Գեղարվեստական հաղորդում (273)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա մշակութային իրադարձություններին:Ընկերակցեք մեզ։
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հունիսի 21-ից իրականացնում է «#Խաչատրյանական օրեր Վիքիպեդիայում» ծրագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բովանդակության ստեղծման և բարելավման նախագիծը նվիրված է Արամ Խաչատրյանին, նրա տուն-թանգարանին, ցուցանմուշներին և ստեղծագործություններին, այն ամենին, ինչը կապված է մեծ կոմպոզիտորի անվան հետ։
Համագործակցությունը երկարաժամկետ է և նպատակ ունի լրացնել Արամ Խաչատրյանին վերաբերող բացը հայերեն վիքինախագծերում, ավելացնել որակյալ, մասնագիտական բովանդակությունը և հետագայում այդ ամենը թարգմանել ու տեղադրել այլ լեզուներով վիքիպեդիաներում։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության ամբիոնի շրջանավարտները բուհի 100-ամյակի առթիվ հանդես եկան «Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» համերգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցավ հունիսի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Համերգի համար որպես խորագիր ընտրված էին Կոմիտասի հանրահայտ խոսքերը։
Կոնսերվատորիայի առաքելություններից է հանրապետությունում բազմաճյուղ երաժշտական և մեթոդական ցանցի համակարգումը: Որպես Հայաստանի երաժշտական կյանքի և երաժշտական մշակույթի մայր բուհ` կոնսերվատորիան ինքն էլ ամրանում և կատարելագործվում է` գտնելով ուսումնական գործընթացը ղեկավարելու և ստեղծագործաբար հարստացնելու նորանոր ձևեր:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը, կարևորելով երիտասարդ տաղանդներին աջակցելու ու բեմահարթակ տրամադրելու առաքելությունը, հունիսի 23-ին հանդես եկավ «Ճանապարհ տաղանդներին» խորագրով համերգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Երեկոյին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) ելույթ ունեցավ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, որոնցից մի քանիսը նախապատրաստվում են միջազգային հարթակներում կարևորագույն մրցույթների: Նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
Հնչեցին Բախի, Սեն-Սանսի, Հայդնի, Վիվալդիի, Մոցարտի, Գլյուկի, Բոկերինիի ստեղծագործությունները:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգով կմատուցի հայկական սիրված ֆիլմերի երաժշտությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հունիսի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրում կհնչեն «Գիքորը», «Նվագախմբի տղաները», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Խնձորի այգին», «Թթենի», «Կտոր մը երկինք», «Առաջին սիրո երգը», «Ինչու է աղմկում գետը», «Քաոս», «Հուսո աստղ», «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն», «Տղամարդիկ», «Մենավոր ընկուզենի» կինոֆիլմերի համար գրված մեղեդիները։

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը:
Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում փարիզյան տարիներին ստեղծած գրաֆիկական աշխատանքների շարքում:
Ցուցադրությունում ներկայացված են Վարպետի սեղմումով ստեղծագործությունները, նաև՝ քոչարական սեղմումով գործերի մոտիվներով իրականացված յուրօրինակ լուսային ինստալյացիաներ, որոնք նորարարական եղանակներով և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ առավել ակնառու են ներկայացնում արվեստագետի մտահղացումները:
Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է Քոչարի թանգարան, դիտել նոր բացված ցուցադրությունը և տնօրեն Կարինե Քոչարի ուղեկցությամբ շրջայց կատարել թանգարանում: Նախարարի տեղակալը տնօրենի հետ քննարկել են թանգարանի առաջիկա անելիքները, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
Նշենք, որ «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը նվիրված է Քոչարի ծննդյան 122-ամյակին:
Այս յուրահատուկ բեմադրություն-ցուցադրության համակարգողը և ինստալյացիաների հեղինակն է Աշոտ Մարաբյանը: Ցուցադրությունն ուղեկցվում է անիմացիաներով (հեղինակ՝ Նարեկ Նազարյան), տեսաֆիլմերով և երաժշտությամբ:

Հայկական պատմամշակութային ժառանգությունը կներկայացվի Չեխիայի մի շարք քաղաքներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պրահայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծրագիրն իրականացվում է Սլավոնական մշակույթի օրերի ավանդական փառատոնի ընդլայնված ձևաչափի շրջանակներում, որտեղ ներկայացվում են տարեկան 3-4 երկրներ:
Այս տարվա փառատոնը Չեխիայի մեկ տասնյակից ավելի քաղաքներում չեխ հանրությանը կներկայացնի Հայաստանը, Բելառուսը, Չեռնոգորիան և Ավստրիան (Բռնո, Ուհերսկի Բրոդ, Յիհլավա, Օլոմոուց, Օստրավա, Հրադեց Կրալովե, Հոդոնին, Սլապ, Պրահա):
Փառատոնի հայկական մասն անցկացվում է Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Այն բաղկացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության, Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական և նախնական ցանկերում գրանցված հուշարձաններն ու տարրերը, ինչպես նաև ականավոր հայ անհատներին ներկայացնող շրջիկ ցուցահանդեսից:
Հիմնական ցուցահանդեսը լրացվում է նաև խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին նախագահ Ռոբին Բյոհնիշի՝ «Հայաստան. լեռների, եկեղեցիների և գինիների երկիր» լուսանկարների ցուցահանդեսով: Տարբեր առիթներով ցուցահանդեսներն ուղեկցվում են «Կիլիկիա» հայկական պարային համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի կատարումներով, ինչպես նաև տեղի հայկական համայնքների կողմից կազմակերպված հայ խոհանոցի համտեսներից:
Հայկական ծրագիրը մեկնարկել է Բռնոյում մայիսի 5-ին՝ նաև Հարավային Մորավիայի երկրամասի ղեկավարի հովանու ներքո, որտեղ ցուցահանդեսները ցուցադրվել են նահանգապետարանի շենքում և Բռնոյի տարբեր այլ վայրերում մինչև 2021 թվականի հունիսի 11-ը:
Դեսպան Աշոտ Հովակիմյանի՝ Հարավային Մորավիայի երկրամաս աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 11-ին ցուցահանդեսի փակման արարողությանը դեսպանին հյուրընկալել էին երկրամասի ղեկավար Յան Գրոլիխը և ղեկավարի տեղակալ Լուկաշ Դուբեցը: Դեսպան Աշոտ Հովակիմյանը և Լուկաշ Դուբեցը երեկոյան ներկա են եղել Վիլլա Լյըվ-Բիրում անցկացված հայկական երեկոյին, որի շրջանակներում անցկացվել է ցուցահանդեսների վերջին ցուցադրությունը` ուղեկցված հայկական «Կիլիկիա» համույթի ու հայ երգչուհի Կարին Սարկիսյանի և տեղական «Սլովացկի» համույթի ելույթներով, որոնց հաջորդեց հայկական ուտեստների և գինիների համտես։
Հունիսի 12-ին դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելել է Ուհերսկի Բրոդ քաղաքը, որտեղ տեղի է ունեցել հայկական ծրագրի պաշտոնական մեկնարկը` հայկական մշակույթի օրվա տեսքով, որն անցկացվել է նաև Զլինի երկրամասի ղեկավար Ռադիմ Հոլիշի և Ուհերսկի Բրոդի քաղաքապետ Ֆերդինանդ Կուբանյիկի հովանավորությամբ և մասնակցությամբ:
Տոնակատարությունը մեկնարկել է «Սպիտակկարպատյան փառատոն 2021»-ի շրջանակներում «Կիլիկիա» համույթի և երգչուհի Կարին Սարկիսյանի ելույթներով, որոնց հաջորդել է տեղի մշակույթի տանը հայկական ցուցահանդեսների բացումը:
Դեսպանի այցը եզրափակվել է 17-րդ դարի ականավոր մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կոմենսկու տուն-թանգարանի այցելությամբ։

Աղբանոցում արվեստի առարկաներ գտնելով՝ տղամարդը վերցրել է դրանք, փաթեթավորել եւ հանձնել Գերմանիայի ոստիկանությանը: Այժմ իշխանությունները փորձում են պարզել, թե ինչպես են դրանք այնտեղ հայտնվել:
Ոստիկանությունը հայտնել է, որ փորձագետների նախնական գնահատականներով, երկու նկարներն էլ կարող են բնօրինակ լինել։ Նկարներից մեկը՝ «Տղայի դիմանկար» վերնագրով, կարող է պատկանել Ռեմբրանդտի աշակերտի՝ հոլանդացի նկարիչ Սամուել վան Հոգստրատենի (1627-1678) վրձնին, մյուսը՝ «Ծիծաղողի ինքնադիմանկարը», իտալացի նկարիչ Պիետրո Բելոտիի (1627-1700) գործն է:
Նախկինում Գերմանիայում հայտնաբերվել են արվեստի կորած գործեր: 2006 թվականին գերմանացի էքսպրեսիոնիստ Էմիլ Նոլդեի նկարը հայտնաբերվել էր ձեղնահարկում՝ անհետանալուց 30 տարի անց: 2010-ին Բեռլինում գտել էին Օդեսայում դրանից երկու տարի առաջ գողացված Կարավաջոյի նկարը, իսկ այն վաճառելու փորձ կատարողները ձերբակալվել էին։
2012-ին Մյունխենի բնակիչ Կոռնելիուս Գուրլիտի մոտ հայտնաբերվել էին թաքցված մոտ 1500 նկարներ, գրաֆիկական թերթեր, քանդակներ, որոնց թվում էին Պիկասոյի, Ռենուարի, Շագալի աշխատանքները: Պարզվել էր, որ «Գուրլիտի հավաքածուն» կազմել է նրա հայրը, որը Երրորդ ռեյխի արվեստի վստահելի դիլերներից էր եղել: Գործերի մի մասը նացիստները առգրավել էին թանգարաններից կամ ճնշման տակ չնչին գնով վերցրել էին հրեա սեփականատերերից:

Բրիտանիայի Քորնուոլ կոմսությունում տեղի ունեցավ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը. յոթ պետությունների առաջնորդները հանդիպել են Կարբաս Բեյ հանգստավայրում: Արվեստագետ Ջո Ռաշն այս իրադարձությանը նվիրված ինստալյացիա է հեղինակել, որը պատկերում է գագաթնաժողովի մասնակիցներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Նշվում է, որ արդյունաբերական թափոններից պատրաստված քանդակը նման է ԱՄՆ-ում Ռաշմոր լեռան վրա պատկերված քանդակին, որը հարգանքի տուրք է ԱՄՆ 4 նախագահներին:
Ջո Ռաշը Mutoid Waste ընկերության հիմնադիրն է, որն արվեստի գործեր է ստեղծում արդյունաբերական թափոններից: Քորնուոլի լողափին հայտնված հսկա քանդակը նույնպես պատրաստված է «դարն ապրած» էլեկտրոնիկայի դետալներից:
Ինստալյացիայի վրա աշխատել է մի քանի մարդ, այդ իսկ պատճառով առաջնորդների դեմքերը ստեղծվել են տարբեր ոճերով:
G7-ի հանդիպումը կավարտվի կիրակի, որից հետո քանդակը կտեղափոխվի Մանչեսթեր՝ զարդարելու musicMagpie ընկերության գրասենյակի մուտքը: