Հունվար 16, 2022 07:36 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին ու ազդարարել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկի մասին:

Մրցույթը հայտարարվել է  2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գնումների էլեկտրոնային հարթակում (ECEPP):

2020թ․ փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը:

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ –Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել:

-----------------------------

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, ցավոք սրտի, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին:

«Մեր քաղաքականությոնը մենք հռչակել ենք ու ես ասել եմ, որ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշպանողականությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց, մյուս կողմից, ասել եմ, որ մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, որ դա հնարավոր չէ:

«Մենք հետևողական շարժվելու ենք այս ճանապարհով ու պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն ու անվտանգ միջավայր, սա քաղաքական մեր ամենակարևոր անելիքն է, առավել ևս, 2020 թվականի պատերազմից ու 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

-------------------------

Չնայած Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած բանակցություններին, թվում է թե արտաքին միջամտությունը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև խաղաղության բանակցության գործընթացին։

Հարավկովկասյան տարածաշրջանի գործերին արտաքին ուժերի միջամտության պայմաններում դժվար թե Ադրբեջանը և Հայաստանը կարողանան խաղաղ հասնել խաղաղության գործընթացին։ Հրադադարի խախտման գործընթացը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները մեծացրել են զոհերի թիվը և ավելացրել են պատերազմող կողմերի միջև ֆինանսական և տնտեսական վնասները։ Հայ պաշտոնյաները մեղադրում են ադրբեջանցի զինվորականներին Հայաստանի սահմանին կրակ բացելու և հինգ հայ զինծառայողի սպանելու ու վիրավորելու մեջ։

Հայաստանի պաշտպանության նախարարն ասել է.«Ադրբեջանի բանակը հրետանային և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Հայաստանի սահմանամերձ շրջանները»:

Հայտարարության մեջ նշված է, որ հունվարի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վերսկսել են Հայաստանի սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ռմբակոծությունը։ ԱՀ ՊՆ-ն նման մեղադրանքներ է հնչեցնում հայ զինվորականների հասցեին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Չնայած 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հրադադարի խախտումները և սահմանային բախումները կանոնավոր կերպով շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմաններում։

Կասկածից վեր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին միջամտությունը խոչընդոտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության  համաձայնագրի հաստատմանը։ Բաքվի լրատվամիջոցների բազմաթիվ հոդվածներ գրվում և հրապարակվում են այդ երկրում թուրք գործակալների կողմից։ Այդ հոդվածներում արտացոլվում են տարածաշրջանի երկրների վերաբերյալ Թուրքիայի կառավարության ոչ պաշտոնական դիրքորոշումները։ Հեղուկ գազի գնի թանկացման շուրջ Ղազախստանում առաջացած ժողովրդական բողոքի ցույցերից հետո, Բաքվի լրատվամիջոցները, հետևելով Անկարային և արևմտյան լրատվամիջոցներին, փորձում էին Ռուսաստանին մեղադրել ցույցերի հրահրման մեջ։ Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցների մեծ մասը հետևում է այն քարոզչության առանցքին, որ Ղազախստանում անկարգությունները ճնշելուն օգնելու պատրվակով Ռուսաստանը ռազմական ճանապարհով օկուպացրել է երկիրը։

Ադրբեջանում և արևմտյան որոշ երկրներում և  Թուրքիայում պանթյուրքիստական ​​շարժման հետ կապված լրատվամիջոցներում ռուսաֆոբիայի տարածումը և Ղազախստանի ռուսական օկուպացիայի մասին հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ վերջերս փաստաթղթեր են ձեռք բերվել Ղազախստանում ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումների և պանթյուրանիստական շարժման հետ կապված տարրերի առկայության կապակցությամբ։ Ըստ երևույթին, թուրքական կառավարության կողմից Սիրիայում կռվելու համար պատրաստված և կազմակերպված այս տարրերը ձերբակալվել են Ղազախստանում։

Ադրբեջանի և Հայաստանի սահմանային շփման գծում լարվածությունն ավելի շատ պայմանավորված է արտաքին ուժերի մրցակցություններով քան  երկու երկրների միջև առկա տարաձայնություններով, և դա կվնասի տարածաշրջանի ժողովուրդներին:

----------------------------

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին նախօրեին հայտարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

--------------------------

Ղազախստանում միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունն առաջացնում է անհանգստություն ու մտահոգություն: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների: Ղազախստանում առկա իրավիճակն առանձնահատուկ անհանգստություն ու մտահոգություն է առաջացնում ՝ հաշվի առնելով միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունը: Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ ջանքերը կնպաստեն կարճ ժամկետում Ղազախստանում բնականոն կյանքի վերականգնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առանցքային առաջնահերթություններից է կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը: Դրանից ելնելով, ՀՀ վարչապետի խոսքով, ՀԱՊԿ եկրներից ակնկալվում է համատեղ ջանքերի մեծացում հետագայում այդ մեխանիզմների կատարելագործման նպատակով:

Նիստի արդյունքներն ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առկա է բարձր մակարդակի փոխըմբռնում՝ կապված Ղազախստանի իրավիճակի հետ: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գործողությունները նպատակաուղղված են Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը և երկրի բնականոն կյանքի վերադարձին:

----------------------

Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանն անդրադարձել է ՀԱՊԿ–ի ուժերում ընդգրկված և Ղազախստանում խաղաղապահ առաքելություն իրականացրած հայ զինծառայողների գործունեության կարևորությանը։

-------------------------

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահների արտահերթ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Որոշ ներքին և արտաքին խմբեր փորձեցին օգտվել Ղազախստանում ստեղծված իրավիճակից, մենք երբեք թույլ չենք տա, որ սասանվի այս պայմանագրի անդամ երկրների ներքին իրավիճակը և կյանքի կոչվի գունավոր հեղափոխությունների սցենարը»:

Անդրադառնալով Ղազախստանի վերջին զարգացումներին, Պուտինն ասել է.«Պատրաստված ահաբեկչական ուժերը նպատակ են ունեցել անկարգություններ ստեղծել Ղազախստանում և ազդել երկրի ներքին անվտանգության վրա»:

Ռուսաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենակարևոր անդամ, Ղազախստանի վերջին բողոքի ցույցերն ու անկարգություններն անվանել է երկիրն ապակայունացնելու կազմակերպված արտաքին փորձ: Մոսկվան բազմիցս զգուշացրել է ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ապակայունացնելու Արևմուտքի փորձերի մասին, որոնք հայտնի են որպես գունավոր հեղափոխություններ:

Ռուս բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաները համոզված են, որ ժողովրդավարության և գունավոր հեղափոխությունների արտահանման ջանքերը Ռուսաստանի շրջակայքում անկայունության հիմնական պատճառներից մեկն են: Ռուսաստանի նախագահ Պուտինը նույնպես մտահոգված է հարևան երկրներում հասարակական-քաղաքական բողոքի ակցիաների միջոցով իշխանությունների տապալման փորձի կապակցությամբ:

Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների գործողությունները, նախկին Խորհրդային միության երկրներում գունավոր հեղափոխություններ առաջացնելու համար, միշտ քննադատության և բողոքի են արժանացել Ռուսաստանի կողմից: Սակայն Ղազախստանի դեպքում բողոքի ցույցերը դուրս են եկել քաղաքացիական բախումներից և փաստորեն, լայնածավալ զինված ապստամբության վերածվել:

Հաշվի առնելով Ռուսաստանի տեսակետը Ղազախստանում անկարգությունների և համատարած ապստամբության մեջ օտար երկրների դերի և գործոնների կապակցությամբ, Մոսկվան, կարծես, ցանկանում է ՀԱՊԿ-ի երկրներում գունավոր հեղափոխություններին դիմակայելու շրջանակում, ճնշել զինված ապստամբներին և կանխել անկայունության տարածումը Կենտրոնական Ասիայի ամենամեծ երկրում: