Իրանահայ հանրահայտ գործիչներ (2.Հովահննես Վարդապետ Ջուղայեցի)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի և Միջին Արևելքի առաջին տպարանի հիմնադրման մասին և անդրադարձանք այդ նպատակի իրականացմանն ուղղված Խաչատուր վարդապետ Կեսարացու կողմից գործադրված ջանքերին: Այսօր կփորձենք տեղեկություններե հաղորդել Կեսարացու աշակերտ Հովհաննես Վարդապետ Ջուղայեցու մասին, ով մեծ ջանքեր գործադրեց իր ուսուցչի գործը շարունակելու և տպագրության գործին նպաստելու համար:
Հովահննես Վարդապետը ծնվել է Նոր Ջուղայում: Նրա մասին խոսող առաջին աղբյուրը Կեսարացու տպագրած «Ժամագրիք ատենի»-ն է, որի հիշատակարանի բաժնում աղոթքի խնդրանք է կատարվում նաև Կեսարացու աշակերտների համար: Այդ բաժնում բերված անուններից Հովհաննես վարդապետի մասին ասված է.«..... և Հովհաննես վարդապետին, որ գնացել է շրջելու լատինացիների աշխարհում, որպեսզի նրանցից սովորի եւ վերադառնալով ուղղի մեր աշխատանքի թերությունները իր սովորածը հաստատելով այստեղ»:
Ժամանակագրորեն երկրորդ աղբյուրը, որ խոսում է Հովհաննես վարդապետի Եվրոպա կատարած ճամփորդության մասին Պարսից պատմության հեղինակ Խաչատուր Աբեղա Ջուղայեցին է, որ հստակորեն ասում է, որ Հովհաննես վարդապետը Խաչատուր Կեսարացու կարգադրությամբ և հրամանով 1639թ. մեկնել է Իտալիա, որպեսզի այնտեղ սովորի տպագրության արհեստը եւ մի տպարան իր հետ բերի Նոր Ջուղա՝ մեծ համբավ ունեցող Ս. Ամենափրկիչ վանք:
Հովհաննես վարդապետը Իտալիա կատարած ճամփորդության և այնտեղ իր գործունեության մասին գրել է իր իսկ տպագրած «Սաղմոսարանի» առաջաբանում և հիշատակարանում:
Հովհաննես Վարդապետը շուրջ մեկ տարի ծովային ու ցամաքային ճանապարհ կտրելով հասնում է Իտալիա, Վենետիկ քաղաք: Վենետիկից մեկնում է Հռոմ և այնտեղ պատրաստում նոր տառեր ու տպագրական միջոցներ: Այնտեղից մի քանի վարպետների հետ մեկնում է Լիվոռնո և այնտեղ տպագրում է «Սաղմոսարանը»: Չհաշված ճանապարհում անցկացրած ժամանակը Հովհաննես վարդապետի տպագրական առաջին աշխատանքը տևում է երեք տարի երեք ամիս դժվար օրեր: Ինչ-ինչ պատճառներով շատերը փորձում եմ և՛ Ջուղայում և՛ Իտալիայում խանգարել ու խափանել Հովհաննես վարդապետի աշխատանքը: Սակայն նա պատմում է, որ առանց հուսահատվելու և նահանջելու, ապավինելով Աստծուն և հիշելով Պողոս Առաքյալի այն խոսքը, որ ասում է,- Եթե Աստված մեր կողմն է ո՞վ է մեզ հակառակ, իր գործընկերների հետ միասին շարունակել ու ավարտին է հասցրել «Սաղմոսարանի» տպագրման գործը: Սաղմոսարանի մեջ Հովհաննես վարդապետը գրում է, որ եթե այս տպագրությունը հավանել եք փառք տվեք Աստծուն, իսկ եթե ոչ ներողամիտ եղեք, քանի որ մենակության ու անմխիթար վիճակի պատճառով շտապեցինք այս աշխատանքի մեջ: Պարզ է, որ Հովհաննես վարդապետի տխրության ու ընկճվածության պատճառը եղել են հակառակորդների կողմից ձեռնարկված քայլերը, բայց ովքեր են եղել նրանք ու ինչո՞ւ են այդպես վարվել այդ մասին շատ բան հայտնի չէ մեզ: Կան որոշ ենթադրություններ, որ նրանք եղել են կաթոլիկ կղերականները և ձեռագիր մատյաններ ընդօրինակողները: Հարկ է նշել, որ Հովհաննես վարդապետը Լիվոռնոյում տպագրած «Սաղմոսարանից» ուղարկում է կեսարացու համար:
Այն ամենը ինչ Հովհաննես վարդապետը կատարել է այդ պայմաններում հերոսության հետ համազոր երևույթ է քանի որ նա մի կողմից պայքարել է կաթոլիկ կղերականների ու հայ հակառակորդների դեմ, իսկ մյուս կողմից կարողացել է հետապնդել և ավարտին հասցնել իր նպատակները:
Հովհաննես վարդապետը 1644թ. Լիվոռնոյում իր առաջին գիրքը «Սաղմոսագիրքը» տպագրելոց երկու տարի հետո վերադառնում է Սուրբ Ամենափրկիչ վանք: Սակայն ինչո՞ւ է նա երկու տարով հետաձգում իր վերադարձը: Հավանաբար դա կապված է եղել Նոր Ջուղա բերվելիք տպարանի ամբողջ գործիքների ու տպատախտակների պատրաստման հետ: Այստեղ պետք է հիշել նաև այն որ Իտալիայում նրա փորագրել տված տպատախտակներից 20-ը ներկայացնում են Ս.Գրիգոր լուսավորչի կյանքն ու գործունեությունը, որոնցից պահպանվել են 15-ը, որ ցուցադրված են Նոր Ջուղայի վանքի թանգարանում:
Ձախից աջ՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ, Գրիգոր Լուսավորիչը աղոթում է խոզի կերպարանք ստացած Տրդատի համար
Ի վերջո նա Նոր Ջուղա է վերադառնում 1646թ.: Հասնելով Սուրբ Ամենափրկիչ վանք նա լսում է իր սիրելի ուսուցչի և հոգևոր հոր մահվան բոթը: Հովհաննես Վարդապպետն իր վիճակը համեմատում է քերթող հայրերի հատկապես Մովսես Խորենացու հետ, որովհետև Նոր Ջուղայում իր հետ վարվում են այնպես, ինչպես ժամանակին վարվեցին Խորենացու հետ: Չկար Խաչատուր Կեսարացին և ոմանք անօգուտ էին համարում տպագրական աշխատանքով զբաղվելը և շարունակելը: Այս վերաբերմունքից նա մեծ հուսախաբություն է ապրում, սակայն իր մեջ ուժ գտնելով և ապավինելով Աստծուն 1647թ. Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանում տպագրում է իր առաջին գիրքը, որ կոչվում էր «Գիրք տոմարաց կամ Պարզատումար»:
Հեռու մնալով «Պարզատումարի» մասին մեկնաբանություններից պարզապես լսենք Հովհաննես Վարդապետի խոսքերը: Նա ասում է.«Որպեսզի իմ թափած ջանքերը ի զուր անցած չլինեն, վերագտա իմ մեջ նոր ուժ և կորով: Նաև մտածեցի՝ տեսնելով տպագրությանս օգտակարությունը եւ արդյունքը, հնարավոր է մեկի հոգու մեջ արթնանա նախանձախնդրության ոգին՝ աշխատանքս առաջ տանելու կապակցությամբ: Ուստի, ապավինելով Սուրբ Հոգուն ձեռնարկեցի՝ ըստ Ազարիայի Տոնացույցի այս «Պարզատումար»-ի տպագրությունը, ցույց տալու համար որ իմ գործառնության մեջ պակասություն, թերություն չկա:Իսկ եթե այս կերպով իմ տպագրության գործը չառաջդիմի, գոնե մենք մեղադրանքից զերծ կմնանք. այն ժամանակ չեն կարողանա իմ մասին ասել, որ սկսեց աշտարակ կառուցել, բայց չկարողացավ ավարտել, որովհետև Աստծո շնորհիվ, ինչպես սկսեցինք այդպես էլ ավարտեցինք, քանզի ոչ միայն Իտալիայում, այլ այստեղ ցույց տվեցինք մեր աշխատանքի արդյունքը, ինչպես արդեն հայտնի է»:
Հովհաննես վարդապետը որպես երկրորդ աշխատանք ձեռնարկեց Աստվածաշնչի տպագրությունը: Այս գործը մնաց անավարտ: Ցավալին այն է, որ նրա տպագրած Աստվածաշնչի պրակներից և ոչ մեկը չի պահպանվել: Իր հերթին, Լևոն Մինասյանը, որ շուրջ 40 տարի ամենօրյա ներկայություն է ունեցել Ս. Ամենափրկիչ վանքում և տասնամյակներ եղել է արխիվատան, տպարանի, մատենադարանի, ձեռագրատան ու թանգարանի տեսուչ, շատ է փնտրել դրա հետքը, բայց չի հաջողել գտնել: Աստվածաշնչի տպագրության անավարտ մնալու մասին Ռ. Իշխանյանը ասում է, որ հավանաբար Իտալիայից բերված պարագաները բավարար չեն եղել Աստվածաշունչ տպագրելու համար, սակայն Նոր Ջուղայի թեմի երբեմնի առաջնորդ Կորյուն Արք. Պապյանը այն համոզման է, որ եթե Հովհաննես վարդապետը չունենար բավարար փորձ և համապատասխան գործիքներ նույնիսկ չէր սկսի այդ գործը: Կորյուն Սրբազանը գործի ձախողումը պայմանավորում է Հովհաննես վարդապետին ուղղված հալածանքներով:
Այս ամենից հետո Հովհաննես վարդապետի համար անկարելի էր մնալ Նոր Ջուղայում: Հետևաբար նա Մեկնում է Ս. Էջմիածին: Նախքան Հովհաննես Ջուղայեցու եղերական վախճանին անդրադառնալը չմոռանանք հիշել, որ ֆրանսացի հայտնի ճանապարհորդ Ժան Թավերնիեն իր «Ճանապարհորդություն ի Պարսկաստան» գրքի մեջ հիշում է ոմն Հովհաննեսի անունը, որ արքունական ատաղձագործների գլխավորն էր և մեքենական արվեստի մեջ իր հմտությունը կատարելագործելու համար 1641-ին ճամփորդել է Եվրոպա, այնտեղ հմտացել է տպագրության արվեստի մեջ և Սպահան վերադառնալով հիմնել է տպարան և հրատարակել՝ Պողոս Առաքյալի թղթերը: Անշուշտ նա խոսում է Հովհաննես Վարդապետ Ջուղայեցու մասին:
Հովհաննես Վարդապետի Ջուղայից հեռանալուց հետո տպարանի աշխատանքը շարունակվելու մասին Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի ու գրականության ամբիոնի շրջանավարտ Ստելլա Ղուկասյանն ասում է.
Էջմիածին մեկնելուց հետո, Հովհաննես Ջուղայեցի վարդապետը եպիսկոպոս է ձեռնադրվում ու նշանակվում է Հին Ջուղայի այսինքն Նախիջևանի թեմի առաջնորդ: Առաջնորդության տարիներին նա օգնում է մի խեղճ հայ գյուղացու ազատել իր աղջկան, որը պարտքի պատճառով պատանդ էր պահվում մի անօրեն տաճիկի մոտ: Անօրենն իմանալով, որ նա է օգնել գյուղացուն ազատել աղջկան, դավադրաբար սպանում է Հովհաննես վարդապետ Ջուղայեցուն: Այսպես ավարտվեց նվիրյալ վարդապետի կյանքը: Նա իր ողջ կյանքում նվիրված մնաց լուսավորության գործին: Ճիշտ է իր կենդանության օրոք նա ըստ արժանվույն չգնահատվեց, սակայն այսօր կարող ենք հաստատ համոզումով ասել, որ նրա գործունեությունը, Խաչատուր Կեսարացու սկսած աշխատանքի և հետագա զարգացումների կապող օղակն է: