Գեղարվեստական հաղորդում (268)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլորին հրավիրել էր մայիսի 18-ին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի և մեր ազգային ինքնության վկայությունները: Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:
COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան նշվեցին նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք իրականացվեցին «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և կիսել արժեքի ստեղծման նոր պրակտիկաներ, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելներ և նորարարական լուծումներ ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների համար:
Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և ԼՂ-ի 113 մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո ընդունեցին այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը:

Երևանի պետական կամերային երգչախումբը, որը ձայնագրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը, կատարած աշխատանքը երաժշտասերներին ներկայացրեց շնորհանդես-համերգով: Երեկոն տեղի ունեցավ մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց Հովհաննիսյանի խմբերգերը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչախմբի տնօրեն, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլյամ Վայները հիշեցրեց, որ երգչախումբը, որը հիմնադրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը, այս տարի դառնում է 25 տարեկան:
«Մեր առաքելությունն է Կոմիտասի ամբողջ երգչախմբային գործերը ձայնագրելը: Ունենք բազմաթիվ CD-ներ, հասցրել ենք ձայնագրել Կոմիտասի 148 խմբերգ: Մեծ ցանկություն կա ձայնագրելու «Բեռլինյան պատարագ»-ը, որը նա գրել է ուսանողական տարիներին: Հարությոն Թոփիկյանը կարևորում էր նախ և առաջ հայ դասականների ստեղծագործությունները կատարելը, դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ներկայացնելը»,-ասաց նա ու հավելեց, որ չի հիշում գրեթե մեկ համերգ, որի ընթացքում Հովհաննիսյանի խմբերգերը հնչած չլինեն: Նրա գործերը ձայնագրելու գաղափար միշտ է եղել, սակայն հասունացել է տասը տարի առաջ:
Վայները չի պատկերացնում, թե ինչու մինչ օրս ոչ մի երգչախումբ դա չէր արել: «Հիմնականում կատարում են Հովհաննիսյանի հայտնի ստեղծագործությունները, օրինակ՝ «Էրեբունի-Երևան»-ը: Քչերն են ծանոթ նրա խմբերգային արվեստին: Սկավառակում ներառել ենք 15 խմբերգ: Անպայման պետք է ձայնագրվեր «Տերյանական շարք»-ը, սակայն մենք ընտրեցիքն շարքից լավագույններն ու լրացրինք նրա ժողովրդական երգերի մշակումներով»,-պատմեց երգչախմբի տնօրենը:
Ըստ Վայների՝ անվանի հայ կոմպոզիտորները շատ են, բայց ոչ բոլորին է տրված զգալ երգչախումբը, այնինչ Հովհաննիսյանը Կոմիտասից հետո լավագույններից է, որ խորքային ուսումնասիրել է երգչախումբ երևույթը, և երգչախմբային արվեստում նրա ներդրումն ու ավանդը հսկայական են
Վայները տեղեկացրեց, որ սկավառակի ձայնագրման աշխատանքները դադարեցվել են համավարակի, պատերազմի և Հովհաննես Թոփիկյանի կորստի պատճառով: Ձայնագրման գործընթացը շարունակել են խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, որը երգչախմբի հիմնադրման օրվանից աշխատում է: «Հարվածները ծանր նստեցին մեզ վրա: Չգիտեինք՝ ինչպես ենք առաջ քայլելու, բայց Թոփիկյանին հաջողվեց ստեղծել ոչ ուղղակի աշխատատեղ, այլ ընտանիք: Մեկը մյուսին հասկանալով, սիրելով և մի բռունցք դարձած այժմ շարունակում ենք ակտիվ աշխատել Քրիստինա Ոսկանյանի հետ, շարունակում ենք մեր ավանդույթները: Երջանիկ ենք, բեմ բարձրանալ ու հերթական համերգից հետո բեմից հաղթանակած իջնել: Դրանից ավելի բարձր զգացողություններ երաժշտի համար չկան»,-շեշտեց տնօրենը:
Նա շնորհակալություն հայտնեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանը և բոլորի աջակիցներին, որոնք դերակատարում են ունեցել սկավառակի թողարկման գործում:

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը մայիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա համերգային հետաքրքիր ծրագրով:
Երեկոյին կհնչեն Սայաթ-Նովայի, Հավասու, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Վլադիլեն Բալյանի, Գևորգ Մանասյանի և այլ երգահանների ստեղծագործությունները:
Անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Մանասյանը:
Անսամբլի ղեկավարը, դիրիժորը՝ Փարիզի միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսոր Հրաչ Նազարյանը:
Անսամբլի խմբավարն է մեներգչուհի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Լաուրա Մամյանը, կոնցերտմայստերը և մեներգիչը՝ Աշոտ Վարդանյանը:
Մեներգիչներն են միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարգար Եղիազարյանը, Գայանե Սիմոնյանը, Էդգար Դանիելյանը, Հասմիկ Մկրտչյանը, Արսեն Համբարյանը, Դավիթ Սեդրակյանը, Գևորգ Մարգարյանը:

Թատերասերներն այսուհետ կարող են հետաքրքիր և բազմաժանր ներկայացումներ դիտել ոչ միայն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի մեծ բեմում, այլև «Երվանդ Ղազանչյան» փոքր թատերասրահում, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 12-ին:
Բացմանը հյուրերը հնարավորություն են ունեցել վայելել Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի հիման վրա բեմադրված «Ներոն և Սենեկա» ներկայացումը, որի բամադրիչը թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Ղազանչյանը խոստովանում է, որ իր համար շատ կարևոր իրադարձություն է այն, որ թատերասրահն ակտիվ գործելու է և հասանելի է լինելու հանդիսատեսին:
Հակոբ Ղազանչյանի հայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, որը երկար տարինել եղել է Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը, դեռ տասը տարի առաջ որոշել էր թատերասրահի տարածքը դարձնել փոքր բեմ: Երկար տարիներ սրահում Թատերական ինստիտուտի ուսանողներն են աշխատել դիպլոմային ներկայացումների վրա, թատրոնի ներկայացումների փորձերն են արվել, «Արմմոնո» փառատոնի ներկայացումներն են խաղացվել: Տարածքը ծառայել է թատրոնին, սակայն այն հասանելի չի եղել հանրությանը: Երվանդ Ղազանչյանի մահից հետո որոշվել է այն վերածել թատերասրահի: Թարմացվել են նստատեղերը, հատակը, տեխնիկան:
Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ դահլիճում, որը հետաքրքիր աուրա ունի, յուրահատուկ նախագծեր կիրականացվեն, ներկայացումներ կբեմադրվեն, որոնք ժանրային սահմանափակումներ չեն ունենա: Ղազանչյանը դեռ չի բացում փակագծերը, բայց խոստանում է մանրամասներ հայտնել մոտ օրերս:
Անդրադառնալով մեծ բեմին և հրավիրյալ ռեժիսորներին՝ նա նշում է, որ արդեն աշխատում են Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի հետ, աշխատելու են Ռուսական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ, նախատեսում են համագործակցել նաև Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Նարինե Գրիգորյանի հետ: Ծրագրերն ու հրավերները շատ են:
«Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բացմանը հրավիրված են եղել թատրոնների ղեկավարներ, անվանի դերասաններ, պաշտոնյաներ և այլ հյուրեր, որոնք հաճույքով են դիտել «Ներոն և Սենեկա» ներկայացումը, որը փոքր բեմի խաղացանկում է:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հակոբ Ղազանչյանն ասել էր՝ պիեսը բոլոր ժամանակների համար է: Ռեժիսորը Ռաձինսկու պիեսն առաջին անգամ լսել է Մայակովսկու թատրոնում հենց հեղինակի ընթերցմամբ: «Ուսանող էի և գուցե լրիվ խորությամբ չկարողացա պատկերացնել, թե ինչի մասին է այն, բայց հիմա կարծում եմ, որ այն բոլոր ժամանակների համար է: Պիեսը ոչ թե բարոյախոսություն է քարոզում հանդիսատեսին, այլ նախազգուշացնում է»,- ընդգծել էր Ղազանչյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
«Կաֆկայի երազը» Ֆիլմն արտադրել է «ԱրտՍտեպ» ստուդիան: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը` Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը:

Հայտնի նկարիչների, այդ թվում Մարկ Շագալի, Էնդի Ուորհոլի, Մարկ Ռոտկոյի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործությունները վաճառվել են Նյու յորքում Christie's աճուրդային տան 20-րդ դարի գեղարվեստական երեկոյի վաճառքում:
Վաճառված ամենաթանկարժեք նկարը Պաբլո Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» («Մարի-Թերեզ») աշխատանքն էր: Այն վաճառվել է 103,4 միլիոն դոլարով:
Այնուամենայնիվ, սա միակ նկարը չէր, որի համար գնորդները պայքարել են: Ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի 1970 թվականի «Անվերնագիր» կտավը վաճառվել է 38,1 միլիոն դոլարով: Վինսենթ Վան Գոգի «Տրինկվետայլյան կամուրջը» արժեցել է 37,4 միլիոն դոլար, իսկ Փիթ Մոնդրիանի «Դեղին, կարմիր եւ կապույտ գույներով երկրորդ կոմպոզիցիան» վաճառվել է 26,1 միլիոն դոլարով: Ռոյ Լիխտենշտեյնի 1994 թվականի «Ինտերիեր. կատարյալ կուժը» վաճառվել է 21,5 միլիոն դոլարով:

Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնը, որը պետք Է տեղի ունենար 2021 թվականի հուլիսի սկզբին, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգել են օգոստոսի վերջին: Մայիսի 11-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է կինոստուգատեսի նախագահ Իրժի Բարտոշկան:
«Կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշվել Է կինոփառատոնը հետաձգել ավելի ուշ ժամանակ, քան սովորաբար,- ընդգծել Է նա:- Ստուգատեսը, որն սկզբնապես ենթադրվում Էր անցկացնել հուլիսի 2-ից մինչեւ 10-ը, տեղի կունենա օգոստոսի 20-ից մինչեւ 28-ը՝ սանիտարա-համաճարակաբանական անվտանգության միջոցների առավելագույն պահպանմամբ: Հավատում եմ, որ հյուրերը մեզ մոտ կժամանեն արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստումներ ստանալուց հետո»:
Կինոստուգատեսի նախագահը հույս Է հայտնել, որ կորոնավիրուսն այս տարի կհաջողվի հաղթել, եւ 2022 թվականին կինոփառատոնը Կառլովի Վարիում կկայանա ավանդական ժամկետում՝ ամռան առաջին կեսին: Անցյալ տարի կազմակերպիչները չեղյալ հայտարարեցին ստուգատեսը համավարակի պատճառով: Կառլովի Վարիի կինոսուգատեսը հնագույններից մեկն Է Եվրոպայում:
Այն Կաննի կինոփառատոնի հասակակիցն Է. երկուսն Էլ իրենց պատմությունն սկսում են 1946 թվականից: 1960 թվականին փառատոնը փոխադրվել Է ամենահեղինակավոր “A” միջազգային կատեգորիա: Այդ ժամանակ Էլ որոշում Է ընդունվել հերթագայել Կառլովի Վարիի եւ Մոսկվայի կինոփառատոները: Մինչեւ 1994 թվականը զույգ տարիներին համաշխարհային կինոն ընդունել են Կառլովի Վարիում, կենտ տարիներին՝ Մոսկվայում: 1995 թվականից երկու փառատոներն Էլ անցկացվել են ամեն տարի: