Գեղարվեստական հաղորդում (12-05-2016)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
Մեկնարկել է Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսը: Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են մոտ 2400 տեղական և 300 արտասահմանյան հրատարակիչներ:
Չորեքշաբթի մայիսի 3-ին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի,Թեհրանի քաղաքապետի և Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարի ներկայությամբ, տեղի է ունեցել Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:
«Վաղը ուշ կլինի ընթերցանության համար» կարգախոսով Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսն իր աշխատանքը կշարունակի մինչև մայիսի 14-ը Թեհրանի հարավում գտնվող «Արևի քաղաք» համալիրում:
Այս տարի ցուցահանդեսի միջազգային բաժնում ներկայացված է ավելի քան 160 հազար անուն գիրք: Ռուսաստանը որպես հատուկ հյուր է մասնակցել գրքի 29-րդ ցուցահանդեսին:
Նախորդ տարիների նման այս տարի էլ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի պատասխանատու, ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի ընդգծմամբ ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին և այդ կապակցությամբ ներկայացվել են գրքեր, որոնք ցուցադրվել են ցեղասպանության, ինչպես նաև մանկական թեմայով գրքերի ու պատկերագրքերի կողքին:
Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի տաղավարում առաջին անգամ ներկայացվել են վերջին մեկ-երկու տարում Հայաստանում հայերենով ու տարբեր լեզուներով հրատարակված շուրջ 250 անուն գրքեր:
Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է մայիսի 3-ին և շարունակվելու է մինչև մայիսի 14-ը:
---
Հայազգի լուսանկարիչ Նուրան Զորլուն ԻԻՀ-ի Մշակույթի նախարարության հիւրն է Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսին: Նուրանի «Պարսկաստանից՝ Իրան» գունավոր ընտիր տպագրությամբ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Սիդնեյում, Ավստրալիայում ԻԻՀ-ի դեսպանատան մշակութային բաժնի կողմից: Գիրքը պարունակում է հարյուրավոր լուսանկարներ՝ հին ու նոր Իրանի տեսարժան վայրերի, ճարտարապետական կոթողների, բազմազգ ժողովրդի կենցաղի, ինչպես նաեւ հայ, ասորի եւ հրեա համայնքների կրոնական եւ մշակութային ժառանգության վերաբերյալ, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությունը վայելող բազմաթիվ մշակութային ժառանգություն նա հավերժացրել է իր տեսախցիկով՝ Արևմտյան Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, Իրան եւ աշխարհի չորս ծագերում:
Անվանի լուսանկարիչը վկայված է AIPP ինստիտուտից, դասախոսում է «NSW» արվեստի կենտրոնում, կազմակերպում է վարպետության դասընթացներ եւ ուղևորություններ դեպի Արևմտյան Հայաստան:
Նուրանը ծնվել է Պոլսում, ընտանիքը սերում է պատմական Ակնից: Ապրում եւ ստեղծագործում է Սիդնեյում:
---
Մայիսի մեկի երեկոյան Հաֆեզի շաբաթվա մեծարման շեմին Շիրազում գտնվող Հաֆեզի դամբարանում մի խումբ գերմանացի զբոսաշրջիկների և արվեստագետների ներկայությամբ տեղի ունեցավ գերմանացի՝ գեղանկարիչ Գյունտերի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Այս գերմանացի արվեստագետը ներշնչվելով Հաֆեզի 30 գազելներից արարել է իր նկարչությունները:
---
Հայկական ազգային կինոակադեմիան սկսում է իր համագործակցությունը միջազգային կինոակադեմիաների հետ: Համատեղ պայմանավորվածության արդյունքում այս տարվանից Հայկական ազգային կինոակադեմիան կհանդիսանա Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի (Asia Pacific Screen Academy) հիմնական գործընկերն ու պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայկական ազգային կինոակադեմիայից:
Ասիական խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի 10-րդ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում:
Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում է հայկական ֆիլմերի հայտերի ընդունելություն Ասիական խաղաօվկիանոսյան կինոակադեմիայի մրցանակաբշխությանը ներկայացնելու նպատակով՝ հետևյալ անվանակարգերի համար. լիամետրաժ խաղարկային ֆիլմ, Մանկական լիամետրաժ ֆիլմ, Վավերագրական լիամետրաժ ֆիլմ և Անիմացիոն լիամետրաժ ֆիլմ:
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 15-ը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գրասենյակ:
---
Մարիանյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն Վալերի Գերգիեւը սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է գալիս գրոհայիններից ազատագրված Պալմիրայում:
Համերգը, ի թիվս այլ բաների, նվիրված է Սիրիայում ռազմական առաջադրանքի իրականացման ընթացքում զոհված Ալեքսանդր Պրոխորենկոյին:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին սիրիական բանակը եւ աշխարհազորային մարտիկները ՌԴ ՌՕՈւ-ի աջակցությամբ քաղաքն ամբողջությամբ ազատագրել են ԻԼԻՊ-ի գրոհայիններից: Պալմիրայի ավերակները շարունակում են մնալ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության այն վեց օբյեկտներից մեկը, որը մինչեւ 2015-ի մայիսի կեսը գտնվել է գրոհայինների վերահսկողության ներքո:
---
Իսպանական մայրաքաղաքի իշխանությունները որոշել են անսովոր եղանակով բարելավել քաղաքի կերպարանքը եւ միաժամանակ նշել Միգել դե Սերվանտեսի (1547-1616) մահվան 400-րդ տարելիցը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այդ մտադրությամբ առաջնորդվելով` քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) առաջարկին` մի քանի քաղաքապետարանային շենքի պատերը փոխակերպել` զարդարելով Սերվանտեսին նվիրված նկարներով: ԻՍԱԿ-ի առաջարկին աջակցել են Ժողովրդական կուսակցությունը, «Քաղաքացիները» եւ «Մադրիդն այժմ» ձախակողմյան կուսակցությունը: Ենթադրվում է, որ քաղաքի տարբեր շրջաններում մայրաքաղաքային իշխանություններին պատկանող մոտ 20 շենք կտրամադրվի նկարիչներին իրենց հանրահայտ համերկրացուն փառաբանելու համար:
ԻՍԱԿ-ի ներկայացուցիչ Մար Էսպինարը հույս ունի, որ առաջարկի իրականացումը կսկսվի ոչ ուշ, քան ընթացիկ տարվա սեպտեմբերին: «Թող արվեստը լցնի Մադրիդի փողոցները», - ասել է նա: Մայրաքաղաքի քաղաքապետարանի պատգամավոր Սելիա Մայերն իր հերթին նշել է, որ պատերի նկարազարդմամբ կզբաղվեն փողոցային նկարիչները, որոնց կօգնեն շրջանների բնակիչները: Նրա կարծիքով, նախաձեռնությունը, մասնավորապես, կօգնի բարելավել զբոսաշրջիկների շրջանում քաղաքի գրավչությունը:
Ամբողջ թագավորությունում այս տարվա ընթացքում հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում, որոնք կապված են գրողի մահվան 400-ամյա տարելիցի հետ: Հատկապես մեծ թվով մշակութային միջոցառումներ են պլանավորված Ալկալա-դե-Էնարես քաղաքում (Մադրիդի ինքնավար համայնք), որտեղ ծնվել է Սերվանտեսը:
Միգել դե Սերվանտես Սաավեդրան նախ եւ առաջ հայտնի է որպես «Խորամանկ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցի» վեպի հեղինակ, որը հրապարակվել է երկու հատորով: Առաջինը լույս է տեսել 1605-ին, երկրորդը` 1615-ին:
Գրողը մահացել է 1616-ի ապրիլի 23-ին, երկար ժամանակ նրա թաղման վայրն անհայտ էր: Միայն անցյալ տարվա մարտին Մադրիդում սուրբ Երրորդության վանկի եկեղեցու ստորգետնյա ժամատանը հայտնաբերվել են Սերվանտեսի մասունքների բեկորներ:
---
Գիտնականները պատրաստվում են վերականգնել Լեոնարդո դա Վինչիի արտաքինը մեծ նկարչի եւ գիտնականի կտավների վրա եւ նոթատետրերում պահպանված մաշկի թեփուկներից եւ մազերի մնացորդներից վերցված ԴՆԹ-ի անալիզի շնորհիվ, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Sky News-ին:
Աշխատանքը ղեկավարում են Կալիֆորնիայում Քրեյգ Վենտերի ինստիտուտի մասնագետները, որոնք աշխատանք են կատարել մարդկային գենոմի սեկվենավորման ուղղությամբ: Գիտնականները նախատեսել են հետազոտությունները սկսել` ուսումնասիրելով «Մոգերի խոնարհումը» կտավը, որը պահպանվում է Ֆլորենցիայում: Գենետիկների կարծիքով, նկարում կարող են պահպանված լինել Լեոնարդո դա Վինչիի մաշկի թեփուկների մնացորդներ. դրանցից հնարավոր է առանձնացնել նկարչի ԴՆԹ-ն:
Ստացված ԴՆԹ-ն կհամեմատվի դա Վինչիի ներկայումս ապրող ազգականների գենետիկ նյութի հետ, ինչպես նաեւ այն ԴՆԹ-ի, որն առանձնացվել է նրա ծնողների մնացորդներից: Գենետիկները ենթադրում են, որ եթե աշխատանքը հաջող ընթանա, մասնագետները կկարողանան ոչ միայն կազմել գիտնականի «գենետիկական դիմանկարը», այլեւ վերականգնել նրա արտաքինի որոշ գծեր: Բացի այդ, դա Վինչիի ԴՆԹ-ի մասին տեղեկությունները կարող են հետազոտողներին օգնել հայտնաբերելու նրա թաղման ճշգրիտ վայրը:
---
Աշխարհում գոյություն ունեցող արվեստի գործերի ամենամեծ մասնավոր հավաքածուներից մեկը կտեղակայվի փարիզյան նոր թանգարանում` Լուվրից մի քանի քայլ հեռավորությամբ:
Euromag-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոն, ով Christie's աճուրդի տան սեփականատերն է: Նոր մայրաքաղաքային թանգարանում Պինոն ողջ աշխարհին կցուցադրի իր 1.2 մլրդ արժողությամբ հավաքածուն, որը բաղկացած է ժամանակակից վարպետների գլուխգործոցներից:
Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն կառուցվելիք հաստատությունն անվանել է «մեծ նվեր Փարիզին»: 79-ամյա Պինոն հսկայածավալ հավաքածու է ստեղծել:
Ներկա պահին նրա հավաքածուն ցուցադրվում է Վենետիկի 4 թանգարաններում: Ըստ իրազեկ աղբյուրների` նոր թանգարանը կբացվի 2018-ին:
---
Հարի Փոթերի մասին գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը ներողություն է խնդրել ընթերցողներից հերոսներից մեկի մահվան համար։ Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Եվ կրկին Հոգվարթսի համար մարտի տարելիցին, ինչպես և խոստացել էի, ներողություն եմ խնդրում մահվան համար: Այս տարի` Ռիմուս Լյուպինի մահվան համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Մեկ այլ գրառման մեջ հեղինակը նշել է, որ մտադրություն չի ունեցել սպանել Լյուպինին մինչ այն պահը, երբ գրել է վեպի 5-րդ մասը, փոխանցում է РИА Новости-ն:
«Արթուրը ողջ է մնացել, այդ պատճառով էլ Լյուպինը ստիպված էր մահանալ: Ցավում եմ: Ինձ նույնպես դուր չեկավ դա: Դա միակ դեպքն էր, երբ իմ խմբագիրը տեսել է՝ ինչպես եմ ես լացում Թեդիի ճակատագրի համար»,- խոստովանել է հեղինակը։
---