Մայիս 11, 2021 02:43 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Անբիա սուրահի 89 և 90-րդ այաներ

وَزَکَرِیَّا إِذْ نَادَى رَبَّهُ رَبِّ لَا تَذَرْنِی فَرْدًا وَأَنتَ خَیْرُ الْوَارِثِینَ

فَاسْتَجَبْنَا لَهُ وَوَهَبْنَا لَهُ یَحْیَى وَأَصْلَحْنَا لَهُ زَوْجَهُ إِنَّهُمْ کَانُوا یُسَارِعُونَ فِی الْخَیْرَاتِ وَیَدْعُونَنَا رَغَبًا وَرَهَبًا وَکَانُوا لَنَا خَاشِعِینَ

Հիշիր Զաքարիայի առաքինությունները, որ այս աղոթքն ուղղեց առ Աստված.«Տե՛ր, ինձ միայնակ մի թող: Դու լավագույնն ես ժառանգորդներից»:

Նրա աղաչանքն ընդունեցինք, նրան տվեցինք Հովհաննեսին: Նրա կնոջը բեղմնավոր դարձրինք, որովհետև նրանք փորձում էին իրար գերազանցել բարի գործերում, սիրով ու երկյուղով աղոթում էին ու մեզ հնազանդվում անկեղծորեն:

 

Այս այաներն անդրադառնում են Զաքարիային և նրա որդուն` Հովհաննեսին: ինչպես ասվում է  Ղուրանի այլ այաներում, Զաքարիան ծերացել էր, իսկ նրա կինը չբեր էր: Նա Աստծուն խնդրեց, որ իրեն մի զավակ ուղարկի, որը շարունակի իր ճանապարհն  ու դառնա քարոզիչ: Աստված լսեց նրա խնդրանքն ու վերացրեց Զաքարիայի կնոջ չբերությունը: Աստված նրանց տվեց մի որդի, որին կոչեցին Հովհաննես: Այան ասում է, որ այս ընտանիքն աղոթում էր միշտ, ամեն պայմաններում և օգնում կարիքավորներին:

Այս այաներից սովորում ենք․

1. Ոչ մի դեպքում չպետք է Աստծո գթությունից հրաժարվել: Մեր պարտականությունն աղոթելն է, որպեսզի Աստված մեզ օգնի հարթել մեր կյանքի դժվարությունները: Իսկ եթե Աստված դա ճիշտ համարի, ուրեմն մեր աղոթքը կկատարվի:

2. Լավ ընտանիքն այն ընտանիքն է, որի անդամները բարի գործեր են անում և չեն մոռանում կարիքավորներին:

3.Աղոթելիս Աստծուց որևէ բան խնդրելիս, պետք է նաև սխալների համար խնդրել  ներողամտություն:

 

Անբիա սուրահի 91-րդ այա

وَالَّتِی أَحْصَنَتْ فَرْجَهَا فَنَفَخْنَا فِیهَا مِن رُّوحِنَا وَجَعَلْنَاهَا وَابْنَهَا آیَةً لِّلْعَالَمِینَ

(Հիշիր) այն մաքրամաքուր կնոջը,որին ներշնչեցինք և նրան ու իր որդուն (Հիսուսին) որպես հրաշք նրկայացրինք աշխարհի բնակիչներին:

Այս այան անդրադառնում է  Հիսուսին և ասում, որ Մարիամի մաքրամաքուր լինելն ու նրա սուրբ հոգին ստեղծեցին պայմաններ, որ Աստված իր հրեշտակի միջոցով նրան հղիացնի և այնուհետև նա ծնեց մի որդի, որին կոչեցին Հիսուս: Այս այան հատկապես անդրադառնում է  Մարիամին, որպեսզի չենթադրվի, որ միայն տղամարդիկ են կարող Աստծուն մերձենալ: Կանայք նույնպես այդ հատկությունն ունեն և կարող են արժանանալ Աստծո բարությանն ու նրանց անունները կարող են գրվել տղամարդկանց կողքին:

Այս այայից սովորում ենք․

1. Ե՛վ կանայք և՛ տղամարդիկ կարող են հասնել աստվածային կատարելության:

2. Մոր առաքինությունն այն առանձնահատկությունն է, որ որդուն կարող է բերել երջանկություն:

Անբիա սուրահի 92 և 93-րդ այաներ

إِنَّ هَذِهِ أُمَّتُکُمْ أُمَّةً وَاحِدَةً وَأَنَا رَبُّکُمْ فَاعْبُدُونِ

وَتَقَطَّعُوا أَمْرَهُم بَیْنَهُمْ کُلٌّ إِلَیْنَا رَاجِعُونَ

Սա է ձեր ժողովուրդը, որպես եզակի ժողովուրդ, և Ես եմ ձեր արարիչը:Ուրեմն ինձ պաշտեք:

(Սակայն անտեղյակ հետևորդներից ոմանք) երկպառակություն սերմանեցին:Բայց բոլորը դեպի Մեզ են վերադառնալու:

 

Այս այաներն ասում են, որ բոլոր մարգարեները մի նպատակ էին հետապնդում: Ու չնայած նրանք ապրում էին տարբեր ժամանակներում և ունեին տարբեր ծրագրեր, սակայն նրանց նպատակը նույնն էր: Նրանք մարդկանց հրավիրում էին դեպի միաստվածություն և պայքարում չարության ու անհավատության դեմ: Նրանք մարդկանց կոչ էին անում հավատալ միակ Աստծուն և հրաժարվել կուռքերին պաշտելուց: Սակայն մարդկանց միջև առաջանում էր պառակտում: Նրանց մի մասը դառնում էր հավատացյալ, իսկ մյուս մասը դառնում անհավատ ու շեղվում ճշմարիտ ուղուց։

Այս այաներից սովորում ենք․

1. Բոլոր մարգարեների կրոնական ուսմունքները մեկ են եղել և նրանք բոլորը մեկ նպատակ էին հետապնդում:

2. Բոլոր կրոնների ուղերձը միաստվածությունն է և իսլամը բոլոր կրոնների հետևորդներին հրավիրում է միասնական դառնալ այս հարցում:

Անբիա սուրահի 94-րդ այա

فَمَن یَعْمَلْ مِنَ الصَّالِحَاتِ وَهُوَ مُؤْمِنٌ فَلَا کُفْرَانَ لِسَعْیِهِ وَإِنَّا لَهُ کَاتِبُونَ

Առաքինի հավատացյալի եռանդն առանց վարձատրության չի մնալու: Մենք գրի ենք առնելու նրա բարեգործությունները:

 

Աստված մշտապես բարի գործերը գնահատել է և բարեգործներին վարձատրել: Աստված ասում է, որ երախտագետ է  բարեգործների նկատմամբ: Աստված ասում է.

«Մի կարծեք, թե ձեր բարի գործերը մոռացվում են և ես երախտապարտ չեմ դրանց համար: Ես գիտեմ ձեր բոլոր արարքների մասին ու ժամանակին կվարձատրեմ դրանց համար»: Ղուրանի տարբեր այաներում բարի գործ անելը և հավատքը միաժամանակ կարևորվում են: Սակայն այս այայում ասվում է, որ եթե հավատացյալ մարդիկ բարի գործ անեն, Աստծո կողմից մեծ գնահատանքի կարժանանան և նրանց արարքները կգրանցվեն գրքում:

Այս այայից սովորում ենք․

1. Մարդասիրական արարքները մշտապես բարձր են գնահատվել իսլամ կրոնի կողմից, հատկապես եթե դրանք արվել են հանուն Աստծո:

2. Աշխարհընկալման մեջ ոչ մի բարի գործ չի անտեսվում Աստծո կողմից: