Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։
Երկուշաբթի, 30 օգոստոս 2021 թվականի կեսօրին, Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը ընկերակցությամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամյանի բարեկամական եւ քաղաքավարական այցելություն ունեցավ ՀՀ-ում հավատարմագրված ԻԻՀ դեսպանություն եւ հանդիպեց դեսպան՝ պրն. Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Պրն. Դեսպանը ջերմորեն ողջունեց Սրբազան Հոր եւ իր ընկերակցին եւ այնուհետ Սրբազան Հայրը իր ուրախությունը հայտնեց դեսպանատուն այցելելու եւ դեսպանին հանդիպելու համար, որովհետեւ ըստ վերջինիս դեսպանությունը մեր տունն է համարվում:
Այնուհետ Սրբազան Հայրը կարեւորությամբ խոսեց հայ-իրանական հարաբերությունների մասին մասնավորելով հատկապես մշակութային հարաբերությունները եւ հայության բերած ներդրումը, ընդհանրապես իրանյան արվեստին:
Պրն. Դեսպանը շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը եւ ինքը եւս իր հերթին կարեւորեց երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունը:
Պրն. Արամյանը նաեւ իր կարգին իր գոհունակությունը հայտնեց, որ գտնվում է դեսպանատնում եւ կարեւորեց պրն. Դեսպանի աշխույժ գործունեությունը Հայաստանում:
Սրբազան Հայրը անդրադառնալով տարածաշրջանային իրադարձություններին, շեշտեց կարեւորությունը Իրանի դերակատարության, եւ հայտնեց Իրանը իր հզորությամբ ինչու չէ նաեւ քաղաքակրթական իր բարձր մակարդակով կարող է մեծ դեր ունենալ տարածաշրջանի խաղաղության կառուցողական գործում:
-----------------------------
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը միմյանց շնորհավորել են իրենց երկրների ԱԳ նախարարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ միասնական ջանքերով առավել կզարգացնեն դարավոր բարիդրացիական կապերի վրա հիմնված hայ-իրանական համընդգրկուն հարաբերությունները։
Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։ Առանձնակիորեն ընդգծվել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով շեշտվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը։
Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով նմանօրինակ գործելաոճի անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար:
-----------------------------------------
ՌԴ ԱԳ նախարարը թվարկել է այն ոլորտները, որոնցում Հայաստանն ու Ռուսաստանը հաջողությամբ փոխգործակցում են։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները հագեցած է համարում: Այս մասին նա ասել է Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը` թվարկելով ՀՀ–ՌԴ փոխգործակցության բոլոր ոլորտները:
«Դա տնտեսությունն է, ներդրումները և անվտանգության հատվածը: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ -ում: Համագործակցություն կա, իհարկե, նաև հումանիտար և գիտական ոլորտներում և կրթությանը», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների շարունակմամբ ու խորացմամբ: Միջազգային հարթակները համագործակցության կարևոր կողմերից են: Լավրովի խոսքով` Երևանն ու Մոսկվան սերտորեն համագործակցում են ՄԱԿ -ում, ԵԱՀԿ -ում և Եվրոպայի խորհրդում։ Համաշխարհային քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ գործում է խորհրդակցությունների ճյուղավորված մեխանիզմ:
Հանդիպման ավարտին երկու երկրների ԱԳ նախարարները մասնակցեցին մամուլի համատեղ ասուլիսի:
Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրում պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը:
«Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություններ չի վարվում»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես հայտարարեց. «Ռուսաստանը տարբեր մակարդակներում Ադրբեջանի հետ շփումների ընթացքում կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների»:
Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր:
---------------------------
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում հետաքրքիր էին թե՛ Հայաստանի նորանշանակ նախարարի ընդունելության, թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի շեշտադրման տեսանկյունից: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
----------------------------
2021թ. օգոստոսի 31-ին «Moody's» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Ֆինանսների նախարարությունը։
Հրապարակման մեջ ընդգծվել է, որ երկրի տնտեսական հիմնարարները, այդ թվում` տնտեսական հզորությունը, երկրի ինստիտուտները և կառավարման հզորությունը, հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում` պարտքի պրոֆիլն էականորեն չեն փոխվել, սակայն երկիրը գնալով դառնում է առավել ընկալունակ պատահական ռիսկերի նկատմամբ:
Հարկ է նշել, որ սա «COVID-19» համավարակի բռնկումից և ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո «Moody's» վարկանիշային գործակալության կողմից առաջին վերանայումն է, և վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանի վարկային պրոֆիլը հիմնված է ՀՆԱ-ի աճի հզոր ներուժի վրա, որն ուղեկցվում է ավելի բազմազան տնտեսական շարժիչ ուժերով և կայուն տնտեսական ու ֆինանսական կառավարմամբ, ինչն էլ բարձրացնում է երկրի տնտեսական ճկունությունն ու դիմակայունությունը:
---------------------------
Մենք աջակցում ենք առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր արդեն քաղաքական խնդիրների քննարկմանը անցնելուն․․․ Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաեւը տարածաշրջանային ուղեւորություն է կատարում: Նա արդեն բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջեւում են Երեւանում նույնպիսի հանդիպումները»,- նշել է նա:
Զախարովան նաև անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև վերջերս արձանագրված դրական ազդակները:
«Ռուսաստանը միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ի դեպ, պետք է հիշեցնել, որ մենք նախկինում անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին։ Այսպես` մենք նպաստեցինք 2009 թվականին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Դրանք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային բարելավում ՝ առանց նախապայմանների առաջադրման»,- նշել է Զախարովան:
«Հետագայում արդեն կողմերը չեն իրականացրել դրանք, բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր: Մենք այժմ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա և միմյանց շահերը հաշվի առնելով»,- եզրափակեց Զախարովան: