Գեղարվեստական հաղորդում (267)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Երևանում բացվեց «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսը, որում ներկայացված են պատերազմի տարիներից բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, պոստերներ:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 7-ին «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեց պատերազմին նվիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ վիկտորինան: Միմյանց դեմ մրցեցին հայաստանյան բուհերի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները:
«Ներկայացված են փաստաթղթեր, որոնցով Հայրենական պատերազմի ընթացքում առաջնորդվել են իշխանության վերին օղակները: Այս փաստաթղթերի շնորհիվ կերտվել է հաղթանակը: Այս ամենը մեր հաղթանակի պատմությունն է»,-ասաց կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ու հավելեց, որ կարևոր են նաև Հայաստանի ազգային արխիվից բերված յուրահատուկ պաստառները:
Անդրադառնալով վիկտորինային՝ Կարապետյանը նշեց, որ այն արդեն ավանդական է դարձել և անցկացվում է երկրորդ տարին: Նախաձեռնել են հենց վիկտորինա՝ ներգրավելով երիտասարդներին, որպեսզի ապահովեն սերունդների կապը, որ աշակերտները, ուսանողները չմոռանան իրենց պապերին և հիշեն նրանց հերոսությունները, հաղթանակը:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն էլ տեղեկացրեց, որ արխիվում Հայրենական մեծ պատերազմին վերաբերող պաստառների մոտ 100 հավաքածու կա, սակայն ցուցահանդեսում ներառվել է 36 պաստառ: «Այսպես ևս մեկ անգամ կարևորում և արժևորում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Ցուցահանդեսի միջոցով հանրահռչակում ենք նաև արխիվի պատմամշակութային ժառանգությունը»,-շեշտեց նա: Ի դեպ, ցուցահանդեսում ներկայացված են «Արմենպրես»-ի արխիվի «ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատները, որոնք նաև թվայնացվել են:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումները շարունակվեցին նաև մայիսի 8-ին և 9-ին: Երևանի կենտրոնում և Հաղթանակի զբոսայգում քաղաքացիներին բաժանվեցին Գեորգիևյան ժապավեններ:
Միջոցառումները եզրափակվեցին մայիսի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Պատերազմի օրերի մեղեդիները» խորագրով դասական համերգով: Երեկոյին հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք ծնվել են Հայրենական պատերազմի տարիներին: Համերգին զուգահեռ դահլիճի ճեմասրահում կբացվի թեմատիկ ֆոտոցուցահանդես:

Կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակի առթիվ մայիսի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Լուսանում է ամեն խավար…» խորագրով հոբելյանական երեկոն:
Համերգին կհնչեն Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները:
Երեկոյին ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), Երևանի Պետական Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան):
Խաչատուր Ավետիսյանը մասնագիտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Սովորել է Գր. Եղիազարյանի ղեկավարած դասարանում։ 1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1950 թվականից աշխատել է Մերլիքյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այս տարիներին ստեղծել է իր հանրահայտ ստեղծագործությունները քանոնի համար ։
1951 թվականին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Նրա ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958 թվականից աշխատել է Հայաստանի պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։
Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները: Ահա հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունները. «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Բալենի», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Եղեգ», «Շիրակի», «Հայոց հովիկ», «Պարմանի», «Կարապների պար», «Հանինա», «Տոնական Հայաստան», «Իրիկնային», «Ճերմակ աղավնի», «Տավիղ», «Հուշեր», Կոնցերտ հ. 2 քանոնի համար, Կոնցերտ շվիի համար և այլն։

Հետաքրքրասերներն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսուհետ կարող են տեսնել նաև մեծ կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողոս Նիկողոսյանն է:
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար: Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքը համարեց ստեղծել կոմպոզիտորի հետմահու դիմակը:
Տուն-թանգարանը տեղյակ էր այդ մասին և, գիտենալով, որ դիմակը դեռևս գտնվում է քանդակագործի արվեստանոցում, ջանում էր ձեռք բերել այն, որը որպես կրկնակի արժեք ունեցող ցուցանմուշ՝ և´ որպես մաեստրոյի դիմակ, և´ որպես մեծահամբավ քանդակագործի աշխատանք, մեծ հետաքրքրություն կառաջացներ այցելուների շրջանում:
Քանդակագործի մահից հետո, երջանիկ պատահականությամբ, երբ Արամ Խաչատրյանի անվ. տրիոն հանդես էր գալիս «Nico» գեղարվեստի պատկերասրահի (’’Nico Art Gallery’’) համերգային սրահում, տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպեց պատկերասրահի տնօրեն, քանդակագործի դուստր Գայանե Նիկողոսյանին, և նրանք եկան համաձայնության՝ հիշյալ դիմակը Երևան տեղափոխելու և տուն-թանգարանում ցուցադրելու:

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին համալրված է մեծահամբավ երաժիշտներով։ Հիշեցնենք, որ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին մեկնարկելիք մրցույթն այս տարի անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի փոխանցմամբ, ժյուրիի կազմում են Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին, մեծ ճանաչում վայելող դիրիժոր‚ թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին, Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի դիրիժորության պրոֆեսոր, Եվրամիության երիտասարդական նվագախմբի փորձերի գծով տնօրեն Փիթեր Սթարկը, դիրիժոր, կոմպոզիտոր, դիրիժորության ուսուցիչ Ժորմա Պանուլան, «IMG Artists» կորպորացիայի փոխտնօրեն, IMG-ի հյուրախաղերի գլոբալ ղեկավար Հարոլդ Քլարկսոնը, ՌԴ ժողովրդական արտիստ, համաշխարհային մեծ ճանաչում վայելող դիրիժոր, ջութակահար Պավել Կոգանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խաչատրյանական մրցույթի ժյուրին կղեկավարի Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։
Այս պահին ընթանում է մրցույթին մասնակցել ցանկացողների հայտերի ընդունումը։ Արդեն իսկ դիմել են մեծ թվով երիտասարդ դիրիժորներ աշխարհի տարբեր երկրներից։ Նախնական փուլը հաղթահարած դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու մրցութային փուլերին, որոնց ընթացքում, ի թիվս այլ գործերի, դիրիժորների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ կներկայացվեն նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Մասնավորապես, մրցութային պարտադիր ծրագրում ներառված են Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։
------
Ռուսական պետական թանգարանը երեք նոր ցուցահանդես է բացել Մալագայի իր մասնաճյուղում ՝ նվիրված հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովկսուն և մյուս ծովանկարչներին, ռուս և համաշխարհային խոշորագույն գրող ու մտածող Լեո Տոլստոյի ստեղծագործական գործունեությանը և ռուսական արվեստում պատերազմի և խաղաղության թեմային:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, «Հովհաննես Այվազովսկին և ծովանկարիչները Ռուսաստանում» ցուցահանդեսում ընդգրկված են Ռուսաստանում ծովանկարչության հիմնադրի և ծովը պատկերած այլ վարպետների` Ալեքսեյ Բոգոլյուբովի, Գրիգորի Չերնեցովի, Ալեքսանդր Բեգրովի շուրջ 40 աշխատանքներ:
«Պատերազմը և խաղաղությունը ռուսական արվեստում» ցուցահանդեսը եվրոպացի այցելուներին ներկայացնում է գեղանկարչության, քանդակագործության և դեկորատիվ - կիրառական արվեստի 180 աշխատանք Ռուսական թանգարանի հավաքածուից: Դրանք մարտական թեմաներով հսկայական կտավներ են, հայտնի հրամանատարների դիմանկարներ, շքերթներ պատկերող կտավներ։
«Լեո Տոլստոյ. Կյանքի ճանապարհը» ցուցահանդեսում ներառված են գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործական շուրջ 40 աշխատանքներ` կապված գրողի կյանքին և ստեղծագործությանը և նրա հայտնի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հետ։

Իսպանիայի ազգային գրադարանից անհետացել է իտալացի գիտնական Գալիլեո Գալիլեյի 5, այլ ոչ թե 1 գիրք, ինչպես կարծում էին նախկինում:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի մշակույթի նախարարությանը:
Նշվում է՝ մարտի կեսերին հայտնի է դարձել երկրի գլխավոր գրադարանից Գալիլեո Գալիլեյի Sidereus Nuncius տրակտատի անհետացման մասին, որը հրատարակվել է 1610 թվականին: Այդ մասին գրադարանը տեղեկացել էր դեռ 2014 թ.-ին, երբ պարզել էր՝ իրական գրքի փոխարեն իրենց մոտ դրա կեղծ օրինակն էր: Այնուամենայնիվ, գրադարանի աշխատակիցները որոշել էին գաղտնի պահել տեղեկությունը, և ոստիկանությանն այս մասին հայտնել են միայն 2018-ին: Հանրությունը գրքի կորստի մասին իմացել է միայն վերջերս:
Այնուամենայնիվ, իտալացի գիտնականի գրքերը գրադարանի միակ կորուստը չեն: Այսպիսով, տվյալների շտեմարանում ներառված գրեթե 15 հազար գիրք և փաստաթուղթ հնարավոր չէ գտնել գրադարանում: Դրանցից 54-ն առանձնահատուկ արժեք ունի, քանի որ վերջիններիս արժեքը գերազանցում է 5000 եվրոն: Հայտնի է, որ գրականության մեծ մասն անհետացել է 1980-90-ականներին, հիմնականում 1987 թվականին, երբ գրադարանից խոշոր գողություն է կատարվել:
Բոլոր արժեքավոր անհետ կորած գրքերի ցուցակը հանձնվել է ազգային ոստիկանությանը: