Հուլիս 28, 2021 07:39 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։

 

Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի անդամ, ճարտարապետ Շերլի Ավետյանը ընթերցող հանրության դատին է հանձնել «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Էջմիածնում՝ «Հայ միասնության խաչ» (Մաչանենց տուն) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության շենքում:

Գրքում անդրադարձ է կատարվել Իրանում դարերի ընթացքում կառուցված հայկական եկեղեցիներին ու վանքերին։

Միջոցառման ընթացքում բարեմաղթանքի ելույթներով հանդես են եկել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի «ԻԿՕՄՕՍ Հայաստան» նախագահ Գագիկ Գյուրջյանը և ուրիշներ։

 

 

Իռլանդական Գոլվեյ քաղաքում hուլիսի 21-23-ն անցկացված միջազգային կինոփառատոնի կինոշուկայի պաշտոնական ծրագրում ներառվել էր ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայ-գերմանական «Բեքսթեյջ» ֆիլմը: Այն ընդգրկված է կինոշուկայի ավարտման փուլում գտնվող ֆիլմերի ծրագրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդարգություն է տարածել Հովհաննես Գալստյանը:

«Գոլվեյն ունի Եվրոպան Ամերիկայի հետ կապող տրանսատլանտիկ կամրջի կարգավիճակ և ֆինանսիստներին տրամադրվող արտոնյալ պայմանների, նոր Եվրոպական կինոն դիստրիբյուտորներին ու կինոփառատններին ներկայացնելու երկարամյա փորձի շնորհիվ այն երկու աշխարհամասերի կինոյի մասնագետների հանդիպման ավանդական վայր է։ Կինոշուկայում ծրագրված են ընտրված ֆիլմերի արտադրողների և հրավիրված ֆինանսիստների, վաճառքի գործակալների, հեռարձակողների, կինոհիմնադրամների, կինոփառատոնների ներկայացուցիչների նախապես համաձայնեցված հանդիպումներ։ Հայկական ֆիլմի արտադրողներն արդեն ստացել են հանդիպումների ժամանակացույցը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Նշվում է, որ «Բեքսթեյջը» հայկական միակ ֆիլմն է, որի դեմ Հայաստանում կինոյի պետական կառույցի դիմումով քրեական գործ է հարուցվել, ինչը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, որի արդյունքում կասեցվել է ընկերության մեկ այլ՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի երաշխավորված պետական ֆինանսավորումը։ «Գոլվեյը լավ հնարավորություն է՝ «Բեքսթեյջը» ավարտելու, ֆիլմի համաշխարհային պրեմիերայի վայրն ու վաճառքի ռազմավարությունը հաստատելու համար»,-ընդգծվում է տեքստում:

The Galway Film Fair-ում ֆիլմը կներկայացնեն պրոդյուսերներ Անի և Հովհաննես Գալստյանները՝ Հայաստանից, և համարտադրող Լաուրա Քլևերը՝ Գերմանիայից։

 

Գրքի երևանյան չորրորդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին։ Փառատոնի կազմակերպչական թիմը հայտնում է, որ Գրքի եռօրյա տոնավաճառ-ցուցահանդեսը կանցկացվի Նկարիչների միությունում։ Մասնակից 34 հրատարակչությունների և կազմակերպությունների ներկայացրած գրքերը կվաճառվեն մինչև 40% զեղչով։ «Զանգակ» գրատան հարկի տակ երեք օր շարունակ տեղի կունենան շնորհանդեսներ, հանդիպումներ և քննարկումներ գրքի մարդկանց հետ, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում կինոն կհամադրվի գրականությանը։

Գրքի երևանյան փառատոն 2021-ը կամփոփվի գրական մրցանակաբաշխությամբ։ Հայտնի կդառնան փառատոնի գրական մրցույթի «Պոեզիա» և «Արձակ» անվանակարգերում հաղթող հեղինակների անունները։

Գրքի երևանյան փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է լինելու։ Փառատոնն անցկացվելու է  չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագրի ներքո։

 

Հուլիսի 24-ին Երևանում տեղի ունեցավ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը։

Մեծանուն արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում:

Հիշեցնենք, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը մահացել էր հուլիսի 6-ին ԱՄՆ-ում:

 

Իտալիայում թանգարաններն այցելուների հետաքրքրությունն ու հույզերը ֆիքսող ու վերլուծող համակարգեր են տեղադրել՝ փորձելով այդկերպ ավելացնել այցելուների թիվը և վերականգնել կորոնավիրուսային համավարակի հետևանքով կորցրած 190 միլիոն եվրո գումարը, հայտնում է Bloomberg-ը։

Մասնավորապես, Իտալիայի Բոլոնիա քաղաքի թանգարաններում ցուցանմուշների կողքին տեղադրվել է ShareArt համակարգը, որը թույլ է տալիս հաշվարկել ցուցանմուշի մոտ այցելուի կանգնելու տևողությունն ու ֆիքսել նրա արձագանքն ու հույզերը։

Այս համակարգը նկարների, քանդակների և արվեստի մյուս նմուշների համար ստեղծում է «գրավչության վարկանիշ», ինչը կուրատորներին կօգնի հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպել ցուցադրությունը, որպեսզի այն հետաքրքիր լինի այցելուների համար։ Այսպիսով՝ թանգարանները կկարողանան վերականգնել 2020 թվականի ընթացքում կորոնավիրուսային սահմանափակումների հետևանքով կրած վնասը։

ShareArt համակարգը մշակվել է ENEA պետական գործակալության կողմից, համակարգի առաջին տարբերակը պատրաստ է եղել դեռևս 2016 թվականին, սակայն փորձարկումները նոր են սկսվել։ Համակարգը մշակողները պնդել են, որ այցելուների գաղտնիությունը կպահպանվի, և ծրագիրը նպատակ ունի միայն արվեստասերների հուզական արձագանքի մասին տվյալներ հավաքել։

Հայտնի է, որ միջին հաշվարկով մարդիկ յուրաքանչյուր ցուցանմուշի դիմաց կանգնում են 4-5 վայրկյան և միայն հազվադեպ դեպքերում՝ ավելի քան 15 վայրկյան։

 

Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի ներկայացրած  «Ozon Ballon» գեղարվեստական նախագծի իրականացրած ուսումնասիրության տվյալները:

«Հարցվածների ավելի քան 40% -ը համոզված է, որ պատկերասրահներն ու ցուցահանդեսները հասանելի են միայն նրանց համար, ովքեր ունեն լավ ֆինանսական վիճակ,իսկ 27% -ը վստահ է, որ դա մեծ քաղաքների բնակիչների արտոնությունն է: Մյուս 16% -ը խոստովանել է, որ իրենք են հեռու արվեստից, բայց միայն այն պատճառով, որ իրենց քաղաքումներում գրեթե  չկա»,-ասվում է ուսումնասիրության մեջ:

Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ դրական վերաբերմունք ունի իրենց քաղաքում փողոցային արվեստի նկատմամբ:Հետազոտության մասնակիցների գրեթե 60 տոկոսը ցանկանում է, որ իրենց քաղաքում ավելի շատ գործեր հայտնվեն ժամանակակից նկարիչներից։ Ռուսաստանցիների ևս 15%- ը համարում է հիանալի վայր  Street-art-ի համար քաղաքային շենքերը։ Եվ հարցման մասնակիցների միայն 10%-ը դեմ չէ,արվեստի գործերով  զարդարելու շքամուտքերի պատերը, և 10% -ն է հնարավոր համարում ժամանակակից արվեստի տեղադրումը առևտրի կենտրոնների և խանութների տարածքներում:

Հարցվածների մեծ մասը `80% -ը համաձայն է, որ ժամանակակից նկարիչներն աջակցության և առաջխաղացման կարիք ունեն: Նրանց թվում 40% -ը կարծում է, որ մշակութային հիմնադրամները և ՀԿ-ները պետք է պատասխանատու լինեն երիտասարդ նկարիչներին աջակցելու համար, 38% -ը համոզված է, որ դա պետության իրավասությունն է, և 30%-ն է  կարծում, որ գործարարներն ու խոշոր ընկերությունները պետք է ներգրավվեն դրանում:

Հարցումն անցկացվել է 2021 թվականի հուլիսին 1773 բնակիչների շրջանում:«Ozon Ballon» արվեստի նախագիծը համախմբում է պրոֆեսիոնալ նկարիչների և պարզապես տաղանդավոր մարդկանց:

Ծրագրի նպատակն է աջակցել գեղարվեստական հանրությանը ՝ նկարիչների գործերը պատվերների թողարկման կետերում տեղադրելով:

 

 

«Էրմիտաժ-Ուրալ» մշակութային և կրթական կենտրոնը հուլիսի 3-ից աշխատանքի առաջին երկու շաբաթների ընթացքում հավաքել է 12 հազար այցելու: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել են Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարանի մամլո ծառայությունից, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Ի սկզբանե, Էրմիտաժ-Ուրալը նախատեսվում էր բացել 2020-ի նոյեմբերին, բայց համաճարակի պատճառով հետաձգվել է։ Այն բացվել է այս տարվա հուլիսի 1-ին, իսկ այցելուներ սկսել են ընդունել արդեն հուլիսի 3-ին:

«Բացման օրվանից`ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, այցելել է գրեթե 12 հազար մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, հյուրերը եկել էին ամառային դասախոսությունների՝ նվիրված տարբեր դարաշրջանների եվրոպական արվեստին, որը ներկայացված է նոր մշտական ցուցադրության սրահներում և «ռոմանտիզմից դեպի իմպրեսիոնիզմ» կոչվող ժամանակավոր ցուցահանդեսում։ Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը:

«Էրմիտաժի հաջորդ ցուցահանդեսը, որը նվիրված է  18-20-րդ դարերի ռուսական դիմանկարային գեղանկարչությանը, կբացվի 2022 թվականի գարնանը, իսկ Էրմիտաժի նախագծերի միջև կցուցադրվեն այն հավաքածուները, որոնք պահվում են Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարանի ֆոնդերում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

I

 

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն կինոարտադրության զարգացման գործում: Այս մասին Սանչեսը հայտարարել է  Լոս Անջելեսում Netflix- ի, HBO- ի, WarnerMedia- ի եւ Disney- ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

«Տեղեկատվական զվարճանքի պլատֆորմները դարձել են պատուհան, որից միլիոնավոր մարդիկ նայում են դեպի նոր իրականություն: Դրանք հեղափոխել են զվարճանքի արդյունաբերությունը», - ասել է  Իսպանիայի վարչապետը:

Նա նշել է, որ երկիրը հարկային արտոնություններ կներկայացնի կինոգործիչների և ստուդիաների համար, ինչպես նաև կպարզեցնի մուտքը Իսպանիա՝ կինոարտադրության նպատակով:

 

Սթոունհենջը կարող է դառնալ Լիվերպուլից հետո Միացյալ Թագավորության հաջորդ պատմական վայրը, որը կկորցնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակը, եթե հնագույն քարե օղակի կողքին գտնվող ինքնաթունելի նախագիծը չվերանայվի, նախազգուշացրել է Համաշխարհային ժառանգության կոմիտեն, հաղորդում է The Independent-ը:

Նախազգուշացումը արվել է այն բանից հետո, երբ տրանսպորտի նախարար Գրանտ Շապպսը թույլատրել է լանդշաֆտի տակով անցնող 1,7 միլիարդ ֆունտ սթեռլինգ արժողությամբ թունել կառուցել: Այս պահին շինարարությանը դեմ արտահայտվող մի խումբ ակտիվիստների խնդրանքով Բրիտանիայի դատարանը ստուգում է տրանսպորտի նախարարության որոշման օրինականությունը:

«Նախագիծը պետք է վերանայվի՝ հնարավոր լավագույն արդյունք ապահովելու համար, որպեսզի պահպանվի այս օբյեկտի չմարված համընդհանուր արժեքը: Չնայած օբյեկտի նշանակալի կարգավիճակին, նախկինի պես օգտագործվում է այն փաստարկը, թե թունելի երկարության ավելացումը արդարացված չէ ֆինանսական ծախսերի պատճառով»,- հայտարարել է կոմիտեն:

Նախկինում ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցուցակից հանել էր Լիվերպուլի նավահանգստային մասը եւ քաղաքի պատմական կենտրոնը` Լիվերպուլի վերակառուցման պատճառով: