Իրանահայ հանրահայտ գործիչներ (8.Աստղիկ Բաբայան)
Կյանքը գնացքի նման առաջ է ընթանում և մեկը մյուսին հաջորդելով մարդու աչքերի արագությամբ փոխվում են տեսարանները: Գնացքի արագությունը մերթ բարձրանում է և մերթ դանդաղում: Մերթ այնքան արագ է ընթանում, որ դու չես էլ հիշում քո տեսածներն ու ապրած օրերը և մերթ այնքան հաճելի ու սահուն է ընթանում, որ ամեն ինչ քանդակվում է քո մտքում:
Այս ամենը շատ գեղեցիկ է, բայց ավելի նշանավոր երևույթը մարդու ուղեկիցներն են: Ուղեկիցներն են, որ տանելի են դարձնում նույնիսկ ոչ այնքան հաճելի տեսարանները: Նրանք անձի կյանքում թողնում են իրենց հետքերը, որոնք ի տարբերություն աչքի անցկացրած տեսարանների հավերժանում են հիշողության մեջ: Անկախ դրանից որ դրանք լավ են թե վատ, դրանց ամեն մի վայրկյանը թանկ գնով է ձեռք բերվել, քանի որ կյանքի ամեն մի վայրկյանը որպես գին վճարվել է այդ պահերի հավերժացման համար: Ինչ լավ է երբ մարդ փորձում է և՛ իր և մյուսների համար կյանքը դարձնել գեղեցիկ պահերով լի իրադարձություն ու այդպիսով լավ հուշերով շրջապատվել ու միաժամանակ լավ հիշատակ ու բարի նկարագիր թողնել իրեն շրջապատող մարդկանց սրտերում:
Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ այս հաղորդումը նվիրված է Թեհրանահայ բազմամյա տեսչուհի և արձակագիր Աստղիկ Բաբայանին:
«Աստղիկ Բաբայանը ծնվել է 1936թ. Իրանի Արաք քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի հայոց «Դանայի», «Մանկական պալատ» և «Մարիամյան» դպրոցներում: Բարձրագույն ուսումն ստանալու համար նա մեկնել է Լիբանան և սովորել է Բեյրութի «Հայկազյան» քոլեջում:
Վերադառնալով Թեհրան զբաղվել է ուսուցչությամբ, միևնույն ժամանակ ընդունվել է Թեհրանի պետական համալսարանի Անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետը և նույն ճյուղում ստացել է մագիստրոսի աստիճան:
Աստղիկ Բաբայանը ուսուցչուհի էր, երբ 1969 թվականին ազգային բարերար Պապիկ Թովմաս Թովմասյանի հրավերով ստանձնում է նորաստեղծ «Հովհաննես Թովմասյան» հայկական երկսեռ միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը: Բաբայանը «Հ. Թովմասյան» դպրոցում պաշտոնավարել է մինչև 1982 թվականը:
1969 թվականից անդամակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: 1997 թ.-ից ղեկավարել միության Կանանց բաժանմունքը, իսկ 2009 թվականից վարել է նույն միության նախագահությունը:
1973թ. ամուսնացել է Սարգիս Կարապետյանի հետ, բախտավորվել երկու աղջիկներով:
Ա. Բաբայանը դեռ պատանի հասակից սկսել է գրել, որոնցից մի փունջը հրատարակվել է Բեյրութի «Նաւասարդ» գրական ամսագրում: Իսկ ավելի ուշ՝ նրա բանաստեղծությունները իրենց ուրույն տեղն են գտել Իրանահայ գրական շրջանակի «Հանդիպում» պարբերագրքերում:
Նրա առաջին գիրքը՝ «Իրական դեպքեր»-ը, լույս է տեսել 2001թ.-ին, Թեհրանում, որին եկել են լրացնելու՝ «Ժամանակը սահում է և...», «Ներքին ձայնը, որ...», «Ակրոստիքոսներ» (4 հատորով), «Արծաթե գոտու հետքերով», «Գրքերի որբանոցը», «Հոգու գեղեցկությունը», ու մեծ թվով ձեռագրեր որ չհասցրեց հրատարակել...
Նա ավելի շատ հայտնի էր, որպես Թեհրանի հայկական «Հովհաննես Թովմասյան» երկսեռ դպրոցի բազմամյա տնօրեն, ապա նաև գրող-բանաստեղծ և միութենական կյանքի կազմակերպիչ:
Աստղիկ Բաբայանը ժամանակին Հայերեն ռադիոժամին տված հարցազրույցում գրական ասպարեզ մտնելու մասին այսպես է ասել.«Ես դեռ շատ փոքր հասակում Հայկազյան համալսարանում ուսանողության տարիներին բանաստեղծություններ էի գրում, որոնք տպվում էին «Նավասարդ» թերթում: Երբ ստանձնեցի Թովմասյան դպրոցի տեսչությունը և հետո զբաղվեցի միութենական աշխատանքներով գրելը թողեցի: Թողեցի բայց իմ շրջապատում կատարվածը ամբողջությամբ տեղավորվում էր մտքումս մինչև այն օրը, երբ հանգուցյալ Գալուստ խանենցն ինձ ասաց.«Աստղիկ գրիր գրվածքդ կմնա»: Եվ այսպես ես սկսեցի գրել և այս մի քանի գրքերը որ տեսնում եք, որ գրվել են համարյա երեքից չորս տարում անցյալի հուշեր են ու ներկայումս կատարված դեպքեր, Այսինքն իրական կյանքից վերցված նյութեր: Հուսով եմ մի ժամանակ գա, որ ամբողջությամբ նվիրվեմ գրականությանը և գրեմ այն ինչ Աստղիկ Բաբայանը պետք է գրի»:
Աստղիկ Բաբայանն իր ստեղծագործական նյութը վերցրել է իր կյանքի դպրոցական տարրական և մասամբ էլ միջնակարգ շրջանից: Իհարկե կան նաև այլ թեմաներով գրվածքներ, ինչպես պատմվածքներ, որոնք խոսում են պարտադրյալ պատերազմի տարիների մասին, որոնք նույնպես իրական դեպքեր են: Աստղիկ Բաբայանի խոսքով նա իր գրական երկերում ընդհանրապես պաշտպանում է կնոջը և փորձում է ուշադրությունները գրավել կնոջ ոտնահարված իրավունքների վրա: Բաբայանի խոքով նա իր ստեղծագործությունների մեջ անդրադառնում է նաև դասակարգային տարբերություններին:
Իր գործունեության մասին Աստղիկ Բաբայանն ասել է, որ ինքը միշտ հիշում է դպրոցում անցկացրած օրերը և աշակերտների հետ կապված բազմաթիվ հուշերը: Եվ հիմա երբ ականատես է եղել, որ իր աշակերտները մեծ ու հաջողակ անհատներ են դարձել բավարարվում ու հպարտանում է նրանցով:
Այստեղ չմոռանանք նաև ասել, որ ԱՄՆ-ում եղած ժամանակ Աստղիկ Բաբայանի աշակերտները մեծարանքի երեկո են կազմակերպել նրա համար, որի մասին Բաբայանը ասել է.«Եթե ես ապրել եմ երկու օր իմ կյանքի մի օրը դա է եղել, որովհետև տեսա իմ աշակերտների մեծ մասը երևելի մարդիկ են դարձել ու զգացի իմ աշխատանքն իզուր չի անցել»:
Աստղիկ Բաբայանի մասին նրա բոլոր աշակերտները ասում են, որ նա շատ խստապահանջ է եղել, բայց միաժամանակ շատ են սիրում նրան ու սիրով են հիշում նրա տեսչության տարիներին դպրոցում անցկացրած օրերն ու ժամերը: Իսկ ինքը՝ Բաբայանը, ասել է, որ միշտ կողմ է եղել կարգ ու կանոնի պահպանմանը ու այդ հարցում երբեք չի զիջել, բայց միաժամանակ ոչ ոք այդքան մտերիմ չի եղել աշակերտների հետ ու ցանցկացած հարցում նրանց կողքին չի եղել: Անշուշտ հարազատի հոգատարությունն ու միաժամանակ խստապանաջությունն է պատճառ դարձել, որ Աստղիկ Բաբայանի ստեղծագործությունների տպագրության մեծ մասի մեկենասը եղել են հենց նրա աշակերտները:
Նա միշտ պարծանքով էր հիշում իր աշակերտներին ու ասում.«Շատ մաքուր մեծացան իմ երեխաները»:
Բաբայանը այն անձանցից էր, որ ուսուցչության կողքին նաև զբաղվում էր արվեստով և հասարակական կյանքով, բայց միշտ ասում էր, որ եթե հնարավորություն ունենար վերադառնալ ու նորից սկսել դարձյալ կընտրեր ուսուցչական ասպարեզը: Նա ասում էր.«Երբ դու զգում ես, որ աշակերտին ինչ-որ բան ես սովորեցնում քո աշխարհը տարբեր է»:
Աստղիկ Բաբայանը իր կյանքի ընթացքում եղել է տարբեր երկրներում այդ թվում Հայաստանում, ԱՄՆ-ում և Լիբանանում, բայց Իրանը և հատկապես Թեհրան քաղաքը նրա համար այլ նշականություն են ունեցել, քանի որ նրա կյանքի հիմնական տարիներն անցել են Իրանում: Իհարկե նա նաև շատ է սիրել Բերությում անցկացրած օրերը:
Բարեկամներ Հայերեն Ռադիոժամը ժամանակին բախտ է ունեցել հյուրընկալել Տիկին Աստղիկ Բաբայանին: Այժմ ներկայացնում ենք այդ հարցազրույցի մի հատվածը որտեղ նա կարդում է իր ստեղծագործություններից մեկը:
Աստղիկ Բաբայանը կարճատև հիվանդությունից հետո վախճանվել է 2020թ. հուղարկավորությունը կատարվել է 2020թ. հուլիսի 21-ին Թեհրանի հայոց գերեզմանատանը՝ կրոնական հատուկ ծիսակատարությամբ: