել են: Նրանք զայրացան ու հարցրին, թե ով է դա արել: «Մենք նույն կերպ կվարվենք այն մարդու հետ, ով սա արել է». ասացին նրանք: Այդ ժամանակ ոմանք մեղադրեցին Աբրահամին ու ասացին, որ նա է այդպես արել:

Այս այաներից սովորում ենք.

1. Սխալ կարծիքը մարդուն մոլորեցնում է, պատճառ դառնալով, որ կռապաշտությունը ճշմարտություն տեսնեն, իսկ միաստվածությունը` չարիք:

2. Երիտասարդները կարող են շատ կարևոր դեր կատարել հասարակությունն առաջ տանելու գործում և մեծերին ցույց տալ իրենց սխալը:

 

Անբիա սուրահի 61-րդ այա

قَالُوا فَأْتُوا بِهِ عَلَى أَعْیُنِ النَّاسِ لَعَلَّهُمْ یَشْهَدُونَ

(Մյուսներն) ասացին. «Թող նրան բերեն ժողովրդի առջև, որպեսզի ամեն մարդ վկայի նրա դեմ»:

Որոշ մարդիկ մեղադրեցին Աբրահամին: Մեծամեծներն ասացին. «Աբրահամին և այդ մարդկանց կանչեք, որ վկայություն տան, թե նա է այդ քայլին դիմել: Եվ եթե պարզվի որ մեղադրանքը ճիշտ է, մենք նրան կպատժենք»:  Դատարանը կազմվեց և դատին ներկա էր նաև տվյալ շրջանի իշխանը: Քաջ և հավատացյալ երիտասարդը, դատավորի հարցերին պատասխանելով ներկայացրեց իր կարծիքը կռապաշտության մասին և պաշտպանեց իր քայլը: