Ապրիլ 28, 2021 04:04 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կադրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Պարսիկ հեղինակավոր պոետ Սաադիի մեծարման օրվա կապակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի գրողների միությունում անցկացվեց «Մի ակնթարթ խոսքի վարպետ Սաադիի հետ» խորագրով միջոցառումը, որի շրջանակում գրողներն ընթերցեցին վարպետի ստեղծագործությունները:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային ասաց, որ Սաադիին դասում են այն մեծերի շարքին, ինչպիսիք են Ֆիրդուսին, Օմար Խայամը:

«Պարսիկ մեծ բանաստեղծները կարողացել են վարպետությամբ ստեղծագործել տարբեր ոճերում՝ սիրային, լիրիկական, էպիկական, բարոյախրատական, դաստիարակչական և այլն, իսկ Սաադին փայլել է գրական բոլոր ժանրերում և կատարելության հասցրել դրանք: Ֆիրդուսիից հետո Սաադիին կարող ենք համարել իրանցի այն պոետը, որը պարսից լեզվի պահպանման գործում մեծ դերակատարություն է ունեցավ: Երբ Պարսկաստանում լայն տարածում էին գտնում արաբական բառերը, Սաադին եկավ՝ վերածնունդ տալով պարսից լեզվին»,-շեշտեց Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային՝ ընդգծելով Սաադիի բարոյախրատական և դաստիարակչական պատմվածք-հեքիաթների կարևորությունը:

Նրա խոսքով՝ պարսից պոեզիան գարուն է, և գարնանը մեծարում են պարսից պոետներին: Միջոցառումների շարքն սկսում են Սաադիով և աշխատելու են տարբեր տուն-թանգարանների, համալսարանների հետ՝ իրականացնելով պարսից հեղինակներին նվիրված նախաձեռնություններ: Մայիսի 14-ին նախատեսվում է Ֆիրդուսիի մեծարման օր անցկացնել, իսկ մայիսի 18-ին՝ Օմար Խայամի:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Սաադին միջնադարի մեծ բարոյագետ էր, որի գործերը 18-19-րդ դարերում թարգմանվել են մի շարք եվրոպական լեզուներով, ինչպես նաև ռուսերեն, հայերեն: «Սաադին ծնվել է Ֆարս նահանգում, որտեղ բազմաթիվ այլ մեծություններ են ծնվել՝ դառնալով համաշխարհային գրականության կարևոր մաս: Հենց Ֆարսում է ձևավորվել պարսիկ ժողովրդի մեծ սերը գրականության հանդեպ, որով նրանք ապրում են: Պարսիկները պոետական ժողովուրդ են իրենց նիստուկացով,  ստեղծածով»,ասաց նա:

Միլիտոնյանը հիշեցրեց, որ Սաադին շեյխ է եղել, գերի ընկել և ճաշակել կյանքի ծանրությունն ու դառնությունը՝ իր հույզերն արտահայտելով «Բոստան», «Գյուլիստան» հրաշալի բարոյագիտական, փիլիսոփայական երկերում, որոնք միջնադարյան գրականության ոգին էին:

«Մենք պետք է ուրախ լինենք, որ մեր թարգմանիչները թարգմանել են Սաադիի  գործերը, և մեր մեծերը՝ Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը, ինչպես նաև ժամանակակից գրողները ևս անդրադարձել են Սաադիին»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Միջոցառումը նախաձեռնել էին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի գրողների միությունը:

Պարսիկ բանաստեղծ-մորալիստ Սաադին գրել է շատ բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ՝ որպես սովորեցնող օրինակներ բերելով հենց իր թափառական կյանքի փորձը։ Զգալով աշխարհի անցողիկությունը և ունայնությունը՝ նա համաձայնվել է իրեն նախորդող սուֆիական հայացքների տեր մյուս բանաստեղծների հետ։ Այդպիսիք էին ինչպես նրան նախորդող, այնպես էլ նրանից հետո ստեղծագործած պոետներ Ֆարիդէդդին Աթթարը, Ջալլալէդդին Ռումին, շեյխ Աբդ ալ-Քադիր ալ-Ջիլանին և ուրիշներ։

Լավ ճանաչելով մարդկանց ու մարդկային բնությունը՝ Սաադին միաժամանակ գրում էր, որ ոչ բոլորն են ընդունակ հեռանալու աշխարհից, վարելու միանձնյա կյանք և բացառապես տրվելու հոգևոր պատկերացումներին։ Նա աշխարհիկ կյանք վարողներին խորհուրդ է տալիս վարել ասկետական կյանք, այսինքն ապրել աշխարհի մեջ, սակայն չտրվել աշխարհայինին, հասկանալ դրա անցողիկությունը և ամեն րոպե պատրաստ լինել կորցնելու երկրային ունեցվածքը։

 

«Մի ամիս իրանցի դասական պոետների հետ» ծրագրի շրջանակում կթողարկվի Իրանի պոետների ընտրյալ ստեղծագործությունների աուդիոգիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը:

«Օրերս Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոն էին այցելել «Մեհր» մշակութային ակումբի տնօրեն Վաղինակ Սարգսյանը և ասմունքող Աիդա Ասատրյանը: ԻԻՀ մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբայու հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին «Մեհր» ակումբի կողմից հրատարակվելիք տեսաերիզների հարցը և որոշվեց «Մի ամիս իրանցի դասական պոետների հետ» ծրագրի շրջանակում նախապատրաստել և թողարկել իրանցի դասական պոետներ Ֆիրդուսու, Սաադիի, Օմար Խայամի, Նիզամի Գյանջավիի և այլոց բանաստեղծությունների հայերեն տեսաերիզը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Տեսաերիզի հետ միասին կհրատարակվի բանաստեղծությունների պարսկերեն և հայերեն երկլեզու հատորյակը:

 

Գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի 160-ամյակին կկազմակերպվի դասականին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 22-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Թանգարանի ֆոնդից կցուցադրվեն լուսանկարներ, նամակներ, Հայկական հարցի և բարեփոխումների վերաբերյալ հոդվածներ, «Այրին», «Ծանոթ դեմքեր և պատմվածքներ» նովելների և այլ ստեղծագործությունների ինքնագրեր և արխիվային նյութեր:

Ականավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականի հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում: Զոհրապն ընտրվում է թուրքական մեջլիսի պատգամավոր: Պառլամենտում նա իր ելույթներում պաշտպանում էր ազգային փոքրամասնությունների շահերը: Ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներին, ջանքեր էր գործադրում խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Ինքն իր մասին ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

Զոհրապը դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին:

 

Հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հովհաննես Չեքիջյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:

Մրցույթը 2021-ին իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդ երաժիշտներ‚ որոնք իրենց ծրագրերում կատարում են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Մրցույթի նպատակն է ամբողջ աշխարհում էլ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը‚ բացահայտել տաղանդաշատ երաժիշտների ու նպաստել նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

Ներկայումս ընթանում է մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ 18-36 տարեկան դիրիժորները մինչև 2021թ. մայիսի 10-ը կարող են լրացնել մասնակցության հայտը։ Նախընտրական փուլն անցած դիրիժորներն իրավունք կստանան մասնակցելու մրցույթին։ Արդեն իսկ կան մեծ թվով դիմորդներ աշխարհի տարբեր ծայրերից։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

 

Հայկական կինոարվեստի և կերպարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է մշակութային կինոժառանգության նմուշներն ուղղորդել դեպի թանգարան՝ բացառիկ ու եզակի կադրերին տալ նոր կյանք ու նոր շնչառություն (դասախոսություն, ցուցադրություն, կինոդիտում)։

Հուշագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «Սա–Նրանից– Հին» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հիմնական թեմաներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի վանքերը:

Յուրօրինակ ցուցադրանքում ներառված է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերականգնված Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան (Հաղպատ և Սանահին վանական համալիրների տեսարաններով):

«Հայկական կինոարվեստի և կերպարվեստի   մշակութային ժառանգության վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունը  առիթ  հանդիսացավ երկու պետական կառույցների ղեկավարների՝ Շուշանիկ Միրզախանյանի (Հայաստանի ազգային կինոկենտրոն) և Մարինե Հակոբյանի (Հայաստանի ազգային պատկերասրահ) համար՝ ստորագրելու գործակցության այս հեռանկարային հուշագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Հայաստանի պատմության թանգարանն օնլայն հարթակում մեկնարկել է «Մասունքներ, որ լուռ չեն» խորագրով ցուցադրությունը:

Թանգարանը ցուցադրությունը նվիրում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

Ցուցադրության շրջանակում Պատմության թանգարանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է լուսանկար, որում պատկերված է գոբելեն (մինդար) կնոջ պատկերով:

«Մինդարը գործվել է գաղթի ճանապարհին`1915-1918 թվականներին Արևմտյան Հայաստան, հեղինակը՝ պրն. Գրիգորը,  ծնված Կեսարիայում, 1851-53թթ: Թանգարանին նվիրել է Երանուհի Հայդոստյանը (Գերմանիա): 1933 թվականին Գրիգորը Բեյրութում մինդարները վաճառել է Կ. Գավանճյանին՝ տուն վարձակալելու համար գումար ստանալու նպատակով»,-ասվում է լուսանկարին կից զետեղված հաղորդագրության մեջ:

 

Արհեստական ինտելեկտին սովորեցրել են վերականգնել գեղանկարչության կորսված գլուխգործոցները, հաղորդում է Planet today-ը:

Գիտնականները խումբը, որում ներառվել են ֆիզիկոսներ եւ նեյրոկեսնաբաններ, որոշել է վերականգնել Պաբլո Պիկասոյի «Նստած կինը» կտավը: Ռենտգենի, արհեստական ինտելեկտի պրոցեսորների եւ 3D-պրինտերի օգնությամբ նրանց հաջողվել է վերականգնել կտավը

Այդ ինովացիոն տեխնոլոգիայով մասնագետներն արդեն վերականգնել են արվեստի հարյուրավոր գլուխգործոցներ: Դրանցից յուրաքանչյուրը կարելի է գնել 11 111 դոլարով: Տեխնոլոգիան ստացել է «նեոմաստիկ պրոցես» անվանումը: