Գեղարվեստական հաղորդում (275)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագիր կնքվեց՝ բարձրագույն կրթության զարգացման և միջազգայնացման ուղղությամբ աշխատելու, ակադեմիական, մշակութային և գիտական համագործակցությունն ու փոխանակումը կրթության, հետազոտության բնագավառներում ընդլայնելու նպատակով:
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում:
«Մեր երկրների պատմական կապերը խորն ու բարեկամական են: Մենք գիտենք այս տարածաշրջանում ձեր դիրքորոշումն, ինչը կարևոր է մեր երկրի համար: Պատերազմից հետո այս պայմաններում մեզ նման համաձայնագրի առաջարկ անելը շատ է ուրախացնում: Սա նոր բարեկամության սկիզբ է նաև արվեստի, մշակույթի բնագավառում»,-ասաց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորն ու հավելեց, որ Սպահանում լինելու առիթ է ունեցել. հիացած է մշակույթով, գեղեցկությամբ, մաքրությամբ:
Իսաբեկյանն ընդգծեց, որ այնտեղ հստակ երևում է Իրանի ժողովրդի վերաբերմունքը հայերի հանդեպ, քանի որ նրանք բծախնդրությամբ պահպանում են հայկական արժեքները:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին էլ շեշտեց, որ այլ քաղաքների բնակիչները ևս շատ լավ վերաբերմունք ունեն հայերի հանդեպ:
Դեսպանն ասաց՝ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային կապերը խորն են, ընդլայնված և վաղեմի: «Իրանը գիտության, տնտեսության և շատ այլ ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ունի և նկատելի են մշակույթի բնագավառի հաջողությունները: Իրանում երբեք չեն մոռանում այն մշակութային արժեքները, որոնք ստեղծել են հայերն ու փոխանցել Իրանի ժողովրդին: Խորհրդային Միության տարիներին մշակութային փոխհարաբերություններում բացեր են եղել, որոնք լրացնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրել, և նմանատիպ հանդիպումները, միջոցառումները կնպաստեն հարաբերությունների սերտացմանը»,-նշեց դեսպանը:
Աբաս Բադախշան Զոհուրին հավելեց, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանն ու Իրանը մշակույթի հիման վրա պետք է առավել զարգացնեն տարբեր ոլորտներում կապերն ու համագործակցությունը: «Մենք վերջերս նկատում ենք նաև պատմական որոշակի խեղաթյուրումներ, ինչը պահանջում է մեր զգոնությունն ու ուշադրությունը տարբեր հարցերի նկատմամբ: Խոսքը մեզանից ոչ հեռու երկրների մասին է: Մենք պետք է հստակ փորձենք պահպանել այն, ինչ ունենք ու թույլ չտանք, որ մեր պատմամշակութային արժեքներն ու կոթողները խեղաթյուրվեն»,-ընդգծեց դեսպանը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը հույս հայտնեց՝ համագործակցություններ կլինեն ոչ միայն մշակույթի, այլև կրթության և գիտության բնագավառում և դասախոսների, ուսանողների փոխանակման արդյունքում կապերն առավել կամրապնդվեն ու կմոտեցնեն երկու ժողովուրդներին:
ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ ասաց, որ երկուստեք ջանքեր են գործադրվել, և նման փաստաթղթի ստորագրումը իրականություն է դարձել, ուստի քայլեր է պետք ձեռնարկել ամեն ինչ գործնական դաշտ տեղափոխելու համար:
Նա տեղեկացրեց, որ, համագործակցելով Հայաստանի նկարիչների միության հետ, արդեն իսկ իրագործել են «Իրանն իմ աչքերով» մրցույթը, որին մասնակցել են հայ արվեստագետներ: Առաջիկայում կընտրվեն հաղթողներն ու Հայաստանում ցուցահանդես կբացվի: Լիահույս են, որ մրցույթն ամենամյա կդառնա:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը և այլք:
Համագործակցության շրջանակում կողմերը միմյանց գիտական և գեղարվեստական նվաճումները փոխադարձաբար կիսելու նպատակով կկազմակերպեն հետազոտական, դասախոսական, արվեստագետների և վարչական անձնակազմի փոխանակում, կնախաձեռնեն կարծիքների փոխանակում, համագործակցություն և արվեստի, մշակութային ու գեղարվեստական տարբեր ոլորտների համատեղ ուսումնասիրությունների կազմակերպում: Կլինի կողմերից մեկի կողմից կազմակերպված սեմինարների և դասախոսությունների փոխադարձ մասնակցության ապահովում, հետաքրքրող թեմաների վերաբերյալ փոխադարձ կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների և աշխատարանների անցկացում, արվեստի մասնագիտական տարբեր ոլորտների մասնագետների, դասախոսների և հետազոտողների գիտական կարողությունների խթանմանն ու զարգացմանն աջակցելու նպատակով փոխադարձ և համատեղ մասնագիտական հմտությունների զարգացմանը միտված ծրագրերի իրականացում և այլ նախաձեռնություններ:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Դանթե Ալիգերիի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ մասնակցել է Ռավեննայի փառատոնին՝ Քերուբինիի նվագախմբի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) Ռավեննայում կայացած համերգին ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին: Հնչել են Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։
Եվրոպական լավագույն փառատոնների շարքին դասվող Ռավեննայի փառատոնի հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել հայկական երգչախմբին:
Ռավեննայի փառատոնի կազմակերպիչները շատ տպավորված և հիացած են եղել երգչախմբով և համերգի մակարդակով, իսկ մաեստրո Ռիկարդո Մուտիին տպավորել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ աշխատանքը, և նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մաեստրո Ռոբերտ Մլքեյանին: Մուտին նաև առաջիկա համագործակցությունների ակնկալիք ունի երգչախմբի հետ: Աշխարհահռչակ դիրիժորը երգչախմբի հետ զրույցներում ընդգծել է հայերի և իտալացիների նմանությունները:
Ի դեպ, Մուտին ուղևորվեց Հայաստան երգչախմբի հետ՝ նույն համերգը կրկնելու հուլիսի 4-ին: Երեկոյի շրջանակում կայացավ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով:
Ռիկարդո Մուտին շեշտել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր օրերի մեծագույն կոմպոզիտորներից է, և ինքը շատ մեծ ուրախությամբ է ընտրել նրա գործերը՝ ղեկավարելու համերգին որպես դիրիժոր: Նախագիծը կայացել է հենց Տիգրան Մանսուրյանի ջանքերով:

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: Այն տեղի կունենա հուլիսի 3-9-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպի 6 բացօթյա համերգ: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել Էին ինը տարի առաջ: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, վկայակոչելով Աթենքի ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նաեւ հաջողվել Է գտնել Փիթեր Մոնդրիանի «Հողմաղաց» նկարը, որը գողացել Էին Պիկասոյի կտավի եւ եւս մեկ ստեղծագործության հետ միասին: Հանցագործները մի քանի րոպեում երեք նկար են գողացել 2012 թվականին:
Կտավները գտել են այն բանից մի քանի ամիս անց, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ դրանք, ենթադրվում Է, մինչեւ այժմ գտնվում են Հունաստանում:
Պիկասոն «Կնոջ գլուխը» պատկերասրահին Է նվիրել 1949 թվականին՝ ի նշան Հունաստանի դիմադրությանը, որը նա ցուցաբերել Էր նացիստական Գերմանիային: Գեղանկարիչը կտավն ստեղծել Է 1939 թվականին:
Մայիսին Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» ստեղծագործությունը Christie՚s-ի աճուրդում վաճառվել Է 103,4 միլիոն դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ֆրանսիական ընտանիքը, որը պատահաբար հայտնաբերել էր Ժան-Օնորե Ֆրագոնարի «Ընթերցող փիլիսոփան» կտավը, այն աճուրդում վաճառել է 9,1 միլիոն դոլարով:
Նկարն ի սկզբանե գնահատվում էր 1,5-2 միլիոն դոլար, բայց նոր սեփականատերն առաջարկել էր նախնական գնից հինգ անգամ ավելի մեծ գումար:
18-րդ դարի դասականի արվեստի գործը հայտնաբերվել էր մի ընտանիքի կողմից այս տարվա մարտին: Ֆրագոնարի գլուխգործոցը կախված է եղել այն տանը, որն ընտանիքը ժառանգել էր: «Ընթերցող փիլիսոփան» կտավը հարյուր տարի գտնվում էր այդ կալվածքում:

Կարիերային նվաճումների համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր պարգև կհանձնվի ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քյորտիսին: Հունիսի 30-ին այդ մասին հայտնել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնի տնօրինությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ոսկե առյուծը» Քյորտիսին կհանձնվի «սեպտեմբերի 8-ին Կինոյի պալատում՝ ռեժիսոր Դևիդ Գորդոն Գրինի «Հելոուինը սպանում է» (Halloween Kills) ֆիլմի արտամրցութային ցուցադրությունից առաջ, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը, նշված է հայտարարության մեջ:
«Ջեյմի Լի Քյորտիսը պատկանում է հոլիվուդյան այն դերասանների և դերասանուհիների սակավաթիվ խմբին, որոնք ունակ են առավել համոզիչ մարմնավորվելու այն բոլոր հատկանիշները, որոնք ներկայացնում են համաշխարհային մեծ կինոյի ոգին»,- հայտարարել է աշխարհի հնագույն կինոստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան:
Ապրիլին փառատոնի տնօրինությունը հայտարարել է, որ կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար նաև «Ոսկե առյուծ» կհանձնեն իտալացի դերասան և ռեժիսոր Ռոբերտո Բենինիին: