Հունվար 23, 2022 10:15 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։


Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Իրանը ողջունում է իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։

«Մեր տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից: Պետք է օգնենք դրական մոտեցումներ ու տեսակետներ ձևավորել»,- ընդգծել է Խաթիբզադեն:

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 14-ին հաղորդագրություն էր տարածել Մոսկվայում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ։ «Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- ասված էր հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

--------------------------

Հայաստանում Իրանի դեսպանը կոչ է արել ներկայացնել սահմանամերձ նահանգների կարողություններն ու հնարավորությունները՝ հարևան երկրների հետ հարաբերությունները ընդլայնելու համար։

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի  նահանգապետ Աբեդին Խոռամի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ բարձր  գնահատելով նահանգի տնտեսական, զբոսաշրջային և մշակութային կարողություններն ասել է.«Նահանգը կարող է առանցքային դեր խաղալ հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման գործում»:

 

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետն անդրադառնալով տարածաշրջանի և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Իրանի կառավարության քաղաքականությանն  ասել է.«Հարևան երկրներում Իրանի դեսպանները կարևոր դեր են խաղում տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների զարգացման գործում»:

Կարևորելով Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կարևոր դերը երկրի հյուսիսարևմտյան հարևանների հետ հարաբերությունների զարգացման գործում՝ Խոռամը հավելել է. «Հայաստանը Իրանի դարպասն է դեպի ԵԱՏՄ  միության շուկաներ»:

--------------------------

«Արաս» ազատ առևտրի գոտու կազմակերպության ղեկավար կազմի անդամը հայտարարել է Իրանի և Հայաստանի երկու կողմերում՝ Նորդուզի սահմանին՝ սահմանային շուկա հիմնելու մասին։

Bazaar լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում, անդրադառնալով ԵԱՏՄ շուկայում «Արաս» ազատ առևտրի գոտու դերին, Ղոլամհոսեյն Քարիմին ասել է.«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներին հասանելիությունը լավ հնարավորություն է ընձեռել Իրանին դերակատարություն ունենալ միջազգային շուկաներում: Ի դեպ Նորդուզի սահմանին գտնվելու բերումով մեծ նշանակություն է ստանում  Արաս առևտրա-արդյունաբերական գոտին»:

 

Քարիմին հավելել է.«Նորդուզն Իրանի միակ ցամաքային սահմանն է ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ, և  համարվում է  Իրանի դարպասը դեպի ԵԱՏՄ, և Իրանը  մեկ այլ ցամաքային սահման չունի Միության  մյուս անդամ երկրների հետ»։

«Արաս» ազատ առևտրի գոտու կազմակերպության  ղեկավար կազմի  անդամը նշել է.«Հաշվի առնելով նոր կառավարության մոտեցումը տնտեսական դիվանագիտության ոլորտին ուշադրություն դարձնելու կարևորության վերաբերյալ՝ շեշտը դնելով հարևան երկրների վրա, ինչպես նաև հաշվի առնելով Իրանի սահմանի մոտ Մեղրիի ազատ գոտու կառուցումը և երկու երկրների եզակի հնարավորությունները, լավ հարթակ է ստեղծվել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար»։

--------------------------

ՀՀ կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման կապակցությամբ հայկական կողմի ներկայացրած առաջարկներին, հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, առաջարկները վերաբերում են սահմանին այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որը բարենպաստ պայմաններ կստեղծի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկի համար»:

Նրա խոսքով` կառավարությունն ու իշխող կուսակցությունից պատգամավորները երկար ժամանակ քննարկում էին առաջարկների հիմնական մասը։ Դրանք վերաբերում են զորքերի հայելային դուրսբերմանը, սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայմանը` հաշվի առնելով ԽՍՀՄ ժամանակների քարտեզը կամ քարտեզները, ինչպես նաեւ քայլեր, որոնք պայմաններ կստեղծեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին անցնելու համար։

Հարցին` արդյո՞ք Բաքվից արձագանք է եղել` Գրիգորյանն ասաց, որ մինչ այժմ գրավոր պատասխան, որպես այդպիսին, չի ստացվել։ «Մենք այդ առաջարկները գրավոր ենք ներկայացրել եւ գրավոր պատասխան ենք ակնկալում»,- ասել է Գրիգորյանը։

Իսկ թե ուր պետք է Հայաստան դուրս բերի իր զորքերը` հաշվի առնելով, որ Ադրբեջանը պնդում է, որ այդ տարածքն իրենն է, ԱԽ քարտուղարն ասաց, որ եթե իրենք առաջնորդվեն հայկական կողմի առաջարկով, ապա նման հարց չի առաջանա, քանի որ « հաշվի ենք առնում այն ​​քարտեզը, որը եղել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում, այսինքն՝ սկսում ենք դուրսբերման գործընթացը ոչ թե առաջնորդվելով այս պահին զորքերի փաստացի տեղակայմամբ, այլ` հիմնվելով ԽՍՀՄ ժամանակների քարտեզի վրա, եւ այդ քարտեզով զորքերը հայելային կերպով դուրս են բերվում»:

Հարցին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն, զորքերը կանգ են առնում այնտեղ, որտեղ հասել են, բայց իրականում այլ կերպ է ստացվում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի պահպանում գերիների հետ կապված դրույթները, Գրիգորյանն ասաց, որ հայտարարությունը ոչ մի կերպ չի վերաբերում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ կոնկրետ ԼՂՀ մասով կարգավորմանը, ասաց Գրիգորյանը։

«Մեր առաջարկներն ընդհանուր սահմանազատման եւ սահմանագծման մասին են՝ հաշվի առնելով փաստացի ստեղծված իրավիճակը, ուղղված են այս խնդիրների լուծմանը, այսինքն՝ իրավիճակի հանգուցալուծմանը։ Ադրբեջանն, իհարկե, չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, մենք այդ հարցը բարձրացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը լիովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները»,- ասաց Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը հերքեց փորձագետների այն կարծիքը, թե վտանգ կա, որ զորքերի հայելային դուրսբերման դեպքում Կապանը եւ հարակից համայնքները կհայտնվեն չեզոք գծում։ «Նման վտանգ չկա։ Սահմանազատման եւ սահմանագծման դեպքում Հայաստանի Հանրապետության ոչ մի համայնք կամ տարածք չի կարող հայտնվել չեզոք գծում։ Նման խնդիր չկա»,- վստահեցրեց Գրիգորյանը։

Ինչպե՞ս են իշխանությունները պատկերացնում հայելային դուրսբերում այն ​​վայրերում, որտեղ ենթադրվող սահմանն անցնում է բնակավայրերի միջով։ Գրիգորյանն ասաց, որ հայկական կողմի առաջարկները վերաբերում են նման իրավիճակների լուծմանը։ «Որտեղ բնակավայրեր կան, զորքերը կամ սահմանապահ զորքերը կկանգնեն բնակավայրի երկայնքով` սահմանի կողմում»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Հարցին, թե հայկական կողմը, բացի հայելային զորքերի դուրսբերումից, ի՞նչ առաջարկներ է արել, ինչի՞ մասին է խոսել ՌԴ ԱԳ նախարարը եւ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը մերժի այդ առաջարկները, Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար պարոն Լավրովը խոսում է նույն առաջարկների փաթեթի մասին, որը մենք ներկայացրել ենք Մոսկվային եւ Բաքվին։ Կարծում եմ՝ նույն առաջարկները նկատի ունենք։ Որքան դա հնարավոր էր հրապարակավ, ես ներկայացրեցի»։

----------------------

Ռուս–իրանական ջերմ հարաբերությունները լայն հնարավորություններ կընձեռեն նաև ՀՀ–ին: Այս մասին հայտարարել է իրանագետ Գարիկ Միսակյանը:

-----------------------------

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Թուրքիայի առաջարկը՝ դեպի Ադրբեջանի Հանրապետություն ցամաքային անցում կառուցելու վերաբերյալ, բացարձակապես անընդունելի է Երեւանի համար։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի հարցազրույցում ասել է, որ Թուրքիայից Ադրբեջան ցամաքային միջանցք կառուցելու Թուրքիայի առաջարկը կարմիր գիծ է Երեւանի համար։

Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում դեպի Ադրբեջան ցամաքային միջանցքի մասին որեւէ հիշատակություն չի արվել։

Անցած շաբաթ Մոսկվայում Հայաստանի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիան առաջարկել էր Հայաստանի տարածքից ցամաքային միջանցք կառուցել դեպի Ադրբեջան։ Բանակցությունները անցկացվել են անցյալ ուրբաթ Ռուսաստանի միջնորդությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները երկու կողմերի միջև երեք տասնամյակ սառը հարաբերություններից և արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված ճգնաժամից հետո։

Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ երկու կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով լիովին կարգավորել հարաբերությունները։

--------------------

Չնայած ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան կառավարությունների և թուրքերի գլխավորած թուրքական հոսանքների կողմից հնչեցված մեղադրանքներին, Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների զորքերը ի վերջո դուրս եկան Ղազախստանից:

Ժողովրդական բողոքի ցույցերից և Նուրսուլթանի կառավարության կողմից  վերահսկողությունը կորցնելուց հետո, Ղազախստանի նախագահ Ղասիմ Ժոմարտ Տոկաևն այդ երկրի կայունացման հարցում գնության խնդրանքով դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս խնդրանքից հետո, շատ արևմտյան քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ, որոնք կապված են Թուրքիայի և տարածաշրջանի թուրքական հոսանքի հետ, փորձեցին Ղազախստանի կառավարությանը հետ պահել այդ որոշումից:

Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքներին համահունչ Թուրքիայի և Ադրբեջանի թյուրքական և արևմտյան հոսանքների հետ կապված լրատվամիջոցները նույնպես սկսեցին  հասարակական տրամադրությունները հրահրել Ռուսաստանի դեմ։ Վերջին օրերին Ադրբեջանի ԶԼՄ-ների մեծ մասի օրակարգում քարոզչություն է այն թեմայով, որ Ղազախստանում անկարգություններին վերջ տալու պատրվակով, Ռուսաստանը ռազմական ճանապարհով օկուպացրել է  այդ երկիրը։

«Ռուսաֆոբիայի» քարոզչությունը և Ղազախստանի ռուսական օկուպացիայի մասին պնդումները Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության պանթյուրքիստական ​​լրատվամիջոցներում հնչում են այն պայմաններում, երբ վերջերս հրապարակվեցին սիրիական պատերազմում Թուրքիայի կողմից կազմակերպված պանթյուրքական և թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների Ղազախստանում ներկայության մասին փաստաթղթերը։