Ապրիլ 28, 2021 04:09 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Նախորդ երկու հաղորդումների ընթացքում խոսեցինք Իրանում առաջին տպարանի հիմնադրման և տպագրության առաջին նվիրյալների՝ Խաչատուր վարդապետ Կեսարացու և Հովհաննես վարդապետ Ջուղայեցու մասին ու տեսանք թե ինչպես տքնաջան աշխատանքով նրանք լծվեցին լուսավորության գործին: Այս թողարկման ընթացքում կներկայացնենք հայ պարբերական մամուլի հիմնադիր՝ Հարություն քահանա Շմավոնյանին։Ընկերակցեք մեզ։

Պատմության ընթացքում մյուս իրանցիների նման իրանահայերն էլ չեն սահմանափակվել միայն Իրանում գործունեություն ծավալելով ու երբ հայտնվել են աշխարհի տարբեր վայրերում փորձել են իրենց կարողություններով օգտակար հանդիսանալ տվյալ տարածաշրջանի ժողովրդին: Հարություն քահանա Շմավոնյանը մեկն է այն իրանահայերից, որ հրատարակեց հայ իրականության առաջին տպագիր մամուլը՝ «Ազդարար» ամսագիրը:  

Հարություն քահանա Շմավոնյան

Հայ պարբերական մամուլի հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանը ծնվել է 1750թ. Իրանի Շիրազ քաղաքում: Նա իր ժամանակի ուսյալ մտավորականներից է եղել, քաջածանոթ հայ հին և միջնադարյան մշակույթի պատմությանը: 1777թ. համաճարակի պատճառով նա կորցնում է իր երկու դեռահաս զավակներին: Այս ցավալի դեպքից հետո Շմավոնյանը նվիրվում է ճգնակեցության: Այդ տարիներին, որն իդեպ տևել է 7 տարի, նա ուսումնասիրում է պարսից և արաբական լեզուները և գրականությունը, փիլիսոփայական ու աստվածաբանական ուսմունքները: Նա փորձում էր խորապես ուսումնասիրել բնությունն ու հասկանալ նրա գաղտնիքները:

Քարայրը, որտեղ անցել են Շմավոնյանի ճգնության 7 տարիները

Այժմ լսենք Իրանահայ ուսուցչուհի և հայերենագիտական երեկոյան դասընթացների Հայոց պատմության դասախոս Կարինե Ասատրյանին:

Թողնելով ճգնակեցությունը նա վերադառնում է քաղաք, սակայն նա այլևս չի կարողանում ապրել իր ծննդավայրում, քանի որ ամեն ինչ նրան հիշեցնում էր իր մեծ վիշտը: Հետևաբար 1784թ. նա որոշում է գնալ Հնդկաստանի հայաշատ վայրերից մեկը՝ Մադրաս քաղաքը: Այստեղ նա կարճ ժամանակամիջոցում իր հայրենասիրությամբ, գիտելիքներով և առաքինի վարքով այնքան սիրելի է դառնում տեղի հայ համայնքին, որ որոշում է ընդմիշտ հաստատվել Մադրասում: Նա այստեղ աշխատում է 40 տարի:

Հմտանալով տառեր ձուլելու արհեստի մեջ, 1789թ. նա հիմնադրում է Մադրասի երկրորդ հայկական տպարանը: Այստեղ տպագրված առաջին գիրքը «Մարիանե կուսին վկայաբանությունն» է: Շմավոնյանին օգնելու համար Կալկաթայից Մադրաս է գալիս Սամուել քահանա Ղայթմազյանցը, որի խորհրդով Շմավոնյանը տպագրում է տեղի հայկական դպրոցների համար անհրաժեշտ գրքեր: Հետագայում նա տպագրում է Պաղտասար Դպիրի «Գիրք քերականութեան»-ը, Դավիթ Անհաղթի «Գիրք սահմանաց»-ը, Շնորհալու «Հիսուս որդի»-ն և այլ աշխատություններ:

1794թ. հոկտեմբերին Հարություն Շմավոնյանը հիմնադրում է հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը: Այսպպիսով սկսվում է նրա կյանքի երկրորդ ավելի արգասալից ժամանակահատվածը:

Ամսագրի առաջին խմբագրականում Շմավոնյանը ընթերցողին ծանոթացնում է իր նախաձեռնության շարժառիթներին և ծրագրին: «Ազդարար» Ամսագրում Հարություն քահանա Շմավոնյանը ջանում էր պատասխանել հայ իրականության առաջադրած հարցերին, ինչն իր կնիքն էր դնում ամսագրի բովանդակության վրա: Ի տարբերություն Եվրոպայում հրատարակված առաջին թերթերի, որոնք խոշոր քաղաքների առևտրական բյուլտենների դեր էին կատարում, «Ազդարարը» ուներ հարցերի ավելի լայն ընդգրկում, և փաստորեն դառնում է գիտա-մասսայական և գրական-հասարակական պարբերականի նախատիպը:

Հնդկաստանի Մադրաս քաղաքը

Ամսագրում իրար հաջորդում էին գեղարվեստական գրականության(ինքնուրույն կամ թարգմանական), պատմաբանասիրական, արտասահմանյան լուրերի ու համայնքի կյանքին նվիրված բաժինները:

Շմավոնյանն իր շուրջն է հավաքում ակտիվ երիտասարդների և կազմում է խմբագրական մարմին և սահմանվում է հատուկ կարգ, ինչի համաձայն տպագրվելիք նյութերը նախ պետք է ստանային խմբագրական մարմնի հավանությունը:

Հարություն Շմավոնյանը նոր աստիճանի է հասցնում գաղութում ստեղծված քաղաքական-հասարակական միտքը: Ազդարարում զետեղված տարաբնույթ հոդվածներով նա քննարկում էր ժողովրդի լուսավորության, դաստիարակության և քաղաքական ազատության հետ կապված խնդիրներ, հետապնդելով նրան լուսավորելու, քաղաքական ինքնագիտակցությունը արթնացնելու և ժամանակի մտավոր շարժմանը հաղորդակից դարձնելու նպատակը:

Շմավոնյանը ձգտում է օգնել ժողովրդի մտավոր կյանքի բարելավմանը: Նա իր ընթերցողներին ներշնչում էր այն միտքը, որ պետք է պայքարել գիտություն և իմաստություն ձեռք բերելու համար և չընկնել հարստության հետևից և իր խոսքը հիմավորում էր ասելով որ Պլատոնի ու Արիստոտելի ժամանակաշրջանում էլ շատ մեծահարուստներ են եղել, բայց պատմության մեջ նրանց մասին ոչ մի խոսք չկա և պատմության մեջ հավերժացել են Պլատոնն ու Արիստոտելը:

Հարություն քահանա Շմավոնյանը «Ազդարարի» հրատարակումը իրոք համարել է «նոր ոգևորություն» և «այս դարաշրջանի լիովին նոր երևույթ»: Հայ գործիչներին հրավիրելով օժանադակելու իր նախաձեռնությանը, Շմավոնյանը համոզված էր, որ այդ քայլով մխիթարում է ազգին: Պետք է ենթադրել, որ նրա գործընկերները նույնպես ոչ միայն գիտակցում էին մամուլի նշանակությունը, այլև հստակ պատկերացում ունեին ամսագրի խնդիրների մասին:

«Ազդարարը» զարգացնում էր, ոչ միայն հայերի լուսավորության, այլև քաղաքական ազատագրման ծրագիրը և քննարկում էր Հայաստանի ազատագրման հետ կապված հարցեր:  

Ազդարար ամսագրի առաջին էջը

Հարություն Շմավոնյանը նաև մեծ նշանակություն է տվել գեղարվեստական գրականությանը և դրա միջոցով ջանացել է դաստիարակել իր ընթերցողներին: Ամսագրի տպագրության հնարավորությունը նա օգտագործել է կորստից փրկելու հայ հեղինակների աշխատությունները, ինչպես Խաչատուր Ջուղայեցու «Պատմություն Պարսից»-ը: Հարություն Շմավոնյանի գործունեությունը մեծապես խրախուսվում էր Ռուսաստանի հայոց հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանի կողմից, որն իր գրություններում ընդգծում էր հայերին ժամանակակից առաջադիմական քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելու անհրաժեշտությունը: Նա գրում էր.« Ազգը առանց դրա չի ծաղկի» և հույս էր հայտնում, որ դա կօգնի վերագտնել հայրենիքը:

Ազդարարի գործը թեև խանդավառությամբ է ընդունվում, սակայն չի հարատևում, քանի որ ամսագիրը բաժանորդագրությամբ չի ապահովում խմբագրի կողմից կատարված ծախսերը: Ընդամենը 18 համար լույս ընծայելուց հետո 1796թ. Շմավոնյանը դադարեցնում է «Ազդարարի» հրատարակությունը: Նրա լուսավորական գործունեությունը սակայն չի ընդհատվում. Նա դեռևս կարող էր օգտվել տպարանի ընձեռած հնարավորություններից: Իր հրատարակած գրքերից մեկի առաջաբանում նա համոզմունք է հայտնում, որ տպարանը կվառվի իբրև ճրագ և լույս կտա իմաստություն փափագողներին:

Իր գործունեության երրորդ և վերջին շրջանում նա միայն զբաղվում է հարատարակչական գործունեությամբ: 1797թ. վերջապես լույս է ընծայում Դավիթ Անհաղթի «Գիրք սահմանացը» որի աշխատանքները սկսվել էին 1794թ.: Հարություն քահանա Շմավոնյանի լուսավորական գործունեությունը ապարդյուն չի մնում: Գաղութում հանդես են գալիս գործիչներ, որոնք նվիրվում են տպագրական գործին:

Հարություն Շմավոնյանը վախճանվել է 1824 թվականին: Նրա մասին ժամանակակիցները խոսել են մեծ հիացմունքով, ընդգծել նրա անսահման նվիրվածությունն իր ժողովրդին:

Հավիտենական հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: