Հունիս 09, 2021 10:05 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին:Ընկերակցեք մեզ։

 

Հայաստանում Իրանի մշակութային կցորդը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկել է երաժշտության ոլորտում Իրան-Հայաստան համագործակցությունները:

Երևանում ԻԻՀ մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տնօրենի հրավերով այցելել է հիշյալ կենտրոնը և հանդիպում ու զրույց է ունեցել մշակութային այս հեղինակավոր կենտրոնի տնօրենի ու նրա տեղակալների հետ:

 Հանդիպման ժամանակ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տնօրեն Սոնա Հարությունյանը ներկայացրել է այս տարի կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ նախատեսված միջոցառումները և Իրանի մշակութային կցորդին դրանց ներկա գտնելու հրավեր է ուղղել:

Նա կոնսերվատորիայի իրանցի ուսանողներին, որոնք թվով գերազանցում են արտասահմանցի այլ ուսանողներին, համարել է կոնսերվատորիայի ամենատաղանդավոր սաները և հույս է հայտնել, որ Երևանի պետական կոնսերվատորիայի իրանցի շրջանավարտների պոտենցիալ կարողության օգտագործմամբ կընդլայնվեն երաժշտության ոլորտում երկկողմ կապերը:

Իրանի մշակութային կցորդ Թաբաթաբային նույնպես ուշագրավ համարելով Իրանի ժամանակակից երաժշտության ոլորտում հայ արվեստագետների ներդրումը և հիշեցնելով երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի մասին, դա երաժշտությաան բնագավառում հիշարժան համերգների կազմակերպման համար բացառիկ հնարավորություն է համարել:

 Իրանի մշակութային կցորդը առաջարկել է մի շարք նախագծեր, այդ թվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիում վարպետ Ղարիբփուրի տիկնիկային օպերայի բեմադրումը, համատեղ համերգների, նաև իրանական ավանդական երաժշտության կարճաժամկետ դասընթացների կազմակերպումը:

Հանդիպման ավարտին Հայաստանում Իրանի մշակութային կցորդն այցելեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարբեր բաժինները և ծանոթացավ ընթացող աշխատանքներին:

 

 

Արևմտահայ գրականությունը ժամանակակից պատանիների շուրթերով մեկ անգամ ևս ընդգծեց, որ առանց ազգային մշակույթը լիարժեք ճանաչելու անհնար է հայկական ինքնության պահպանումն ու առաջընթացը. երեխաներին արևմտահայ գրական ժառանգությանը և արևմտահայերեն լեզվին ծանոթացնելու ու մտերմացնելու առաքելությունն էր ստանձնել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մայիսին արևմտահայ գրականությանն ու արևմտահայերենին նվիրված միջոցառումների իրականացմամբ։

Գրադարանում կազմակերպվել են արևմտահայ գրողներ Միսաք Մեծարենցին, Պետրոս Դուրյանին և Գրիգոր Զոհրապին նվիրված ցերեկույթներ ու բաց դասեր։ Տեղի է ունեցել «Սփյուռք» մատենաշարի գրքերի շնորհանդեսը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համագործակցությամբ. ներկայացվել են մատենաշարով հրատարակված Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի, Շահան Շահնուրի, Հակոբ Մնձուրու և Զապել Եսայանի գործերը, անդրադարձ է եղել Դանիել Վարուժանի, Միսաք Մեծարենցի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի հայտնի երկերին:

Գրադարանի հյուրերը դիտել են արևմտահայերեն մուլտֆիլմեր ու ֆիլմեր, ունկնդրել արևմտահայերենով գրված հեքիաթներ ու երգեր։

Արևմտահայ գրականության ծրագրին զուգահեռ «Ոչ նյութական մշակութային ժառանգություն» ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև աշուղական արվեստի զարգացման մեջ մեծ դեր ունեցած աշուղներ Սայաթ-Նովային, Ջիվանուն, Շերամին, Շահենին և Հայկազունուն նվիրված միջոցառումներ։

 

 

«Արվեստագետ» մշակութային ՀԿ նախագահ, համանուն ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը դեռ ուսանող տարիներին հնարավորություն է ունեցել հանդիպելու թատրոնի և կինոյի մեծ վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Սարգսյանի հետ կարճ հաղորդակցումն այնքան է տպավորել Անտոնյանին, որ նա որոշել է hրատարակել Սարգսյանին նվիրված «Համազգային արտիստը» գիրքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անտոնյանն ասել է, որ գրքում ընդգրկել է Սոս Սարգսյանի՝ տարբեր տարիների հարցազրույցներ, անվանի մարդկանց կարծիքներ, որոնք վերաբերում են արտիստին, և նյութեր, որոնք կարող են նորովի բացահայտել Սոս Սարգսյանին:

«Սովորում էի Թատերական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Հենց այդ շրջանում Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը Վանաձորի թատրոնում յուրաքանչյուրս ներկայացնում էր նրա դերերից մեկը: Ներկա էր նաև Սարգսյանը: Միջոցառումից հետո բոլորը շտապում էին վարպետի հետ նկարվելու: Ես ևս մոտեցա նրան ու լուսանկարվեցի հետը: Նա ինձ հարցրեց. «Ինչո՞ւ ես շտապում, գի՞րք ես գրելու»: Այդ պահին մտադրվեցի ստեղծել նրա մասին պատմող մի գիրք: Եվ գրեթե 11 տարի հետո կազմեցի գիրքը»,- պատմում է Անտոնյանը:

Նրա խոսքով՝ գիրքը կազմել է քառասուն օրում, հետո այն խմբագրել է արձակագիր Վահագն Մուղնեցյանը, այնուհետև աշխատել է գեղարվեստական խմբագիր Հակոբ Ազիզյանի հետ, որը Սոս Սարգսյանի մտերիմն է եղել:

«Գրախանութներում գիրքը չկա: Այն շատ արագ սպառվեց, վերահրատարակելու կարիք կա: Հիմա կազմում եմ գրքի երկրորդ հատորը, որը կոչվելու է «Նահապետը»: Այստեղ կներառվեն Սարգսյանի մասին խոսքեր, նրա ֆիլմերի, դերերի վերլուծություններ»,- տեղեկացնում է կազմողը:

Անտոնյանը շատ է սիրում «Ձորի Միրոն» ֆիլմը, որում Սարգսյանը մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Միրոյին: Ըստ Իվան Անտոնյանի՝ Միրոն հայ տղամարդու ուսանելի, առնական կերպար է, որի մեջ խոսում է ազգայինը, ընդգծվում է նրա նվիրվածությունը հայրենի հողին, ջրին, ընտանիքին:

«Սոս Սարգսյանն աստվածային մարդ էր: Երկար չեմ զրուցել հետը, բայց նա ինձ ուժեղ էներգիա է փոխանցել»,- շեշտում է Իվան Անտոնյանն ու հավելում, որ գրքի համար ՀՀ նախագահի աշխատակազմից շնորհակալագրի է արժանացել:

 

Հայաստանում ֆենթեզի և գիտաֆանտաստիկ  գրական ժանրերի նկատմամբ հետարքրքությունը մեծացնելու, այդ ժանրերում ստեղծագործող  գրողներին աջակցելու և խրախուսելու նպատակով  Երևանում կանցկացվի «ԱրմԿոն-2021» մրցույթը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության համահեղինակ Ֆրունզ Հարությունյանն ասաց՝ մրցույթն անցկացվում է երրորդ անգամ:

Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունը կարևոր է, որովհետև գիտաֆանտաստիկան և ֆենթեզին մեծ ազդեցություն կարող են ունենալ աշխարհընկալման վրա, կարող են հնարավորություն տալ ավելի լայն, խորը տեսնել ու ընկալել աշխարհը:

«Ի տարբերություն նախորդ մրցույթների, այս տարվա մրցույթը խորագիր ունի՝ «Դեպի վեր»: Դա պայմանավորված է մեր ներկա իրականությամբ: Սա կարևոր գաղափար է և՛ անձի, և՛ պետության համար: Նախորդ մրցույթներում ռուսալեզու գրականություն  էր ներկայացվում, քանի որ մրցույթը ռուսական ֆորումներից է ծագել, բայց այս անգամ հայերեն գրականություն է ներկայացվելու»,-շեշտեց Հարությունյանը:

Նրա հավաստիացմամբ՝ մի քանի հոգուց բացի փաստացի Հայաստանում նման ժանրերում ստեղծագործող գրողներ գրեթե չկան:

«Ժանրերը բարդ են ու ոչ տարածված: Կարծում եմ՝ «Գահերի խաղը» գրքից ու ֆիլմից հետո ժանրի նկատմամբ հետարքրքություն առաջացավ: Մինչ այդ «Հարրի Փոթեր» գրքի շնորհիվ էր հետաքրքիր: Զարմանալի է,  բայց այդ ժանրերի գրականությունը,  ըստ իս, Հայաստանում անլուրջ է ընկալվում: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ նման գրականություն էի կարդում, իմ հասակակիցներն այն լուրջ չէին համարում, բայց դա ընդամենը կարծրատիպ է, որը մինչ օրս կա, իսկ մրցույթը նաև այդ կարծրատիպի դեմ է պայքարելու»,-ընդգծեց մրցույթի համահիմնադիրը:

Նա նշեց, որ այս ժանրերում ստեղծագործող գրողներից Ջորջ Մարտինի գրքերն են լավ վաճառվում,  Ջոան Ռոուլինգի, Սթիվեն Քինգի, դասականներից Ռեյ Բրեդբերիի գործերն են մասսայականություն վայելում, «Մատանիների տիրակալը» գիրքն է պահանջված: «Նրանք ընդունված են ու համաշխարհային ճանաչում ունեն: Ըստ իս՝ Հայաստանում էլ կամաց-կամաց այդ մշակույթը կարմատավորվի: Հիմա անգամ կոմիքսներ են նկարում Հայաստանում, իսկ տասը տարի առաջ դրա մասին  մտածելն իսկ զարմանալի կլիներ»,-ասաց Հարությունյանը:

«ԱրմԿոն» մրցույթը սկսնակ գրողների համար է, սակայն  կարող են մասնակցել չափահաս բոլոր ստեղծագործողները:

Մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքներն ընդգրկվելու են ժողովածուներում և տպագրվելու են, բայց հնարավոր են նաև առանձին մրցանակներ: «Ըստ Հարությունյանի՝ կարևոր է, որ կատարված աշխատանքը նյութ դառնա և հասանելի լինի հանրությանը: Դա ամենամեծ մրցանակն է հեղինակի համար հատկապես, եթե նա սկսնակ է»,-եզրափակեց Ֆրունզ Հարությունյանը:

Հետաքրքրվածները մրցույթին մասնակցության հայտերը կարող են ուղարկել մինչև օգոստոսի 1-ը: Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ www.armcon.am կայքի միջոցով:

«ԱրմԿոն» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին: Մրցույթի հիմնադիրներն են Ֆրունզ Հարությունյանը և Ստեփան Սմբատյանը:

 

 

Իննսուներեք տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հիշեցնելով, որ Թորանյանը միության անդամ էր և վերջին  տարիներին ապրում էր Հայաստանում:

Թորոս Թորանյանը ծնվել է 1928 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Խաչերը և Վարդուհին, ծնվել են  Կիլիկյան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին գյուղում։ Հայրն ավարտել է ծննդավայրի  Կիլիկյան վարժարանի վեցամյա շրջանը և տիրապետել է հայոց լեզվին, իսկ մայրը մանուկ հասակում մեծացել է քրդական ընտանիքում և մայրենի լեզվին չի տիրապետել։ Հայրը մահացել է, երբ Թորոս Թորանյանը եղել է երկու տարեկան, այդ պատճառով ընտանիքի լեզուն եղել է թուրքերենը։ Մինչև հինգ տարեկան Թորոսը խոսել է թուրքերեն, հայոց լեզու սովորել է մանկապարտեզում: Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում։ Ստացել է բժշկական կրթություն։

Եղել է բազմաժանր ստեղծագործող: Հայտնի են հեղինակի «Աստղերու ճամբան», «Կանաչ տառեր», «Երգ արեգական», «Վերստին կարդալով Շահան Շահնուրը», «Ուր կտանին ճամփաները» և մի շարք այլ երկեր:

 

Կորոնավիրուսի համաճարակն ազդել է ոչ միայն երկրի տնտեսության վրա, շատ առումներով այն փոխել է կյանքի սովորական ձևը մշակութային ոլորտում` նոր կանոնների և սահմանափակումների ներդրման պատճառով, առցանց ձևաչափին անցած թանգարանները դիտողների համար բացվել են բոլորովին այլ կողմից, և այցելուները, նոր տեխնոլոգիաների շնորհիվ, այժմ դառնում են ավելի բանիմաց և պատրաստված: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին խորհրդաժողովում ասել է  Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

«Ստացվել է նոր թանգարան, որում կա նոր «խորեոգրաֆիա»՝ մարդիկ քայլում են բոլորովին այլ ձևով, նոր ձևով և չեն շտապում այսօրվա թանգարանում, քանի որ չկա բազմություն: Առցանցի օգնությամբ մենք կարող ենք մարդկանց ծանոթացնել բաների հետ, որոնք նրանք նախկինում չեն տեսել:

Սովորաբար քչերն են անցնում ամբողջ Էրմիտաժով, քչերն են հայտնվում վերականգնման լաբորատորիայում: Մենք հիմա ունենք նոր հանդիսատես, որը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների, շատ ավելին գիտի, գալիս է պատրաստված, հիմա, երբ անցնում ես թանգարանով, տեսնում ես այլ դեմքեր, այլ հայացք դեպի իրերը», - նշել է Պիոտրովսկին:

Ըստ նրա, համաճարակի ընթացքում թանգարանները ցույց են տվել, որ դրանք կարող են ապահով լինել, եթե փոփոխված իրականության մեջ նոր կանոններ ներդրվեն: Օրինակ, Էրմիտաժում այցելուների տեղաշարժն այժմ կազմակերպված է այնպես, որ տարբեր խմբերի հոսքերը չեն խառնվում իրար: Բոլոր հերթերը վերացվել են առցանց գրանցմամբ:

Այնուամենայնիվ, նույն մոտեցումը բազում խնդիրների տեղիք է տվել. նրանց համար, ովքեր հնարավորություն չունեին տոմսեր գնել առցանց և դիտել հեռարձակումներ ինտերնետով, թանգարանն անհասանելի է: