Հունիս 13, 2021 09:33 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը։

Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ ձևավորված սերտ համագործակցությունը վերջին շրջանում ավելի է ակտիվացել․ Հայաստան այցելած պատվիրակությունների հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները հնարավորինս շուտ գործնական հիմքի վրա դնելու կարևորությունը։ Ի պատասխան՝ դեսպանը տեղեկացրեց, որ իրանական կողմն արդեն իսկ մշակել է համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ ու ժամանակացույց, որոնցում սահմանվել են ծրագրերի առաջնահերթությունները։ Ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի առկայությունը թույլ կտա սեղմ ժամկետներում իրագործել հայ-իրանական համագործակցության օրակարգում ընդգրկված ծրագրերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրի, արդյունաբերության (այդ թվում՝ քիմիական արդյունաբերության), դեղագործության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող օրակարգային հարցեր:

-------------------------

Հունիսի 10-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի մասնակցությամբ, Երևանում պաշտոնապես բացվել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը:

Միջոցառման ընթացքում, խոսելով երկու հարևան ու բարեկամ երկրների պատմական հարաբերությունների մասին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է.«Այս ժամանակահատվածում այս ցուցահանդեսի անցկացումը կարևոր քայլ է երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ»:

Ելույթներից հետո, միջոցռմանը ներկա պաշտոնատարները շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և զրուցել մասնակիցների հետ։

Նշենք միջոցառմանը ներկա են եղել Իրան-Հայաստան Առևտրի պալատի տնօրեն՝ Հերվիկ Յարիջանյանը, պալատի ղեկավար կազմի անդամ՝ Զահիր Խոդաբախշանդեն և քարտուղար՝ Գասպար Ամիրխանյանը:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև կիրակի օրը:

---------------------------------

«Gallup International Association» կազմակերպությունը հրապարակել է անցկացված նախընտրական հետազոտության չորրորդ փուլի արդյունքները։ Հարցումներն իրականացվել են հունիսի 7-10-ը 1103 քաղաքացիների շրջանում՝ հեռախոսային հարցումների միջոցով։

Հարցումների արդյունքներով ՝ քաղաքացիների 64.2%–ը մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որից 53.9%–ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է։ Ընտրություններին պատրաստվում է չընտրել հարցվածների 35.5%–ը, որից միանշանակ ընտրատեղամաս չի գնալու 22.7%-ը։

Ընտրություններից 9 օր առաջ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կորցրել է առաջատարի դիրքերը։ Քաղաքացիների 24.1%-ը պատրաստվում է ընտրել «Հայաստան» դաշինքին, իսկ «ՔՊ»–ի օգտին կքվեարկի 23.8%-ը։ «Պատվի ունեմ» դաշինքի օգտին կքվեարկի քաղաքացիների 7.4%–ը։ Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը դեռևս չեն հաղթահարում անցողիկ շեմերը։

Մարզային քաղաքներում և Երևանում «Հայաստան» դաշինքը դարձյալ հաղթում է իշխող ուժին։ Երևանում «Հայաստանի» օգտին կքվեարկեն քաղաքացիների 27.5%-ը, իսկ «ՔՊ»–ին՝ 16.2%-ը։ Մարզային քաղաքներում հարաբերակցությունը նորից դաշինքի օգտին է․ 25.9%-ը՝ 24.1%-ի դիմաց։ Գյուղական համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» ունի 33%՝ դաշինքի ունեցած 18.3%-ի դիմաց։ 

Կազմակերպության կողմից հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշը սկսել է սրընթաց բարձրանալ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ «Հայաստան» դաշինքի վերաբերյալ հասարակության բարյացկամությունը աճում է դեռևս մարտից։ Սրան հակառակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը սկսել է նվազել «Հայաստան» դաշինքի վարկանիշի աճելուն զուգահեռ։Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո, սակայն, վերջին օրերին «ՔՊ»–ի վարկանիշը աճել է 1.7%–ով։

Հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշը շարունակում է ունենալ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նիկոլ Փաշինյանը երկրորդն է՝ 2.5%, որին ընդամենը 0.2 տոկոսով զիջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

--------------------------

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքին։

------------------------

ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր:

----------------------------

Իրանը և Ադրբեջանն արդյունավետ և կառուցողական քայլեր են ձեռնարկում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:

Այդ կապակցությամբ ԻԻՀ-ն և Ադրբեջանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր երկաթուղային համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին ԻԻՀ-ի երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին և ԱՀ երկաթուղու գործադիր տնօրեն Ջավիդ Ղուրբանովը:

Հուշագրի համաձայն, երկու կողմերը պայմանավորվել են իրենց երկաթուղային համագործակցությունը հասցնել տարեկան երկու միլիոն տոննա տարանցման սահմանի:

Անկախ Իրան-Ադրբեջան տարանցիկ համագործակցության  ռազմավարական նշանակությունից, համագործակցության այս փաստաթղթի ստորագրումը Թեհրանի և Բաքվի համար նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ առևտրի արժեքը բարձրացնելու համար:

Հաշվի առնելով Իրանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց Թեհրան և Բաքու հաճախակի այցելությունները և տարանցման, տրանսպորտի և երկաթուղիների ոլորտներում համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրելը, ակնհայտ է, որ երկու երկրների պաշտոնյաները վճռական են ընդլայնել  երկկողմ համագործակցությունները:

Այդ կապակցությամբ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար «Մոհամմադ Էսլամին» Ադրբեջան կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել է.«Թավրիզ-Նախիջևան երկաթուղու ակտիվացմամբ՝ Իրանի և Ադրբեջանի առևտրային տարողությունները նույնպես ընդլայնվելու են»:

Չմոռանանք ասել, որ չնայած տարածաշրջանում և աշխարհում կորոնավիրուսային հիվանդության տարածմանը, անցյալ տարի (2020 թ.) Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքների և բեռների տարանցման ծավալներն աճեցին՝ կազմելով 480 հազար տոննա:

Ամեն դեպքում, պետք է ասել, որ հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհով Իրանի և Ադրբեջանի համատեղ համագործակցությունը հիմքեր է ստեղծում կապի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև տրանսպորտային փոխգործակցության ամրապնդման համար:

Այդ պատճառով փորձագետները շեշտում են այն փաստը, որ տրանսպորտի և տարանցման ոլորտում համագործակցության ցանկացած փաստաթղթի ստորագրումը շատ կարևոր է երկու իսլամական և հարևան երկրների համար:

Ամփոփելով ապրանքների փոխադրման, տարանցման և ծառայությունների ոլորտում Իրանի և Ադրբեջանի համագործակցություննեը պետք է ասել, որ երկրների միջև տարանցիկ առանցքները դիտարկվում են որպես կառավարությունների և ժողովուրդների միջև կապ հաստատելու, ինչպես նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տարանցիկ փոխանակումների ավելացման կարևորագույն միջոցներ