Հուլիս 08, 2021 04:31 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հաջ սուրահի 63 և 64-րդ այաներ

أَلَمْ تَرَ أَنَّ اللَّهَ أَنزَلَ مِنَ السَّمَاء مَاء فَتُصْبِحُ الْأَرْضُ مُخْضَرَّةً إِنَّ اللَّهَ لَطِیفٌ خَبِیرٌ

لَهُ مَا فِی السَّمَاوَاتِ وَمَا فِی الْأَرْضِ وَإِنَّ اللَّهَ لَهُوَ الْغَنِیُّ الْحَمِیدُ

Չտեսա՞ր, որ Աստված երկնքից անձրև իջեցրեց, ու անմիջապես երկիրը ծածկվեց կանաչով: Նա ճշմարիտ ու կանխատեսող է:

Նա Տերն է երկինքների ու երկրի էակների: Փառավորյալ է Նա:

Այս այաներն ինչպես նախորդներն, անդրադառնում են Արարչի կարողությանն, ասելով, որ անձրևի տեղալը, որը պատճառ է դառնում, որ բույսերն աճեն հողից, պատահականություն չէ: Այս բնական երևույթն իմաստուն Աստծո կողմից է որոշվել և ենթարկվում է նրա անսահման գիտությանն ու գթությանը: Նա է տերը ողջ տիեզերքի և մշտապես գթառատ է իր արարածների նկատմամբ: Այդ պատճառով էլ նրան պետք է պաշտել:

Այս այաներից սովորում ենք․

1. Աստված այս աշխարհում հաստատել է բնական օրենքներ, որոնցով կառավարվում է տիեզերքը:  

2. Միայն Աստված է որ կատարյալ է և աշխարհի բոլոր արարածներն ունեն նրա կարիքը:

Հաջ սուրահի 65-րդ այա

أَلَمْ تَرَ أَنَّ اللَّهَ سَخَّرَ لَکُم مَّا فِی الْأَرْضِ وَالْفُلْکَ تَجْرِی فِی الْبَحْرِ بِأَمْرِهِ وَیُمْسِکُ السَّمَاء أَن تَقَعَ عَلَى الْأَرْضِ إِلَّا بِإِذْنِهِ إِنَّ اللَّهَ بِالنَّاسِ لَرَؤُوفٌ رَّحِیمٌ

Չե՞ս տեսնում միթե, որ Աստված ձեր կարիքների համար հատկացրել է այն ամեն ինչ պարունակում է երկիրը, որ նավերն իր հրամանով ճեղքում են ալիքները: Նա ձեր գլխի վրա պահել է երկինքը, որպեսզի այն չփլվի երկրի վրա, բացառությամբ այն պահի, երբ Ինքը թույլ տա:Նա գթած ու ողորմած է։

 

Այս այան անդրադառնում է մարդկանց նկատմամբ Աստծո վերաբերմունքին, ասելով. «Աստված մարդուն է տրամադրել մոլորակն իր ցամաքով, ծովերով ու  օվկիանոսներով, և նրան տվել է ուժ` դրանք իրեն ենթարկելու այնպես, ինչպես ցանկանում է: Աստված մարդուն տվել է զարգանալու հնարավորություն և միտք ու կարողություն, որպեսզի կարողանա բնական երևույթներն ու հնարավորություններն օգտագործել իր կարիքները, այդ թվում` սնունդ ու հագուստ ապահովելու համար»: Բոլոր գործարանների ու զարգացած արդյունաբերությունների հումքն այսօր ձեռք է բերվում հանքերից ու ստորգետնյա աղբյուրներից: Արդյունքում, մարդը դրանցից ստեղծում է  տարբեր տեսակի ապրանքներ: Օվկիանոսներն ու ծովերը նույնպես գտնվում են մարդու տրամադրության տակ: Նա նաև կարողանում է  օգտվել չորքոտանիներից ինչպես` ձիերից և ուղտերից: Բացի այդ, մարդը ծովի միջոցով կարողանում է տեղափոխել իր ապրանքը: Այս այան խոսում է  նաև այն մասին, որ  բոլոր մոլորակների միջև գոյություն ունի որոշակի տարածություն և դրանք պտտվում են իրենց առանցքի շուրջը, որպեսզի չդիպչեն երկրին ու չոչնչացնեն այն:

Այս այայից սովորում ենք․

1. Աստված երկիր մոլորակը տրամադրել է մարդուն, որպեսզի նա օգտվի մոլորակի պաշարներից ու հնարավորություններից:

2. Աստված արել է այնպես, որ ողջ արարչագործությունը չփլվի: Ու եթե նա անգամ մի վայրկյան ուշադիր չլինի, այդ ամենը կոչնչանա:

 

Հաջ սուրահի 66-րդ այա

وَهُوَ الَّذِی أَحْیَاکُمْ ثُمَّ یُمِیتُکُمْ ثُمَّ یُحْیِیکُمْ إِنَّ الْإِنسَانَ لَکَفُورٌ

Նա է, որ ձեզ կյանք  է տվել: Նա է, որ մահ է ուղարկում և հարություն տալիս:Բայց մարդը շատ ապերախտ է:

Կյանքի ու մահվան խնդիրն Աստծո զորության ամենակարևոր նշաններից են: Նա այն ուժն է, որը կյանք է պարգևում անշունչ հողին ու դրա մեջ ստեղծում բազմաթիվ հնարավորություններ: Իսկ մարդու կյանքի վերջում, Աստված նրանից խլում է  աշխարհիկ կյանքն ու նրան վերադարձնում հողին: Իսկ եթե ցանկանա, կարող է մարդուն հարություն տալ ու նորից կյանք պարգևել նրան: Այայի վերջում մարդն արժանանում է քննադատության, քանի որ աստվածային բարիքները ստանալով, չի փառաբանում Աստծուն ու ապստամբում է նրա դեմ ու անհնազանդ դառնում, նույնիսկ հերքելով Աստծո գոյությունը: Պետք է ասել, որ չնայած բոլոր գիտական առաջխաղացումներին, մարդը դեռևս չի հասկացել կյանքի գաղտնիքն ու չի կարողացել անշունչ նյութից կենդանի էակ ստեղծել: Այդուհանդերձ, մարդն Արարչին հարցականի տակ է դնում և տարբեր ձևերով ժխտում նրա դերակատարությունը:

Այս այայից սովորում ենք․

1. Մահն այս կյանքում մարդու կյանքի ավարտն է, սակայն մահից հետո մարդն ապրում է  այլ աշխարհում:

2 . Եթե մարդը ցանկանում է  երջանիկ ապրել` օգուտ քաղելով աշխարհի հնարավորություններից, պետք է փառաբանի Աստծուն և երախտագետ լինի նրա նկատմամբ: