Նոյեմբեր 04, 2021 07:45 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նուր սուրահի 62-րդ այա

إِنَّمَا الْمُؤْمِنُونَ الَّذِینَ آمَنُوا بِاللَّهِ وَرَسُولِهِ وَإِذَا کَانُوا مَعَهُ عَلَى أَمْرٍ جَامِعٍ لَمْ یَذْهَبُوا حَتَّى یَسْتَأْذِنُوهُ إِنَّ الَّذِینَ یَسْتَأْذِنُونَکَ أُوْلَئِکَ الَّذِینَ یُؤْمِنُونَ بِاللَّهِ وَرَسُولِهِ فَإِذَا اسْتَأْذَنُوکَ لِبَعْضِ شَأْنِهِمْ فَأْذَن لِّمَن شِئْتَ مِنْهُمْ وَاسْتَغْفِرْ لَهُمُ اللَّهَ إِنَّ اللَّهَ غَفُورٌ رَّحِیمٌ

Ճշմարիտ հավատացյալները նրանք են, որոնք հավատում են Աստծուն ու նրա մարգարեին և երբ մի գործով հավաքվեն նրա մոտ, երբեք դուրս չեն գա առանց նրա թույլտվության: Նրանք, որ այս խնդրանքով դիմեն քեզ, ճշմարիտ հավատացյալներ են: Երբ թույլտվություն խնդրեն քեզանից,ում ցանկանաս՝ թույլ տուր և նրանց համար Աստծո գթությունը հայցիր: Նա ողորմած և անհիշաչար է:

Այս այան վերաբերում է նրան, թե մուսուլմաններն ինչպես պետք է շփվեն Աստծո մարգարեի հետ, ասելով, որ Աստծուն հավատալու նշաններից մեկն էլ մարգարեին հնազանդվելն է և հասարակական կարևոր գործերում, առանց նրա թույլտվության կամ հրամանի, որևէ քայլ չկատարելը: Իսկ եթե հասարակական որևէ գործ է առաջ գալիս, մարդիկ պետք է հետևեն մարգարեին: Այս այան չի վերաբերում միայն մարգարեի ժամանակներին: Հավատացյալները բոլոր ժամանակներում պետք է հետևեն նրանց, ով ստանձնում է իսլամական հասարակության  առաջնորդությունը և առանց նրա կարծիքի, որևէ քայլ չկատարեն: Իհարկե, կրոնական առաջնորդների համար պետք է կարևոր լինի նաև հասարակական շահը և նրանց պարտականություններն իրականացվում են աստվածային առաքելության հիման վրա: Այս այան անդրադառնում է  Հանզալեին, երբ նրա հարսանյաց գիշերը մարգարեն և մուսուլմանները Մադինայից դուրս եկան՝ Ուհուդի պատերազմին մասնակցելու համար: Նա Աստծո մարգարեին խնդրեց, որ կատարի իր հարսանյաց հանդեսն ու առավոտյան միանա մուսուլմաններին: Առավոտյան նա այնքան էր շտապում, որ նույնիսկ չհասցրեց լվացվել և միացավ իսլամի բանակին և նահատակվեց պատերազմի ժամանակ: Մարգարեն ասաց. «Երկնքի հրեշտակները նրան  մաքրեցին ու տարան դրախտ»:

Այս այայից սովորում ենք.

1. Հասարակական պարտավորություններում շատ կարևոր է կազմակերպված լինելը: Սա կրոնական պատվիրան է:

2. Հանրային գործերում պետք է անպայման լինի խոհրդակցություն, որպեսզի չլինի միայն մի հոգու կարծիքը:

3. Իսլամական հասարակությունը պետք է հետևի իր հոգևոր առաջնորդին:

4. Իսլամական հասարակության առաջնորդները պետք է լինեն իրատես, բարի ու ճկուն:

 

Նուր սուրահի 63 և 64-րդ այաներ

لَا تَجْعَلُوا دُعَاء الرَّسُولِ بَیْنَکُمْ کَدُعَاء بَعْضِکُم بَعْضًا قَدْ یَعْلَمُ اللَّهُ الَّذِینَ یَتَسَلَّلُونَ مِنکُمْ لِوَاذًا فَلْیَحْذَرِ الَّذِینَ یُخَالِفُونَ عَنْ أَمْرِهِ أَن تُصِیبَهُمْ فِتْنَةٌ أَوْ یُصِیبَهُمْ عَذَابٌ أَلِیمٌ

أَلَا إِنَّ لِلَّهِ مَا فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ قَدْ یَعْلَمُ مَا أَنتُمْ عَلَیْهِ وَیَوْمَ یُرْجَعُونَ إِلَیْهِ فَیُنَبِّئُهُم بِمَا عَمِلُوا وَاللَّهُ بِکُلِّ شَیْءٍ عَلِیمٌ

Մարգարեի հետ մի խոսեք այն, ինչպես խոսում եք ձեր տանը: Աստված գիտի, թե ովքեր են ժողովից հեռանում գաղտագողի: Թող երկյուղեն նրանք, որոնք չեն լսում Իր հրամանները: Չարիքներն ու չարչարանքները պատրաստ են նրանց վրա թափվելու համար:

Իմացե՛ք, Աստծուն է պատկանում ամեն ինչ, որ կա երկինքներում  ու երկրի վրա: Նա գիտի, թե ինչ վիճակում եք դուք: Մի օր բոլոր մարդիկ Իր առջև են կանգնելու: Նա ցույց է տալու նրանց արարքները: Աստված գիտի ամեն ինչ:

Այս այան ասում է. «Երբ մարգարեն ձեզանից որևէ գործ է պահանջում, մի խուսափեք դրանից և իմացեք, որ շատ վատ կլինի հանդերձյալ կյանքում, եթե չկատարեք մարգարեի պատվիրանը, քանի որ ձեզ համար կարող են առաջանալ դժվարություններ: Եվ եթե անգամ դուք խույս տաք ու չկատարեք մարգարեի պատվիրանները, Աստված ամեն ինչ տեսնում է ու նրանից ոչ մի բան թաքուն չի մնում: Նա տեսնում է ձեզ և հանդերձյալ կյանքում դուք պատասխան եք տալու»:

Նուր սուրահի վերջին այայում երեք անգամ նշվում է, որ Աստված ամեն ինչից տեղյակ է, որպեսզի ոչ ոք չմտածի, որ կարող է գաղտնի մնալ Աստծուց: Բնականաբար, նա, ով ունենա այս հավատքը, և իմանա, որ Աստված հսկում է իրեն, դա մեծ ազդեցություն կթողնի նրա դաստիարակության վրա և նա մեղք չի գործի: Այս համոզմունքը, որպես կարևոր կանխարգելիչ գործոն, կարող է մարդուն հեռու պահել մեղքերից:

Այս այաներից սովորում ենք․

1. Աստծո առաքյալները պետք է մշտապես հարգանքի արժանանան ու նրանց հրավերին պետք է ուշադրություն դարձնել:

2. Նրանք, ովքեր դեմ են Աստծո պատվիրաններին կամ մարգարեի պահանջներին, աշխարհիկ ու հանդերձյալ կյանքում ունենալու են դժվարություններ:

3. Եթե մարդը հավատա, որ Աստված տեղյակ է իր գործերի մասին, հեռու կմնա սխալ արարքներից: