Հունիս 14, 2021 23:28 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այսօր կխոսենք երեխաներին դայակի մոտ թողնելու, թե նրանց մանկապարտեզ տանելու մասին և կներկայացնենք Հոգեբաններ՝ Անի Ապիտոնյանի, Վանենի Վարդանյանի և Արմենուհի Ղազարյանի տեսակետներն այս թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ: 

Նախ խոսենք դայակի մասին: Ով է դայակը: Հոգեբան Անի Ապիտոնյանը ասում է՝ դայակն այն մարդն է, ով խնամում է երեխային, ինչ-որ չափով նաև ստանձնում  է փոքրիկի դաստիարակության պատասխանատվությունը: Այնպես որ, դայակ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես նրա հոգեկան առողջությունը, հոգեվիճակը, աշխարհայացքը, խնդիրները լուծելու մոտեցումները, երեխայի խնամքով զբաղվելու դրդապատճառը (միայն գումար վաստակե՞լն է, թե՞ նաև երեխաների նկատմամբ սերը) հաղորդակցման հմտությունները, այնպես էլ կենսագրությունը, որի մանրամասներից կարելի է պատկերացում կազմել վերոնշյալ հարցերի վերաբերյալ:

«Ծնողները պարտավոր են խոսել երեխայի հետ, բացատրել՝ ինչու է նրան խնամելու դայակը, ասել, որ մայրիկը և հայրիկը ունեն գործեր, որոնք չեն կարող այլ մարդիկ կատարել, այդ իսկ պատճառով էլ օրվա որոշ ժամանակահատվածում փոքրիկին պետք է խնամի դայակը: Ասեք երեխային, որ իրեն հետաքրքիր կլինի նաև այլ մարդկաց հետ ծանոթանալ,  ժամանակ անցկացնել, զբոսնել»,- նշում է հոգեբանը՝ ընդգծելով, որ երեխայի խնամքը դայակին վստահելու գործընթացը պետք է լինի աստիճանաբար. «սկզբնական շրջանում մայրիկը պետք է լինի դայակի կողքին, ներկայացնի փոքրիկի սովորությունները, սննդակարգը: Այդպիսով՝ երեխայի մոտ դայակի նկատմամբ վստահություն կառաջանա»,-ասում է Անի Ապիտոնյանը:

Հոգեբանի խոսքով՝ նույնիսկ ծնողների խնամքի պարագայում երեխաները հակված են ունենալ հոգեբանական խնդիրներ: Սրանցից խուսափելու համար ծնող-դայակ հարաբերությունները պետք է լինեն անկաշկանդ: Ծնողները մշտապես պետք է տեղյակ լինեն երեխայի հետ կապված յուրաքանչյուրի խնդրի մասին, ժամանակ անցկացնեն, խաղան, զբոսնեն, խոսեն փոքրիկի հետ. «հակառակ դեպքում հնարավոր է՝ երեխան օտարանա ծնողներից»,-ասում է հոգեբանը:

Դայակի ընտրության հարցում ոչ պակաս կարևոր են նաև մաքրասիրությունը, կոկիկությունը, դայակի խոսքը, ձայնի տոնը, բարձրությունը. «խոսքը հզոր ուժ է. եթե այն գեղեցիկ չէ, ապա երեխան կունենա տգեղ բառապաշար և մտածողություն», - ասում է հոգեբանը:

Ինչ վերաբերում է դայակի ընտանեկան կարգավիճակին, այստեղ հարցն առավել վիճելի է: «Հնարավոր է լինել ամուսնացած, ունենալ երեխաներ,  սակայն փոքրիկների խնամքի հարցում լինել անպատասախանատու և  հակառակը: Այստեղ առավելապես կարևոր են դայակի անձնային հատկանիշները, հմտություններն ու կարողությունները»,-ասում է հոգեբանը՝ ևս մեկ անգամ խորհուրդ տալով ծնողներին, չնայած զբաղվածությանը, շատ ժամանակ անցկացնել փոքրիկների հետ:

----Իսկ ինչ վերաբերում է երեխաների մանկապարտեզ հաճախելուն: Հոգեբան Վանենի Վարդանյանի կարծիքով մանկապարտեզ հաճախելն ունի մի շարք դրական ազդեցություններ երեխաների հոգեբանական զարգացման վրա:Ի տարբերություն տանը ծնողի, ընտանիքի անդամի կամ դայակի հսկողության տակ մնալուն`մանկապարտեզ գնալիս զարգանում են երեխայի՝-    սոցիալական հմտությունները՝ նրանք սովորում են ուրիշ անհատների հետ հաղորդակցվելու հմտություններ (ինչն էականորեն տարբերվում է ընտանիքի անդամների/դայակի հետ հարաբերություններից),-    թիմում աշխատելու հմտությունները,-    խոսքային հմտությունները,-    հուզական աշխարհը. նրանք ավելի լավ են հասկանում իրենք իրենց եւ դիմացինի զգացմունքներն ու հույզերը:Ինչպես նաեւ երեխան՝-    սովորում է հարգել դիմացինին,-    ձեռք է բերում նոր ընկերներ,-    ծանոթանում է նոր մոտեցումների եւ գաղափարների հետ,-    լայնացնում է աշխարհայացքը:Մանկապարտեզ հաճախելն ունի նաեւ մի շարք այլ առավելություններ- Կա հստակ սահմանված օրվա ռեժիմ՝ ինչքան ուզում է հետեւողական լինի ծնողը, դայակը կամ տատիկը, տնային պայմաններում օրվա ռեժիմին հետեւելը շատ ավելի բարդ է, երբեմն նույնիսկ՝ անհնար:- Երեխաների հետ զբաղվում է հատուկ նրանց հետ աշխատելու համար մասնագիտացված անձնակազմ, ինչը ոչ միշտ է հնարավոր ապահովել խնամակալի դեպքում:- Հետազոտությունները ցույց են տալիս նաեւ, որ մանկապարտեզից հետո երեխաներն ավելի արագ եւ հեշտ են հարմարվում դպրոցին:

Երեխային թողնել դայակի մոտ թե նրան տանել մանկապարտեզ: Հարցին պատասխանում է  հոգեբան Արմենուհի Ղազարյանը:

---

Հոգեբան Վանենի Վարդանյանը երեք քայլեր է առաջարկում, որոնք ձեր երեխային կնախապատրաստեն մանկապարտեզ հաճախելուն՝Քայլ 1-ին. Ամենաուշը 2 ամսականից սկսած՝ երեխային որոշ ժամանակով միայնակ թողեք

Մոտավորապես 2 ամսականից սկսած՝ անհրաժեշտ է երեխային օրվա ընթացքում վարժեցնել արթուն ժամանակ միայնակ մնալուն: Ընտրում եք հարմար մի վայր, օրինակ՝ գետնին՝ մանկական գորգիկի վրա, եւ անհետանալով նրա տեսադաշտից՝ երեխային հանգիստ եք թողնում 10-20 րոպեով: Աստիճանաբար ավելացնում եք ժամանակը, այնքան, մինչեւ կհոգնի միայնակ մնալուց:

Հանգիստ թողնել նշանակում է, որ նրան չեք գրկում, հետը չեք խոսում, չեք մոտենում, որ նայեք ինչպես է, ինչ է անում: Կարող եք գտնվել նույն սենյակում, բայց դուք զբաղվում եք ձեր գործով, իսկ երեխան իր, այն է՝ աշխարհի ճանաչմամբ: Նման հանգիստ վիճակները, երբ երեխան միայնակ է, եւ ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում, բեկումնային են երեխաների զարգացման համար:

Կարող եք երբեմն (ոչ միշտ) երեխայի համար միացնել դասական երաժշտություն: Այդ նույն սենյակում, որտեղ երեխային միայնակ եք թողել հեռուստացույց մի միացրեք, քանի որ  դրա ձայնը կամ պատկերը հեշտութամբ կարող է շեղել երեխայի ուշադրությունը:

Երեխաների զարգացման ամենակարեւոր հմտություններից մեկը, ինքնուրույն ինքն իրեն զբաղմունք գտնելն է: Այս վարժության նպատակը հենց այս հմտության, ինչպես նաեւ երեխայի ուշադրության զարգացումն է: Հավատացեք, այս պարզ քայլը հետագայում ձեզ եւ ձեր երեխային շատ գլխացավանքներից կազատի թե մանկապարտեզում, թե դպրոցում եւ թե կյանքում: 

Քայլ 2-րդ. Երեխայի մոտից հեռանալիս միշտ հրաժեշտ տվեք եւ զգուշացրեք, որ գնում եք

Համոզված եմ, բոլորս էլ գոնե մեկ անգամ ականատես եղել ենք, ինչպես են ձեր ներկայությամբ երեխային շեղում, եւ մայրիկն անտեսանելիորեն հեռանում է սենյակից: Երեխան շուռ է գալիս, իսկ ծնողն այնտեղ չէ: Երեխան լալիս է, հիստերիայի մեջ է ընկնում, իսկ հարազատները փորձում են նրան համոզել, որ մայրը կողքի սենյակում է/զուգարանում է, ոչ մի տեղ չի գնացել կամ ուր որ է կգա: Նման վարվելակերպը երեխային սթրեսի մեջ է գցում եւ հետագայում կարող է պատճառ հանդիսանալ, որ երեխան դառնա տագնապային անձ:

Այս սխալ մոտեցման արդյունքում նաեւ շատ երեխաներ մեծանալով ունենում են վախեր (օրինակ՝ մթությունից), զանազան հոգեբանական եւ առողջական խնդիրներ:Երրորդ քայլը բուն նախապատրաստությունն է մանկապարտեզ գնալուն:Քայլ 3-րդ. Նախապատրաստեք երեխային եւ սկզբանական շրջանում այցելեք մանկապարտեզ երեխայի հետ միասին

Նախօրոք պատմեք երեխային մանկապարտեզի մասին՝ այնտեղ շատ երեխաներ կան, հետաքրքիր խաղեր են խաղում, ձեր երեխան նոր ընկերներ ձեռք կբերի եւ այլն: Պատմեք պատմություններ ձեր մանկապարտեզից, ինչ չարաճճիություններ եք արել, ինչպիսի դաստիարակ ունեիք եւ այլն: Ցույց տվեք երեխային ձեր լուսանկարներից:Երբ երեխան արդեն պիտի հաճախի մանկապարտեզ, պլանավորեք, որ երեխային ադապտացվելու համար անհրաժեշտ է միջինում 1-2 շաբաթ: Եթե ձեր երեխան հենց առաջին իսկ օրվանից հանգիստ գնում է մանկապարտեզ եւ չի ուզում, որ դուք իր հետ այնտեղ մնաք, շնորհավորում եմ, դուք այլեւս անելիք չունեք: Բայց ավելի հաճախ երեխաներին պետք է լինում հարմարվել նոր միջավայրին եւ ցանկալի է ժամանակ տրամադրել (եւ համաձայնության գալ մանկապարտեզի հետ, եթե նրանց կողմից նման առաջարկ չի եղել) երեխայի հետ  մնալ մանկապարտեզում: Թող երեխան խաղա եւ հետո նրան խաղի կեսից չուզելով տարեք տուն: