Նոյեմբեր 21, 2021 19:16 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի Ձեր ուշադրությանը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պատերազմի նոր սրման կապակցությամբ և կոչ արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել ։

ԱԳՆ խոսնակն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել նրանց լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով։

Խաթիբզադեն ներկա լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համար և ասել.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել կողմերին վեճերը լուծելու և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար»։

-------------------------

Հայաստանի ԱԺ նախագահը պարսկերեն թվիթում Ադրբեջանին մեղադրել է Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ստորագրված խաղաղության եռակողմ հռչակագիրը խախտելու մեջ։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է.«Ադրբեջանի Հանրապետությունը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագիրը. ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի ռազմական ուժի կիրառմամբ և ցանկացած միջոցներով, հետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ցանկացած ոտնձգություն»։

Երեքշաբթի օրն Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, կան մի շարք զոհեր, վիրավորներ և գերիներ։ ԱՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհվել է յոթ ադրբեջանցի զինվոր, ևս 10-ը վիրավորվել է: Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհվել է 6 հայ զինծառայող, ևս 13-ը գերի են ընկել։

--------------------

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Նախարար Միզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը:

--------------------------

Իրանագետ Ժաննա Վարդանյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածության առթիվ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հայտարարությանը։

------------------------

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհորին  հանդիպել է Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջահանգիրյանի հետ։ Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում Թեհրանի և Երեւանի միջև համագործակցության ընդլայնման ուղիները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական ​​համակարգում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում ՀՀ-ում Իրանի դեսպանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը և երկու երկրների միջև պատվիրակությունների փոխանակման արագացման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կխորանա։

Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահի պաշտոնակատարն Իրանի Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է  այցելել Հայաստան և ստորագրել համագործակցության և փոխօգնության հուշագիր։

-----------------------------

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրուսելում հանդիպում անցկանցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին:

Նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու համար: Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում քննարկելու համար տարածաշրջանում տիրող իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները հանուն կայուն և բարգավաճ Հարավսյին Կովկասի, ինչին աջակցում է ԵՄ-ն»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ։

-------------------------------

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Հայաստանի նախագահի նստավայր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդունելով այս նիստը ՝ մենք փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Օրակարգում հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև մեր պատվիրակությունների կենդանի շփումը», - ասաց Փաշինյանը։

Նախատեսվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն միության երկրների ռազմավարական նշանակություն ունեցող դեղերով ապահովվածության, էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտի հանրահռչակման, մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերը:

------------------------

Իրանական խոշոր ընկերությունների խումբը պատրաստվում է խոշոր ներդրում անել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նաև նշեց, որ ներդրումային առաջարկը, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կքննարկի արդեն հաջորդ նիստում։

«Ծրագիրն անմիջապես հաստատվելուց հետո կսկսի իրագործվել»,– ասաց նախարարը։

Այս տարվա հունվարի 18-ին Քերոբյանն այցելել էր Մեղրի և Facebook-ում գրել. «Մեղրիի ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները»։

Նշենք, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017 թվականի օգոստոսին կառավարության որոշմամբ։ Նույն տարվա դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ պաշտոնական բացումը, սակայն այնտեղ տնտեսական գործունեություն դեռևս չի ծավալվում։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում:

2017 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ կնքեցին պայմանագիր ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին, գործունեության ժամկետը` 50 տարի:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։ Համաձայնագիրը սահմանափակ ապրանքներ է ներառում, սակայն դրա մեջ մտնում են հիմնական գրեթե բոլոր տեսակները (ԵԱՏՄ երկրներից ընդհանուր արտահանման շուրջ 55%–ը)։ Խոսքը վերաբերում է գյուղատնտեսական և արդյունաբերական խմբի ապրանքներին»:

ԵԱՏՄ–ն 2022թ–ից նախատեսում է Իրանի հետ ժամանակավոր պայմանագիրը վերաձևակերպել անժամկետի։

----------------------

Իրանի և Հայաստանի պատվիրակությունները կարևորել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը։

Չորեքշաբթի օրը, տեսակոնֆերանզի ձևաչափով կայացել է Իրան-Հայաստան էներգետիկայի աշխատանքային խմբի անդրանիկ նիստ։

Այս հանդիպմանը Իրանի գազի ազգային ընկերությունների, նավթաքիմիական արդյունաբերության, նավթամթերքների վերամշակման և բաշխման, «Թավանիրի» և Իրանի էլեկտրաէներգիայի ղեկավարության ներկայացուցիչները, Հայաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և էլեկտրակայանի ներկայացուցիչների հետ քննարկել են էներգետիկ հարցեր:

Որոշվել է, որ երկու կողմերի պատվիրակությունները ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հետամուտ կլինեն հարցերին և կպլանավորեն մասնագիտացված ենթախմբերի ձևավորումը։

Իրանի պատվիրակությունը նախագահում էր միջազգային հարաբերությունների և առևտրի փոխնախարարի պաշտոնակատար Ահմեդ Ասադզադեն, իսկ հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

-------------------------

Վրաստանը չի մասնակցի Հարավային Կովկասում 3+3 հարթակին , այս մասին խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Նա նշել է, որ թուրք, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ հանդիպմանը հստակ արտահայտել է Վրաստանի դիրքորոշումն այս հարցում։

Նշենք , որ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել էր Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկով Հարավային Կովկասում «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հարթակի ստեղծման վերաբերյալ հարցին: Նա նշել է, որ ՌԴ-ն աջակցել է այս առաջարկին:

«Եվ իհարկե մենք ենթադրում ենք, որ ժամանակն է այս ձևաչափի գործարկման ծրագրերը տեղափոխել պրակտիկ հուն: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա Թբիլիսիից լսում ենք իրարամերժ հայտարարություններ՝ այս խորհրդատվական մեխանիզմում մասնակցության առնչությամբ: Բայց դա ինքնիշխան պետության դիրքորոշումն է:

Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին»,-ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: